Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» պատասխան խաղի մասին դեռ շատ կգրեն, թեպետ հետխաղյա արձագանքներն արդեն իսկ գերազանցել են 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի երկերի լիակատար ժողովածուի լենինգրադյան հիսունհինգհատորյակի 1970 թվականի հրատարակության ծավալը: Կգրեն ու թող գրեն: Դրանում ի՞նչ վատ բան կա: Մարդիկ են, էներգիայի ավելորդ կուտակումը մի տեղ վերջապես պիտի պարպե՞ն, թե՞ չէ: Ապշեցուցիչ այդ խաղին մենք կանդրադառնանք բազմաթիվ հղումներով, որոնցից շատերը նոստրադամուսյան գուշակումներին հավասարազոր են: Դրանցում հիշատակումներ կլինեն և մեր հրապարակումներից, սակայն այս դեպքում իմ հավատավոր ընթերցողից պիտի խոնարհաբար խնդրեմ զուգահեռներ չտանել սեփական ավելի քան համեստ անձիս ու ֆրանսիացի մեծ գուշակի միջև, որքան էլ երկուսիս գուշակումները դարակազմիկ են: Սակայն եկեք «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունը, որպես աղանդեր, թողնենք նյութի վերջին:
ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԸ ՀՐԱՇՔ Է
Չնայած մադրիդյան մրցակցությունում կրած պարտությանը՝ «Նապոլին», այնուամենայնիվ, հաճելի տպավորություն թողեց, ու բոլոր սպասելիքները կային, որ Նեապոլում իտալական ֆուտբոլի առաջատարներից մեկը լուրջ ճակատ կտա «արքայականին»՝ ընդհուպ նրան մրցավազքից հանելով: Սակայն ինչպես առաջին, այնպես էլ այս երկրորդ դիմակայությունում նեապոլցիները տհաճորեն եկան հաստատելու, որ եվրոպական մեծ շքահանդեսում, երբ բանը հասնում է «Ռեալի» մակարդակի պես թիմի հետ չափվելուն, մնում են մեկ խաղակեսի թիմ: Հանդիպման մանրամասներ ներկայացնելն իմաստ չունի, միայն ասենք, որ այն ամբողջությամբ ընթացավ կողմերի առաջին դիմակայության սցենարով՝ սկսած դարպասների գրավման հերթականությունից (կրկին առաջինը եղել է «Նապոլին»), մինչև Մորատայի ավարտական գոլը:
Մի խոսքով՝ կատարյալ հայելային անդրադարձ:
Երկու մրցակցության արդյունքով` ընդհանուր 6:2 հաշվով, «Ռեալը» հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Սերխիո Ռամոսը պարզապես հրաշք է: Արդեն դժվար էլ է հիշել, թե սա ո՞րերորդ դեպքն է, երբ այդ զարմանալի ֆուտբոլիստը խաղի պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ իր բախտորոշ գոլերով:
ՍՏՈՐԱՑՐԵՑ
«Արսենալ»-«Բավարիա» լոնդոնյան դիմակայության առնչությամբ, անկեղծ ասած, գոնե ես լավատեսական պատկերացումներ ունեի՝ նկատի ունենալով որոշ նրբացուցիչ հանգամանքներ: Սակայն պարզվում է, որ ասպետություն կոչվածը խոր միջնադարում մնացած հասկացություն է, թեպետ, մեր մեջ ասած, սպորտը ուժեղների դիմակայություն է և ոչ թե «սիրեմ-սիրեմ»-ի արցունք քամող զոհողություն:
«Բավարիան» ևս մեկ անգամ ծանրորեն անցավ «Արսենալի» վրայով, ու ինչպես «Նապոլի»-«Ռեալ» զույգի պարագայում էր, մրցակցության հաշիվը նույնությամբ կրկնվեց՝ դարձյալ 5:1: Ասել է թե՝ մյունխենցիները լոնդոնյան արգելքն անցան գոլերի ընդհանուր 10:2 հարաբերակցությամբ:
Ամփոփելով մրցակցային առաջին օրվա հանդիպումների այս ավելի քան սեղմ տեսությունը՝ ասենք, որ մեկ քառորդ փուլ դուրս եկավ երկու թիմ, որոնք միանգամայն արժանի են գլխավոր եզրափակչում լինելուն, և եթե ամենազոր վիճակահանության կամոք նրանց հնարավոր դիմադարձումը կայանա ավելի վաղ, միևնույն է, այն գլխավոր եզրափակչի արժեք կունենա, ու անչափ հետաքրքիր կլինի տեսնել, թե մարզչական ոլորտում անհամեմատ աշխատանքային մեծ փորձ ունեցող Անչելոտիին ի՞նչ է հակադրելու մարզչական գործունեությունում նոր-նոր քայլեր կատարող, բայց և արդեն լուրջ բաների հասած Զիդանը. չէ՞ որ այդ հնարավոր դիմակայությունը չի լինելու միայն անհատ ֆուտբոլիստների մրցակցություն՝ հանդիպման ընթացքը շատուշատ բաներով կանխորոշվելու է տեսական վերլուծությունների, տեխնիկատակտիկական մտահղացումների հանրագումարի արդյունքում:
ԴՈՐՏՄՈՒՆԴՑԻՆԵՐՆ ԸՆԿԵՐԱԿՑԵՑԻՆ «ԲԱՎԱՐԻԱՅԻՆ»
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին ությակի վերջին զույգը կազմել էին Դորտմունդի «Բորուսիան» ու «Բենֆիկան»: Պորտուգալացիները գերմանացիների թողտվության պայմաններում նվազագույն հաշվով հաղթել էին մրցակցին, սակայն երևի իրենք էլ հույս չունեին, որ Դորտմունդում ի վիճակի կլինեն հաղթական հաշիվը պահելու: Պատասխան դիմակայությունն աղետալի եղավ «Բենֆիկայի» համար: 4:0-ն չափազանց անպարկեշտ հաշիվ է հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու համար, ուստի բավարարվենք միայն Օբամեյանգին հիշելով, որը դարձել է հեթ տրիկի հեղինակ:
«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ԿՈՍՄՈՍ Է
Փարիզյան հանդիպումը հարկավ հիշում եք: Չէ, ոչ թե իմ ու նյութի սկզբում հիշված Միշել Նոստրադամուսի, այլ «Պարի Սեն Ժերմենի» ու «Բարսելոնի»: Հարկավ հիշում եք և արձանագրված հաշիվը, որը գոյացավ նաև այդ օրն իրենց ծնունդը նշող Անխել դի Մարիայի ու Էդինսոն Կավանիի գոլերի շնորհիվ: Հետխաղյա իմ «Սուրբ Վալենտինի տոնից մինչև Մարտի ութ ձգվող անհանգիստ սպասումների օրեր» հրապարակման մեջ ես ի մասնավորի նկատել էի. «Սակայն այստեղ կա մի խոշոր բայց՝ կատալոնյան ակումբի երկրպագուների համար խիստ շահավետ: Եթե ՊՍԺ-ն առաջնորդվում է ծննդյան օրերի գործոնով, հավատացնում եմ Ձեզ, որ մարտի ութին նրա կազմում անգամ մեծագույն ցանկության դեպքում չի գտնվի մարտի ութին ծնված թեկուզ մեկ ֆուտբոլիստ, իսկ դի Մարիան ու Կավանին սկզբունքորեն չեն կարող ծնված լինել թե՛ փետրվարի 14-ին, թե՛ մարտի 8-ին, եթե անգամ զորակցության կանչենք հին տոմարը»:
Կողմերի մարտիության հանդիպման ելքի մասին ես ուրիշ էլ ի՞նչ կերպ պիտի զգուշացնեի, զգուշացնելով՝ հանգստացնեի «Բարսելոնի» երկրպագուներին, որ չեմ արել:
Պատասխան խաղի հնարավոր ելքի առնչությամբ եղան զգուշավոր լավատեսներ՝ փարիզյան 4:0-ի պատասխանը տեսնելով բարսելոնյանի ամեն խաղակեսում կատալոնցիների խփելիք երկու գոլի մեջ: Ըստ այդ զգուշավոր լավատեսների, 2+2-ը հավասար էր լինելու չորսի: Սակայն թվաբանորեն ճիշտ լինելով՝ նրանք մի բանում էին ակնհայտորեն վրիպել՝ 2+2-ը նշանակելու էր իրավիճակի հավասարեցում, բայց ոչ երբեք հաղթանակ, քանի որ այս դեպքում մեջտեղ էր գալու ավելացված խաղաժամանակի գործոնը` կատալոնյան ակումբի երկրպագուների համար հոգեբանական լրացուցիչ ծանր բեռով:
Պատասխան խաղից մեկ օր առաջ վերջապես խոսեց Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնի» գլխավոր մարզիչը, ում շատերս փարիզյան հանդիպումից հետո, անկեղծ լինենք, արդեն բնակմակերես էինք հատկացրել պատմության աղբանոցում: Իր այդ խոսքում նա մասնավորապես նշել էր, որ եթե աշխարհում կա մի թիմ, որը «Բարսելոնին» կարող է չորս գոլ խփել, ապա «Բարսելոնը» թիմ է, որ կարող է այդ չորսին վեցով պատասխանել:
ՈՒշադիր եղեք՝ Լուիս Էնրիկեն չի խոսում ոչ հետխաղյա լրացուցիչ ժամանակի տանող 4:0-ի, ոչ էլ ուղիղ հաղթանակ ապահովող 5:0-ի մասին: Նա խոսում է խփելիք վեց գոլից: Ի՞նչ եք կարծում` այստեղ մենք իրավունք ունե՞նք ենթադրելու, որ Էնրիկեն գործնականում չէր բացառում ՊՍԺ-ից մեկ գոլ ուտելը: Հետևաբար հանդիպման հաղթանակ ապահովող միակ հաշիվը կարող էր լինել 6:1-ից ոչ պակասը:
Հանդիպման արագ գոլն ու խաղակեսի 2:0 հաշիվը սկզբունքորեն պլանավորվածի նորմալ զարգացումների շրջանակում էին: Թող նորից ինձ ների ընթերցողը, խաղը ես պիտի բացառապես ներկայացնեմ իմ անձնական ապրումների պրիզմայից: «Բարսելոնի» երրորդ գոլը, որքան էլ ընդհանուր ծրագրի բաղադրիչ էր, մեջս խորագույն տագնապ առաջացրեց, որովհետև շոշափելիորեն զգալով հաղթանակը ձեռքից բաց թողնելու ռեալությունը, ՊՍԺ-ն դիմելու էր ամեն կարգի խենթության: Սա արդեն այն դեպքն է, որ հավատավոր տերտերի պես խաչակնքես թե չխաչակնքես, ամպը որոտալու է: Կավանին արեց իրենը, իսկ այդ արածը նշանակում էր լոկ մի բան՝ «Բարսելոնը» պարտադրված պիտի գնա 6:1 հաշվին: Ասել, թե կատալոնյան ակումբի համար դա պլան Բ էր, նշանակում է ֆուտբոլից ունենալ մակերեսային գիտելիքներ: 3:1 հաշվից հետո «Բարսելոնը» պիտի ապացուցեր, որ ոչ թե մեծ, այլ մեծագույն թիմ է: Որ նա այդպիսին կա, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել ու կասկածում, սակայն այդ պահին թուլություն ունեցա մտածելու դաժանորեն քչություն անող ժամանակի ու նրա մասին, որ հանդիպման ելքի առնչությամբ անձիս հարյուրտոկոսանոց վստահություն կարող էր տալ միայն միջնագծում Ինիեստայի կողքին Չավիի առկայությունը ոչ այնքան հեռավոր անցյալից:
3:1 հաշվից հետո «Բարսելոնը» վերցրեց հարաբերական դադար: Հանուն ճշմարտության, դա պայմանավորված էր նաև փարիզցիների ահռելի ճնշումով: Երկու անգամ նրանք հաստատապես մոտ էին բարսելոնցիների երազանքի թաղմանը, սակայն մոտ լինելը դեռ չի նշանակում հուղարկավորություն կազմակերպելու հմտություն: Ես այսպես եմ հասկանում՝ եթե 84-րդ րոպեին իր արածից հետո Անխել դի Մարիան կարողանա հետ գալ, կնշանակի` նա ընդմիշտ մեռած ֆուտբոլիստ չէ: Դարպասի հարյուրտոկոսանոց գրավումը բաց թողած փարիզցիները վերջնականապես դատապարտված էին «Բարսելոնի» ողորմածությանը, և նրանց կործանումից կարող էր փրկել հանդիպման ավարտն ազդարարող մրցավարի վայրկյան առաջ հնչելիք սուլիչը:
Հանդիպման 88-րդ րոպեի առաջին կեսի 3:1 հաշվով պարտությունը դեռ հաղթանակ էր «Պարի Սեն Ժերմենի» համար:
Հանդիպման 88-րդ րոպեի երկրորդ կեսի 4:1 հաշվով պարտությունը նույնպես հաղթանակ էր «Պարի Սեն Ժերմենի» համար:
Հանդիպման 90+1 րոպեի 5:1 հաշվով պարտությունը դարձյալ հաղթանակ էր նշանակում «Պարի Սեն Ժերմենի» համար:
Հանդիպման 90+5 րոպեի 6:1 հաշվով պարտությունը «Պարի Սեն Ժերմենի» համար արդեն դամբանական էր:
Եվրագավաթների փլեյօֆյան պատմության մեջ մինչ այս ֆանտաստիկան չի եղել դեպք, որ 0։4 հաշվով պարտված թիմը կարողանա հետ բերել կորցրածը, դուրս գա հաջորդ փուլ: Ասել է թե` «Բարսելոնը» պատասխան խաղում պիտի դառնար նոր պատմության հիմնադիր ու դարձավ: ՈՒ որ աշխարհի միլիարդավոր երկրպագուների պես այդ օրը հաստատ չկարողացավ քնել Սերխիո Ռամոսը, որը «Նապոլի»-«Ռեալ» դիմակայությունում ահռելի ներդրում ունեցավ «արքայականի» հաղթանակի մեջ, նույնքան հաստատ փաստ է, որքան հաստատ փաստ է «արքայականի» բոլոր ժամանակների լեգենդներից մեկի՝ Ռաուլի սխալ գուշակությունը, թե նման անելանելի վիճակից կարող է դուրս գալ միայն մեկ թիմ՝ «Ռեալը»: Ողջ ճշմարտությունն այն է, որ եթե երբևիցե նման բան վիճակվի «արքայականին», այն ընդամենը կլինի «Բարսելոնի» արածի կրկնություն ու ոչ ավելի:
Կատալոնյան ակումբն ինչ արեց այդ օ՞րը:
Պատմության հիմնադիր դառնալու մասով արդեն ասել ենք:
Որ մեծ թիմի փոխարեն մեծագույն թիմ է, գիտենք:
Որ կոսմոս է, իրողություն է:
Այսքանից զատ ուրիշ ի՞նչ եք ուզում ասենք, որ չասացինք: Եթե մոգոնելու բան ունենաք, հաշվեք թե տնային հանձնարարությունն արդեն ստացել եք:
Հանդիպման անդրադարձն ավարտելուց առաջ կուզենայի անել երկու հիշեցում: Մեկն այն է, որ Նեյմարը խոստացել էր երկու գոլ խփել ու խփեց, մյուսը վերաբերում է Իսպանիայի առաջնության խաղերից մեկում դարպասի գրավումը ոչ ավանդաբար նշած Մեսիին կամ ավելի շուտ նրա այն նկարին, որը հեղեղեց համաշխարհային լրատվամիջոցները: Դրանում Լեոն պատկերված էր հեռախոսազրույց ունեցող մարդու տեսքով: Այդ նկարի ինչ նշանակելու մասին ենթադրությունները բազմաթիվ էին, սակայն ամենահավանականը, կարծես, մնում է այն, որ դա զանգ-զգուշացում էր Փարիզ հետևյալ բովանդակությամբ. «Ալո, խոսում է Մեսին: Ես արտակարգ մարզավիճակում եմ: Սպասում եմ Բարսելոնում»:
Իհարկե, կարող եմ անել և ողջամիտ կանանց բազմությանն արած՝ Մարտի 8-ի տոնը մարտի 9 տեղափոխելու համբերություն ունենալու մասին հիշեցումս, բայց եղածից հետո ի՞նչ եք կարծում` կնանիք խելքը կորցրած իրենց տղամարդկանց շնչելու ժամանակ թողած կլինե՞ն, որ ես էլ հիշեցնեմ հիշեցումս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ