Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ԱՐԴԵՆ «ՄԱՅՐ ՄՏՆՈՂ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴՆ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ ԱՐԴԵՆ «ՄԱՅՐ ՄՏՆՈՂ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»
02.12.2011 | 00:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած «Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին» օրինագծին որոշ քաղաքական գործիչներ խիստ դեմ արտահայտվեցին, որոնց թվում է նաև ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցի սկզբում նախ անդրադարձավ «լյուստրացիա» բառի էությանը: «Դա, այսպես ասած, մեղքերի թողություն է, եթե, իհարկե, այդ մեղքերը եղել են: Երբ ասում ենք լյուստրացիա, հասկանում ենք գաղտնազերծում, որը վերաբերում է նախկինում մեծ ու փոքր մեղքեր գործած տարբեր մարդկանց: Այս օրենքը կիրառվել է եվրոպական ութ երկրում, ինչպես նաև Վրաստանում»,- նկատեց պարոն Եղիազարյանը՝ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվելուց հետո պատասխանելով մեր հարցերին:
-Եթե այլ երկրներում օրենքը բարեհաջող գործում է, Հայաստանի պարագայում ո՞րն է խնդիրը:
-Այդ երկրներից ոչ մեկը արևմուտքում դարավոր, արևելքում ոխերիմ, կատաղի թշնամի չունի, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Բացի Վրաստանից, մյուս յոթ երկրները Եվրամիության անդամ են, որոնք իրենց ներքին և արտաքին անվտանգության հարցերը վաղուց լուծել են, ասել է՝ անվտանգության խնդիր չունեն: Չեխիան, Գերմանիան կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ:
-Նախաձեռնության հեղինակը «Ժառանգությունն» է. ինչո՞ւ հենց հիմա այս օրինագիծը շրջանառության մեջ դրեց:
-Վերջին երեք տարում, որպես քաղաքական ուժ, «Ժառանգությունը» հայտնվել է լուսանցքում: Նա այսօր որոշակի խնդիր է լուծում, այսպես ասած, վերջին ակորդն է հնչեցնում արդեն «մայր մտնող», «մարող» Ազգային ժողովում: Հայտնի է, որ նախկին հետխորհրդային երկրներում «Լյուստրացիայի մասին» օրենքն անցկացնելու հարցում ավանգարդում է ԱՄՆ-ը: Եթե հաշվի առնենք, որ մինչև վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ի քաղաքացի էր, մնացած հետևությունները թողնում եմ ընթերցողին: Երբ բանը հասնում է ԿԳԲ-ին, ցանկացած մարդու երևակայություն սկսում է տենդագին գործել, խնդիրը հետաքրքրում է անգամ տնային տնտեսուհիներին: Խոսում են լյուստրացիայից, անմիջապես հիշատակվում է նաև «Ժառանգությունը», ասել է՝ օրինագծի հեղինակներն իրենց նպատակին արդեն հասել են:
-Նախաձեռնողները հիմնական նպատակը համարում են մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց բացահայտում: Ի՞նչ եք կարծում՝ Չարենցին, Բակունցին «լրտեսած» անձանց ինքնության բացահայտումը ժամանակավրե՞պ է:
-Լավ հիշեցիք Բակունցին ու Չարենցին, նրանց գործերը ես կարդացել եմ, բայց հիմա զերծ կմնամ մեկնաբանություններից: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայի մեջ Չարենցը որպես Չարենց պահպանվի: Ձեզ հակընդդեմ հարց տամ. օրինակ, ի՞նչ եք կարծում, Չարենցին կամ Բակունցին մատնող գործակալը քանի՞ տարեկան է:
-Գուցե ողջ էլ չէ:
-Հնարավոր է՝ թոռն է ողջ: Այսինքն, խոսում եք մարդկանց մասին, ովքեր 130 և ավելի տարեկան են: Ի՞նչ միտք ունի գյուղի «սելմագ»-ի դռանն այդ ցուցակը կպցնելը:
-Կարծում եք՝ արխիվների գաղտնազերծումը հանրությանը ոչինչ չի՞ տա:
-Հայաստանի Հանրապետությանը տալու է մեծագույն վնաս ու չարիք:
-Պարզաբանեք, ի՞նչ ասել է՝ վնաս:
-Եթե կարդանք այս օրենքի ներածականը, կտեսնենք, որ խնդրո առարկան է սովետական ԿԳԲ-ի հետախուզության, հակահետախուզության ու, ընդհանրապես, օպերատիվ հետախուզություն իրականացնող օղակների, գործակալների գաղտնազերծումը: ԽՍՀՄ տարիներին հետախուզության գործակալն ի՞նչ էր: Աշխարհի մնացած գործակալների համեմատ մերոնք եղել են ազնվագույն հայրենասեր քաղաքացիներ, որոնք անշահախնդիր աշխատել են: Եթե ԱՄՆ-ի գործակալը Բեյրութում ստացել է ամսական մի քանի հազար դոլար, ապա մեր գործակալն աշխատել է այն ժամանակ հանուն Սովետական Հայաստանի, հիմա էլ, եթե դեռ ապրում է՝ Հայաստանի Հանրապետության:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Որովհետև հայ է: Հիմա պետք է վերցնենք ու գաղտնազերծենք այդ մարդկանց անուն-ազգանունները: Ո՞Ւմ է դա պետք, մեզ հարկավոր չէ: Եթե այդ մարդն այն ժամանակ հանուն երկրի է աշխատել, այսօր էլ նույն կերպ է վարվում: Ասում են՝ կան մարդիկ, ովքեր հազարավոր մարդկանց ճամբարներ են ուղարկել. եթե նրանք կենդանի են, ուրեմն 100 և ավելի տարեկան են ու անիմաստ է նրանց անդրադառնալը: Իսկ այն մարդկանց՝ հետախուզության և հակահետախուզության գործակալներին, որոնք գործում են դեռ այն ժամանակներից, ես հայրենասեր եմ համարում:
-Նախագծի կողմնակիցները հայտարարում են, թե ովքեր դեմ են այս նախագծին, ուրեմն ժամանակին նման գործունեություն են ծավալել ու կողմ են լրտեսությանը:
-Այդ հիմարություններն ինձ չեն վերաբերում, որովհետև ինձ հայտնի են ինչպես ներքին գործերի գործակալների մեծամասնության անուն-ազգանունները, այնպես էլ ազգային անվտանգության: Եթե զբաղվել եմ մի բանով, ապա հավաքագրմամբ: Այդ ասողներից մի քանիսին էլ գուցե հավաքագրե՞լ եմ: Այդ մասին խոսում եմ շատ հանգիստ, որովհետև ես մյուս ծայրում եմ եղել: Այժմ քանի որ չեմ աշխատում, նրանց հետ շփում չունեմ:
-Նրա՞նք էլ են ազգային հերոս:
-Ոչ, բայց եթե նույնիսկ նրանց անունները հայտնվեն պատերի վրա, դավաճանություն կհամարեմ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ազգային անվտանգությունը դրանից հետո մի քանի տասնամյակ գործակալների ձեռքբերումից կզրկվի: Չկա գործակալի ձեռքբերում, հավաքագրում, վերականգնում, չկա օպերատիվ հետախուզական գործունեություն, այսինքն, երկիրը վտանգված է: Նորից հիշենք մեր հարևաններին, աջ կողմում՝ թուրք, ձախ կողմում՝ թուրք, մեջտեղում՝ փոքր Հայաստան:
-Ժողովրդական լավ ասացվածք կա. «Արջն իր ահից է գոռում»: Գուցե այս պարագայում է՞լ է այդպես:
-Իհարկե, միանշանակ ճիշտ եք: «Որքան բարձր կպոռամ Հայաստան, այնքան ուժգին կսիրեմ անոր»: Եթե ցանկանում եք հօգուտ Հայաստանի ինչ-որ բան անել, սկսեք բյուջեից: Անվտանգության աշխատակիցները (նկատի չունեմ այն խամաճիկներին, ովքեր հետապնդվում են ընդդիմությամբ) մեծ մասամբ զբաղված են ազգանվեր գործով, բարձրացրեք նրանց աշխատավարձը: Չի կարելի թույլ տալ, որ պետանվտանգության, ոստիկանության աշխատակիցը, սպան, որ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, ողորմելի աշխատավարձ ստանա, քարշ տա իր և իր ընտանիքի գոյությունը: Սա չի կարող երկար շարունակվել:
-Պետբյուջեն նրանց աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն ունի՞:
-Պետբյուջեն աղքատիկ չէ: Վերացրեք մոնոպոլիստական կապիտալիզմը, և մեր ազգի պաշտպաններն արժանապատիվ աշխատավարձ կստանան:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ