Գերմանիայի պաշտպանության նախարարը կողմ է «Պաշտպանության եվրոպական միությանը»՝ Ռուսաստանից բխող ապակայունացման ռիսկի առաջ՝ գրում է Սիլվիա Կաուֆմանը Le Monde-ում: Թերթին տված հարցազրույցում ՈՒրսուլա ֆոն դեր Լյայենը, որ մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, «Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարում է «հնացած» կազմակերպություն: Ի՞նչ եք մտածում այդ մասին»՝ հարցին պատասխանել է. «ՆԱՏՕ-ն ունի համարյա 70-ամյա փորձ և վերջին երեք տարիներին նորացման ոչ քիչ ջանքեր է գործադրել: ՆԱՏՕ-ն միայն ռազմական ալյանս չէ, այլ կազմակերպություն՝ հիմնված ազատության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար մեր պայքարի վրա: Այդ արժեքները՝ մեր ընդհանուր արժեքները, հիմա արդիական են առավել, քան երբևէ»: Նա նորմալ է համարում, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում և վերցնում է իր բեռի ծախսերի մասը:
«Երբ ասում եմ «իր մասը», նկատի ունեմ, որ Եվրոպայի համար ժամանակն է իր դերը որոշել և ուժեղացնել իր օգտակարությունը միաժամանակ իբրև ուժեղ եվրոպական հիմք ՆԱՏՕ-ի շրջանակներում ու իբրև «Պաշտպանության եվրոպական միություն»՝ ասել է նախարարը: Նա կարծում է, որ այդ Միությունը պետք է լրացում դառնա ՆԱՏՕ-ին, որ ունի 5-րդ հոդված՝ ուժեղ և ընդհանուր տարածքի պաշտպանությանն ուղղված հոդված: ՈՒրսուլա ֆոն դեր Լյայենը համարում է, որ պետք է ուժեղացնել Եվրոպան մեծ խնդիրների լուծման համար, որ մեկ երկիր չի կարող լուծել՝ ինչպես Աֆրիկայի միգրացիոն հոսքերի կառավարումը: Այլ գործեր կարող են թողնվել ազգային իրավասությունների կառավարման ոլորտում: Նա չի ուզում շուրջբոլորը պտտվել և կարծում է, որ պետք է Ռուսաստանին ուղիղ ասել՝ մենք հիանալի տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ուժեղ և կայուն Եվրոպայով: Մենք վստահ ենք, որ ուժեղ Եվրոպան և կայուն երկխոսությունը Ռուսաստանի հետ համապատասխանում է մեր հարևանների շահերին: Սակայն մեր ընդհանուր ապագայի և հատկապես մեր ընդհանուր թշնամիների դեմ պայքարի համար մեզ պետք է հաստատել ավելի դրական հարաբերություններ, քան թե գործել ուժի ցուցադրության և վախեցնելու մեթոդով:
Պատասխանելով «Ապակայունացման փորձերը սպառնալի՞ք են ընտրությունների ընթացքին» հարցին՝ նախարարը արձանագրել է ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանն ուղղված փորձեր՝ ռազմավարական հաղորդակցուղիների, «բոտերի», տրոլների, ֆեյքային նորությունների կամ անվստահության ձևավորման միջոցով: Խոսքը հասարակական կարծիքը խեղելու մասին է, որ ինչ-որ իմաստով մեքենան հակադրում է մարդուն՝ ալգորիթմերով հասարակական կարծիք ձևավորելու նպատակով: «Մենք ուզում ենք կործանել այդօրինակ համակարգերը», հայտարարել է Գերմանիայի պաշտպանութան նախարարը: Նա կարծում է, որ դա մարտահրավեր է լրատվամիջոցներին ևս՝ «Մենք թանկ ենք գնահատում ազատ երկխոսությունը, բաց բանավեճը, որ մեր ժողովրդավարության կենտրոնում է, մենք չենք ուզում, որ մեր բանավեճերին սցենարներ գրվեն: Հետ նայելով՝ մենք գիտակցում ենք, որ խնդիրները, որոնց բախվել ենք վերջին երեք տարիներին՝ ուկրաինական ճգնաժամի և հիբրիդային պատերազմի սկզբից, նույն այդ ապակայունացման փորձերի նպատակների մեջ էին»:
Նա արձանագրել է,որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և թեպետ տեսակետների տարբերություններ կան, ընդհանուր հարցերի լուծման դրական մասնակից է՝ մասնավորապես փախստականների ընդունման հարցում: «Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի վարակարգի հետ համատեղված ջանքերը հաջողության չհասան: Այլ մասնակիցների ներգրավումը ճիշտ ուղղությամբ քայլ կլինի: Եթե դուք խաղաղություն եք ուզում, պետք է միավորեք բոլոր մասնակիցներին՝ բացառյալ ահաբեկիչներին»՝ ասել է նա:
Սիլվիա ԿԱՈՒՖՄԱՆ, Le Monde
Հ.Գ. Իսկ The Guardian-ը այլ կարծիք ունի՝ հաշվի առնելով բոլոր հայտարարությունները եվրոպական քաղաքականության վրա ռուսական ազդեցության մասին, իրականության և հավասարակշռության որոնումը դարձել է խնդիր: Չափազանցություն, եթե ոչ սխալ է ասել, որ Պուտինի վարչակարգն է կազմակերպել մայր ցամաքում պոպուլիստական ուժերի վերելքը՝ գրում է The Guardian-ը: Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատը» ստեղծվել է 1972-ին, ավստրիական ազգայնական «Ազատության կուսակցությունը» առաջին հաջողությանը հասել է 2000-ի ընտրություններում, եվրոպական ոչ բոլոր պոպուլիստներն են պուտինամետ դիրքերում՝ Լեհաստանի իշխող ազգայնական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը վճռականորեն քննադատում է նրան: Բայց դա չի նշանակում, որ Պուտինի վարչակարգը չի փառաբանել Եվրոպայի արմատական մարգինալ կազմակերպությունները և որոշ կազմակերպություններ հիմա ի պատասխան ծափահարում են նրան: Հիմա Կրեմլը չի ղեկավարում Եվրոպայի «ընկերային» կուսակցությունների ցանցը, ինչպես սառը պատերազմի տարիներին էր: Վերջին տարիներին Պուտինի շրջադարձը կոշտ ազգայնականությանը և ուլտրապահպանողական բառապաշարին նրան բարեկամացրել է ծայրահեղ աջ եվրոպական կազմակերպությունների հետ, որ կիսում են նման հայացքները: Բայց նա նաև կողմնակիցներ ունի որոշ ձախերի շրջանում՝ ոչ մշակութային պատճառներով, այլ հակաարևմտյան հայացքների վերելքի: Անկասկած Մոսկվան օգուտ է քաղում ավտորիտար առաջնորդներով հիացող, իսլամն ու ներգաղթը սպառնալիք համարող, մշակութային ազատականացմանը դիմադրող և տնտեսական ինտեգրումը ազգային ինքնուրույնությանը հավասարեցնող եվրոպական շարժումների աճից: Պուտինը գուցե հաճույք է ստանում, որ իրեն համարում են ազատական ժողովրդավարության կործանարար և ցանկանում է ԵՄ-ի կազմալուծման ականատեսը դառնալ, բայց դա չի օգնում թաքցնել հակասությունները Եվրոպայում նրան աջակցող կազմակերպությունների միջև, որ նրան անվանում են կամ ազգայնականության ջատագով, հակաիստեբլիշմենտի հերոս, կամ ԱՄՆ-ի գլոբալ աշխարհակարգի երկար սպասված հակառակորդ:
ՈՒ երբ Եվրոպան միասնական տեսակետ ունենա իր խնդիրների պատճառների ու հետևանքների մասին, այլևս պետք չի լինի պարզել, թե ինչ է ուզում Պուտինը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ