Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մտադիր է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: haqqin.az-ը մեջբերել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովի խոսքերը. «Ղազախստանը մտադիր է ուժեղացնել միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ Ղազախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»:
Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ի՞նչ է պատրաստվում անել Ղազախստանի նախագահը, ինչպե՞ս է ձգտում օգնել, ինչո՞ւ է հիմա «այդ խնդրի գոյությունը» նրան անհանգստացրել: Կոնկրետ ի՞նչ կարող է նա առաջարկել: Դատելով Նուրսուլթան Նազարբաևի բացահայտ համակրություններից ու բարձրաձայնված նպատակից՝ նրա նախաձեռնությունը բխելու է Ադրբեջանի շահերի պաշտպանությունից: Նազարբաևը փորձելու է իրեն հասու լծակներն օգտագործելով՝ առաջ մղել Բաքվի երազած սուբստանտիվ բանակցությունների գաղափարը, որոնք հանգում են՝ «Տվեք տարածքները, մենք ոչինչ չենք տա ու ոչինչ չենք խոստանա» բանաձևին: Գուցե հանուն անկողմնակալության պատրանքի ստեղծման՝ նա առաջարկի երկու նախագահների հանդիպում կազմակերպել Աստանայում, ինչպես եղավ Սիրիայի հարցով բանակցությունների դեպքում, և հանդիպումից առաջ հարկ համարի կողմերին ուղերձ հղել՝ կոչ անելով խաղաղության: Բայց դա ոչ մի կերպ չի նպաստի Աստանայի «դիվանագիտական դաշտը» ընդլայնելուն:
Նուրսուլթան Նազարբաևը, իբրև թուրքալեզու պետության ղեկավար, որ իրեն համարում է թուրքալեզու պետությունների համագործակցության ջատագով, երկար ժամանակ փորձում էր Ադրբեջանին ու Թուրքիային ԵԱՏՄ բերել, նաև ի սկզբանե դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Բայց՝ չստացվեց: ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի ձևաչափերում լինելով Հայաստանի գործընկերը՝ Ղազախստանը փաստացի միշտ պաշտպանել է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը: Հազիվ թե իրավիճակ է փոխվել ու նա մտադիր է դիրքորոշում փոխել: Նուրսուլթան Նազարբաևի որևէ առաջարկ չի կարող ավելին լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից: Վերջապես՝ մի քանի տարի առաջ Ղազախստանը նախագահում էր ԵԱՀԿ-ում և բոլոր հնարավորություններն ուներ խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալ՝ իբրև ԵԱՀԿ նախագահ երկիր: Ժամանակն անցավ, ոչինչ չփոխվեց: Ձախողվելով այլ միջազգային հարթակներ ԼՂ հակամարտության հարցը տեղափոխելու ջանքերում՝ Բաքուն հասկանում է, որ հույսը միայն Իսլամական համագործակցության կազմակերպության վրա չի կարող դնել, Թուրքիան էլ առանձնապես մտադիր չէ խառնվել հարցին՝ զբաղված լինելով ներքին հարցերով, ԵԽԽՎ բանաձևերն էլ ոչինչ չեն պարտադրում ու իրավական ուժ չունեն, ի՞նչ է մնում Ադրբեջանին, եթե ոչ գործադրել եղբայրական պետությունների հետ երկկողմ կապերը՝ նոր հարթակների ձևավորման համար: Նախաձեռնություն, որ կյանքի կոչվելու պարագայում ոչինչ չի տալու, բացի մի թեթև դիվանագիտական աղմուկն ու միմյանց ուղղված ապարդյուն կոչերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, եթե այդքան շատ է ուզում ընդլայնել Աստանայի դիվանագիտական դաշտը, կարող է ու պարտավոր է զբաղվել ԵԱՏՄ-ով, որ իր հոգեզավակն է: Իսկ ԵԱՏՄ-ում արդեն սահմաններ են գծում Ռուսաստանն ու Բելառուսը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հրահանգել է Բելառուսին սահմանակցող տարածքներում՝ Սմոլենսկի, Բրյանսկի ու Պսկովի շրջաններում, սահմանային ուղեկալներ տեղակայել՝ ստեղծելու համար «ՌԴ պետական սահմանը պաշտպանելու անհրաժեշտ պայմաններ»: Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը չի փորձում հարթել Լուկաշենկոյի ու Պուտինի հարաբերությունները, բայց փորձում է խցկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման դաշտ: Կոնֆլիկտը նրան թվում է թույլ օղա՞կ՝ իր հավակնությունները հաստատելու համար, թե՞ Իլհամ Ալիևը մտադիր է մի «Հեյդար Ալիև» շքանշան էլ նրան տալ: