Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞Ւր կգնա Չակորը

Ո՞Ւր կգնա Չակորը
03.02.2017 | 00:32

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաստատ չգիտի, թե իր երկիրը ինչ ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հասարակական կարծիքի ձևավորման ու նախընտրական գործընթացների մեջ: Հայաստանը մինչև սրունքներն ընկղմված է հնդկական զայրույթի ու սիրո, ազատության պայքարի ու ստրկության մերժման հորձանուտում: Ի՞նչ կլինի Չակորի հետ՝ սա է օրվա հարցը: Թռիչքը հաստատ է, բայց դեպի ո՞ւր:

Չակորի դերում իրենց փորձարկում են բոլորը: Չակոր Հովիկ Աբրահամյանը թոթափեց ՀՀԿ-ի ստրկության շղթաները՝ զարմուհու՝ Կարինե Պողոսյանի, եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ հեռացավ: Ոմանք որոնում են «ինչո՞ւ» հարցի պատասխանը: Իրական հարցը այլ է՝ «Ի՞նչ կապ ունեին նրանք ՀՀԿ-ի» հետ: Հընթացս պարզվեց, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ՀՀԿ անդամ չէ, պարզ չէ՝ ընտանեկան խորհրդի որոշումները նրա վրա կտարածվե՞ն՝ հրաժարական կտա՞, թե՞ կմնա մեծ ընտանիքի միակ պաշտոնյան: Պարզ չէ նաև՝ ալիքը կհասնի՞ Արփինե Հովհաննիսյանին, թե՞ նա ենթարկվում է գործող, ոչ թե պաշտոնաթող վարչապետներին:


Չակոր Գալուստ Սահակյանին իբրև խրախուսական մրցանակ՝ այլևս ԱԺ-ում չլինելու դիմաց, հանձնեցին ՀՀԿ Ավագների խորհուրդը: Նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին տեսնելու երջանկություն պարգևեցին: Տոկիոյից Գալուստ սանը կվերադառնա իբրև հայ-ճապոնական կապերի ռահվիրա, մարդ, որ տեսել է Ֆուձիյաման, որ նման է Արարատին:
Չակոր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է քաղաքական ուժերի ու գործիչների հետ, որ երազում են ազատվել անորոշության ստրուկի խարանից ու ազատ դաշինքում ինքնահաստատվել: Չբերեց Չակոր Ստեփան Դեմիրճյանի բախտը. նա ձեռնունայն վերադարձավ ՀԱԿ՝ Գագիկ Ծառուկյանը իրենից հետո լինելու պատիվը նրան մերժեց: ՀԺԿ-ն բանակցում է ՀԱԿ-ի հետ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու համար, ու համենայն դեպս՝ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ տասը տարի կողքիդ էի:
Գագիկ Ծառուկյանը խոստացել է շուտով հաստատել իր դաշինքի չակորներին: Նախնական տվյալներով՝ ԲՀԿ, ՀՀՇ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ, «Միասնություն» ու տարակուսակցական մի քանի չակորներ: Մնում է հասկանալ՝ այդքա՞նն են բռնելու Գագիկ Ծառուկյանի ձեռքով իշխանություններին պարզված դամոկլյան սուրը, թե՞ պահեստային չակորներ կան, որ X պահին, իրադարձությունների X զարգացման դեպքում միանալու են նրան: Հիմա՞, թե՞ X պահին հարգարժան Գագիկ Ծառուկյանը կպատասխանի ՀՀԿ նախագահի «չեմ ողջունում»-ին: Հիմա՞, թե X պահին կասի՝ պատրա՞ստ է «արյունահեղության», թե՞ ինչ տան՝ տան՝ հակառակ «մահապարտների» անձնազոհության:


Չակոր Սեյրան Օհանյանը որոնում է թռիչքուղի: Նաև՝ դիսպետչերի, որ թույլատրում է թռիչքը ու բարի ճանապարհ մաղթում: Թռիչքը՝ թռիչք, Սեյրան Օհանյանի համար առավել կարևոր է վայրէջքը: Կար ժամանակ, որ նա Սերժ Սարգսյանի իրավահաջորդն էր համարվում՝ նախագահի թեկնածու: Սահմանադրություն փոխվեց: Սեյրան Օհանյանը շարունակեց իրեն ներշնչել, որ վարչապետի թեկնածու է, հակառակ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրա երազների հետ համաձայն չէր, նրա հետ՝ նույնպես: Հիմա երկուսն էլ նույն դաշտում են՝ պաշտոնազուրկների, թեպետ ներկայանում են հրաժարական տված: Այդ դաշտում հանդիպում են իրար, որոշում համատեղ պայքարել անարդարության դեմ, որ իրենց համար մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Բայց պաշտոնապես ապրիլի սկզբին ԱԺ ընտրություններ են, ոչ ՀՀԿ-ի կամ ՀՀԿ նախագահի դեմ պատերազմ՝ Սեյրան Օհանյանը ստիպված է մտածել իր քայլերի հրապարակային հիմնավորումների մասին: «Նեղացածների» ակումբի վարիչը Հովիկ Աբրահամյանն է, մյուսների պես Սեյրան Օհանյանը նրա հետ կգործակցի ոչ հրապարակային: Ինչպես ոչ հրապարակային գործակցում է ևս մեկ Աբրահամյանի հետ՝ Արա: ՌԴ հայերի միության նախագահը Չակորի կարիերան փորձարկեց երկու տարի առաջ՝ եկավ ու հայտարարեց, որ կուսակցություն է ստեղծում ու մասնակցելու է ԱԺ ընտրություններին: Հետո՝ գնաց:

Գնաց ու չմոռացավ մտադրությունները՝ «ոչ ստանդարտ մոտեցումներով առաջ տանել մեր երկիրը», որոշեց բարեգործությամբ փոխարինել քաղաքականությունը: Բարեգործությունը Հայաստանում վաղուց քաղաքական գործունեություն է: ՈՒղղակի: Արա Աբրահամյանն էլ բոլոր հիմքերն ունի նեղացածների ակումբում լինելու՝ հիշելով, որ Սերժ Սարգսյանը խորհուրդ չէր տվել քաղաքականություն մտնել, ու հիմա ազատ է գործակցել Սերժ Սարգսյանից նեղացածների հետ: Այդ թվում՝ կապեր ապահովել: Բայց Չակոր Սեյրան Օհանյանը վստահ է, որ «եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանությունները ընտրությունների միջոցով չհեռանան, անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները»: Ի՞նչ է նա ուզում ի վերջո: Նույնիսկ Չակոր Վարդան Օսկանյանը այս հարցերի պատասխանը չունի ու գուցե հիմա հոգու խորքում զղջում է, որ շտապեց հայտարարել նրան իրեն դաշնակից: Շտապեց գործակցել նախագահից նեղացածների ակումբի ևս մեկ անդամի՝ Չակոր Վիկտոր Դալլաքյանի հետ: Ի՞նչ է տալիս դաշինքին «Երրորդ հանրապետությունը»՝ ուրիշի փողե՞րը, կառույցներ ու գրասենյակնե՞ր, որ չունի, վարկանի՞շ, որ նույնպես չկա:

Բայց մի «ձեռքբերում» պիտի ջերմացնի Վարդան Օսկանյանի սիրտը՝ Չակոր Պարույր Հայրիկյանը, հիմա ո՞վ կասի, որ այդ դաշինքը ռուսամետ է՝ «ինքնորոշված անկախական» Պարույր Հայրիկյանը հավերժ հակառուս է, ու եթե նա էլ է իրենց միացել, իրենք հաստատ ռուսների հետ կապ չունեն, հետո ինչ, որ Չակոր Արամ Սարգսյանը իր ՀԴԿ-ով հավերժ ռուսամետության սիմվոլ է: Մյուս հեռու ու մոտ չակորների մասին էլ Վարդան Օսկանյանը կլռի՝ ի վերջո դիվանագետ է՝ խոսքը դիվանագետներին տրված է իրականությունը թաքցնելու, ոչ թե ներկայացնելու համար: Իր խայտաբղետ դաշինքը Օսկանյանը կփորձի կանոնակարգել ու մինչև ընտրությունները պատշաճ սոուսով ներկայացնել՝ որոշ հարցեր շրջանցելով, որոշ հարցեր բարձրացնելով ու միշտ հանդես գալով գաղափարական ընդդիմադիր, ում խնդիրը ցանկացած գնով իշխանության հասնելը չէ, այլ դաշինքներ կազմելը՝ ընտրություններից առաջ կամ հետո: Վարդան Օսկանյանն ունի փայլուն ինքնարդարացում՝ միշտ չէ, որ գործել է իր խղճի ու խելքի մտոք, եղել է հստակ հրահանգ: Եթե չկատարեր՝ ոչ ԱԳ նախարար պաշտոնավարման ընթացքում, ոչ կուսակցական գործունեության տարիներին ԲՀԿ-ում ու «Համախմբումում», լինելու էր ևս մեկ նեղացած՝ Հայաստանի նախագահներից նեղացածների ակումբում, իսկ այսպես կարող է ասել՝ ներեցեք, սխալ էր, բայց իմ սխալը չէր, ու առաջ գնալ:
Չակոր Րաֆֆի Հովհաննիսյանի գործերն ավելի վատ են՝ հրահանգ էլ չկա, ու մինչ «Ժառանգությունը» Երևանում անսկիզբ-անվերջ նիստեր է անում, մարզային կառույցները իրենց որոշումներն են ընդունում՝ Կապանի և Սիսիանի ժառանգականները համաձայն չեն վարչության քայլերի հետ, որոնք ուղղված են նախկինում ռեժիմի հենարան եղած նախկին պաշտոնյաների հետ լայն համախմբում կազմելուն. «Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականությանը, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն և ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ»:

«Ծառուկյան» դաշինքի դուռն էլ փակեցին՝ «Մենք ունենք եռյակի ձևաչափով համագործակցության դառը փորձը, և որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռևս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից: Այս ամենի հետևանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որ այսքան տարի հավատացել են մեզ և ընդունել են մեր գաղափարները»: Ի՞նչ են առաջարկում: «Եթե «Ժառանգությունը» ընտրություններին ներկայանա որպես առանձին, մաքուր «Ժառանգություն», մենք, ինչպես միշտ, կանենք ամեն բան, որ հասնենք մեր նպատակին»: Իսկ կա՞ «մաքուր «Ժառանգությունը», ինչո՞ւ իր կուսակցության «մաքրությանը» չի ապավինում Րաֆֆի Հովհաննիսյանը: Վստահ չէ՞ հաջողությանը: Այլևս բրենդ չէ՞ «Ժառանգությունը»՝ սարերի քամիով, զուռնայով, բարևով, աղոթքով, Մոսկվայից չբերած հաղթանակով ու ընդհանրապես՝ ո՞վ է հիմա «Ժառանգությունը» իր բոլոր մետամորֆոզներից հետո: Հնդկական իր կինոն ե՞րբ կավարտի՝ սեփական չակորների հետ կկարողանա՞ մինչև փետրվարի 16-ը համաձայնության գալ:


«Ելքն» ի՞նչ եղավ: Սկսել է նախընտրական հանդիպումները, բայց դաշինքին խաղի կանոնները խախտելու ու ժամանակից առաջ ընկնելու մեջ մեղադրել հնարավոր չէ: Ընտրարշավը «Ելքը» սկսել է Լոս Անջելեսից ու հանդիպում է հայ համայնքի հետ: Ինչո՞ւ: Նրանք ի՞նչ կապ ունեն հայաստանյան ընտրությունների հետ: ՈՒղղակի՝ հայ են: Սփյուռքի հետ նոր որակի կապերը համահայկական խնդիր են, որի լուծումը միայն սփյուռքի նախարարության հույսին թողնելը ելք չէ:


Ընտրությունները «մոռացած» ՀՀԿ-ն գործում է երկու ճակատով՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի: Թեհրան մեկնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, և նրա հանդիպումներն առավել քան ներկայացուցչական էին՝ նախագահ, վարչապետ, Մեջլիսի նախագահ, ԱԳ, պաշտպանության նախարարներ, համայնք: Թեհրանը նրան ընդունեց շատ ավելի բարձր մակարդակով, քան նախարարականն է, ու դա ցուցանիշ է: Վարչապետի մակարդակով Կարեն Կարապետյանը հանձնարարեց «ողնաշար ջարդել»: Ո՞Ւմ: «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի սարսափելի մեծ պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները, որոնք «ատպիսկա են», գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պիտի չհերիքի մեզ: Մենք լիքը գույք ունենք, ինձ թվում է, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ոչ տնօրեն ենք հանում, ոչ մի բան չենք անում: Չի դզվելու դա: Չի կարելի ամեն ինչը հանդուրժել այսպես հանգիստ»՝ խոսքը ուղղված էր պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ զեկուցող պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Ավելի կոնկրետ՝ «Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»:

Պաշտոնավարման վեցերորդ ամսին չի բացառվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նաև իր չակորների «ողնաշարը ջարդի»` պաշտոնանկի նախարարներին մինչև ընտրությունները: Ինչո՞ւ ոչ: Ի սկզբանե զգուշացրել էր՝ երազ ունեցեք, աշխատեք ու հաշվետու եք: «Նոր ոգին» ու «սիմվոլը» պիտի մարտական լինեն, երբ մոտենում է գլխավոր ճակատամարտը: Նրա Աուստեռլիցը կամ Վաթեռլոոն, սակայն, 2017-ի ապրիլին չեն, այլ 2018-ի, իսկ տարին արագ է պտտվում: Միշտ կան անկանխատեսելի X գործոն ու X պահին X տեղում չլինելու վտանգ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ թափ է հավաքում՝ հակառակ «1000 դրամների» օրենքի ու զորացրված զինվորների զինգրքույկների գրառումների բացահայտ սադրանքի, որ ինչ-որ պաշտոնյայի անփութությունից ավելին է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. 2017-ի ԱԺ ընտրություններին պատրաստվելն առայժմ հնդկական կինոսցենարի շրջակայքում է՝ իշխանությունը ինքն իր մեջ է պայքարում, ընդդիմությունը՝ իր իրական ու անվանական թևերի: Իշխանությունն ու ընդդիմությունը դեռ միմյանց չեն հիշել: Փայալը, Քուշին, Անջալին, Շիամը, Արնավը, Լավանյան, Իմլին ու Չակորը անվերջ բեմի վրա են ու իրենց փոխհարաբերություններն են պարզում: Ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները: Դա առայժմ կոչվում է ջրերի բաժանում ու անջուր դաշինքների կազմավորում: Ոմանք իրենց զգում են «մահապարտներ», իսկ ընտրողներն ուզում են ոչ թե կռիվ, այլ արժանապատիվ կյանք: Ընտրությունները թշնամանքի խրամատներում խրվելու ու միմյանց ոչնչացնելու համար չեն: Ո՞Ւմ կվստահի ընտրողը, որ հոգնել է հնդկական կինոյից կյանքում ու ելք է որոնում: Պրագմատիկ ու ռեալ ծրագրին, որի հիմքում ոչ թե իշխանության տենչն է, այլ ինքը:

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ