Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներն արդեն կայացած իրողություն են: Վերջնահաշվում դրանք որքանով էին հաղթական, ցույց կտան պատասխան հանդիպումների արդյունքները, որովհետև առանձին վերցրած խաղում հաղթանակը դեռևս չի նշանակում ընթացքի երաշխավորված շարունակականություն: Կարծում եմ՝ մոռացած չեք լինի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենի» հետ պատահածը, թեպետ դա մոռանալո՞ւ բան է, որ մոռանայիք: Ինչևէ: Պատասխան հանդիպումներից մի քանիսը (եթե չասենք բոլորը), համենայն դեպս, մարած «աբլիգացիա» չեն, այնպես որ, ֆուտբոլասերը հեռուստացույցի առաջ առանց սրտի թրթիռի նստելու շանս չունի:
ՆՅԱՐԴԵՐԻ ՎՐԱ ԽԱՂԱՑՈՂ «ԲԱՐՍԵԼՈՆԸ»
Իր հավատավոր երկրպագուին մահվան դուռը հասցնելու, բայց և դժոխքի դարպասներից հետ բերելու մի փորձ «Բարսելոնը», գիտեք, արեց մեկ ութերորդում: Դա եղավ ի հաշիվ փարիզյան 0:4-ին բարսելոնյան հանդիպման ֆանտաստիկ 6:1 պատասխանի: «Յուվենտուսի» պարագայում նույնն անելը գրեթե անհնար, եթե չասենք` իսպառ անհնար է ներկայանում: Բան չունեմ ասելու՝ երեք անպատասխան գնդակի տարբերությամբ թուրինյան պարտությունը փարիզյան 0:4-ի կողքին ավելի հաղթահարելի է երևում, սակայն, կներեք, բնավ չվիրավորելով փարիզյան ակումբին ու նրա բազմահազար երկրպագուներին, «Յուվենտուսը», համենայն դեպս, «Պարի Սեն Ժերմեն» չէ, յուվենտուսյան պաշտպանությունը փարիզյան ակումբի պաշտպանական գիծը չէ: Այս երկու թիմերի հետ համեմատականում միակ հաստատունն այն է, որ ճակատագրի կամոք ռինգ նետված սրբիչը վերցնողը նույն «Բարսելոնն» է լինելու: Ի՞նչ ասեմ, եթե կատալոնցիներին հաջողվի այս փորձությունից էլ առանց ամոթի մրուրի դուրս գալ, մնում է նրան ձեռնոց նետելու ունակ թիմի փնտրտուքով ազդականչեր ուղարկել տիեզերական այլ տարածություններ:
Փարիզյան 0:4-ից հետո «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխան խաղից առաջ ասել էր՝ եթե կա աշխարհում մի թիմ, որը «Բարսելոնին» կարող է չորս գնդակ խփել, ապա իր թիմն այդ չորսին ունակ է պատասխանելու վեցով: Թուրինյան հանդիպումից հետո Էնրիկեն երեքին չորսով պատասխանելու մասին ոչինչ չի ասել, ընդամենը փաստել է իր գրոգային վիճակում գտնվելը: Փոխարենը բարսելոնյան հնարավոր չորս գոլի մասին խոսել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը, ով այս պարագայում ցանկացածից ավելի ինֆորմացված է մրցակցի զորեղությունից ու դրա համար էլ դիմակայության ելքի առնչությամբ անգամ զգուշավոր կանխատեսումներ չի անում հօգուտ իր թիմի: Գուցե թե հենց այստեղ է ու սրանո՞վ է անհամեմատ շահած դուրս գալիս նա: Չգիտեմ: Բայց որ թուրինյան մրցակցությունում «Յուվենտուսն» իր ամեն ինչով էր համակրելի, թույլ տվեք առարկություններ չընդունել: Թուրինյան դիմակայությունում Ալեգրիի սաները գուցե ոչ բոլոր պարամետրերով էին առավել բարսելոնցիներից, սակայն մանր-մունր չափորոշիչների կողքին կա հիմնական մեկը, որը չեզոքացնում է մնացածը՝ դա հանդիպման վերջնահաշիվն է, ու 3:0-ն բացատրությունների կարիք չունեցող ամենախոսություն է:
ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԽԱՂ
Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» դիմակայությունը կայանալու էր ««Յուվենտուս»-«Բարսելոն» մրցակցության հետ համաժամանակ, սակայն խաղից առաջ հնչած պայթյունները կազմակերպիչներին հարկադրեցին այն մեկ օրով հետաձգել: Թե որքան էր խելամիտ ընտրված ժամանակային այդ միջակայքը, արդեն բազմիցս ծամծմվել է, բայց որ շոկային նման իրավիճակում հայտնված թիմին՝ կոնկրետ պարագայում՝ «Բորուսիային», սթրեսային վիճակից դուրս գալու հնարավորություն չտվեցին, աննորմալ բան է:
Այս խաղը բավական հետաքրքիր զարգացում ունեցավ: Առաջին կեսին փայլուն գործեցին մոնեգասկները, երկրորդում՝ գերմանացիները: Սակայն վերջիններս ուշքի եկան այն բանից հետո, երբ լուսատախտակին 2:0 հաշիվն էր հօգուտ հյուրերի. ընդ որում, վերջիններս մի հատ էլ հարյուրտոկոսանոց հնարավորություն էին ձեռքից բաց թողել՝ չկարողանալով իրացնել տասնմեկմետրանոցը:
Ինչևէ: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 3-2 հաշվով, ու որ պատասխան խաղը թեժ է լինելու, վայրկյան իսկ չկասկածեք: Գերմանացիները Մոնակոյում սկզբունքորեն լուծելու մեկ խնդիր ունեն: Եթե կարողանան չեզոքացնել դուբլի հեղինակ դարձած Կիլան Մբապեին՝ համաշխարհային ֆուտբոլի տասնութամյա ծագող աստղին, երկու հանդիպման ելքով ի զորու կլինեն հաջողությունն իրենց կողմը բեկելու:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՐԿ ՉԷ
Սկսած 2016-ի մարտից՝ Մյունխենի «Բավարիան», որ պարզապես գերազանց է հանդես գալիս ներքին առաջնությունում և ուր որ է ձևակերպելու է հերթական չեմպիոնությունը, սեփական հարկի տակ պարտություն չէր կրել: Մինչ այս դիմակայությունը Չեմպիոնների լիգայի շրջանակներում մյունխենցիները Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպել են տասն անգամ, դրանց գերազանց մասում հաղթողը եղել է գերմանական ակումբը: Մադրիդցիների համար, որոնք ներքին առաջնությունում, համենայն դեպս, չունեն մյունխենցիների առավելությունը (թեպետ առաջին հորիզոնականում են գտնվում), միակ լուսավոր կետը 2014-ի մրցակցությունն էր: Այն ժամանակ «արքայականը» «Բավարիայի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ տանտերերին նրանց իսկ դաշտում խայտառակ պարտության մատնեց սպանիչ 4:0 հաշվով:
Այս թիմերի դիմակայությունների առնչությամբ հետաքրքրական ուրիշ բաներ էլ կարելի է հիշել, սակայն բավարարվենք այսքանով ու անդրադառնանք բուն խաղին:
Գերմանացիները հանդիպումը զորեղ սկսեցին ու արդեն առաջին խաղակեսի առաջին կեսին խաղը շահում էին 1:0 հաշվով, թեպետ դարպասը գրավելու հարյուրտոկոսանոց ևս մեկ հնարավորություն ունեին, ու դրանում էլ կարող էր հերոսանալ դարպասը գրաված այդ նույն Արթուրո Վիդալը: Այստեղից մի փոքր առաջ անցնելով ասենք, որ չիլիացին ճակատագրական դեր խաղաց այս հանդիպումում ինչպես խփած, այնպես էլ երկրորդ չխփած գոլով, թեպետ վերջինս տասնմեկմետրանոցի նշանակետից էր, ինչը հարյուրտոկոսանոցների շարքին է դասվում: Դարձներ նա հաշիվը 2:0, մենք հավանաբար միանգամայն այլ զարգացումների ականատես կլինեինք: Սակայն եկեք մեր այս մտքին առանձնակի կարևորություն չտանք, որովհետև այն ենթադրությունների շարքից է, իսկ ենթադրությունները ոչ միշտ են իրականության հետ աղերսներ ունենում:
Հանդերձարանից «Ռեալը» դուրս եկավ հիմնովին վերափոխված: Հանդիպման երկրորդ կեսի սկիզբն ազդարարած մրցավարի սուլոցից երկու րոպե անց Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը, այն նույն Ռոնալդուն, որը վերջին վեց խաղում բոլորովին մոռացել էր մրցակիցների դարպասի տեղը: Սա եվրոպական խաղարկություններում նրա 99-րդ գոլն էր, իսկ 99-ը 100-ից, ինչպես գիտեք, բաժանում է ընդամենը մեկ միավոր: Հոբելյանական հարյուրերորդի որոնումներում պորտուգալացին առանձնապես չհապաղեց: 76-րդ րոպեին կայացավ այդ պատմական փաստը: Կարճ կապենք: Այդ հարյուրերորդն ապահովեց «Բավարիայի» նկատմամբ «արքայականի» 2:1 հաշվով հաղթանակը, ինչը պատասխան խաղից առաջ մեծ առավելություն է:
Հանուն ճշմարտության ասենք, որ շուրջ երեսուն րոպե «Բավարիան» ահեղ մրցակցին դիմակայում էր տասը հոգով (ապշեցուցիչ վստահ է գործել Նոյերը, ով պարզապես մի քանի մեռյալ գնդակ է վերցրել), սակայն ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ պարտությունը մեղմելու առումով սա ավելի շուտ թեթև մխիթարությունների շարքից է:
Եվ, այսուհանդերձ, այս մրցակցության վերջնական ելքի մասին խոսելը դեռ վաղ է: Կա պատասխան հանդիպումը, այդ պատասխան հանդիպումում Անչելոտին Ռոբերտ Լևանդովսկուն խաղադաշտ հանելու հնարավորություն կունենա, իսկ «Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկիով մի բան է, առանց նրա՝ մի այլ բան: Այնպես որ, սպասենք, սպասենք հետաքրքիր զարգացումների:
ՆԱՅԱԾ ԹԵ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԱՍՈՂՆ ՈՎ ԿԼԻՆԻ
Այստեղից, ինչպես գլխի ընկաք, մենք սահուն անցում ենք կատարում մեկ քառորդի վերջին դիմակայությանը: «Լեստերի» հետ մրցակցությունում «Աթլետիկոն» հաղթել է նվազագույն առավելությամբ, գոլը խփել է կասկածելի տասնմեկմետրանոց վաստակած Անտուան Գրիզմանը: Հետաքրքրական է, որ անգլիացիները ոչ մի դիպուկ հարված չեն կատարել մրցակցի դարպասին: Ասել է թե՝ նրանք ամբողջությամբ լծված են եղել պաշտպանական ռեդուտների կառուցմանը: Պատասխան խաղում ամեն ինչ անվիճելիորեն այլ կերպ կլինի, ու, հավատացեք, ճռռացող կողմն իսպանացիներն են լինելու;
Ինչու եմ այսպես ենթադրո՞ւմ:
Պատասխանն ավելի քան ակնհայտ է:
Չեմպիոնների լիգայում նորամուտը նշող «Լեստերն» արդեն իսկ գլխից վեր է թռել: Նրա պարագայում դրությունն այնքանով է նուրբ, որ պարտությունն էլ հաղթանակ կդիտվի: Իսկ հերոսանալ, բոլոր դեպքերում, արժե: Այնպես որ, եթե մտածելու բան էլ ունի, այդ մտածողը պիտի «Աթլետիկոն» լինի: Ասել է թե՝ նրանք, ովքեր կարծում են, թե այս դիմակայությունը նախորդ երեքի ստվերում է գտնվում, ոչ միայն սխալ են կարծում, այլև ծանրագույն հարվածի տակ են դնում հոդաբաշխ մտածելու իրենց ունակությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ