Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ջրերը գնում են, ավազը կա

Ջրերը գնում են, ավազը կա
14.02.2017 | 01:12

Փետրվարի 14-ին՝ ԱԺ ընտրություններից 46 օր առաջ, մեյնստրիմը փոխում է ուղղությունը: Անցյալ տարեվերջից սկսած քաղաքական ուժերի անկանոն համախմբումը կանոնավորապես քանդվում է: Սահմանադրական փոփոխությունը, որ պիտի հետևանք ունենար քաղաքական դաշտի բյուրեղացումն ու փոքր կուսակցությունների միավորումը՝ մեծ կուսակցության ստեղծումով, դեռ հեռանկար է: Ընտրություններից առաջ հեռանկարը նույնքան անհասանելի է, որքան ծիածանի տակով անցնելու մանկական երազանքը: Ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ն քանդում է անցանկալի դաշինքները, արհեստական ոչինչ այլևս հայկական հողում չի աճում, քաղաքական ջերմոցներում աճեցրած պտուղ-բանջարեղենը չի վաճառվում: Ներմուծվածը ոչ միայն պահանջարկ չունի, այլև ներքին կենսունակություն: Դեռ չանվանված ու չբնորոշված փոփոխություն է եղել՝ դաշտում ինքնաբուխ լյուստրացիա է:

Առաջին հայացքից ՀՀԿ-ին ամենաձեռնտու գործընթացն է, երբ իրենք իրենց ընդդիմություն անվանած քաղաքական ուժերը իրենք-իրենց տրոհվում են ու ընտրարշավը չսկսած՝ սկանդալ սկանդալի հետևից են մատուցում ընտրողին: ՀՀԿ-ին ամենաձեռնտու գործընթացն է, որ իրենք իրենց ընդդիմություն անվանածները չեն միավորվում ու վտանգավոր չեն դառնում իր համար: ՀՀԿ-ին ամենաձեռնտու գործընթացն է, որ իրենք իրենց ընդդիմություն անվանածները պայքարում են միմյանց, ոչ թե իր դեմ: Եթե ՀՀԿ-ն է իրենք իրենց ընդդիմադիր անվանածների դաշտերում «ականներ» տեղադրել, ինչո՞ւ են համաձայնել անկապ դաշինքների կազմավորմանը՝ չի կարող անանասը պատվաստվել կարտոֆիլին ու մանդատ դառնալ:
Քաղաքական դաշտին ընդհանրական հայացքը հիմնավորում է տպավորությունը, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ոչ թե 2017-ին են, այլ՝ 2018-ին: Բացի «Ելքից», մյուս քաղաքական ուժերը շարունակում են համագումարները ու հայտարարությունները մտադրությունների, բայց ոչ որոշումների մասին:

ԿԸՀ-ն փետրվարի 6-ից սպասում է: Ոչ ոք չի ուզում լինել առաջինը, բոլորը վստահ են, որ առաջինը միշտ կուտ է գնում, բոլորը համոզված են, որ ճիշտ մարտավարությունը դանդաղ շտապելն է: Գուցե սպասում են ազդանշանի, որը չկա: Գուցե իսկապե՞ս ՀՀԿ-ն որոշել է ազնիվ ու ազատ ընտրությունների համար ամեն ինչ անել: Փետրվարի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստը վկայեց, որ ոչ: ԳՄ նիստը բացեց որոշ փակագծեր՝ ՀՀԿ-ն արդեն ունի ռեյտինգային ընտրացուցակը: Արվեցին հայտարարություններ, որ կոչված էին բացատրել՝ ինչ սկզբունքով է ցուցակը կազմվել: Հայտարարությունները խորապես խոստումնալից էին, բայց վկայեցին, որ ՀՀԿ-ն հաղթանակի դեպքում կառավարելու է ինչպես առաջ: Ցուցակում են նույն օլիգարխները, այսինքն՝ իշխանության և բիզնեսի սերտաճումը մնալու է, և ուրեմն՝ պահպանվելու է թե՛ ստվերը, թե՛ մրցակցություն չի լինելու, թե անիմաստ է խոսել կոռուպցիայի վերացման մասին: ՀՀԿ ԳՄ նիստում քննարկված նախընտրական ծրագրի բարձրաձայնված մասերն էլ վկայում են՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն, հավելում, ճշտում նույնպես չի արվելու: Եթե արվի էլ՝ հանուն տպավորության, բայց ոչ իրականության մեջ: ՀՀԿ ռեյտինգային ցուցակը զարդարում են ոչ միայն օլիգարխներն ու ԲՀԿ-ականները, այլև ականավոր ՀՀԿ-ականների զավակներն ու զարմուհիները, ՀՀԿ-ում այդպես են պատկերացնում էլիտայի փոփոխությունը: Որ ցուցակում չէ Մհեր Սեդրակյանը, չի նշանակում, որ ՀՀԿ-ն ձերբազատվում է թաղային հեղինակություններից, ցուցակում նրանց որքան ուզեք՝ կգտնեք: Կլինի՞ ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռ պատասխանում է. «Ցուցակը վերջնական կքննարկվի չորեքշաբթի երեկոյան, օրենքով սահմանված ժամկետում կներկայացնենք»: Փաստորեն «նոր ոգու» ու «սիմվոլի» խնդիրը չի պարզվել: ՀՀԿ-ում միակ որոշակիությունը, որ ոչինչ ՀՀԿ-ն մտադիր չէ փոխել, կլինեն հակառակը հիմնավորող հայտարարություններ, հարցազրույցներ ու խոստումներ: Արդեն երկրորդ տասնամյակ՝ նույն մեյնստրիմն է:

Նույն իրավիճակն է ԲՀԿ-ում: Փետրվարի 10-ին ԲՀԿ-ն համագումարում Գագիկ Ծառուկյանին վերընտրեց նախագահ: Նա բարձրացավ բեմ ու ներկայացրեց նախընտրական ծրագիրը՝ փրկել Հայաստանը, լավագույնն անել Հայաստանի համար, Հայաստանը Դուբայ դարձնել՝ Սինգապուրը մոռացեք, էմիրություն ենք դառնում, հարկեր ենք վերացնում, պետպատվերի գումարներն ենք սերտիֆիկացնում, բանկերի անտոկոս վարկեր ենք սահմանում՝ 20-24-30 %-ի փոխարեն՝ 0,25, 0,75 %, զարգացնում ենք ամեն ինչ, ինչպես սպորտում:


ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Գագիկ Ծառուկյանը չի փոխվել: Նա շարունակում է արդարանալ, որ երկու տարի առաջ կանխել է արյունահեղությունը՝ հեռանալով, իսկ դա նշանակում է, որ նա մեղադրում է իշխանությանը, որ իր համոզմամբ արյուն էր հեղելու: Ինչո՞ւ իշխանությունը չի արձագանքում նրա պնդումներին: Որովհետև ճի՞շտ է, թե՞ նրան լուրջ չի ընդունում: Երկու տարի անց Գագիկ Ծառուկյանը շարունակում է «անգիր արածները» ասել ու բոլորովին մեղավոր չէ, ի՞նչ է փոխվել, որ հարգարժան Գագիկ Ծառուկյանը փոխվեր: Դո՞ւռ է բացվել, չորը կանաչո՞ւմ է: «Նավթ չունենք, գազ չունենք, բայց մոլիբդեն ունե՞նք»: Ինչպես ժամանակին ջերմուկով էինք երկիր պահում: Չի փոխվել ու չի փոխվելու: Ֆեոդալական տնտեսությամբ 21-րդ դարի հետևից չես հասնի, նույնիսկ եթե աշխարհի լավագույն մասնագետներին բերես Հայաստան ու ասես՝ բոլոր պայմանները ստեղծում եմ՝ ծառայիր: Պատկերացնո՞ւմ եք, եթե Գագիկ Ծառուկյանը Հարվարդ ավարտեր, սկսեր հոդաբաշխ, տրամաբանված, գոնե գրագետ խոսել: Կկորցներ ողջ հմայքը, կդառնար մեկը շատերից, ու՝ կավարտվեր: ԲՀԿ համագումարն անձնական նվիրվածության ու քաղաքական կռապաշտության ելույթներից բացի չպատասխանեց ընտրական հարցերին՝ մենա՞կ է գնում, թե՞ դաշինքով: Ով ասես՝ հայտարարում էր, որ միանում է ԲՀԿ-ին, ի վերջո լինելո՞ւ է դաշինք, մնաց անհայտ: Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանսի՞» հետ, թե՞ ՀՀՇ-ի: ԲՀԿ համագումարում ուշադրության կենտրոնում էր Արգամ Աբրահամյանը, որ հոր ծրագրերի մասին չգիտեր, բայց Գագիկ Ծառուկյանի կողքին նստած էր ոչ թե նա, այլ Վարդան Բոստանջյանը: Գուցե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ վերադարձնի նրանց, ում ժամանակին հեռացրել է՝ Արևիկ Պետրոսյանին, Էռնեստ Սողոմոնյանին, Թամար Պողոսյանին, Խաչիկ Գալստյանին և այլոց, առավել ևս, որ Նաիրա Զոհրաբյանի ու Իվետա Տոնոյանի միջև այլևս տարբերություն չի տեսնում, ինչքան էլ ԲՀԿ նախկին նախագահը ճչա. «Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու ենք: No pasaran!»: Դա էր հեղափոխությունը, որին Գագիկ Ծառուկյանն ի վիճակի է, ուրիշը մի սպասեք: Նրա կիսատ-պռատ, պարզունակ հայտարարությունները ի մի բերելով՝ ստացվում է, որ մեր առաջ նույն ԲՀԿ-ն է, որ ընդդիմադիր չէ, իշխանական չէ, գուցե այլընտրանք էլ չէ, ունի որոշակի պահանջարկ, հարկ եղած պահին նորից նախագահականում շամպայնի գավաթներ են պարպվելու՝ կողմերին ոչինչ չպարտադրելով: ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, ԲՀԿ-ն բոլորի յուրայինն է, իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ն քաղաքական ուժ չի դառնալու՝ քաղաքականության մեջ մնալով գործոն, և ուրեմն՝ իր ֆինանսական ռեսուրսների շռայլ գործադրմամբ էլ ԲՀԿ-ն չի կարող ու չի տանելու ընդդիմադիր ձայները, տանելու է իշխանական ձայները, եթե կարողանա անպատիժ գնել: Մեյնստրիմը նույնն է, մասշտաբը կփոխվի:


Մեյնստրիմները խառնվեցին ՕՕ դաշինքում՝ փետրվարի 10-ին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ դուրս է գալիս դաշինքից, հետո նույնն արեց Վիկտոր Դալլաքյանը: Պարույր Հայրիկյանը մի ոտքով գնում է, երկուսով մնում: Ինչո՞ւ չի ստացվում: Իրենք էին, չէ՞, հայտարարում, որ իրենց միավորում է շատ ավելի ուժեղ գործոն, քան կարող է լինել գաղափարների նույնությունը: Գաղափարականին հակադրում էին նպատակային դաշինքը: Հետո պարզվեց՝ զբաղվել են ցուցակով, մնացածը ինքն իրեն կգա: Գաղափարակա՞ն, թե՞ նպատակային հողի վրա «Ժառանգությունը» հայտարարեց, որ միանում է ՕՕ դաշինքին: Միանշանակ՝ նպատակային: Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց փողը և իր իրավատիրական անցյալից կարևորեց դրվագը, որ հաղթանակը բերելու համար Մոսկվա էր գնացել: Նրանք կկոչվեն ՕՐՕ՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան, թեպետ կարելի էր ՆՆԴ կոչել՝ նախկին նախարարների դաշինք: Զարուհի Փոստանջյանի հարցերը մնացին անպատասխան, համագումարը չհրավիրվեց՝ պրագմատիկան հաղթեց տրամաբանությանը:
Մեյնստրիմը փոխեց ՀՎԿ-ն՝ երկրորդ համագումարում նոր էր արյան թեման, մնացածը նույնն էր: ՀՎԿ-ն նույն ՕԵԿ-ն է, որտեղ միշտ կանոնադրության 1-ին կետը եղել է. «Արթուր Բաղդասարյանն աստված է», 2-րդը` «Աստծո կամքն անքննելի է», 3-րդը՝ «Տե՛ս 1-ին և 2-րդ կետերը»: Ի՞նչ պարզվեց համագումարից: Նոր ոչինչ: Համամասնական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Ովքե՞ր են ցուցակում: Տե՛ս 1-ին կետը, հետո՝ 2-րդը: Պարզվեց՝ ՀՎԿ-ն դեռ քննարկում է՝ ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ որոշ քաղաքական ուժերի հետ: Ո՞ր ուժերի: Անհայտ է: Իրականում դաշինք էլ չի լինի՝ դա նվազագույն շեմն ավելացնում է 2 %-ով, իսկ դա խնդիր է: Ի՞նչ ասաց Արթուր Բաղդասարյանը: Որ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի: Որ՝ Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջև։ Ո՞վ չգիտեր: Գուցե միայն Արթուր Բաղդասարյանն է մտածում, որ «ՀՎԿ-ն կայացած քաղաքական ուժ է»։ Անցած տարի փետրվարին արհեստական ստեղծված ՀՎԿ-ն Հայաստանին նոր թռիչք չի բերի՝ թևեր չունի՝ նույն բառապաշարը, նույն ընթացակարգը, նույն մարտառազմավարությունը՝ ինչպես ձիուն ստիպելով տանում էին ջրվեժի մոտ 10 տարի առաջ, այնպես էլ հիմա ջրվեժի ու ջրհորի տարբերությունը չեն հասկացել:


Սոփեստության, դեմագոգիայի ու պոպուլիզմի տասնամյակների բառապաշարին ավելացել է մեկ որակ՝ արնախումի: Արթուր Բաղդասարյանը ելույթի վերջում պատվիրակներին քնքշանքով ասաց. «Դուք իմ զորքն եք, պայքարի ու պատասխանատվության կոչ եմ անում», առանց պատճառի հանկարծ բռնկվեց ու հավելեց. «Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք: Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի ու զավակների համար»: Թե հայրենիքի ու զավակների ինչի՞ն էին պետք «քերթված կաշիներով» պատվիրակները, չբացատրվեց: Հեղինե Բիշարյանը անկեղծ էր. «Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»:

Մեկը քերթում է, մյուսը՝ ոչնչացնում, հետո հանում աչքերը: Ինչո՞ւ: ՀՎԿ-ն չդարձավ առաջատար ուժ՝ ինչպես հայտարարում էր, այլևս գուլպաներ, մուրաբաներ ու այլևայլ «ճիշտ» ընտրությանն անհրաժեշտ իրեր ու առարկաներ չի բաժանելու, ու դա թևաթափ է անում, մնում է վայրենությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Մեյնստրիմը՝ մեյնստրիմի դեմ: Կա «պատմություն» ու կա պատմություն:
«Պատմությունը» տաքուկ է ու փափուկ, հեռանում է անհիշատակ, պատմությունը բարդ է, ցավոտ, բայց դառնում է ապագա: Ընտրությունը «պատմության» ու պատմության միջև է, հայտնի ու սնանկ ուղեգծերի և ճանապարհի, որ ելք է: Արհեստական ոչինչ հայկական հողում չի աճում՝ ժամանակ կար համոզվելու, որ «պատմությունը» պատմության դեմ՝ ինչպես մեյնստրիմը քամու առաջ: Աննկատ ու դեռ չանվանված՝ իրավիճակ է փոխվել, մնում է ընկալել, անվանել ու հեռանալ խաչմերուկից, որտեղ աջ, ահյակ, վերև, ներքև երթևեկը ստեղծել է փակուղու «պատմություն», մեզ պետք է բովանդակություն ու իմաստ տալ մեր ընթացքին: Ելք է պետք՝ պատմություն ունենալու համար:

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ