7:1, 5:1, 5:0, 4:2, 4:1, 4. սրանք հաշիվներ են, որոնք, թերևս, ավելի կպատշաճեին այլ մարզաձևերից խաղերին, մինչդեռ դրանք անցած հանգստյան օրերի ֆուտբոլային հանդիպումներից մի քանիսի ռեալությունն են: Այո, գոլառատ հանդիպումների պակաս չեղավ, ու հատկապես ուրախալին այն է, որ չես էլ կողմնորոշվում որին առավելություն տալու հարցում, քանզի գոլային այդ հրավառության մեջ հաճելիորեն սիրտ շոյողը դրանց բազմազանությունն էր, կատարողական անկրկնելիությունը:
ԱՆԳԼԻԱ
Յուրաքանչյուր խաղակեսում երկու անգամ գրավելով տանտերերի դարպասը՝ «Չելսին» վստահորեն պարտության մատնեց «Բրայտոնին»` վերջինիս զրկելով անգամ հեղինակության գոլ խփելու հնարավորությունից: «Ազնվականների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ազարը:
«Կրիստալ Պալասի» հետ տնային խաղում չորս գոլ հեղինակել է նա և «Արսենալը», սակայն անկարող է եղել «չոր» պահել սեփական դարպասը՝ 4:1: Նկատենք, որ գոլերը Արսեն Վենգերի սաները խփել են հանդիպման առաջին 22 րոպեներին:
Արտագնայում հաղթական է եղել «Մանչեստր Յունայթեդի» առճակատումը «Բյոռնլիի» հետ: Գոլի հեղինակը Մարսիալն է:
Հաղթանակով է ավարտվել նաև մանչեստրյան մյուս ակումբի՝ «Սիթիի» հանդիպումը: «Քաղաքաբնակներին» հյուր եկած «Նյուքասլը» պարտվել է 1։3 հաշվով: Մանչեստրյան երեք գոլերի դիմաց էլ գրանցված է Սերխիո Ագուերոյի անունը:
Հիշատակված այս չորս դիմակայությունն էլ եղել է պրեմիեր լիգայի 24-րդ տուրի առաջին օրն ու փոփոխություն չի բերել աղյուսակում թիմերի դասավորությունում: Հետաքրքրական է, որ աղյուսակում փոփոխություններ մտցնել վիճակված չէր նաև առաջին վեցյակը կազմած մյուս երկու թիմերին՝ «Տոտենհեմին» ու «Լիվերպուլին»: Ընդ որում` նրանց ցանկացած ելքով մրցակցության դեպքում:
«Սաուտհեմպտոն»-«Տոտենհեմ» մրցակցությունում հյուրերը խփել են հանդիպման երկու գոլն էլ, սակայն քանի որ դրանցից մեկը եղել է ինքնագոլ, կողմերը բաժանվել են մեկական միավոր վաստակած: «Սուոնսի»-«Լիվերպուլ» դիմակայության առնչությամբ ոչինչ չենք կարող ասել, քանի որ այն երեկ ուշ երեկոյան էր:
Պրեմիեր լիգայի առաջատարը շարունակում է մնալ «Մանչեստր Սիթին»՝ 65 միավոր: Նրան հաջորդող «Յունայթեդը» հետ է մնում 12 միավորով: «Չելսին» ունի 50, «Լիվերպուլը»՝ 47, «Տոտենհեմը»՝ 45, «Արսենալը»՝ 42 միավոր:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Վերդերի» հետ աշխույժ, դինամիկ խաղում (հյուրերն են բացել խաղի հաշիվը) Մյունխենի «Բավարիան» հաղթանակ է տոնել 4:2 ու ավելի քան վստահորեն գլխավորում է բունդեսլիգայի առաջնությունը՝ անվան դիմաց ունենալով 47 միավոր: Դուբլի հեղինակ է դարձել Թոմաս Մյուլլերը:
«Ֆրայբուրգի» հետ արտագնայում «Լայպցիգի» վրիպումը (1։2), «Շալկե»-«Հանովեր» դիմակայության ոչ-ոքին (1:1) Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Բայեր» տանդեմի հաղթական ելույթները (հյուրընկալելիս առաջինը պարտության է մատնել «Աուգսբուրգին»՝ 2:0, (երկրորդն արտագնայում պարտության է մատնել «Հոֆենհայմին»՝ 4:1) մրցաշարային աղյուսակում որակապես նոր իրավիճակ ստեղծեցին՝ «Բայեր», «Շալկե», «Լայպցիգ», Մյոնխենգլադբախի «Բորուսիա» հերթականությամբ նրանք 31 միավորով զբաղեցնում են 2-5-րդ հորիզոնականները: Ստեղծված իրավիճակում կարող էր շահած դուրս գալ Դորտմունդի «Բորուսիան», սակայն արտագնայում նրա արածն այն եղավ, որ կարողացավ միավոր պոկել «Հերտայից»: Դորտմունդցիները 30 միավորով վեցերորդ հորիզոնականում են:
ԻՍՊԱՆԻԱ
Բավական անակնկալ ավարտ ունեցավ «Աթլետիկո»-«Ժիրոնա» հանդիպումը, որտեղ կողմերը փոխանակեցին մեկական գոլ, ու եթե դա հյուրերի համար անվիճելիորեն ձեռքբերում էր, մադրիդցիների համար՝ ակնհայտ ձախողում: Այդուհանդերձ, Դիեգո Սիմեոնեի սաները մնացին երկրորդ հորիզոնականում, քանի որ նրանց մերձակա հետապնդողը՝ «Վալենսիան», արտագնայում հաջող մրցակցության դեպքում միավորներով ընդամենը հավասարվելու էր նրանց: Սակայն մրցաշարային աղյուսակի հետնախորշերում գտնվող «Լաս Պալմասը» համառեց մինչև վերջ ու տոնեց կամային հաղթանակ՝ 2:1:
«Բարսելոնի» հետ գավաթային խաղում կատալոնացիներին իր սուր ժանիքները ցույց տված «Էսպանյոլը» «Սևիլիայի» հետ մրցակցությունում ներկայացավ որպես ատամնաթափ ծերուկ, ու այդ մրցակցությունում գրանցված 0:3 հաշիվը միանգամայն սպասված բան էր:
Իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Լևանտեին» հյուրընկալած «Վիլյառեալը» (2:1)՝ դիրքերն էապես ամրապնդելով եվրագոտին կազմող թիմերի շարքում:
«Ռեալ»-«Դեպորտիվո» դիմակայությունում բացելով հանդիպման հաշիվը՝ հյուրերը, ըստ էության անհանդուրժողության աստիճանի չարացրին տանտերերին: Առաջին խաղակեսում «արքայականի» պատասխանը եղավ մրցակցի դարպասի երկուանգամյա գրավումը, իսկ երկրորդը բառացիորեն վերածվեց ֆուտբոլային ծեծի: Եվս հինգ անգամ հյուրերը հարկադրված էին գնդակը հանել սեփական դարպասից: «Ռեալից» երկուական գոլ են հեղինակել Ռոնալդուն, Բեյլը, Նաչոն՝ ֆուտբոլիստներ, որոնց անուններն ակտիվորեն շոշափվում են ամռանը «Ռեալը» լքողների ցանկում: Ի դեպ, նրանց կազմում է և այդ օրը «արքայականից» գոլ խփած Մոդրիչը:
Իսպանիայի առաջատարի մասին խոսքը, որպես աղանդեր, թողեցինք վերջում, քանզի «Բետիսի» հետ նրա մրցակցությունից առաջ շատ պատկերավոր էր եղել տանտերերի թիմի գլխավոր ներկայացուցիչը, ասելով, թե «Բարսելոնի» հետ խաղում ինքը 0:0-ից ավելի կգերադասեր 6:6 հաշիվը: Ինչ խոսք, որ եթե Սետիենը վաղօրոք իմանար, թե ինչ հաշվով է ավարտվելու խաղը, իրեն ակնհայտորեն թույլ չէր տա զավեշտի գին ստացած նման կիսամարգարեություն: Ասում ենք՝ կիսա, քանզի կատալոնյան ակումբն իր բաժին վեցի փոխարեն խփեց հինգը, իսկ ահա «Բետիսը» մնաց չորուցամաք զրոյի վրա: Ի միջի այլոց նկատենք, որ առաջին խաղակեսը «Բետիսին» բնավ էլ չէր գուժում նման խայտառակ հաշվով պարտություն, իսկ այն, ինչ արեցին կատալոնացիները երկրորդում՝ նկատի ունենք կատարողական մակարդակը, վեր է մարդկային պարզ պատկերացումներից: Ինչպես միշտ, Մեսին գերազանց էր, նրա կողքին գրեթե հավասարապես փայլեց Սուարեսը, որը երկու գոլին (նույնքան հեղինակել է և Մեսին) գումարեց նույնքան գոլային փոխանցումը: Թերևս ավելորդ չհամարենք նկատել, որ Մեսին չորրորդ խաղն է, որ առանց գոլ խփելու չի հեռանում դաշտից ու այս ցուցանիշով զիջում է միայն Սուարեսին, որի համար «Բետիսի» հետ խաղը դարձավ հերթական յոթերորդը:
«Բարսելոնը» 54 միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում է: Նրան ամենամոտ կանգնածը 43 միավոր ունեցող «Աթլետիկոն» է, որը երեք միավորով է առաջ երրորդ տեղում ընթացող «Վալենսիայից»: Եվրագոտում են 35 միավոր ունեցող «Ռեալը», նրան են հաջորդում «Վիլյառեալն» (34) ու «Սևիլիան»՝ 32:
ԻՏԱԼԻԱ
Կարճատև ընդմիջումից հետո սկուդետեի առաջին հորիզոնական վերադարձած «Նապոլին» պահպանում է հավատարմությունը հաղթական հանդիպումներին՝ տարբերություն չդնելով ներսի ու դրսի խաղերի միջև: Նեապոլցիների հերթական զոհը եվրագոտում հայտնվելու համար անհաշտ պայքար մղող «Ատալանտան» էր: Սեփական հանդիսատեսի առաջ նրա միակ արդարացումն այն էր, որ զիջել է առաջատարին, զիջել է նվազագույն հաշվով՝ 0։1:
«Ինտեր»-«Ռոմա» մրցակցության հաջող ելքը տանտերերի համար կնշանակեր շարունակել սեփական տիրույթում պահել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, որտեղ մեկ օր առաջ հայտնվել էր «Լացիոն»՝ սեփական հարկի տակ «Կիևոյի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո՝ 5:1: Կնշանակեր: Մինչդեռ, գրեթե մինչև խաղավարտ միլանցիները պարտվում էին, ու եթե չլիներ Վեչինոյի կողմից «գայլերի» դարպասի գրավումը, տանտերերը երեք միավոր կկորցնեին՝ 1:1:
Եվրագոտում մնալու պայքարը շարունակում է «Սամպդորիան», ու այս առումով «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակն ավելի քան տեղին էր՝ 3:1։
Երեկ ուշ երեկոյան կայացել է տուրի վերջին՝ «Յուվենտուս»-«Ջենովա» դիմակայությունը: Անկախ հանդիպման ելքից՝ 50 միավոր ունեցող «ծեր սինյորան» շարունակում է վստահաբար մնալ երկրորդ հորիզոնականում, ինչը, բնականաբար, այս հեղինակավոր ակումբի երազանքների վերին սահման չես համարի:
54 միավորով սկուդետեն շարունակում է գլխավորել «Նապոլին»: «Լացիոն» ու «Ինտերը» 43-ական միավորով 3-4-րդ հորիզոնականում են: 40 միավորով «Ռոման» հինգերորդ տեղում է, իսկ վեցերորդ հորիզոնականում գտնվող «Սամպդորիան» նրանից պակաս ունի յոթ միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթականի ամենախոշոր անակնկալը եղել է Լիոնում, որտեղ տեղի համանուն թիմը պարտության է մատնել առաջատարին՝ 2:1: Հանուն ճշմարտության ասենք, որ տանտերերը հաղթական գոլը խփել են խաղավարտին, իսկ հյուրերը, սկսած 57-րդ րոպեից, մեկ խաղացող պակաս ունեին: Չնայած պարտությանը՝ ՊՍԺ-ն 56 միավորով առաջին հորիզոնականում է, ու նրա լիդերությանը ոչինչ չի խանգարում, իսկ «Լիոնին» հաղթանակն օգնեց 48 միավորով բարձրանալու երկրորդ հորիզոնական։ Այստեղ 3-4-րդ հորիզոնականներում են արտագնայում «Կաննին» 2:0 հաշվով հաղթած «Մարսելն» ու սեփական հարկի տակ «Մեցին» պարտության մատնած «Մոնակոն»՝ 3:1:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ