Ի դեմս եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ու գավաթային հանդիպումների, նորից հետաքրքիր հանդիպումների, լարված դիմակայությունների ականատես եղավ մարզասերը: Իտալիայում ու Ֆրանսիայում գավաթային թրատումներ էին, Իսպանիայում, Գերմանիայում ու Անգլիայում՝ առաջնությունների, իսկ դրանց զարդերը «Հոֆենհայմ»-«Բավարիա», «Չելսի»-«Մանչեստր Սիթի», «Նապոլի»-«Յուվենտուս» խելահեղ դիմակայություններն էին:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի ամենահետաքրքրաշարժ մրցակցությունը Հոֆենհայմում էր, տեղի համանուն թիմի ու «Բավարիայի» դիմակայությունում: Որ ընթացիկ մրցաշրջանում վերելքով հանդես եկող տանտերերն ատամ էին ցույց տալու առաջատարին, կասկած չկար, բայց և, խոստովանենք, որոշակի անակնկալի տարրեր է պարունակում գրանցված հաշիվը՝ 1:0, ու զարմացնողը դաշտից մյունխենցիների առանց գոլ խփելու հեռանալն է:
Հաղթական հանդիպում ունեցավ «Լայպցիգը»` Մայնցում՝ տեղի համանուն թիմին պարտության մատնելով 3:2 հաշվով: Բոլոր գոլերն այստեղ գրանցվել են երկրորդ խաղակեսին:
Նախորդ տուրում միավոր կորցնելուց ու երրորդ տեղին հրաժեշտ տալուց հետո Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ, սակայն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորցրած դիրքերը, քանի որ, ինչպես վերն ասացինք, «Հոֆենհայմը» երեք միավոր պոկեց «Բավարիայից» ու պահպանեց դորտմունդցիների նկատմամբ ունեցած մեկ միավորի գերազանցությունը:
65 միավորով մյունխենցիներն առաջին հորիզոնականում են, «Լայպցիգը» վաստակել է 55 միավոր, «Հոֆենհայմի» ունեցածը 51-ն է: Եվրագոտում են «Քյոլնն» ու «Հերտան»:
ԱՆԳԼԻԱ
Տուրի գլխավոր հանդիպումը Լոնդոնում էր, «Չելսի»-«Մանչեստր Սիթի» զույգի միջև: Կոնտե-Գվարդիոլա մարզչական դիմակայությունում իր թիմին չեմպիոնական հանգրվան վստահորեն տանող իտալացին գերազանցեց իսպանացի մասնագետին: «Ազնվականներից» երկու գոլի հեղինակն էլ Էդեն Ազարն է (լուսանկարում), «քաղաքաբնակներից» առանձնացել է Ագուերոն:
«Սուոնսիի» հետ մրցակցությունում վստահ հաղթանակ է տոնել «Տոտենհեմը» (3։1)` 65 միավորով պահպանելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Մորիսիո Պոչետինոյի սաներն «ազնվականներից» հետ են յոթ միավորով:
Գերլարված մրցակցությունում «Լիվերպուլը» հարկադրված է եղել միավոր շնորհել «Բոռնմուտին»՝ 2:2: Կլոպի սաները 60 միավորով երրորդ հորիզոնականում են:
«Վեստ Հեմի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (3:0) «Արսենալը» կրկին տեղ զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականում՝ չորս նիշով հետ մնալով 58 միավոր ունեցող «Մանչեստր Սիթիից»:
Զինագործներին հաջորդում է «Մանչեստր Յունայթեդը»: «Էվերտոնի» հետ դիմակայությունում Ժոզե Մոուրինյոյի թիմը դարձյալ իր «տարերքի» մեջ էր՝ հերոսական ջանքերի գործադրումից հետո միայն հաջողելով հանդիպումը հասցնել ոչ-ոքիի հանգրվան: Մանկունիացիներին ձախողումից փրկած գոլը խաղի վերջին վայրկյաններին տասնմեկմետրանոցից խփել է Զլատան Իբրահիմովիչը:
Շարունակում է հաղթական մրցելույթների շարքը «Լեստերը»: «Սանդրլենդի» նկատմամբ տնային խաղում 2:0 հաշվով հաղթանակն «աղվեսների» համար եղավ հինգերորդ անընդմեջը: Այս հաղթանակով «Լեստերի» մարզիչ Կրեյգ Շեքսպիրը դարձավ պրեմիեր լիգայի պատմության մեջ երրորդ մարզիչը, ով նույնքան հաղթանակ է տոնել նորամուտից հետո: 2009-ին նման բան արել է «Չելսին» գլխավորած Կառլո Անչելոտին, 2016-ին՝ Խոսեպ Գվարդիոլան («Մանչեստր Սիթի»):
ԻՍՊԱՆԻԱ
Հաղթական հանդիպումներ են ունցել «Բարսելոնն» ու «Ռեալը»: Առաջինը երեք չոր գնդակի առավելությամբ ծնկի է բերել «Սևիլիային» (գոլերն առաջին խաղակեսում խփել են Սուարեսն ու դուբլ ձևակերպած Մեսին), երկրորդը «Լեգանեսի» հետ մրցակցությունը շահել է 4։2 հաշվով:
«Աթլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ռեալ Սոսիեդադին»: Նույնպիսի արդյունք է գրանցվել «Բետիս»-«Վիլյառեալ» դիմակայությունում՝ հօգուտ հյուրերի, ովքեր շարունակում են մնալ եվրագոտում հայտնվելուն հավակնողների շարքում:
«Ռեալն» ունի 71 միավոր՝ պլյուս պակաս անցկացրած մեկ խաղ: «Բարսելոնը» հետ է մնում երկու միավորով, երրորդ հորիզոնականում «Աթլետիկոն» է` 61 միավոր: Եվրագոտում են 58 միավոր ունեցող «Սևիլիան», նրան հաջորդող «Վիլյառեալն» ու «Աթլետիկը»:
ԻՏԱԼԻԱ
Երկրի գավաթի կիսաեզրափակչի «Ռոմա»-«Լացիո» խաղում, պայմանավորված առաջինում կրած 0։2 հաշվով պարտությամբ, իտալական «գայլերը» ծանր խնդրի լուծման առաջ էին կանգնած: Սակայն երկրի ընթացիկ առաջնությունում, ամենայն հավանականությամբ, մեդալային հավակնություններին բավարարում տալու անկարող «Լացիոն» մտադիր չէր նվեր լինել: Ավելին, հանդիպման ընթացքում հենց նա էր հաշվի մեջ երկու անգամ առաջ անցնողը: Վերջնահաշվում դիմակայությունն ավարտվել է «Ռոմայի» հաղթանակով (3:2), սակայն ընդհանուր դիմակայության ելքով եզրափակիչ անցավ «Լացիոն»:
Սկուդետեի շրջանակներում հաշված օրեր առաջ էր կայացել «Նապոլի»-«Յուվենտուս» դիմակայությունը (1:1), և ահա կողմերի մի նոր բախում՝ այս անգամ գավաթային հանդիպման տեսքով, որի առաջին մրցակցությունում հաղթել էր «ծեր սինյորան» (3:1): Այս մրցաշրջանից «Յուվենտուս» տեղափոխված Իգուաինն իր նախկին թիմի նկատմամբ արեց իր չար գործը՝ ի հեճուկս «Նապոլիի» երկրպագուների երկու անգամ գրավելով նեապոլցիների դարպասը: Բնականաբար «Նապոլին» պարտքի տակ չմնաց ու այդ երկուսին պատասխանեց երեքով, սակայն երկու հանդիպման ելքով հարկադրված լինելով եզրափակչի ուղեգիրը զիջելու «ծեր սինյորային»:
Այսպիսով, երկրի նոր գավաթակիրը կորոշվի «Յուվենտուս»-«Լացիո» դիմակայությունում:
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի գավաթի մեկ քառորդում «Մոնակոն» 2:1 հաշվով հաղթել է «Լիլին»: Նույնպիսի արդյունք է գրանցվել «Անժ»-«Բորդո» դիմակայությունում, իսկ արտագնայում «Պարի Սեն Ժերմենը» չորս անպատասխան գնդակի տարբերությամբ է արձանագրել իր առավելությունն «Ավրանժի» նկատմամբ: Ավելի վաղ կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք էր ձեռք բերել «Գենգամը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ