Ստորագրելով մի քանի հրամանագրեր՝ նախագահ Թրամփը վերջին յոթ օրում ավելի շատ փոխեց ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները, քան նրա նախորդները վերջին յոթ տասնամյակներում՝ գրել է Դևիդ Սենջերը The New York Times-ում: Պետություն, որ ստեղծել է իր միջազգային իմիջը իբրև բաց երկիր ամբողջ աշխարհի կարիքավորների ու հավակնոտների առաջ, հիմա, ներգաղթյալների վերաբերյալ նախագահի հրամանագրից հետո, բոլորի առաջ փակում է դռները, որ չի արել նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո:
«Սա առաջին շաբաթն է»՝ ասում է պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ-ի տնօրեն Ռոբերտ Գեյտսը: Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր վարչակարգ, որի հետ ես աշխատել եմ, սկսում է նախագահական կարգադրությունների ջրապտույտից»՝ նպատակ ունենալով սահմանազատվել նախորդներից: Երկու կուսակցությունների ութ նախագահների հետ աշխատած Գեյտսը նաև նշում է, որ Թրամփը հանդգնում է ուժեղացնել տպավորությունը, որ ԱՄՆ-ը հեռանոււմ է աշխարհից ու պարփակվում պատերի մեջ՝ թողնելով գլոբալ մասշտաբի իշխանության վակուում: «Այդ վակուումը կլցնեն ոչ բարի ուժերը»՝ կարծում է Գեյտսը:
Անցած շաբաթ Թրամփի նորանշանակները խնդրեցին պետդեպարտամենտի ամենաբարձրաստիճան որոշ դիվանագետների՝ պրոֆեսիոնալ պաշտոնյաների, ոմանք ծառայության բազմամյա ստաժով, «ազատել տարածքը»:
Նրանք բոլորն էլ նախապես հրաժարականի դիմում էին գրել, ինչպես ընդունված է, բայց խնդրել էին թողնել աշխատանքի մեջ մի քանի ամիս՝ գործերը հաջորդներին հանձնելու համար: Թրամփի թիմը հասկացրել է, որ անցումային տարբերակների կարիք չունի: Ռեքս Թիլերսոնն էլ չհանդիպեց Ջոն Քերիին՝ պաշտոնակալությունից առաջ: Դա զտում չէր, բայց փաստը մնում է փաստ, որ ամենափորձառու որոշ դիվանագետներ դադարել են աշխատել: Նրանցից է Էնն Պատերսոնը՝ պետքարտուղարի օգնականը Մերձավոր Արևելքի հարցերով և Պակիստանում ու Եգիպտոսում նախկին դեսպանը: Վիկտորյա Նուլանդը՝ Ռուսաստանի գծով պետդեպարտամենտի առաջատար փորձագետներից մեկը և ՆԱՏՕ-ի նախկին մշտական ներկայացուցիչը, որ աշխատում էր ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վրա, հրաժարական է տվել՝ եզրակացնելով, որ իր համար Թրամփի աշխատակազմում տեղ չկա: Թրամփի գլխավոր գաղափարախոս Սթիվեն Բենոնը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի տնօրենների հանձնաժողովի մշտական անդամ, որ քաղաքական խորհրդականին հավասարեցրեց պետքարտուղարի ու պաշտպանության նախարարի հետ: Նվազեցվել է Ազգային հետախուզության տնօրենի և շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ներկայացուցիչների դերը՝ նրանց ասվել է ներկա լինեն միայն այն ժամանակ, երբ քննարկվում են իրենց գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: «Ո՞Ւմ են պետք զինվորականների ու հետախույզների խորհուրդները ԻՊ-ի, Սիրիայի, Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ քաղաքականություն որոշելիս»՝ զայրույթով գրել է ազգային անվտանգության նախկին խորհրդական Սյուզեն Ռայսը Twitter-ում: Թրամփի պատասխանը պարզ է՝ եթե դու որոշել ես իշխանազրկել իստեբլիշմենտը, իստեբլիշմենտին մնում է տարածքն ազատել:
Դևիդ ՍԵՆՋԵՐ, The New York Times
Հ.Գ. Մեյից՝ Մերկել, Օլանդից՝ Ռոհանի, բոլորը դժգոհ են Թրամփի ներգաղթը երեք ամսով արգելող հրամանագրից: Իսկ ի՞նչ է նա արել՝ արգելել է մուսուլմանների մուտքը երկիր՝ մինչև կմշակվեն ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն ապահովող մեխանիզմներ: Նույն երկրներից արգելված չէ քրիստոնյաների ներգաղթը: Մուսուլմանների ներգաղթը արգելված չէ մուսուլմանական բոլոր երկրներից: Նախագահը խոստացել է օգնել փախստականներին այլ միջոցներով: Ի վերջո՝ նա կրկնել է՝ ինչ ժամանակին արել է Բարաք Օբաման: Նախագահ Դոնալդ Թրամփը անում է այն, ինչ խոստացել է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և ամերիկացիները նրա դեմ ցույցեր են անում: ՈՒ ինչպե՞ս պիտի նա այդ ցույցերին արձագանքի: Ինչպես էլ արձագանքի, բացառվում է, որ իր մտադրություններից հետ կանգնի: Թրամփը եկել է Ամերիկան մեծ դարձնելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ