Այսօր «Հաղթանակ» զբոսայգում դաշնակցական նախարարներն իրենց կողմից, վարչապետը՝ իր, վստահեցրել են, որ միմյանց հետ խնդիրներ չունեն։ Այսինքն, մամուլի այն տեղեկությունները, թե վարչապետը չի ցանկանում ՀՅԴ-ին տեսնել կառավարության կազմում, անհիմն են։ Իսկ ով էր կասկածում, որ երբ նրանց այդ հարցադրումը տրվեր, պետք է ՀՅԴ-ի նախարարները միանգամից հայտարարեին, թե վարչապետն իրենց չի ուզում տեսնել կառավարման օղակում, իրենք հակասությունների մեջ են, իսկ լակոնիկ խոսելու սովորություն ունեցող վարչապետն էլ ասեր՝ այո, ՀՅԴ-ի հետ խնդիրներ ունի։
Պարզ է, որ, իշխանություն լինելով, այդքան հեշտ չէ հրապարակավ խոսել տարաձայնությունների մասին և շարունակել միասին աշխատել։ Սակայն Կարեն Կարապետյանը և դաշնակցական նախարարները կարող են չխոստովանել միմյանց «չտանելու» հանգամանքը, բայց գոնե նրանց շրջապատի մարդիկ այդ մասին հրաշալի գիտեն։ Այնպես որ, պարտադիր չէ` առաջին ձեռքից տեղեկությունը տրամադրվի, որ երևույթի մասին հայտնի դառնա։
Որքան էլ հերքեն, միևնույն է, տեղեկությունը հեռու չէ իրականությունից։ ՀՅԴ-ի հետ համագործակցությանը կողմ է նախագահը, դեմ՝ վարչապետը։ Իսկ տվյալ դեպքում հաղթում է նախագահի որոշումը, քանի որ ընդամենը մի քանի օրից ստորագրվելու է կոալիցիոն հուշագիրը։ Կառավարության ղեկավարն ամեն ինչ կանի, որ երեքից ավելի նախարար ՀՅԴ-ն չունենա, որ արդեն նրանք ունեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ