Կանանց իրենց միջազգայինով, այդ միջազգայինը հիմնադրած Կլարա Ցետկինով ու Ռոզա Լյուքսեմբուրգով հանգիստ թողնենք, մանավանդ որ վերջիններիս առնչությամբ, ինչպես սիրում էր ասել պատկերավոր խոսքի նկատմամբ առանձնակի թուլություն ունեցող փիլիսոփայության մեր դասախոսը, Լենինը ժամանակին անխնա է եղել՝ մերկացնելով ու հերթով ցույց տալով նրանց խոցելի տեղերը:
Ասվածը, բնականաբար, վերաբերում է խնդրո գաղափարական կողմին, թե չէ համաշխարհային հեղափոխության առաջնորդի այլ կարգի պահանջների բավարարման համար, նրա ժամանակակիցների վկայմամբ, անգամ Կրուպսկայան էր պահանջվածից ավելի:
Ի միջի այլոց, այս տարվա Մարտի 8-ի առնչությամբ զգալի վերապահումներ ունի նաև ողջամիտ կանանց հավաքականությունը՝ համարելով, որ իրական տոնը կարող է սկսվել Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպման ավարտից հետո, ու եթե ծայրահեղ վիճակում հայտնված կատալոնյան ակումբի համար ամեն ինչ հաջող ավարտվի, իրենց՝ կանանց համար մարտի 9-ն էլ մարտի 8 կլինի՝ սույնին հետևելիք լավագույն ակնկալիքներով:
Սակայն, մարտիության սպասումներով տարված, եկեք չմոռանանք նույն այդ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի շրջանակներում այսօր կայանալիք «Արսենալ»-«Բավարիա» ու հատկապես «Նապոլի»-Մադրիդի «Ռեալ» դիմակայություններն ու, խոսքով ընկած, աչքաթող անենք անցած հանգստյան օրերի ֆուտբոլային թրատումները:
ԻՍՊԱՆԻԱ
Գոլի ու գոլային փոխանցման դուբլով առանձնացած Մեսին, ում դեմքի ոսկեգույն խոզանի մեջ «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա խաղի սպասումով վաղաժամ ճերմակի ցոլքեր են արդեն նկատվում, ծանրակշիռ մասնակցություն ունեցավ «Սելտային» ջախջախելու գործում, որը կատալոնյան ակումբի հետ մրցավեճում մեկ մտահոգիչ խնդիր ուներ՝ ինչով շարժել հանդիպման մրցավարի գութը, որ վայրկյան առաջ ավետի հանդիպման ավարտը:
Խոշոր հաշվով հաղթեց և «արքայականը»՝ արտագնայում չորս անգամ գրավելով «Էյբարի» դարպասը: Ճիշտ է, հանդիպման 4:1-ը թե՛ թվային, թե՛ գեղագիտական առումով նկատելիորեն զիջում է «Բարսելոն»-«Սելտա» դիմակայությունում արձանագրված 5:0 հաշվին, բայց նույնպես խոշոր հաշիվների շարքից է:
Իսպանական առաջնության առաջատարների հաղթանակները հասկանալի պատճառներով աղյուսակում տեղաշարժերի չհանգեցրին, պարզապես ավելացրին թիմերի միավորների քանակը: «Բարսելոնը» 60 միավորով առաջին հորիզոնականում է, «Ռեալը» շարունակում է կատալոնցիներին հետապնդել պակաս ունեցած միավորով ու պակաս անցկացրած խաղով:
55 միավորով երրորդ հորզոնականում շարունակում է վստահորեն մնալ «Սևիլիան», որի հանդիպումը «Ալավեսի» հետ կայացել է երեկ ուշ երեկոյան:
ԱՆԳԼԻԱ
Սուր զգացողությունների մի ողջ ամբողջություն էր «Մանչեստր Յունայթեդ»-«Բոռնմուտ» դիմակայությունը, որտեղ տեսականորեն հաղթող կողմը պիտի լիներ մանչեստրյան ակումբը: Մանկունիացիներն ակտիվ սկսեցին ու խաղակեսի միջնամասում առաջ անցան հաշվի մեջ, այդուհանդերձ, հանդերձարան գնացին թվային հավասարության պայմաններում, քանի որ «Բոռնմուտը» տասնմեկմետրանոցից վերականգնել էր հաշիվը: Եվ, այնուամենայնիվ, դեռևս ամեն ինչ հաջող ընթացք ուներ տանտերերի համար, որովհետև ամբողջ 45 րոպե խաղալու էին տասը հոգու դիմաց, քանի որ կոպիտ խաղի համար մրցավարը «Բոռնմուտի» խաղացողին հեռացրել էր դաշտից:
72-րդ րոպեին արդեն «Յունայթեդը» վաստակեց տասնմեկմետրանոցի իրավունք: Իրացներ այն Իբրահիմովիչը, կյանքն անհամեմատ թեթև կլիներ թե՛ թիմի, թե՛ երկրպագուների համար, սակայն շվեդը վրիպեց, իսկ հանդիպման մնացած ողջ հատվածում հերոսաբար դիմադրող «Բոռնմուտն» այլ շանս չտվեց տանտերերին: Այստեղ միջանկյալ նկատենք, որ արդեն որերորդ տուրն է մանկունիացիները գամված են մնում վեցերորդ հորիզոնականին՝ չկարողանալով ո՛չ վերև բարձրանալ, ո՛չ ներքև իջնել:
Դառնալով մյուս դիմակայություններին՝ ասենք, որ «Արսենալը» Լիվերպուլում չկարողացավ դիմակայել Կլոպի սաներին ու պարտվեց 1:3 հաշվով: Սույնով «Լիվերպուլը» կարողացավ մեղմել անցյալ տուրում երկրի գործող չեմպիոնից ու այս մրցաշրջանում աղյուսակի ստորին հորիզոնականներից բարձրանալ չկարողացող «Լեստերից» կրած պարտության դառնությունը: Ի դեպ, տուրում այն երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 3:1 հաշվով առավելության հասնելով «Հալ Սիթիի» նկատմամբ:
Առաջին դեպքում տանտերերի, երկրորդ դեպքում հյուրերի համար հաղթական ավարտ են ունեցել «Տոտենհեմ»-«Էվերտոն», «Սանդրլենդ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունները: Գրանցվել են 3:2 և 0:2 հաշիվները: «Տոտենհեմից» հարկ համարենք նշել դուբլ ձևակերպած Հարի Քեյնին, ով մեկ խաղ առաջ էլ հեթ տրիկի հեղինակ էր դարձել:
Հանգստյան օրերին առաջատար վեցյակից չի կայացել միայն «Չելսիի» հանդիպումը ¥այն երեկ ուշ երեկոյան էր¤, սակայն մրցաշարային իրավիճակը պրեմիեր լիգայում այնպիսին է, որ «ազնվականների» պարտվելու դեպքում անգամ նրա մերձակա հետապնդողները հաղթական ելքով առնվազն երեք հանդիպում պիտի ունենան, որ կարողանան շրջանցել Անտոնիո Կոնտեի սաներին:
«Չելսին» ունի 63 միավոր, երկրորդ հորիզոնական բարձրացավ «Տոտենհեմը», որն ընդամենը միավորով է առաջ «Մանչեստր Սիթիից», սակայն «քաղաքաբնակները» «Չելսիի» նման ունեն պակաս անցկացրած խաղ:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատար եռյակից միակ սայթաքողը, այն էլ՝ հարաբերականորեն, «Լայպցիգը» եղավ: Առաջնության նորեկն «Աուգսբուրգի» հետ արտագնայում բավարարվել է մեկ միավոր վաստակելով՝ 2:2:
Գոլառատ հանդիպումներ ունեցան Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Հյուրընկալվելիս առաջինը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Քյոլնի» դարպասը, երկրորդը սեփական հարկի տակ 6:2 հաշվով պարտության մատնեց «Բայերին»:
Գոլառատությամբ փայլեց և չորրորդ հորիզոնականում գտնվող ու դորտմունդցիների պոչն ամուր գրկած «Հոֆենհայմը»: Ի միջի այլոց նկատենք, որ «Ինգոլշտադտը» մինչև 77-րդ րոպեն հավասար պայքար էր մղում տանտերերի հետ՝ պահպանելով հավասար հաշիվ՝ 2:2: Պարզապես խաղի վերջին 13 րոպեն «Հոֆենհայմն» այնպիսի կատաղի թափով անցկացրեց, որ այդ ճնշման դիմաց երևի թե կփլվեր ցանկացած թիմ: Հանդիպման վերջնահաշիվն է 5:2:
«Բավարիան» ունի 56 միավոր ու «Լայպցիգից» առաջ է յոթ նիշով, ինչի չեզոքացումը թերևս արդեն անիրականանալի է ներկայանում: Դորտմունդի «Բորուսիայի» միավորները 43-ն են, «Հոֆենհայմը» հետ է երկու նիշով:
ԻՏԱԼԻԱ
Նախորդ տուրի «Նապոլի»-«Ատալանտա» դիմակայության անսպասելի հանգուցալուծումը «Ռոմայի» համար հրաշալի նախապայման էր նեապոլցիներից ավելի առաջ անցնելու համար, եթե, իհարկե, հաղթեին «Ինտերին»: Իտալական «գայլերը» դա հաջողությամբ արեցին ու առնվազն արծաթե մեդալների համար պայքարում իրենց ավելի վստահ զգալու համար ընթացիկ տուրում գոնե պիտի ոչ-ոքի խաղային «Նապոլիի» հետ, այն էլ սեփական դաշտում: Մինչդեռ ի՞նչ կատարվեց: Մինչև 89-րդ րոպեն տանտերերը պարտվում էին 0:2 հաշվով ու առավելագույնը, որ կարողացան անել, հյուրերի դարպասը «թրջելն» էր: Արդյունքում վերջինս կրկին երկու միավոր է զիջում «Ռոմային» ու բոլոր նախադրյալներն ունի մրցաշրջանը երկրորդ տեղում ավարտելու համար:
«ՈՒդինեզե»-«Յուվենտուս» դիմակայությունում տանտերերն իսկական ճակատամարտ տվեցին ու կարողացան միավոր պոկել «ծեր սինյորայից»՝ 1:1: Ասենք, որ հանդիպման ժամանակ հետապնդող կողմը վերջինս էր, քանի որ իր բաժին գոլը խփելով՝ «ՈՒդինեզեն» փաստի առաջ էր կանգնեցրել առաջնության առաջատարին: Ինչևէ, ձեռք գցած միավորը «Յուվենտուսին» էլ ավելի առաջ մղեց հետապնդողներից:
«Յուվենտուսն» ունի 67, «Ռոման»՝ 59, «Նապոլին»՝ 57 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
ՈՒնենալով բազմաթիվ գոլային հնարավորություններ՝ այդուհանդերձ «Պարի Սեն Ժերմենը» դժվարին հաղթանակի հասավ «Նանսիի» նկատմամբ՝ կարողանալով մրցակցի դարպասը գրավել տասնմեկմետրանոցի շնորհիվ:
Նվազագույն հաշիվ գրանցվեց և «Դիժոն»-«Նիցցա» դիմակայությունում, որտեղ առավել հաջողակ եղան հյուրերը: Հենց այսպես, սիամական երկվորյակների պես տուրում հաղթանակ տարած այս թիմերը 62 միավորով շարունակում են մնալ աղյուսակի երկրորդ-երրորդ հորիզոնականներում:
Ինչ վերաբերում է դիվիզիոնի առաջատարին, տպավորություն է, որ մոնեգասկներին մրցակից ստացող թիմերը պայքարում են իրար միջև այն բանի շուրջ, թե նրանցից որ մեկն ավելի փոքր հաշվով կպարտվի «Մոնակոյին»: ՈՒ մինչ նրանք միմյանց միջև կվիճարկեն այդ «դափնին», հերթականում «Մոնակոն» հաղթեց 4:0 հաշվով, ու այս անգամ քրտնողը «Նանտն» էր: «Մոնակոյի» միավորները 65-ն են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ