Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ալեքսանդր Լապշինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատանդ

Ալեքսանդր Լապշինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատանդ
21.01.2017 | 12:19

Երեկ հաղորդվեց, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշել է բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկելու համար: Որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարանում՝ տասնօրյա ժամկետում։ Սա, իհարկե, ոչ թե դատախազի ու դատարանի որոշում է, այլ Բատկան կատարել է «եղբայր» Իլհամի անձնական խնդրանքը՝ նա «Հեյդար Ալիև» շքանշանը ստանալիս խոստացել էր որդի Ալիևին «աշխատել» ու արդարացնել: Բայց ոչ միայն այդքանը: ՌԴ ու Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հերթական «պատանդն է» ռուս-բելառուսական հարաբերություններում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույն օրը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով. «Մենք մարդկանցից ոչինչ չենք թաքցնում, կարծում եմ՝ պետք չէ։ Աղետ չէ, բայց Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատումները պետք է փոխարինվեն այլընտրանքային տարբերակներով»: Ռուսաստանը մտադիր է կրճատել Բելառուս արտահանվող նավթը՝ առաջին եռամսյակում 4,5 միլիոն տոննայից հասցնելով 4 միլիոնի։ Տարեվերջին ռուս-բելառուսական նավթային պատերազմը չավարտվեց՝ Մինսկը պարտքը չի ցանկանում մարել՝ պահանջելով գնի իջեցում: Հենց այդ պատերազմի շրջանակում Ալեքսանդր Լուկաշենկոն, առանց որևէ բացատրության, չմեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին: Հիմա տարաբախտ բլոգեր Լապշինը, որի ամբողջ «հանցանքը» Ղարաբաղ մեկնելն է, ձերբակալվել է դեկտեմբերի 14-ին Մինսկում և մանրադրամ դարձել գազային պատերազմում: Պատահական չէ, որ Ալեքսանդր Լապշինի հարցին անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասաց, որ ուսումնասիրում են հարցը ու անընդունելի համարեց մարդու տեղաշարժի սահմանափակումը: Իսրայելը իր քաղաքացու Ադրբեջանի բանտում հայտնվելու մասին դեռ, կարծես թե, չի անհանգստանում:


Եվ արդեն երկրորդ անգամ Հայաստանն է այդ «պատերազմի» թիրախ դառնում՝ նախորդ անգամ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրվեց, հիմա հարվածի տակ է դրվում Արցախի անվտանգությունը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի նպատակը ինչ-որ բլոգերի պատժելը չէ, նրա նպատակը Արցախ այցերը կանխելն է և ԼՂՀ-ի լիակատար մեկուսացումը: Իլհամ Ալիևը մինչև այժմ անզոր է գտնվել Արևմուտքի առաջ այդ հարցում՝ ոչ միայն զբոսաշրջիկներ, ԼՂՀ են մեկնում պատգամավորներ, բիզնեսմեններ, արվեստի ու մշակույթի գործիչներ, որ խորապես անտարբեր են Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուն: Ավելին՝ ԱՄՆ-ի յոթ նահանգներ ճանաչել են ԼՂՀ-ն, եվրոպական քաղաքներ ու շրջաններ են համագործակցում Ստեփանակերտի հետ: Այնպես որ շոուի հույս Ալիևը կարող էր ունենալ միայն եվրասիական տարածքում: Արևմուտքը ոչ կվախենա Ալիևից, ոչ որևէ եվրոպական երկիր կգտնվի, որ նման իրավիճակում ձերբակալի ու արտահանձնի Արցախ այցելած ու այնտեղ որևէ անօրինական քայլ չկատարած բլոգերին:


Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է. «Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»: ԼՂՀ ԱԳ-ն դեռ լռում է, ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն է հայտարարել, թե Լապշինին ձերբակալելն ու արտահանձնելու որոշումը Արցախ այցելող արտասահմանցիներին վախեցնելու փորձ է և միջազգային հանրությունը պետք է գնահատական տա ու դատապարտի մարդկանց տեղաշարժն ու խոսքի ազատությունը սահմանափակելու փորձը:
Լավ է արել՝ հայտարարել է, բայց միջազգային հանրության գնահատականն ու դատապարտումը պահանջելուց առաջ գուցե նախ սկսեր ԱՊՀ-ի «միջազգային հանրությունից», հետո՝ ԵԱՏՄ-ի՝ Բելառուսի համար, իսկ Ադրբեջանի համար պետք է միանգամից դիմեր Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ և Եվրադատարան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բատկան երեք տարբերակ ունի՝ սպասել, լարել իրավիճակը, և Ռուսաստանից, և Իսրայելից հնարավորը ստանալ, հետո բլոգերի նկատմամբ դատարանի որոշումը փոխել՝ մեկ: Երկրորդ՝ ապացուցել Արևմուտքին, թե ինչ ժողովրդավար երկիր է Բելառուսը և բլոգերին ազատ արձակել՝ որոշակի պրեֆերանցիաների ակնկալիքով: Երրորդ՝ Բաքվին արտահանձնել Ալեքսանդր Լապշինին ու Ռուսաստանի գազից ու նավթից նկատելիորեն էժան գնով գազ ու նավթ գնելու նախադրյալներ ստեղծել Ադրբեջանից: Բայց կա մի փոքրիկ «բայց»՝ ադրբեջանական էներգակիրները մինչև Բելառուս հասցնելը Մինսկի վրա թանկ է նստում: Այնպես որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագիրը առաջիկա տասը օրում կլուծվի, բայց նա հազիվ թե Բաքու հասնի:

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ