2017-ի քաղաքական տարին սկսում է արագություն հավաքել. Րաֆֆի Հովհաննիսյանը, հակառակ ցրտերին, վերադարձավ ԱՄՆ-ից: Հունվարի 17-ին Գագիկ Ծառուկյանի փետրվարի 13-ը եկավ՝ վերադարձավ քաղաքականություն: Օրավարտին երկրորդ դաշինքը ձևավորվեց՝ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ: Հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հայտարարեց, որ նախընտրական վիճակն անորոշ է, Ռոբերտ Քոչարյանը դեռ չի խոսի: Իմաստավորվում է Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատիկ լռությունը. առաջին նախագահը ասպարեզ նետեց ԼՂՀ հարցը ԱԺ ընտրությունների առանցք դարձնելու թեզը ու հեռացավ իր խրամատը՝ սպասելու՝ ով կհակադարձի կամ կմիանա: Դա էլ է մարտավարություն՝ արտաքին քաղաքական: Սեփական խրամատում հանգիստ նախապատրաստվում է ՀՅԴ-ն: Աղվան Վարդանյանը, որ ԱԺ ընտրությունների ՀՅԴ շտաբի պետն է, ասաց, որ ամիս ու կես է աշխատում են՝ ձևավորել են կենտրոնական և ընտրատարածքային 13 շտաբ: ՀՅԴ-ն ոչ մեկի հետ չի բանակցում։ Ընտրություններից կերևա՝ շարունակե՞լ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, թե՞ ոչ: Մյուսների նկատմամբ ՀՅԴ շտաբի պետը արտահայտել է խելամիտ չեզոքություն: ՀՅԴ-ն կստանա իր 5 %-ն ու 5 տարի հայրենանվեր կաշխատի (մնում է պարզել՝ ո՞րն է, այնուամենայնիվ, ՀՅԴ-ի քաղաքական հայրենիքը):
ՀՎԿ-ն խրամատից դուրս է թողնում միայն Արթուր Բաղդասարյանին, և նա անփոփոխ եռանդով բացատրում է, որ ՕԵԿ-ը չլիներ, Հայաստանը չէր լինի: Բերում է շարք-շարք ապացույցներ՝ 10-ամյա վաղեմության ու փառաբանում իր վերածնունդը: Իր խրամատը չի գտնում Րաֆֆի Հովհաննիսյանը. նա խոսում է բոլորի մասին, բայց ոչ «Ժառանգության»: Հարց է՝ կա՞ «Ժառանգությունը», թե՞ կան (կամ չկան. Անահիտ Բախշյանը, օրինակ, հեռացավ) կուսակցականներ: Գուցե այդ պատճառով է Րաֆֆի Հովհաննիսյանն ասում, որ «քաղաքականությունը փոփոխական արհեստ է», փաստացի՝ ժխտելով հնարավորի արվեստ լինելը, «Ժառանգության» համար հնարավորն այլևս անցյալում է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է բոլորի հետ համագործակցել, եթե «նվիրված են Հայաստանի քաղաքացու ազատությանը, սահմանադրական իրավունքին և մեր երկրի ինքնիշխանությանը»: Այս կտրվածքով առաջինը պիտի նրան ՀՀԿ-ն արձագանքի, բայց ֆինանսները Սեյրան Օհանյանն է բաժանում, ու իրավատեր բարևողը պատրաստ է աղոթել բոլորի համար, անգամ Մարտի 1-ը արդարացնել ոմանց անցյալում: Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինքը «Ժառանգությունում» չի քննարկվել, բայց տարաձայնություններ է առաջացրել: Զարուհի Փոստանջյանը, ի տարբերություն Անահիտ Բախշյանի, որոշել է մնալ ու պայքարել դաշինքի դեմ: Միայն Մարտի 1-ի իրադարձություննե՞րն են փորձաքարը, թե՞ կան այլ պատճառներ: «Ժառանգության» վարչության նիստում կերևա, բայց ճիշտը Անահիտ Բախշյանն է՝ մի թայֆա գնա, մեկը գա, ի՞նչ է փոխվելու «Ժառանգությունում»:
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, ՀԴԿ-ի Արամ Սարգսյանը ցնցող հայտարարություն արեցին, որ մեծ հարցականի տակ է դնում նրանցից երկուսի անցյալը՝ ասես ոչ մեկը նախարար չի եղել ու պատասխանատու չէ ոչնչի համար: Կամ՝ այն ժամանակ ուրիշ պատվեր է եղել, հիմա ուրիշն է տրվել: Երրորդ վարկածն էլ կա՝ պաշտոնյաները իրականությունը տեսնում են պաշտոնանկությունից հետո: ՈՒ ինչպե՞ս պիտի երկու նախարարներն էլ 2008-ի մարտի 1-ի ու հաջորդ օրերի իրադարձություններին անմասնակից ու անմեղ ներկայանան. աշխատանքային պարտականություննե՞րն էին կատարում ու գործում էին խղճի մտո՞ք: 2016-ի ապրիլի 1-ի ու հաջորդ օրերի իրադարձությունների մեջ անմեղ ու անմա՞սն է Սեյրան Օհանյանը: Որևէ նախարար, առավել ևս պաշտպանության, չի կարող անտեղյակ լինել իր գերատեսչության ներսի անցուդարձից: Մասնավորապես՝ կոռուպցիոն սկանդալներից: Եթե անգամ կոռուպցիան մի կողմ դնենք, Սեյրան Օհանյանը չգիտե՞ր՝ ի՞նչ վիճակում են ենթակառուցվածքները, ի՞նչ վիճակում է զինվորը, ի՞նչ վիճակում է սպառազինության մատակարարումը, հետախուզության տվյալները չէ՞ր ստանում, ԼՂՀ ՊԲ-ի հետ կապ չունե՞ր:
Դիրքապահ զինվորների սպանդը ու 800 հեկտար տարածքի կորուստը պատերազմական պատահա՞ր էր, որի համար պատասխան չեն տալիս՝ աննշանության պատճառով: Հիմա Սեյրան Օհանյանը մտնում է քաղաքականություն, այն էլ՝ իբրև ընդդիմադիր: Եվ այն պահին, երբ պարզվում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պատգամավորի ու վարչապետի հետընտրական կարիերան հակասում է Սահմանադրությանը: Սեյրան Օհանյանը Կարեն Կարապետյանի պահեստային տարբերակն է, որ դաշտ է դուրս գալիս, երբ վարչապետի առաքելությունը բախվում է սահմանադրական արգելքի: Փաստորեն նա հերթական ղարաբաղցին է (Կարեն Կարապետյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, ո՞վ է հաջորդը, եթե մտքում պահենք Ռոբերտ Քոչարյանին), որ դուրս է բերվում գործող թիվ մեկ ղարաբաղցու դեմ: Մեծ չափազանցություն է, որ դաշինքը կազմվել է «գիտակցելով յուրաքանչյուրիս անհատական և հավաքական պատասխանատվությունն ու իրավիճակի ողջ լրջությունը, կաշկանդված չլինելով կուսակցական-հատվածական շահերով, մի կողմ դնելով առանձին հարցերի լուծման շուրջ պատկերացումների առանձնահատկությունները և առաջնորդվելով միասնաբար գործելու հանրային պահանջով, ունենալով մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ պատկերացումներ և իրականացվելիք քայլերի հստակ ժամանակացույց, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, ընդունելով, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը հանրության ճնշող մեծամասնության պահանջն է, և այդ պահանջը հնարավոր է իրականացնել հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով»: Ինչո՞ւ այդ բոլոր խնդիրները չեն ուզում Ղարաբաղում լուծել, հայրենասիրությունը հատվածակա՞ն է ու ընդգրկում է միայն Հայաստա՞նը: Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը մեկական տասնամյակ ունեցել են՝ իրենց նպաստը բերելու թվարկած խնդիրների լուծմանը, եթե այն ժամանակ չեն կարողացել, հիմա ինչո՞ւ պիտի ստացվի: Ի՞նչ հիմքով են ուզում համոզել, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հեռանան, իրենք գան, փոփոխություն է լինելու:
Ի՞նչ տարբերություն նրա ու իրենց միջև, որ իրենք նաև խոցված ինքնասիրությո՞ւն ունեն: Որ հայրենասիրության իրենց ընկալումը պարփակվում է՝ «Ես, ես ու միայն ես» բանաձևում, որ հայտնիներ չունի, իսկ իբր անհայտը ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է, որ կոպիտ խաղ է սկսել՝ ղարաբաղցիների փոխատեղության՝ ղարաբաղցիների միջոցով: Ցինիկ խաղ, որ ջնջում է սահմանը բարոյականության ու անբարոյականության, պատասխանատվության ու անպատասխանատվության, տրամաբանության ու աբսուրդի միջև: Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և իրենց մեծ ու փոքր դաշնակիցները ինչ ճանապարհային քարտեզ էլ կազմեն, դարակազմիկ ինչ գյուտեր էլ անեն, առավել ևս եթե նրանց միանա դեմագոգիան որպես ուղիղ ճանապարհ ընտրած Րաֆֆի Հովհաննիսյանը, հնդկական կինո է նրանց թե դաշինքը, թե «ընդդիմադիր» գործունեությունը. դրսից ասել են՝ գործեք, ներսից ռաջան փող է տվել նախկիններին, որ ներկաների հետ հարցերը իր ուզածով լուծի՝ սա է այս սերիալի սյուժեն, որ արդեն քանի տարի ցուցադրվում է քաղաքական կուլիսների էկրաններին, իսկ հրապարակավ ներկայացվում է ազգափրկիչ կինոէպոպեա:
Հնդկական կինոյի հունվարի 17-ի մյուս սերիան հարգարժան Գագիկ Ծառուկյանինն էր՝ «Բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը, մասնակցում եմ 2017-ի ընտրություններին», ազդարարեց նա: ՈՒ նորից սկսվելու է կարուսելը՝ հենց փողը տեղ հասավ, բացվելու են փակված շտաբները, թագավորապաշտ եռուզեռը մարզերում ու մայրաքաղաքում լուսաբանելու է «Կենտրոնը»: Բարեգործն ու քաղաքական գործիչը խառնվելու են իրար, ու ոչ ոք չի հարցնելու՝ հավատա՞լ, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի ձգտել իշխանության ու միշտ եղել է նախագահների կողքին, որ պաշտոն չի ուզում: Ինչո՞ւ ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը ժողովրդին հրապարակներ տանելու ու տուն ուղարկելու համար ներողություն չեն խնդրում, այլ շարունակ ինքնամեծարում են իրենց, որ տարբեր թվականների գնացել են քաղաքական ինքնազոհաբերման ու կանխել առճակատումն ու արյունահեղությունը: Դա ի՞նչ զոհաբերում է, որից հետո շարունակել են իշխանություն կամ իշխանության հետ մնալ (Ստեփան Դեմիրճյանին չհաջողվեց) ու հիմա որակում են սխրանք: Գագիկ Ծառուկյանն էլ համարում է, որ իր հեռանալուց հետո «քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ ու գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»:
Չկարողացավ, որովհետև չկար: Նա համարյա կրկնել է իր երկամյա վաղեմության փետրվարյան ելույթների թեզերը՝ արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի գործազրկություն, ապագայի նկատմամբ անվստահություն, ու նորից լացացրել, որ չի կարող անտարբեր լինել ժողովրդի ճակատագրի հանդեպ: Վերադարձա, երջանկացեք. սա է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ առանց նպատակի. վերադառնում է՝ ի՞նչ անելու: Իբրև բարեգո՞րծ: Իբրև խաչակի՞ր: 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու է իբրև դաշինքի առաջնորդ: Ինքն ու սատելիտ «Միասնությո՞ւնը»: ՈՒ՝ մնացորդնե՞րը: Իրար արժենք՝ թե մենք, որ դադարել ենք մտածել, թե իրենց քաղաքական գործիչ մեծարողները, որ քաղաքականությունը դարձրել են ծառայություն իրենց շահին՝ ժողովրդի անվան տակ: Կինո՝ հնդկական: Հայ դերասաններով՝ ղարաբաղյան ծագմամբ: Ալիքը փոխելու ժամանակն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞Ւմ ընտրեմ ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, նոր ընտրակարգով ու փոխված Սահմանադրությունից հետո՝ պատգամավոր, ուրեմն՝ անմիջական իշխանություն: Մեկ բաժանարար գիծ կա ու երկու խրամատ: Նույն խրամատում են իշխանությունն ու շինծու ընդդիմությունները, որ Հայաստանն ուզում են տեսնել ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ, քննադատում են իշխանությանը՝ ընդհանուր տիրոջը համոզելու, որ գործող իշխանությունն ու ՀՀԿ-ն սպառել են իրենց, իրենք ավելի հավատարիմ կծառայեն: Այսինքն՝ կփոխվեն անձերը, բայց ոչ քաղաքականությունը, որ հնդկական սուրբ կով է, դիպչելը մեղք է: Անվանական ընդդիմությունը հույժ հայրենասեր է ու Շիվայի պես բազմաձեռ, գաղափարախոսությունից ու գաղափարական պայքարից հեռու է, ինչպես մոլորյալները Շամբալայից: Մյուս խրամատում սեփական անվտանգությունը սեփական ուժերով ապահովել, եվրոպական տնտեսական, քաղաքական, իրավական պետության մոդել ձևավորել ցանկացողներն են: Մանդատը նրանց համար նպատակ չէ, այլ փոփոխություն անելու միջոց, և նրանք համակարգ փոխելու խնդիր են դնում: Նրանք, որ հիմնավորելու են Հայաստանի` ԵԱՏՄ կազմում մնալու առավելություններն ու հեռանկարները, ինչ էլ ասեն, դեմ են փոփոխության ու ուզում են պահել իրենց խրամատը: Ռեալ փոփոխություն կարող է բերել մոդելը փոխելը: Կա երկու գաղափար, երկու խրամատ՝ դա է բովանդակությունը, մնացածը ձևն է, որի մեջ փաթեթավորում են բովանդակությունը: Միջին վիճակագրական հայերը նույն խնդիրն ունեն՝ հասկանալ կամ մնալ նույն «անհասկացողը»:
Հասկանալու դեպքում ստիպված են գործել «Պետությունը ես եմ» կարգախոսով, որ ոչ միայն Լյուդովիկոս Արև արքայինն է, այլև յուրաքանչյուր գործունակ քաղաքացունը, որ պատրաստ է փոխել իր կյանքը ու չի վախենում պատասխանատվությունից, «անհասկացողները» ապրելու են հարատև ապահով ու գաղջ մթնոլորտում, որ պարբերաբար տարտղնվում է քաղաքական կրկեսով, բայց հայրենիք դառնալու շանսերը հարաբերական են, ինչպես մշուշը, որ պատել է Երևանը ու երազում է արև, քամի ու ջերմություն: Խրամատներն են խորանալու, թե բաժանարար գծերը, հասարակության բևեռացումը ընտրակարգի պատճառով թշնամանքի՞ է վերածվելու, թե՞ ազգային միասնություն է ձևավորվելու ընտրություններում, մենք ու միայն մենք պիտի որոշենք՝ առանց Հյուսիս, Հարավ, Արևելք ու Արևմուտք նայելու, բայց պարտադիր՝ մեր ներսը քննելով ու… մաքրելով: