«ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՏՐՈՒԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ»
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության և իշխանության պատվիրակության անդամ)
-Կայացավ իշխանություն-ընդդիմություն պատվիրակությունների մակարդակով առաջին հանդիպումը։ ՈՒնե՞ք հիմքեր կարծելու, որ այս ձևով երկխոսությունն արդյունքների կհանգեցնի, թե՞, ինչպես որոշ քաղաքական գործիչներ են նշում, ձևական ասուխոս է մինչ հերթական ընտրությունները։
-Առաջին հանդիպումը հույս է ներշնչում, որ սա ոչ միայն փոխադարձ լուծումների ուղիների փնտրտուք է, այլև հասարակական ինստիտուտ, որը դժվար, առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրների վերաբերյալ մոտեցումներ պետք է գտնի։ Այս քաղաքական մշակույթի ներդրումն արդեն իսկ ողջունելի քայլ է։ Պատվիրակների վարքագիծն էլ թույլ է տալիս ենթադրել, որ այսպես շարունակվելու պարագայում փոխզիջումային լուծումների կարող ենք հասնել։
-Արտահերթ ընտրությունների պահա՞նջն էլ կարող է փոխզիջումային տարբերակով լուծվել։
-Դրանից զատ, կան բազմաթիվ այլ հարցեր` կապված կոռուպցիայի, կառավարման որակի, արտագաղթի, հարկաբյուջետային ոլորտների հետ, որոնք ևս քննարկման առարկա կարող են դառնալ։
-Փաստորեն, օրակարգային միակ հարցը, այնուամենայնիվ, չի՞ սահմանափակվում միայն արտահերթ ընտրությունների պահանջով։
-Հենց առաջին օրն էլ ցույց տվեց, որ այդ համատեքստում կքննարկվեն տարբեր թեմաներ։ Այն հարցերում, որտեղ երկուստեք հաջողությունների կհասնենք, տեղյակ կպահենք հանրությանը։ Այդ հանդիպումը նաև ցույց տվեց, որ արմատական մոտեցումների պարագայում հնարավոր է վիժեցնել երկխոսությունը։
-Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունն այսօր երկխոսում է միայն ընդդիմադիր մի ուժի հետ` ՀԱԿ-ի։ Ընդդիմության մյուս թևն անտեսվա՞ծ է։
-Շատ տրամաբանական հարց է։ Հանգամանքների բերումով այսօր ՀԱԿ-ի հետ ենք երկխոսում, բայց չպետք է բացառել երկխոսությունը նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Ընդդիմադիր ցանկացած ուժ բարձրաձայնում է խնդիրներ, որոնք մեր հանրապետությունում հրատապ լուծում են պահանջում։ Ողջ հարցը լուծումների տարբերությունն է։ Կարծում եմ` երկխոսության արդյունքում կձևավորվի լուծման այնպիսի տարբերակ, որն առավել արդյունավետ կլինի։
-Հայտնի՞ է` երբ է լինելու հաջորդ հանդիպումը, օրակարգային ի՞նչ հարցերով։
-Կարծում եմ` մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենա հաջորդ հանդիպումը։ Կոորդինացնողները` Դավիթ Հարությունյանը և Լևոն Զուրաբյանը, այդ մասին համապատասխան պայմանավորվածություն ձեռք կբերեն։ Առաջին հանդիպման ժամանակ օրակարգի վերաբերյալ երկուստեք դիվանագիտական խոսակցություն վարեցինք, ավելի գործնական կխոսենք հաջորդ հանդիպման ժամանակ։
-Ի վերջո, այս մակարդակով երկխոսությունն ի՞նչ է տալու հանրությանը։
-Լավատես եմ ու դրականորեն եմ տրամադրված։ Հասարակության առջև ծառացած ամենազանազան խնդիրների ցանկալի լուծումները կգտնվեն, որոնք նաև հանրության համար ընդունելի կլինեն։
-Այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
-Չէի ցանկանա շտապել։ Պատվիրակությունը չի կարող դրա առնչությամբ կտրուկ որոշումներ կայացնել։ Լավագույն դեպքում արտահերթ ընտրությունների վերաբերյալ կարող է իր նկատառումները, հիմնավորումները տրամադրել որոշում կայացնողներին։
«ԵԹԵ ՆԵՂՎԵՆ, ԹՈՂ ՄԵԶ ՀԱՐՑՆԵՆ»
ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ՀԺԿ անդամ, ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ)
-Հանդիպումից հետո ՀԱԿ-ը հանդես եկավ նոր պահանջներով` կա՛մ ուղիղ եթերով ցուցադրել պատվիրակների քննարկումները, կա՛մ դրանից հետո «Հ1»-ով առնվազն կես ժամ տրամադրել նրանց։ Իշխանությունն այս պահանջներին ընդառաջ կգնա՞։
-Սա այնքան պարզ ու մարդկային առաջարկ է, որ կարծում եմ, պետք է կատարեն։ Երկար խոսակցություններից, բանակցություններից հետո հիմա ժողովուրդը չիմանա՞ ինչի մասին խոսեցինք, ո՞ւր հասանք, ի՞նչն է մեր նպատակը։
-Ասել է` ընդդիմությունը զգուշանո՞ւմ է այն հնարավոր խոսակցություններից, թե հանդիպումները կարող են վերածվել գործարքի։
-Այդպիսի խոսակցություններին կարևորություն չեմ տալիս, ոչ էլ նկատել կամ զգացել եմ այդպիսի բան։ Գիտեմ նաև` ովքեր են իմ գործընկերները։
-Բացի արտահերթ ընտրություններից, էլ ի՞նչ թեմայով եք երկխոսելու։
-Գլխավոր հարցն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են, որից կարող են բխել կազմակերպական հարցեր։
-Բացառո՞ւմ եք տնտեսական, սոցիալական հարցերի քննարկումը։
-Ցանկացած հարց, որն առնչվում է գլխավորի հետ, կարող է քննարկվել։ Բայց միայն գլխավորի լուծումից հետո։
-Իսկ եթե չհամաձայնե՞ն արտահերթ ընտրությունների հարցը քննարկել։
-Նախ` ո՛չ մեր, ո՛չ էլ իշխանության պատվիրակները չեն կարող այս խնդրի շուրջ համաձայնության գալ, որովհետև դա կարող է լուծվել միայն բարձր մակարդակով։ Մեր խնդիրն է իրավիճակը ներկայացնել ընդդիմության, իշխանության պատվիրակներինն էլ` իշխանության տեսանկյունից։
-Եթե արտահերթի շուրջ քննարկումները փակուղի մտնեն, ընդդիմությունը կհրաժարվի՞ երկխոսությունից։
-Փակուղի կլինի իշխանության համար, մենք մեր ճանապարհը ներկայացրել ենք, որ մինչև սեպտեմբեր խաղաղ բանակցելու ենք, դրանից հետո անցնելու ենք ջրբաժանը։
-Ստացվում է` արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսում եք սեպտեմբերի՞ն։
-Սեպտեմբերին պիտի լինի որոշում` արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
-Իշխանությունները մշտապես պնդում են, որ արտահերթի համար իրավական հիմնավորում չկա։ Կգտնվի՞ այդ փաստարկը։
-Իհարկե, եթե իրենք չեն գտնի, թող մեզ հարցնեն, կասենք, կհուշենք։ Շատ լավ էլ իրավական հիմք կա, եթե նեղվեն, թող մեզ հարցնեն, կասենք։
-Առաջին հանդիպումից ի՞նչ տպավորություն ունեք։
-Լավ։
-Իշխանությունը «կխաղա՞» ձեր նախանշած սցենարով։
-Առաջ չանցնենք։ Նրանք էլ, մենք էլ բարի կամքով ենք հավաքվել։ Նրանք հորդորում էին իրենց մեջ թշնամի չտեսնել, մենք թշնամիներ չենք համարում նրանց ու մտահոգված ենք միայն մեր երկրի ապագայով։
-Ավելի քան երեք տարի է` ընդդիմությունը խիստ քննադատում է այսօվա իշխանություններին։ Այսօր միևնույն սեղանի շուրջ նրանց հետ նստած քննարկում է հարցեր։ Փաստորեն, ՀԱԿ-ն անուղղակիորեն ընդունում է այս իշխանությունների լեգիտիմությունը։ Այդպե՞ս է։
-Ոչ, միևնույն սեղանի շուրջ նստելը չի նշանակում ընդունել նրանց լեգիտիմությունը։ Պարզապես իշխանությունը նրանց ձեռքում է, ու մենք մեր խնդիրների կարևորությունը բացատրում ենք նրանց ու պահանջում իշխանությունը վերադարձնել ժողովրդին։
-Հնարավո՞ր է, որ երկխոսության հաջողությունը պայմանավորվի հաջորդ Ազգային ժողովում ՀԱԿ-ի զգալի ներկայությամբ։
-Մենք միայն ապավինում ենք ժողովրդի ձայնին։ Ցանկացած ուժ կարող է մտնել այդ ընտրապայքարի մեջ։ Մեր խնդիրն է իշխանություններին բացատրել, որ ժողովրդին պետք է վերադարձնել հավատն օրինական ընտրությունների նկատմամբ։ Ժողովուրդն ում ուզում է` թող ընտրի, միայն համոզված լինի, որ իր քվեներով է ձևավորվել իշխանությունը։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ