Թատերական ոլորտի ներկայացուցիչներն այսօր տոնում են թատրոնի միջազգային օրը: Մի շարք դերասաններ, ռեժիսորներ ու գործիչներ մրցանակների, շնորհավորանքների ու գովեստի խոսքերի են արժանանում: Ինչ խոսք, լավ է, երբ տարին գոնե մեկ օր թատրոնի նվիրյալներն ուշադրության կենտրոնում են լինում: Ինձ համար, սակայն, այսօր հատկապես այն գործիչներին արժևորելու օրը պետք է լինի, ովքեր անխոնջ, անտրտունջ, գլուխները կախ, իրենց գործն են անում՝ որևէ պետական գերատեսչությունից կամ միությունից որևէ ակնկալիքի չունենալով: Նման մարդիկ իրապես հասկանում եմ թատրոնի ու առհասարակ մշակույթի կարևոր դերն ու աշխատում են ուժերի ներածին չափով:
Ամեն տարի այս օրը ես առանձնահատուկ հիշում եմ մարզային թատրոնների մասին, գրում նրանց խնդիրների ու կատարած տիտանական աշխատանքի մասին: Ալավերդի քաղաքի թատրոնը, օրինակ, աշխատում է ծայրահեղ սուղ միջոցներով, չնչին աշխատավարձով, բայց բարձր պատասխանատվությամբ ու մեծագույն սիրով: Թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանը, տեղյակ եմ, թատրոնից ստացած իր իսկ աշխատավարձը ծախսում է թատրոնի վրա՝ ներկայացումների համար անհրաժեշտ իրեր ու հագուստներ ձեռք բերելու համար: Բայց այդ ամենից զատ ալավերդցիները հետ չեն մնում մայրաքաղաքային թատրոններից ու տարեկան ամենաքիչը 3 պրեմիերա են ունենում: Չնայած բոլոր դժվարություններին՝ Ալավերդի քաղաքը միշտ էլ աչքի է ընկնում իր յուրօրինակ ու միջինից բարձր մշակութային ճաշակով ու թելադրանքով:
«Թատերական Լոռի» թատերական փառատոնի բնօրրանը, համոզված ենք, դեռ մեծ ասելիք ունի թատերական համայնքին, միայն թե պետությունը պետք է էլ ավելի կարևորի ու ուշադրության կենտրոնում պահի մարզային մշակույթի լուռ ու համակերպվող մշակներին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ