Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայկական նախընտրական պազլը

Հայկական նախընտրական պազլը
19.01.2017 | 11:39

Հունվարի 17-ին քաղաքականություն իր վերադարձի մասին հայտարարեց երկու տարի առաջ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ քաղաքականությունից վտարված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իր հեռուստաուղերձում, որ դարձավ Հայաստանի թիվ մեկ նորությունը, նա հայտարարեց, որ «բացում է քաղաքական գործունեության փակված էջը և, մեծ դաշինք ձևավորելով կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին»: Իսկ որոշումը նա ընդունել է, որովհետև «երկրի առաջ լուրջ ներքին ու արտաքին սպառնալիքներ կան»: Ծառուկյանի հայտարարության մեջ ամենահետաքրքիրը 2015-ի փետրվարին քաղաքականությունից իր հեռանալու հերթական արդարացումն էր՝ նախագահ Սարգսյանի ճնշման տակ:

Իբր, իր տասնյակ հազարավոր կողմնակիցներին դուրս չբերեց Երևանի փողոցներ «չարիքի դեմ պայքարում, որ երկրի համար Սերժ Սարգսյանն է» (2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից), որովհետև հասկանում էր, որ դա կհանգեցնի արյունահեղության: Տրամաբանորեն՝ իրավապահ մարմինները պետք է հետաքրքրվեն այս հայտարարությամբ: Ինչի՞ մասին է նա խոսում և ոչ առաջին անգամ: Ո՞վ պետք է «արյուն հեղեր»՝ ի՞ր կողմնակիցները, թե՞ իշխանությունը: Գուցե նա կոնկրետ տվյալներ ունի: Բայց դա՝ տրամաբանորեն, իսկ մենք խոսում ենք հայկական քաղաքականության մասին: Չնայած իր, մեղմ ասած, «ծիծաղելի ծաղրածուանման բարի հարուստի» կերպարին, Ծառուկյանը լուրջ աջակցություն ունի հայ հասարակության մեջ, որ ուղիղ համեմատական է ոչ մայրաքաղաքային աղքատ բնակչության թվին:

Այսինքն՝ նվազագույնը 20-30 տոկոս ազնիվ ընտրություններում Ծառուկյանն ունի: Իհարկե, այդ աջակցությունը հարուցում է ոչ միայն ընդդիմության, այլև գործող իշխանության լուրջ նյարդայնությունը: Հայաստանում ձևավորվել է ավանդույթ, երբ յուրաքանչյուր գործիչ, համարյա յուրաքանչյուր, իր քաղաքական ծրագրերի մասին առաջին հերթին պատմում է նախագահին: ՈՒ նրանից «դաբրո» է ստանում: Գագիկ Ծառուկյանի հետ Սերժ Սարգսյանի «պայմանավորվածության» մասին բազում հրապարակումները, իհարկե, իմաստազուրկ չեն: Բայց մի տարբերակ է, երբ դու նախագահ ես կամ նախագահի թեկնածու, այսինքն` միանշանակ առաջատար, ուրիշ տարբերակ է, երբ դու իշխող կուսակցության նախագահ ես: Նախագահական ընտրությունները Հայաստանում միշտ ավելի կարևոր են եղել խորհրդարանականից: Փաստը, որ 2015-ի դեկտեմբերին Հայաստանի իշխանությունները սահմանադրական բարեփոխումները մինչև վերջ չարեցին, այդ կարծրատիպը մնաց և ժողովրդի մտքում, և «քաղաքական էլիտայի» մտքում: Բացի այդ՝ «վարկանիշային քվեարկությունը», որ ներհամակարգային պայքարի անվերջ դաշտ է բացել, կարող է լուրջ գլխացավանք դառնալ Սերժ Սարգսյանի համար:

Միմյանց դեմ լարված կուսակիցները և Սարգսյանի «լուռ դաշնակիցները» միմյանց դեմ պայքարում կարող են մոռանալ գլխավոր նպատակը՝ Սարգսյանի հաղթանակը: Չափազանց խառնիճաղանջ խճանկար է հնարել գործող նախագահը: Հայկական քաղաքականության մեջ հայտնվել են նվազագույնը երեք լուրջ խաղացողներ՝ կոտրած տաշտակի առաջ հայտնված, ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության տեղեկանք չունենալու պատճառով՝ գլխավորելու իրավունք չունեցող վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, խոր թաքցրած վիրավորանքի պատճառով անկանխատեսելի Գագիկ Ծառուկյանը: Այս դասավորությամբ Սարգսյանի անամպ հաղթանակը արդեն չի թվում միանշանակ կանխատեսելի:
Ի դեմս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նոր ձևավորված ընդդիմության հաղթանակը նույնպես քիչ հավանական է, եթե հաշվի առնենք, որ բոլոր մյուս կուսակցություններն ու դաշինքները իրենց մեծ ու փոքր ձայները ընտրություններում դնելու են ՀՀԿ-ի զամբյուղում, որ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանը արդար բաշխի տեղերը խորհրդարանում՝ ակնհայտորեն այս սցենարն է իր համար ուրվագծել Սարգսյանը: Բայց հարց է՝ կբերե՞ն: Կստանա՞ իշխող կուսակցությունն այնքան ձայներ, որ նշանակալից առավելությամբ առաջատար դառնա, որ նրան թույլ կտա իր շուրջը կոալիցիա հավաքել: Բացասական վարկանիշով, նույնիսկ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործելով, 20-30 տոկոսից ավելի դժվար է «նկարել»: Բայց իշխանությունները միջազգային կառույցների առաջ լուրջ պարտավորություն են ստանձնել՝ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրությունները գոնե արտաքուստ պիտի արդարի տեսք ունենան:


Բացի դրանից՝ որոշ վերլուծաբաններ Հայաստանում կարծում են, որ երկու լուրջ ընդդիմադիր առաջնորդների՝ Ծառուկյանի ու Օհանյանի, առկայությունը կարող է «առնետավազքի» տեղիք տալ խորտակվող նավից, որ կարող է դառնալ ՀՀԿ-ն: Հնարավոր է նաև, որ Օհանյանն ու Ծառուկյանը միավորվեն ՀՀԿ-ի դեմ: Մամուլը, իհարկե, կգրի, որ դա Սարգսյանի հետ պայմանավորվածություն է: Բայց մեկուկես տարի հետո Սարգսյանը կդադարի նախագահ լինել, իսկ պայմանավորվածությունը այնքան էլ չի տեղավորվում հայկական իշխանության խորհրդարանական պատկերի մեջ: Հայկական քաղաքական խճանկարի պատկերի ամբողջականության համար միայն երկու դետալ է պակասում՝ հայտարարություն, թե ում հետ ու ինչ ձևաչափով է ընտրությունների գնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որ անոնսել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հին հայկական ավանդույթով՝ բոլոր քաղաքական գործիչների թիկունքում, որ չեն կարողացել պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, հայկական մամուլը տեսնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը:
Աննա ՕՍԻՊՈՎԱ, REGNUM


Հ.Գ. Նույն Աննա Օսիպովան 2015-ի փետրվարի 17-ին քաղաքացիական պատերազմի սպառնալիք էր տեսնում Հայաստանում ու գրում էր, որ Հայաստանը լուրջ ցնցումների շեմին է, որ X ժամը եկել է՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաք են հրավիրել ու հարցնում էր՝ ընդդիմության ինչի՞ն է պետք հինգ օրը՝ հաշվի առնելով ցայտնոտը: Նա ազդարարում էր, որ Հայաստանում ֆորս մաժոր է, իրադարձությունները կատաղի արագությամբ են զարգանում ու ոչ ոք չի կարող կանխատեսել՝ նոր օրն ինչ կբերի:
Երկու տարի անց նա, ինչպես ձուկը ջրում, նորից լողում է հայ քաղաքական ասպարեզում, «ավանդույթներից» խոսում, անում խիստ կանխատեսելի կանխատեսումներ: Երբ դեռ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Սեյրան Օհանյանը չեն խոսել իրենց ծրագրերի, հնարավոր ու հաստատ դաշինքների, գործընկերների, նպատակների մասին, ռուսական լրատվամիջոցը մեկի քաղաքականություն վերադարձի, մյուսի դաշինք կազմելու հաջորդ օրը նրանց ներկայացնում է իբրև լուրջ ընդդիմադիր առաջնորդներ, որ որոշելու են ընտրության ընթացքը, հաշվում տոկոսներ ու հայտարարում «առնետավազք» ՀՀԿ-ի «խորտակվող նավից»: Մի քանի ժամվա իրադարձությունից նման հետևություններ անելը (ճիշտ է՝ հղում անելով «հայ փորձագետների» վրա, որոնց ծագումն ու բնույթը նույնպես հասկանալի է) անհիմն է, ավելի հիմնավոր է՝ հասկանալ իբրև մեկնաբանություն, թե հայ քաղաքական ասպարեզում ում ինչ դեր է հատկացված, ով ինչով է զբաղվելու՝ ում համար ու ում դեմ: Իսկ մեկնաբանում է նա, ով ծրագրում է: Նաև խնդիր ունի՝ բոլորին կապել իրար ու անվանել Ռոբերտ Քոչարյանի ստվեր՝ դարձյալ հղում անելով հայկական լրատվամիջոցների վրա: Փաստացի՝ սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանին «կոտրած տաշտակի» առաջ կանգնեցրիք, կստանաք փոխարենը Սեյրան Օհանյան՝ մեծ «ընդդիմադիր», որ ժողովրդի անունից կպաշտպանի Մոսկվայի շահերը հայ իրականության մեջ: Սեյրան Օհանյանը երրորդ ղարաբաղցին է, որ դուրս է բերվում թիվ մեկ ղարաբաղցու դեմ՝ Ռոբերտ Քոչարյանից ու Կարեն Կարապետյանից հետո՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ