«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ահաբեկչական հարձակում Թեհրանում՝ ո՞ւմ էր պետք

Ահաբեկչական հարձակում Թեհրանում՝ ո՞ւմ էր պետք
10.06.2017 | 09:07

Երբ հայտնվեցին Թեհրանում ահաբեկչական հարձակումների առաջին տեղեկությունները, տարածաշրջանի զարգացումներին հետևող փորձագետների համար սենսացիա չկար: Աշխարհաքաղաքական բեմադրության մեջ առաջին արարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցն էր Էր Ռիադ՝ արաբական ու մուսուլմանական երկրների համաժողովին, երբ նա գլխավոր տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային «ահաբեկչական սպառնալիք» անվանեց ոչ թե ԻՊ-ը, այլ՝ Իրանը: Երկրորդ արարը բեմ բարձրացրեց Կատարի ճգնաժամը, երբ Դոհային մեղադրեցին ահաբեկչության ֆինանսավորման և Իրանին աջակցության մեջ, որից հետո արաբական մի քանի պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Ժանրի օրենքներով՝ արարների միջև ընդմիջում է նախատեսված, իսկ երրորդ, գուցե ոչ վերջին գործողությանը հրավիրում են զանգով: Իրանի դեպքում դա նշանակում է որոնել հարցի պատասխանը՝ ահաբեկչական հարձակումը համարե՞լ երրորդ գործողության սկիզբ, թե՞ ընդամենը զանգ: Մինչև այժմ ահաբեկչությունները Եվրոպայում ցուցադրական էին ու նպատակ ունեին՝ մի կողմից հակաիսլամական փսիխոզ հարուցել, եվրոպական երկրների ժողովուրդներին տրամադրել մուսուլմանների դեմ, մյուս կողմից՝ մուսուլմանների պատասխան արմատականացումը հարուցել: Մերձավոր Արևելքում ահաբեկչական գործողությունների համար, որպես կանոն, գաղափարական հիմնավորում ու արդարացում է բերվում իսլամի մեկնաբանությունը (ներքին գործոն) կամ ներկայացվում է իբրև պայքար «ի պաշտպանություն իսլամական աշխարհի ընդդեմ անհավատների քաղաքական ու մշակութային ազդեցության (ոչ մուսուլմանների), հատկապես Արևմտյան աշխարհի»:

Հաճախ ամեն ինչ համադրվում է էթնոազգայնական ահաբեկչության մեջ, որ դեռ կարող է իրեն դրսևորել Իրանում ավելի ուշ: Կարելի է համաձայնել ֆրանսիացի սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նատալի Գուլեի հետ, որ ահաբեկչական հարձակումը Թեհրանում ցուցադրական էր ու թիրախավորված էին երկրի կարևորագույն հոգևոր ու քաղաքական խորհրդանիշները՝ իմամ Խոմեյնիի դամբարանն ու խորհրդարանը, որ, Գուլեի խոսքով՝ «միակ ժողովրդավարական կառույցն է Պարսից ծոցի երկրներում»:


Ո՞վ էր Թեհրանի հարձակումների կազմակերպիչը: Դա ամենաինտրիգային հարցն է, որի պատասխանից կախված է Իրանում և ոչ միայն Իրանում ստեղծված քաղաքական վիճակի ախտորոշումը: Al Arabiya հեռուստաալիքը ներկայացրել է հայտարարություն, որ կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: The New York Times-ը հայտարարում է, որ «իրադարձությունները Թեհրանում կարելի է համարել ԻՊ-ի առաջին մեծ ահաբեկչությունն Իրանի տարածքում»: Այս վարկածը կարծես հավաստի է: Իրանը կռվում է այդ խմբավորման դեմ Իրաքում ու Սիրիայում, որտեղ տեղակայված է նրա գլխավոր ռազմական ստորաբաժանումը: Այդ առումով Թեհրանը ենթադրում էր ու պատրաստվում էր, որ ԻՊ-ը կփորձի ներթափանցել իր տարածք: Դեռ 2016-ի աշնանը հատուկ ծառայությունները զեկուցում էին ղեկավարությանը, որ կասեցվել են ԻՊ-ի ծրագրերը՝ ահաբեկչություններ մայրաքաղաքում և մյուս մեծ քաղաքներում: Իրանի ԶԼՄ-ները և որոշ քաղաքական գործիչներ իրադարձությունների նման զարգացումը որակեցին իբրև նախապատրաստություն դրսից եկող ռազմական դիվերսիաների ընդդեմ պետության, որ հեշտացնում է նրանց արտաքին հովանավորների որոնումը: Իբրև կանոն, Թեհրանը մատնացույց էր անում Էր Ռիադին, մեղադրելով երկրում իրավիճակը ապակայունացնելու ձգտումների մեջ: Այդպես եղավ այս անգամ էլ: Իրանի Իսլամական հեղափոխության Պահնորդների գումարտակը մեղադրեց Սաուդյան Արաբիային Թեհրանի ահաբեկչություններին մասնակցության մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնատիպ փակեց այդ ինտրիգը: Ցավակցություն հայտնելով «Իրանում ահաբեկչական հարձակումների անմեղ զոհերին» և ընդունելով, որ «Իրանի ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում», նա հայտարարեց, որ երկիրը ահաբեկչության զոհ է, բայց և հովանավոր: Այդ քայլը բացահայտորեն հաշվարկված է Թեհրանի ու Էր Ռիադի հարաբերությունների հետագա լարման վրա: Գուցե մանևրները հաշվարկված են նաև Իրանում ընդհատակյա գործողությունների ակտիվացմամբ, որ առայժմ քողարկվում են ԻՊ-ի ցուցանակի տակ: Իրանական որոշ աղբյուրների տվյալներով՝ ԻՊ-ը ստանձնել է միայն դամբարանի մերձակայքում ահաբեկչության պատասխանատավությունը, բայց ոչ խորհրդարանի վրա հարձակման: Այդ փաստը ընդունում են և որոշ ռուսաստանցի իրանագետներ, նշելով, որ Իրանում «դեռ 60-ականներից գոյություն ունի տեղական ընդհատակ», որը կարող է գործողության մեջ դրվել ներսից իրավիճակը ապակայունացնելու համար: Ռուսաստանցի փորձագետներից մեկը գրում է՝ «այդ խմբերի պարբերական ակտիվությունը պայթյունների ու բարձրագոչ սպանությունների արձագանքով արդեն ներգործել է երկրի ամենօրյա կյանքի վրա՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, մզկիթներում, շուկաներում և տարբեր քաղաքների ակտիվ խաչմերուկներում ահաբեկչությունը մեկ անգամ չէ, որ թողել է իր արյունոտ ինքնագիրը»:


Երկրի ներսում (իրանական ԶԼՄ-ները չեն սիրում այդ թեմաներով հրապարակումներ) վաղուց դիրքային մարտեր են ծավալվում քրդական, արաբական ու բելուջական ահաբեկչական խմբավորումների դեմ, որ կապեր ունեն և ԻՊ-ի, և ան Նուսրայի, և Ալ Քաիդայի հետ: «Թեհրանում գրոհողները իրանցիներ էին»՝ հայտարարեց Իրանի ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Ռեզա Սեյֆոլան: Հիմա կարևոր է, թե ինչպես հատուկ ծառայությունները, գուցե ոչ հրապարակավ, կսկսեն քաղաքականապես նույնականացնել տարածաշրջանային, և գլխավորը՝ ներքին իրադարձությունները: Պետք է հասկանալ՝ Թեհրանի վրա ահաբեկչական հարձակումը աշխարհաքաղաքական ներկայացման երրորդ գործողության անցման պա՞հն է, թե՞ արդեն երրորդ գործողության սկիզբն է:


Անկասկած, իրավիճակը Մերձավոր Արևելքում ճգնաժամային նոր մակարդակի է հասել: Թեհրանում ահաբեկչությունից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ անցկացրեց Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ: Հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց օրենքին, որ թույլ է տալիս իրենց զորամիավորումները տեղակայել Կատարում: Բացի այդ Անկարան, ինչպես հաղորդեց Anadolu-ն, կօգնի Կատարի իշխանություններին պատրաստել անվտանգության ուժերը: Հազիվ թե Թուրքիայի այդ քայլը ստանա Էր Ռիադի դրական արձագանքը: Փորձագետների գնահատականով՝ դա լրջորեն խանգարում է տարածաշրջանում ուժերի դասավորությանը, ցույց է տալիս, որ «Թուրքիան դադարում է լինել ԱՄՆ գրոհային ուժը Մերձավոր Արևելքում»: Այդ համապատկերում հատուկ նշանակություն է ստանում Անկարայի ու Թեհրանի ալյանսը, իսկ սիրիական ուղղությամբ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը: Անկարայի՝ Կատարին աջակցելու գործողությունները և մերձեցումը Իրանի հետ թուրքական Hürriyet-ը բացատրում է կասկածներով, որ «Կատարի ճգնաժամի ծագումը պայմանավորված է Կատարում պալատական հեղաշրջման փորձով, իսկ ահաբեկչությունները՝ Թեհրանում՝ նախապատրաստվող հեղաշրջումով», և նրանով, որ «Պարսից ծոցի երկրների հաջորդ նպատակը Կատարից հետո կարող է լինել Թուրքիան»: Ինչպես զգուշացնում է Քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի թուրք հետազոտող, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Թալխա Կյոսեն, թուրքական իշխանությունները պետք է պատրաստ լինեն «ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներին»: Գլխավորը՝ իրադարձությունների ընթացքը սուննի Թուրքիային այնպիսի աղորիքի մեջ է դրել, որ նա ստիպված է «սերտ այլանսի գնալ շիա Իրանի հետ»: Ճիշտ է, այստեղ էլ մոդայիկ աշխարհաքաղաքական ինտրիգ կա: Թուրքական Star gazete-ն վստահ է, որ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, կատարյան ճգնաժամը և «Իրանի ներքին կյանքին ուղղված նախաձեռնությունները» տարրերն են «ԱՄՆ-ի սկսած համակարգային գրոհի չինական Մետաքսի ճանապարհի նախագծի վրա»: Կոնկրետ՝ Վաշինգտոնն ուզում է թուլացնել Թուրքիային այնքան, որ նա այլևս այլընտրանք չունենա և հույսը դնի միայն ԱՄՆ-ի վրա, որովհետև «Մերձավոր Արևելքում միշտ է պատերազմ լինելու»՝ արաբները կռվելու են արաբների ու քրդերի հետ, քրդերը՝ թուրքերի, արաբները՝ պարսիկների: Այդպես է ձևավորվում անորոշության աշխարհաքաղաքական իրավիճակը անհայտ հետևանքներով: Գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Այդ իրադարձություններից մեկը դարձավ Մասուդ Բարզանիի հայտարարությունը, որ Իրաքյան Քրդստանում արդեն սեպտեմբերին անկախության հանրաքվե է նախապատրաստվում, և Անկարայի պատասխանը, որ Իրաքի մասնատումը անթույլատրելի է: Բայց ի՞նչ կապ ունի Մետաքսի ճանապարհը, մի՞թե Պեկինն արդեն պաշտոնապես հայտարարել է այդ ճանապարհի ցամաքային ու ծովային երթուղին: Գործնականում Պեկինն էլ իր խաղն է խաղում՝ բոլոր պետություններին խոստանալով ներդրումներ՝ իր քաղաքական ազդեցության տարածման համար ու դա է Մետաքսի մեծ ճանապարհի ինտրիգը: Որ Վաշինգտոնը փորձելու է Իրանը ներսից պայթեցնել, որևէ մեկը դժվար թե կասկածի: Դա շատ ավելի էժան է ու միջազգային ասպարեզում նվազ դատապարտելի, քան տարբեր երկրների կնքած միջազգային պայմանագրեր խզելը կամ պատժամիջոցներ սահմանելը: Գլխավոր իրադարձությունները, իսկապես, առջևում են և վերաբերելու են ոչ միայն Թուրքիային, այլև՝ Ադրբեջանին, որտեղ իրավիճակը անվերջ սրվում է նավթի գնանկումից հետո սկսված սոցիալական բողոքների պատճառով: Իլհամ Ալիևի իշխանությունը այնքան ամուր չէ, որքան Բաքվում նրա կառուցած շենքերը: Շղթայական ռեակցիայով՝ այդ ամենն անդրադառնալու է նաև Արցախի ու Հայաստանի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ