Չորս տուրից հետո մանչեստրյան երկու ակումբներն ու «Պարի Սեն Ժերմենն» ունեն 12-ական միավոր ու լուծել են խմբայինից դուրս գալու խնդիրը: Փլեյ օֆում հանդես գալու իրավունք արդեն իսկ նվաճել են և այլ թիմեր, սակայն երրորդ տուրի օրինակով Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների այս տուրի ամենասենսացիոն արդյունքը գրանցվեց դարձյալ Աղդամի «Ղարաբաղի» մասնակցությամբ խաղում ու դարձյալ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ մրցակցությունում:
A ԽՈՒՄԲ
Մանչեստրում «Բենֆիկայի» հետ ունենալիք նախախաղային ասուլիսում Ժոզե Մոուրինյոն, ասելով, որ վաստակելիք մեկ միավորն իր սաների համար վատ արդյունք չի լինի (երեք տուրից հետո ունեն առավելագույն թվով միավորներ), իրականում թիմի առաջ դրված խնդիրները քողարկելու նպատակ ուներ: Ակնհայտից էլ ակնհայտ էր, որ հնարավորության դեպքում «Յունայթեդը» «Բենֆիկայի» կոկորդն էր կրծելու: Այդպես էլ եղավ: «Յունայթեդը» տարավ խմբային փուլի հերթական հաղթանակը (2:0), ու նույնքան երաշխավորված է հաջորդ փուլ նրա դուրս գալը:
«Բազել»-ԲԿՄԱ դիմակայությունում մոսկվացիներին հաղթանակն օդի պես էր անհրաժեշտ, քանզի հակառակ պարագայում սկզբունքորեն առ ոչինչ էր դառնում խմբայինին մասնակցությունը: Հատկանշական է, որ գոլը բաց թողնելուց հետո բանակայինները չկազմաքանդվեցին։ Հակառակը` գործողությունները ստացան առավել նպատակասլաց բնույթ, իսկ համառելու վարձը եղան 2:1 հաշվով հաղթանակն ու միավորներով (վեցական) «Բազելին» հասնելը:
B ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմենը» սեփական դաշտում էլ անցավ «Անդերլեխտի» վրայով` առաջինի չորսի փոխարեն այս անգամ հինգ գոլ հեղինակելով: Պարզապես հիանալ կարելի է չորս խաղից հետո ֆրանսիացիների հավաքած 12 միավորով, գնդակների 17:0 հարաբերակցությամբ:
Խմբային մյուս դիմակայությունում փորձեց որոշակիորեն թպրտալ «Սելտիկը», սակայն «Բավարիան» տուն դարձավ երեք միավոր վաստակած (հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով) ու անտարակուսելի է, որ «Պարի Սեն Ժերմենի» հետ սպասվելիք հանդիպման օրերն է հաշվում: Միաժամանակ ակնհայտ է, որ այս խմբից առաջին երկու տեղով դուրս կգան ֆրանսիական ու գերմանական ակումբները: Նշենք «Բավարիայի» վաստակած միավորների թիվը` 9:
C ԽՈՒՄԲ
Հանդիպման 56-րդ րոպեին Անտուան Գրիզմանը գրավել է հյուրերի դարպասն ու իր թիմին փրկել պարտությունից: «Աթլետիկո»-«Ղարաբաղ» դիմակայության մասին բավարարվենք թերևս այսքանն ասելով, քանզի կողմերի առաջին հանդիպման ելքի առնչությամբ (այն նույնպես ոչ-ոքի ավարտ է ունեցել) ինչ ունեինք, ասել ենք ու դրանից մազ անգամ մտադիր չենք հետքայլ անելու` շարունակելով պնդել, որ առնվազն մոլորյալ ուղտ պիտի լինել այս երկու թիմերի կարողությունների միջև հավասարության նշան դնելու համար: Իսկ այն, որ «Աթլետիկոն» երեք միավորով երրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլ դուրս գալու խիստ կասկածելի հեռանկարով, դա արդեն նրա չափից ավելի մասնավոր գործն է: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այս և նմանատիպ խաղարկություններում գործում է «որքան շատ հաղթանակ, այնքան ավելի շատ վաստակած գումար» մոտեցումը, բայց եթե դա կարող ես անել… ավելի ճիշտ կլինի ասելիքներս հենց այստեղ էլ վերջակետենք` անցնելով մյուս խմբերի մրցելույթներին, քանզի բոլորիս համար էլ ակնհայտ է, թե նման բաներն ինչպես են արվում:
«Չելսիի» համար լոնդոնյան հանդիպման անցանկալի հաշվի նեղսրտությունը մեղմելու ավելի քան հրաշալի հնարավորություն էր հռոմեական դիմակայությունը: Ի դեմս «ազնվականների», Անտոնիո Կոնտեն խաղադաշտ էր հանել գերհարձակողական կազմ ու դրա համար… ծանր վճարեց: Իտալական «գայլերն» այս անգամ էլ երեք գոլ հեղինակեցին, սակայն, ի տարբերություն առաջին խաղի (ավարտվել է 3:3) սեփականը պահեցին անառիկ: Արդյունքում 8 միավորով նրանք առաջին տեղում են` «ազնվականներից» ավելի վաստակած մեկ միավորով:
D ԽՈՒՄԲ
«Օլիմպիակոս»-«Բարսելոն» դիմակայության ոչ-ոքին չի կարող չզարմացնել ֆուտբոլասերին` մղելով տեսակ-տեսակ հետևությունների, սակայն պիտի ընդունել, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ կա աստեղային ժամ: Այդ օրը «Օլիմպիակոսի» դարպասապահ Սիլվիո Պրոտոյի համար հիրավի աստեղային էր, ու նա իր թոռներին պատմելու շատ բան կունենա հաստատ, մանավանդ որ իր համար հիշարժան այս դիմակայությունում իր պաշտպանած դարպասը պահել է անառիկ: Նշենք, որ սա խմբայինում «Բարսելոնի» առաջին սայթաքումն էր, հունական թիմի էլ` առաջին ձեռքբերումը, հանդիպման արդյունքով թիվ երկրորդ սենսացիան «Աթլետիկո»-«Ղարաբաղ» դիմակայությունից հետո:
«Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը պորտուգալական թիմի համար կլիներ ոչ միայն Թուրինում կրած պարտության վերքի փարատում, այլև խմբայինում շատ ավելի նպաստավոր դիրքի ապահովում, քան ունեցած երրորդն էր: Ի ցավ իր երկրպագուների, «Սպորտինգն» ի զորու չեղավ խնդրին հիմնավոր լուծում տալու և բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: «Յուվենտուսն» ունի 7, «Սպորտինգը»` 4 միավոր: Այստեղ երկրորդ տեղի համար դեռ շատ լուրջ պայքար է ծավալվելու, որքան էլ տակը մնացել է երկու տուր:
E ԽՈՒՄԲ
«Սևիլիան» սեփական հարկի տակ վրեժխնդիր եղավ «Սպարտակից» Մոսկվայում 1։5 հաշվով կրած խայտառակ պարտության համար: Ճիշտ է, պարտության դիմաց հաղթանակ բերած 2:1 հաշիվը բավական համեստ է, սակայն թիմի համար շատ ավելի կարևորը խմբային երկրորդ հորիզոնական բարձրանալն էր:
Գաղտնիք բացահայտած չենք լինի` ասելով, որ երկուսի համար էլ գերագույն հավատաքննիչի դերում հանդես է գալու «Լիվերպուլը», որը «Մարիբորի» նկատմամբ հաղթանակից հետո (3:0) ութ միավորով գլխավորում է խմբայինը, սակայն նույնպես լիակատար վստահ չէ փլեյ օֆ դուրս գալու հարցում, թեպետ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում առնվազն ուժեղ է այս երկուսից մեկից:
G ԽՈՒՄԲ
«Մոնակոյի» հետ տնային դիմակայությունում էլ մրցակցի դարպասը գրավելով առանձնացավ Ջենկ Թոսունը, սակայն տասնմեկմետրանոցի նրա հաջող իրացումը «Բեշիկթաշին» ոչ թե հաղթանակ բերեց, այլ ընդամենը օգնեց խուսափելու պարտությունից: Թուրքերը տասը միավորով առաջին հորիզոնականում են:
Վեց միավորով նրանց հաջորդում են պորտուգալացիները, ու դա շնորհիվ սեփական հարկի տակ «Լայպցիգի» նկատմամբ հաղթանակի` 3:1: Սա գերմանացիներից «Պորտուի» հանած մուռն էր Լայպցիգում 2:3 հաշվով կրած պարտության դիմաց: Իրեն լիովին ապահով զգալու համար մնացած երկու խաղում «Բեշիկթաշին» միանգամայն կբավարարի մեկ միավորը, իսկ ահա Չեմպիոնների լիգայի երկրորդ ուղեգրին տիրանալու համար «Պորտուն» ու «Լայպցիգը» (համապատասխանաբար ունեն վեց և չորս միավոր) դեռ քիչ քրտինք չեն թափելու: Այս խմբին հրաժեշտ տալուց առաջ ասենք, որ այս պահին այստեղից ամենամեծ ձախողվածը մնում է «Մոնակոն», որը, սակայն, երկու հաջող խաղի դեպքում կկարողանա հաճելիորեն զարմացնել իր երկրպագուներին:
F ԽՈՒՄԲ
Իտալական ու անգլիական առաջնությունների միանձնյա առաջատարների երկրորդ հանդիպումն էլ ավարտվեց «Մանչեստր Սիթիի» հաղթանակով, ու դրա համոզիչ վկայությունն արձանագրված 4:2 հաշիվն է, որն ուժերի հարաբերակցության մասին երկմտելու տեղ իսկ չի թողնում: Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ անցած տարին Խոսեպ Գվարդիոլան արդյունավետ է ծախսել երիտասարդ ու խիստ հեռանկարային թիմ ստեղծելու համար, որը վստահաբար կարող է ձեռնոց գցել համաշխարհային ֆուտբոլի մեգաակումբներին:
Ի դեպ, հետաքրքիր կլինի լսել, թե այդ խաղի առնչությամբ ինչպես է արտահայտվել իսպանացի մասնագետը. «Մեկ շաբաթում երկու անգամ «Նապոլիին» հաղթելն անհավանական նվաճում է: Հավանաբար սա լավագույն թիմն է, որի հետ առնչվել եմ կարիերայիս ընթացքում: Հպարտ եմ իմ թիմով, քանի որ հասկանում եմ, թե ինչպիսի թիմի ենք հաղթել: …Ինձ շատ դուր եկավ այն, թե ինչպես խաղացինք այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 2:2»: Միջանկյալ նկատենք, որ այս խաղում խփած գոլով Սերխիո Ագուերոն 178 գոլով դարձավ «Մանչեստր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն:
«Ֆեյենորդի նկատմամբ» տնային հաղթանակից հետո (3:1) այլևս անտարակուսելի է, որ այս խմբից փլեյօֆյան փուլում «քաղաքաբնակներին» ընկերակցողը լինելու է ուկրաինական «Շախտյորը», որն առայժմ միայն մեկ պարտություն ունի, ու հասկանալի է, թե ումից:
H ԽՈՒՄԲ
Մադրիդյան ոչ-ոքիից հետո «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «արքայականին» (հեղինակության գոլը խփել է Քրիշտիանու Ռոնալդուն, որն այլևս չի պատրաստվում երկարաձգելու «Ռեալի» հետ ունեցած պայմանագիրը) ու միանշանակ լուծեց Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում հանդես գալու խնդիրը: Սա մեծ հաջողություն է անգլիական թիմի համար, սակայն դրան ոչ պակաս հավասարազոր է երկու խաղում աշխարհի լավագույն թիմերից մեկից չորս միավոր տանելը: Այնպես որ, կեցցե «Տոտենհեմը», կեցցե նրա ղեկակալ Մոուրիսիո Պոչետինոն` երիտասարդ, շնորհաշատ մասնագետ, որ լուռ լծված իր գործին` համաշխարհային մակարդակի թիմ է սարքում:
Միանգամայն հակառակ տոներով պիտի խոսել նույն խումբը ներկայացնող Դորտմունդի «Բորուսիայի» մասին, որը չափազանց թույլ է հանդես գալիս այս խաղարկությունում (ԱՊՕԵԼ-ի հետ վերջին ոչ-ոքին` 1:1, դրա վառ հաստատումն է) և այլևս դժվար թե կարողանա երրորդ տեղից վեր նայել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ