Հետընտրական Հայաստանի 17-րդ օրը կարող ենք արձանագրել երեք իրողություններ՝ իշխանությունները կարծում են, որ հիանալի ընտրություններ են անցկացրել ու լեգիտիմ իշխանություն են ձևավորել: Խորհրդարան չմտած ոչիշխանությունը ընտրությունները համարում է խայտառակ, իշխանությունը՝ ոչլեգիտիմ: ԲՀԿ-ն, որ իրեն ընդդիմության տեղ է դրել, խառն է, որոշում են՝ ով է խորհրդարան մտնելու, ով չի մտնելու, ով ինչ պաշտոնի է գնալու:
«Ելքը» զբաղված է ավագանու ընտրություններով: ՀԱԿ-ը դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: ՀՎԿ-ի ձայնը չի գալիս: ՕՐՕ-ն սկզբում մեկ-երկու օր աղմկեց, հետո երկու նախկին ԱԳ նախարարները վերադարձան ԱՄՆ, Պնախարարին թողեցին վճիռը՝ ի՞նչ անել: Սեյրան Օհանյանը կարող է. ա) ոչինչ չանել, փակել քաղաքական էջը ու ապրել իր կյանքը, բ) նոր կուսակցություն ստեղծել ու շարունակել քաղաքական գործունեությունը՝ փոփոխական ու հետագա հաջողությունների հույսով, եթե շարունակեն ֆինանսավորել, գ) հավաքել՝ ինչ մնացել է ՕՐՕ դաշինքի կուսակցություններից ու համակիրներից ու հենց ՕՐՕ-ի ցուցանակով փորձել նույնն անել: Որ տարբերակն էլ Սեյրան Օհանյանը ընտրի, միշտ գործելու է խիստ սահմանափակ շրջանակներում, որովհետև աչքի առաջ ունենալու է Սամվել Բաբայանի օրինակը, իսկ նա, դատելով մամուլում շրջանառվող լուրերից, շուտով ազատության համը կզգա՝ ազատազրկման մեջ իրեն խելամիտ պահելով ու քաղբանտարկյալի կարգավիճակից հրաժարվելով: Այսպիսին էին ընտրվողները՝ ընտրված ու չընտրված: Ընտրողները հանգիստ գնացին տուն և բավարարվում են հետընտրական սկանդալներով՝ տնօրենների, ՍԱՍ-ի աշխատակիցների, չեն պատրաստվում բողոքել ոչ ընտրախախտումների դեմ, ոչ ընտրությունների հաջորդ օրը սկսված գնաճի: Իշխանությունը տասնամյակներով ասում է, որ երկրում գլխավոր արժեքը մարդն է, բայց տասնամյակներ այդ մարդուն որոնում ու չի գտնում փաստորեն, իսկ բնակչությունը մարդ չի դառնում, որ արժեք է: Նրանց համար արդեն հետաքրքիր ոչինչ չկա՝ պաշտոնների բաժանումը միշտ էլ ընտրողների համար եղել է օտար խաղ: Նախագահը իր համար Երևանում ու Երևանից դուրս հանդիպումներ ու ելույթներ է ունենում, ՀՀԿ-ն խառն է՝ սպասում է, թե ով ինչ է ստանալու, վարչապետը շարունակում է «գմփոցներ» ու «չեմպիոններ» որոնել՝ մոռացած, որ արդեն ութ ամսվա վարչապետ է՝ ախտորոշումը երկարեց, հիվանդին բուժելու ժամանակն է: Միլիարդներն էլ մնում են օդում: Ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե ինձ չեք հավատում, հավատացեք ՀՀ նախագահին՝ նա թեյել է ԵԱՀԿ դեսպանների հետ ու նրանց ասել, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլև բոլոր երևույթները գնահատելիս, խուսափում է «ամենա-ամենա» բնորոշումներից և նախընտրում է գործընթացների համատեքստային գնահատականը: «Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,- ասել է նախագահը, ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները.
«Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, նրա կարծիքով, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը: «Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ- ի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում:
Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: ՈՒրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,- ասել է նախագահ Սարգսյանը: Ո՞նց էր: Ասում եմ, չէ՞, ամեն ինչ հիանալի է ու ճիշտ: Մի քիչ Էրդողանն է համը հանում, մի քիչ Ալիևը, Թրամփից ոչ ոք ոչինչ չի հասկանում, Պուտինը մտքին վերընտրվել է դրել, Ֆրանսիայում էլ մի քանի օրից են ընտրություններ, հետո՝ Գերմանիայում: Մի խոսքով՝ դրսում խառն են, ներսում, ինչպես միշտ, գլխավոր արժեքը մարդն է: Մնաց՝ մարդուն գտնելը: