Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ինչի՞ց է վախենում Լուկաշենկոն, նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանի դեմ պատերազմը

Ինչի՞ց է վախենում Լուկաշենկոն, նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանի դեմ պատերազմը
29.01.2017 | 14:03

Բոլոր նրանք (նաև ես), որ այս կամ այն չափով առնչվել են, առնչվում ու առնչվելու են ռուսական ԶԼՄ-ների բելառուս լրագրողների գործին, որ ձերբակալվել են 2016-ի դեկտեմբերին դեյուրե գործընթացային փաստաթղթերով, բայց դեֆակտո առանց ռեալ մեղադրանք ներկայացնելու, գլուխ էին կոտրում բնական հարցի վրա՝ ի՞նչ է կատարվում, օգուտը ո՞րն է: Լուկաշենկո՞ն է, թե՞ կատարողները: Գերակշռող վարկածն էր, որ շանտաժ է՝ Ռուսաստանից տնտեսական զիջումներ ստանալու համար: Իբրև հաստատում այդ վարկածի՝ Լուկաշենկոն չներկայացավ ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ այնտեղ ընդունված փաստաթուղթը անվանելով ընդամենը նախագիծ, նավթագազային հարցերում պայմանավորվածություններ չեղան, անորոշ երկարացվեց ածխաջրածինների տարանցման մաքսատուրքը:

Վերջապես, հիմա նա ազդարարեց անկախության համար պայքար, ընդգծելով՝ «անկախության համար մեր պայքարի գլխավոր ուղղությունն անցնում է տնտեսության միջով, ոչ թե ռազմական, ոչ թե քաղաքական ոլորտով»: Բոլորը կենտրոնացան դրույթի տնտեսական բաղադրիչի վրա: Բայց ո՞րն է դրույթի իմաստը: Լուկաշենկոյի բառերով՝ Բելառուսը, պարզվում է, պայքարում է անկախության համար, իսկ տնտեսությունը միայն մեկ, թեկուզ գլխավոր, բայց բնավ ոչ միակ ուղղությունն է, ուրիշներն էլ կան՝ ռազմական, քաղաքական, բայց գլխավորը չեն, դեռ գլխավորը չեն: Փաստացի՝ Լուկաշենկոն հռչակում է պայքար հանուն անկախության: Եթե հայտարարվում է այդպիսի պայքար, պետք է հստակ որոշարկվեն պայքարի սուբյեկտները: Եթե Բելառուսը վասալն է, պետք է անվանել մետրոպոլիան: Լուկաշենկոն առայժմ չի անվանում, միայն ակնարկում է՝ ում հետ է «այսօր կռվում մեր եղբայրական ՈՒկրաինան իր անկախության համար»: Վերջին բոլոր հայտարարությունների հիման վրա պետք է կարծել, որ Լուկաշենկոյի երկու ամսվա հայտարարությունները շանտաժ չեն, այլ՝ սադրանք: Դա շատ է հիշեցնում քնած արջին փայտով բզբզելը: Ինչո՞ւ: Ո՞րն է օգուտը: Լուկաշենկոն վախենում է կորցնել իշխանությունը: Նա չի վախենում մայդանից, նա մայդան է սադրում, որովհետև այդ դեպքում կարող է մնալ պետության գլուխ, և Արևմուտքը, որի հետ ևս նա խաղեր է տալիս, իր կարծիքով, իրեն կօգնի: Նա վախենում է Ղրիմի սցենարից: Այդ ժամանակ նա հաստատ կկորցնի իշխանությունը:

Այս վարկածն են հաստատում և նրա սիրախաղերն ազգայնականների հետ, և չարդարացվող դաժանությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդգնում են բարձրաձայն երկու բառ արտաբերել՝ «Ռուսական աշխարհ», և ռևերանսները «եղբայրական ուկրաինական ժողովրդին», և գլխավորը՝ քնած արջին արթնացնելու փորձերը, որ, եթե արթնանա, անկանխատեսելի արարքների է ընդունակ, որ առօրյա կյանքում նրան բնորոշ չեն: Գազանի ագրեսիվությունն այդ դեպքում մի քանի անգամ մեծանում է՝ դա կենդանաբանություն է, և Լուկաշենկոն, կարծես, հենց այդ արձագանքին է սպասում, որ ճչա. «Փրկեք ագրեսորից»: Ինչո՞ւ է նա սկսել վախենալ Ղրիմի սցենարից: Պատճառները շատ կարող են լինել: Լուկաշենկոյի վարքագծի անբացատրելի փոփոխությունները սկսվեցին Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, որ չէր կարող պատկերացնել անգամ «եղբայրական ՈՒկրաինայի» ղեկավարը, որ, ինչպես Լուկաշենկոն, բազմիցս սադրում է արջին իր փայտիկի բզբզոցով: Նա նույնպես վախենում է կորցնել իշխանությունը և նույնպես այրվում է արջին անկանխատեսելի արարքների սադրելու ու նրա ագրեսիվությունը բազմապատկելու ցանկությունից: Չէ՞ որ՝ ո՞վ կմիանա ագրեսորին:
Էրիխ Ֆրոմը իրավացի էր՝ «Իշխանության կիրքը բխում է ոչ թե ուժից, այլ՝ թուլությունից»:
Վալերի ՇԱԽՈՎ, REGNUM


Հ.Գ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրականում ոչ թե Ռուսաստանից անկախություն է ուզում՝ ժամանակին նա էր նախաձեռնել Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության ստեղծումը, այլ տնտեսապես թուլացած Ռուսաստանից չստանալով նախկին արտոնությունները, անկախության խաղեր է տալիս: Ով-ով, Բատկան լավ գիտի, որ անկախության պարագայում առաջինը կորցնելու է նախագահականի բանալին, հետո մնացածը: Անկախությունը նրա համար հակառուսական քայլերով Արևմուտքից ներդրումներ ստանալն է, քաղաքականություն, որ կասկածի տակ դրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությամբ՝ ոչ ոք չի կարող ասել՝ ինչպիսին է հիմա այդ Արևմուտքը, որի շարժիչը ԱՄՆ էր, և ի՞նչ վերաբերմունք ունի ՌԴ-ի նկատմամբ: Հանուն ներդրումների նա պատրաստ է ամեն ինչի՝ ԵԱՏՄ-ից էլ դուրս կգա, եթե ԵՄ-ն իր ցանկացած գումարը խոստանա, բայց Մինսկը հիմա Բրյուսելին պետք չէ, մանրիկ չարախնդության տեղիք է տալիս, երբ Մոսկվային զայրացնում է, ու ոչինչ չի ստանում ոչ ՌԴ-ից, ոչ ԵՄ-ից: Զարամանալի չի լինի, եթե Էրդողանից հետո Լուկաշենկոն հայտարարի Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ