ԱՐԻՆԲԵՐԴԻ ՉՎԵՐԾԱՆՎԱԾ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ
Երևանի հարավարևելյան արվարձանում, ներկայիս Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արինբերդ բլրի ուրարտական սեպագիր 23 արձանագրություններից առաջինը 1879-ին է հայտնաբերվել: Հինգ տարի անց ռուս հնագետ Ա. Իվանովսկին նախաձեռնել է բլրի առաջին հետազոտությունը: Ռուս արևելագետ Մ. Նիկոլսկին խորացրել է Արևելյան Հայաստանի սեպագրերի ու հուշարձանների ուսումնասիրությունը: Պարբերական պեղումները, սակայն, սկսվել են 1952-ին (ղեկ. Կոնստանտին Հովհաննիսյան, գիտխորհրդատու` Բորիս Պիոտրովսկի):
18 տարիների բացահայտումներով, ի ցույց աշխարհի, հապճեպ խանդավառությամբ վերստեղծվեց բլրի գագաթին կառուցված Էրեբունի ամրոցի (մ.թ.ա. 782 թ.) կիսաքանդ պատերով միջնաբերդի երբեմնի հզորության ընդհանուր ուրվապատկերը: 1968-ին, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի հանդիսությունների նախօրեին, բլուր-հնավայրի ստորոտում, որտեղ երբևէ գտնվել էր Հին աշխարհին հայտնի ամենահարուստ մի քանի գանձատուն-թանգարաններից մեկը, բացվեց նորօրյա թանգարանի գլխավոր մասնաշենքը:
Փոխվեցին ժամանակները, անավարտ մնաց գլխավորին կից նախաձեռնված թանգարանային համալիրի երկրորդ շինությունը, անտերության մատնվեցին հատկապես «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերի պատմամշակութային շերտերը: Մի գերատեսչությունից մյուսին անցավ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ՊՀԱԹ) ճակատագրի տնօրինության իրավասությունը` 2010-ի օգոստոսի 19-ից հանձնվելով Երևանի քաղաքապետարանին: Չնայած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքների առատությանը, անհուսալի մնաց ՊՀԱԹ-ի մոտ 100 հա ընդհանուր տարածքի պաշտպանվածությունը: Այդուհանդերձ, չնվազեց հնագիտական գայթակղությունը:
Շենգավիթում` վաղ բրոնզի դարի ամենանշանավոր հնագիտական հուշարձանի տարածքում, 2000-ից պեղումներ անող հայ-ամերիկյան արշավախումբը (ղեկավար` Հակոբ Սիմոնյան) վերջերս գտավ ապակեգործության զարգացման նախանշան 5000-ամյա ուլունք: 2008-ից ֆրանսիացիների ու գերմանացիների մասնակցությամբ Էրեբունի ամրոցում ու հարակից բլրալանջին արվող երկամյա պեղումներով Արինբերդ հնավայրում գտնվեցին ուրարտական որմնանկարի և վան-տոսպյան մշակույթին բնորոշ երեք սափորների մնացորդներ, սալարկված փողոցների ու զոհարանի նոր հետքեր: Որոշակիորեն բարեփոխվեց համաքաղաքային աղբավայրի և գերեզմանոցի վերածված Կարմիր բլուրի տեղանքապատկերը:
Երևանի հնագույն բնօրրան միակ արգելոցային համալիրի տնօրինության ղեկը Աշոտ Փիլիպոսյանից երկու տարի առաջ ընդունած ճարտարապետ, Հայաստանի ԻԿՕՄՕՍ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) ՀԿ-ի (2001 թ.) հիմնադիր նախագահ ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ ունեցած առանձնազրույցում ներկայացնում է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ներկան:
«ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԱՅՍ ՔԱՐՆ ԻՐԵՆԻՑ ԻՆՉ ԱՐԺԵՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԱՅՆ ՊԱՏԸ` ԻՆՉ, ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԷԼ ՄՏԱՀՈԳՎԻ»
-Պարոն Գյուրջյան, երբ թանգարանի գիտաշխատող, երիտասարդ ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ շրջում էինք Արինբերդ բլրի պատմահնագիտական տեղանքով, Էրեբունի քաղաք-ամրոցի քիչ թե շատ բացահայտված կարևորագույն հանգրվաններում նկատեցի տասնյակ բացօթյա բացատրական ցուցավահանակներ: Մտաբերեցի բազմավաստակ մի հնագետի արտառոց գնահատականը։ «Գառնիի հեթանոսական տաճարից մինչև Նորավանք, Եղեգիս, Սելիմի լեռնանցք և այլուր թերարժեք բովանդակությամբ այդ հնգալեզու ցուցավահանակների տեղադրմանն օտարները զուտ լրտեսական նկատառումներով աջակցեցին,- պնդում էր հնագետը` վախվորած հրաժարվելով պատասխանատու այդ հայտարարության հանրայնացումից:- Նրանց «առատաձեռնությունից» շլացած` մենք իրականում ոչ թե նպաստում ենք հայկական պատմամշակութային հուշարձանների ճանաչմանը, այլ մեր իսկ ձեռքով ստույգ քարտեզագրում ենք ներկայիս Հայաստանը»։
-Աբսուրդ է: Անընդհատ դժգոհում էինք, որ մեր հուշարձանների տարածքում առանց ուղեկցողի հայտնված մարդը ոչ մի ինֆորմացիա չի ստանում: Ի վերջո, հովանավորչական ֆինանսական և տեղական մտավոր ռեսուրսներով, «Հայաստանի հուշարձանների ճանաչման ծրագրով» (ՀՀՃԾ) տեղադրվեցին աշխարհում վաղուց իրենց կարևորությունն ապացուցած այդ ցուցանակները: Ինչո՞ւ «սրտացավ դժգոհողներն» իրենք չփորձեցին հանձն առնել այդ դժվարին գործը: Ինչ-ինչ բացթողումներ, անշուշտ, կարող էին սպրդել: Սկզբունքային որևէ լուրջ թերացում, սակայն, չի եղել: Ճանաչողությանը նպաստելով` դրանք նաև հուշարձանների պահպանությանն են նպաստում: Երբ մարդիկ չգիտեն, թե այս քարն իրենից ինչ արժեք է ներկայացնում, այն պատը` ինչ, բնական է, որ դրանց պահպանությամբ չեն էլ մտահոգվի: Չեմ ուզում անուններ տալ, բայց ցավում եմ, որ ոլորտում քիչ թե շատ հայտնի մարդիկ են թերագնահատում «բացօթյա այդ պատմագիրքը»: Ըստ իս, մի պատճառով չարդարացան թվացյալ կլորիկ գումարը վաստակելու ոմանց հավակնությունները: Կոնկրետ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում եղած ցուցավահանակների օրինակով վկայում եմ, որ դրանց ճանաչողական նշանակությունը բարձր են գնահատում թե՛ այցելուները, թե՛ ուրարտագետները:
-Ամեն դեպքում, մեր պատմության հուշարձաններն այլազգի հնագետներին ու զբոսաշրջիկներին ավելի շատ են հետաքրքրում, քան մեզ` դրանց ներկա ժառանգներին: ՈՒրարտական քաղաքակրթության յուրացման մոլուցքով բռնված Թուրքիան, խոշոր ֆինանսական ներդրումների պատրաստակամության քողի ներքո, համառորեն սողանցք է փնտրում երեք հնավայրերում «ինքնահաստատվելու»: «Էրեբունիով» պարբերաբար հետաքրքրվում են ամերիկացիներն ու գերմանացիները, իտալացիներն ու ֆրանսիացիները, երբեմն-երբեմն էլ` հայերը:
-Դա գալիս է ընդհանուր վերաբերմունքից, հանրային անտարբերությունից հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նկատմամբ:
-Ըստ Ձեզ, զուտ մարդասիրակա՞ն նկրտումներ ունեն ՀՀՃԾ-ի այլազգի գործընկերները:
-Չմոռանանք, որ հայկական հուշարձանները համամարդկային մշակութային ժառանգության մաս են նաև: Համաշխարհային հանրության առաջադեմ հասարակական կառույցներին, իհարկե, ի թիվս այլոց, մտահոգում է նաև հայկականների պահպանությունը: Հիշո՞ւմ եք, երբ թալիբներն ավերեցին Բուդդայի արձանները, միջազգային հանրությունն ի՜նչ մեծ աղմուկ բարձրացրեց: Ինձ համար ցավալի է ամեն մի ժողովրդի մշակույթի կորուստը: Ա՛յս գիտակցությունը պետք է ներարկել ժողովրդին, ոչ թե մաղձոտ կասկածներով մթագնել ուղեղը: Վերջին տարիներին, հատկապես մշակութային ժառանգության ոլորտում, ազնիվ ընդդիմությունից խուսանավող հնարմատ մտավորականների հրահրմամբ, շրջանառվում են թերահավատություն արմատավորող վարկածներ: 37 թի՞վ ենք վերադառնում: Օրինակ, Իտալիայի պատվո հյուպատոսը 88-ի երկրաշարժի օրերից է հավաստել մեր հանդեպ ունեցած բարեկամական իր զգացումները: Ինչպե՞ս կարելի է ՀՀՃԾ-ին նրա ցուցաբերած օժանդակությունը խեղաթյուրել: Ի դեպ, ամբողջ Իտալիան է համամարդկային պատմամշակութային ժառանգություն հռչակվել, և այնտեղ վաղուց է հանդուրժողականություն արմատավորվել այլ մշակույթների հանդեպ: Մադրիդում էլ կան մավրիտանական, մուսուլմանական մշակութային շերտեր, որոնք հարգալից վերաբերմունքի են արժանանում: Մենք էլ հպարտությամբ ու սիրով պիտի ցույց տանք Երևանի Կապույտ մզկիթը` մեզ պատկանող մուսուլմանական մշակութային բացառիկ արժեքը:
-Չի՞ անհանգստացնում, որ նրա հարկի ներքո օտարի գաղափարախոսությունն է քարոզվում:
-Մենք էլ նրանց հողի վրա եղած հայկական եկեղեցիներում քրիստոնեական պատարագներ ենք իրականացնում: Սա էլ կրոնական հանդուրժողականության վառ օրինակ է: Դրդենք ուրիշներին, որ լրտեսական ցա՞նց գնահատեն հայրենիքից դուրս պատմականորեն գտնվող մեր եկեղեցիները: Երբ դու հարգում ես ուրիշների մշակույթը, քոնի հանդեպ առավել հոգատար է դառնում վերաբերմունքդ: Երախտամոռ հերյուրանք է նրանց օգնությունը լրտեսական խորամանկությանը վերագրելը: Այլ հարց է, թե մենք` տեղական պետական ու հասարակական մարմիններս, որքան ենք նպաստում սեփական ժողովրդի գիտակցական ներգրավմանը ազգային արժեքների պահպանման գործընթացում: Տեսնել էր պետք, թե մարդիկ ինչպես էին անհանգստանում հայկական խաչքարերը Լուվր տանելիս: Կան մարդիկ էլ, որոնք նույն խաչքարերի սրբատաշ քարերին «սրտագրեր» են փորագրում:
-Եթե նույնիսկ ոլորտի մի խումբ մասնագետներ չափազանցում են պատկան մարմինների մեղքի բաժինը, մենք ամեն օր, առանց Երևանից դուրս գալու նոր վանդալական ավերածությունների ենք ականատես լինում: Տասնամյակներով պատմամշակութային արժեք ճանաչված այս կամ այն շինությունը, ինչ-որ անպատժելի նորահարուստի քմահաճույքով, շուտափույթ փլուզվում է` ծառայելով սոսկ որպես հերթական հյուրանոցային համալիրի կառուցման տեղանք: Մտաբերենք, թեկուզ, հին Երևանի երկու-երեքհարկանի շենքերի հիմնահատակ ոչնչացումը:
-Ճիշտ է, հուշարձանի կարգավիճակն ունեցող օբյեկտը միաժամանակ քաղաքաշինական սուբյեկտ է, բայց պաշտպանված է ՀՀ օրենսգրքի մի շարք հիմնադրույթներով: Եթե քաղաքաշինական փաստաթղթերում նախապես պարզորոշ սահմանազատեին պատմամշակութային գոտիները, հին քաղաքի միջուկը կառուցելուց հետո միայն զարգացնեին նորաոճ շինարարական ծրագրերը, արտառոց ոտնձգությունները մեր պատմամշակութային արժեքների հանդեպ կբացառվեին կամ գոնե ժամանակին կկասեցվեին: Անկախ այն բանից, դրանք հանրապետական, թե տեղական նշանակության հուշարձաններ են ճանաչված կառավարության կողմից, պետականորեն անձեռնմխելի են համարվում: Եթե նույնիսկ մշակութային արժեք չունեն, պատմական նշանակությամբ են կարևորվում: Մի սեփականատիրոջից մյուսին են անցնում դրանք պահպանելու պարտականությունները: Եվ հատուկ վերաբերմունք են պահանջում տվյալ բնակավայրերի գլխավոր հատակագծերն ինչ-ինչ նկատառումներով վերանայելիս: Այս թեման չափազանց տարողունակ է, հիմնախնդիրներով ծանրաբեռնված, ինչպես և երեք տարբեր հնավայրեր միավորող «Էրեբունի» ՊՀԱԹ-ինը: Անկարելի է մի զրույցով համոզիչ սպառել: Համամիտ եմ, որ վտանգված է Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային ամբողջ ժառանգությունը: Իմ կարծիքով, գլխավոր պատճառը կառավարման արդյունավետ մեխանիզմի բացակայությունն է: Կառավարման ճիշտ մոդելի առկայության պարագայում միայն կարելի կլիներ կանխել կործանարար ոտնձգությունները:
-Խորհրդային տարիներին մինիստրների խորհրդին առընթեր, գործում էր լայն իրավասություններով օժտված Ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչություն, որն ընդամենը 120-հոգանոց աշխատակազմով կարգավորում էր հրատապ խնդիրները: Դուք աշխատել եք այդ համակարգում, երկար տարիներ ՀՀ մշակույթի փոխնախարարն էիք, ինչո՞ւ չկանխեցիք փլուզումը։
-Զուտ մասնագիտացված այդ կառույցն իներցիայով պահպանվեց մի կարճ ժամանակ, ապա կազմալուծվեց: Ներկայիս կառավարման մարմինը խիստ կարիք ունի վերափոխման, կայուն լծակների տիրապետության: Ի վերջո, յուրաքանչյուր հուշարձանի վերականգնման գործ լայնամասշտաբ գիտահետազոտական աշխատանքների խոշոր մի համալիր է, որը կարող է պատշաճ արդյունավետությամբ իրականացվել ծանրակշիռ փորձառության տեր մասնագիտական խմբերի փոխկապակցված, կուռ համագործակցությամբ: Հուշարձանները պահպանվում են ճիշտ օգտագործելով` պատմահնագիտական, զբոսաշրջության, ճանաչողական, թանգարանային, վերականգնողական և այլ նպատակներով: Եթե, օրինակ, ես հինավուրց մի գրատուն կամ պալատ օգտագործում եմ թանգարանային նպատակով, ավելի մտահոգ եմ նրանում նկատված թերությունների, անկանխատեսելի վթարների որակյալ վերացմամբ, մի խոսքով` լավագույն պահպանությամբ: Օգտագործելով, տեսակին հարիր կիրառության շրջանակների ընդլայնմամբ, կարելի է որոշակի եկամուտներ ունենալ, որոնք կուղղորդվեն նրա պահպանությանը: Ոմանց կարծիքով, ցանկացած հուշարձան, օրինակ` «Էրեբունի» արգելոց-թանգարանը, նրա համար է, որ գան, պտտվեն տարածքով, տրորեն փխրուն հողը, փչացնեն հում աղյուսի պատերն ու գնան: Իրենցից հետո պետությունը կամ որևէ մեկենաս միջոցներ կներդնի այցելության հետքերը վերացնելու համար: Ամբողջ աշխարհում կան հուշարձանների կառավարման ու օգտագործման փորձարկված մոդելներ, որոնց տեղայնացումը անհամեմատ կթեթևացներ առկա հիմնախնդիրների հաղթահարումը: Եգիպտական բուրգերը, օրինակ, այդպես են պահպանվում, ոչ թե փշալարե ցանկապատերով: Երկրներ կան, որոնցում գտնվող հուշարձանների հնագիտական պեղումներին մասնակցելու համար օտար մասնագետները պիտի վճարեն: Մեզ մոտ մինչ այժմ ճիշտ հակառակ մոդելն է գործում. վճարում ենք օտարերկրյա մասնագետներին, որ գան մեր հնավայրերում պեղումներ անելու: Մենք էլ նրանց արդյունքներով գիտական հոդվածներ ենք գրում և դժվարությամբ հրապարակում: Հիմա «Էրեբունին» քաղաքապետարանի ենթակայության կառույց է, միաժամանակ ՀՀ մշակույթի նախարարությանն է պատկանում: Խորհրդային ժամանակներում նույնիսկ պետշինի համակարգում է գտնվել: Տարիների փորձն ապացուցել է, որ ամենաարդյունավետն առանձին կառույցն է: Ինչպես, ասենք, տարածքային կառավարման ենթակայության տակ գտնվող ջրային տնտեսության պետական կոմիտեն: Տարբեր գերատեսչական համակարգերից ներկայիս բազմաստիճան կախյալ կարգավիճակն արգելակում է պահպանության գործընթացը: Միայն ինքնուրույն, անսխալ ընտրված բարձրակարգ մասնագետներով գործելով` հուշարձանների պահպանության գործակալությունն ի զորու կլինի ծառայելու իր կոչմանը: Հնագիտական ժառանգությունը չի կարող առանձնանալ պատմամշակութայինից, ճարտարապետականից: Առանձին-առանձին կարծես թե բոլոր անհրաժեշտ օղակներն ունենք` հնագիտական, վերականգնողական, պատմամշակութային միջավայրի պահպանության մի շարք այլ կենտրոններ: Այդուհանդերձ, պատմամշակութային ժառանգության ընթացիկ և կուտակված խնդիրները միջազգային նորմերով կարգավորելու համար դրանք ներդաշնակ համակարգված չեն, նույն խնդրի վրա աշխատում են անջատ-անջատ, առանց համաձայնեցնելու ձեռնարկած գործողությունները: Մինչդեռ մեկի արածը պիտի լրացնի մյուսին, շարունակի: Իհարկե, Հայաստանին շատ ավելի մեծ թվով հնագետներ են անհրաժեշտ: «Էրեբունու» տարածքում արդեն ձևավորել ենք մի փոքրիկ պեղավայր, որտեղ հաջորդ մայիսից իր դռները բացող պատանի հնագետների դպրոցի սաներն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք կբերեն: Մեր բացթողումների 80 տոկոսը, վստահ եմ, միակենտրոն համակարգմամբ միայն կարելի է վերացնել: Եթե ունեցած ժառանգության առյուծի բաժինը հստակ կանոնակարգված կառավարվի, շատ շուտով ամբողջ ոլորտը կներառվի մեկ ընդհանուր մեխանիզմի մեջ: Բազմիցս բարձրաձայնել եմ այս կառույցի ծայրահեղ կարևորությունն առանց որևէ հավակնության: Գուցե և առանձին անհատներ մեծ ջանքեր են թափում, բայց իրար հետ չշաղկապված մասնավոր ջանքերը չեն կարող ցանկալի տեղաշարժ ապահովել: Վերջերս հաճախ են, օրինակ, սեմինարներ կազմակերպում: Ես այսօր միայն գլխի ընկա, որ մեկ ամիս առաջ Գայանե Կազնատիի հետ պայմանավորվել էինք խեցեղենի և քարե հնագիտական գտածոների վերականգնման նույն իտալացի մասնագետի` Ելենա Ֆունջինիի ներգրավմամբ ինտերակտիվ դասախոսության մասին, որն այսօր քաղաքապետարանում է սեմինար անցկացնում:
-«Էրեբունու» բազայի վրա մեկ տարի առաջ ստեղծված որմնանկարների վերականգնման կենտրոնի մասնագե՞տ է: Կարծեմ, տեղի կադրերի առաջին խումբն արդեն վերապատրաստված պիտի լինի:
-Կենտրոնը, ըստ էության, դեռ չի էլ ստեղծվել: Կա որոշումը, տարածքը հատկացրել ենք, բայց գործնական լուրջ քայլեր դեռ չեն արվել: ՈՒզում ես` աշխարհի լավագույն մասնագետներին Հայաստան հրավիրիր, պատկառելի գումարներ տրամադրիր այս ու այն համաժողովի ու սեմինարի անցկացմանը: Եթե փոքր կղզյակներով ես դրանք կյանքի կոչում, արածդ ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի: Պետական օղակների տարանջատվածությունը ճանապարհ է հարթում պակաս կոմպետենտ խմբավորումների գործունեության համար: Առանձին նախաձեռնող խմբերը, ասենք, երիտասարդ վերականգնողներինը կամ Սամվել Կարապետյանի գլխավորած ՀԿ-ն, շատ լավ է, որ կան: Շատ լավ է, որ Ֆրանսիայի ՀԲԸ-ն աջակցում է մեր հուշարձանների պահպանության հիմնախնդիրների բարձրացմանը, փորձում մասնակիորեն կարգավորել: Ներկայիս իրավիճակում նրանց ակտիվությունը ողջունելով` չեմ կարող չնշել ոլորտից ոչ լիարժեք տեղեկացվածության և իրադրությունը ներկայացնելիս 1918-1988 թվականները շրջանցելու մասին («Արմենիակա» նախաձեռնության կարգի ակցիաները նկատի ունեմ): Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Հայաստանում ո՛չ հուշարձանագետներ կան, ո՛չ հնագետներ ու պատմաբաններ, ո՛չ ճարտարապետներ ու վերականգնողներ: Ո՛չ էլ եղել են: Երախտավորներին իսպառ մոռացել են: Ո՞վ է հիշում Մառին կամ Օրբելուն: Հեռուստատեսությամբ հաճախ են հնչում ոչ մասնագիտական կարծիքներ տարբեր պատմամշակութային կոթողների անմխիթար վիճակի մասին: Հրաշալի է, որ հանրության միտքը կենտրոնացնում են սեփական մշակութային ժառանգության վտանգվածության վրա: Սա իսկապես համազգային խնդիր է և միահամուռ հաղթահարման է կարոտ 90-ականներից ի վեր: Սակայն աններելի է, որ կամա-ակամա խառնելով ժամանակները, իրադրության հիմնավորումները տալիս են ոչ թե ոլորտի փորձառու մասնագետները, այլ ֆիզիկոսներն ու բժիշկները, իրավաբաններն ու պատմաբանները, բանաստեղծներն ու քաղաքական գործիչները: Կրկին զգալի է միակենտրոն լուրջ կառավարման բացակայությունը: Մեկը մյուսից անտեղյակ, առանձին գործող մի շարք վաստակաշատ մասնագետներ էլ են ընդհանուրի թերիմացությամբ պարարտ սնունդ տալիս բամբասանքներին:
«ՀԻՄԱ, ՓԱՍՏՈՐԵՆ, 1968-ԻՆ ՎԵՐՍՏԵՂԾՎԱԾ «ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԷԼ ՉԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ»
-Ասում են, իբր, դեռևս խորհրդային տարիներին փորձեր են արվել «Էրեբունու» հայկական արմատները բնաջնջելու` «կրիայով» հողին են հավասարեցվել ամբողջական կարասները, «Սուսի» տաճարի մի պատն են «թաքցրել» ու, Բորիս Պիոտրովսկու գիտական ղեկավարությամբ, փնտրել ՈՒրարտուի ոչ հայկական պատկանելության հիմնավորումներ:
-Պիոտրովսկին Էրեբունիում չի աշխատել, Կարմիր բլուրում է պեղումներ արել: Մեր ոլորտում անիմաստ է որևէ բան թաքցնելը: Կան գիտական ուսումնասիրության կարոտ պեղածոներ: Էրեբունու պարագայում, բարեբախտաբար, տաճարային հատվածն ամբողջովին կուսորեն պահպանվել է: Վերջին չորս տարիներին արված բացահայտումներով ամրոցի հողատարածքի ներքին շերտերում գտնվեցին ուշագրավ արժեքներ, որոնք վկայում են, որ Արինբերդը չվերծանված շատ առեղծվածներ ունի: Ճիշտ է, կարասային սրահում և տնտեսական մասում խորհրդային տարիներին հապճեպորեն են արվել վերստեղծման, վերանորոգման, ոչ վերականգնման աշխատանքները։ Արագորեն վերստեղծվել են միջնաբերդի հիմնական մասը` Խալդի տաճարը, Արգիշտիի պալատը և ներքին պատը` «Սուսի» տաճարով: Մնացած հատվածներում եղած պատերն են վեր բարձրացրել ցեմենտ-ավազի շաղախով: Շտապողականությունից էլ առաջ են եկել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ցայտուն հետևանքները: ՈՒրարտական ճարտարապետությունը փայտային մեծ կիրառությամբ է աչքի ընկել նաև: Սյուները, ծածկերը, սրահները, պալատի մանրահատակները փայտից էին: Մութ ու ցուրտ տարիների ամենաթողության պայմաններում փտած փայտի մեծ մասը շրջակա բնակչությունը վառեց-ոչնչացրեց: Հիմա, փաստորեն, 1968-ին վերստեղծված «Էրեբունին» էլ չի պահպանված: Մոտ 400 մլն դրամ է հարկավոր, մինչդեռ ՀՀ մշակույթի նախարարության վերջին տարիների ընդհանուր հատկացումները ամբողջ ոլորտին 215 մլն դրամը չեն գերազանցում։ Շուտով վերջապես կստանանք այս հնավայրին հատկացված մոտ 30 հա տարածքի վկայագիրը, կցանկապատվի բլրի այդ հատվածն անկանոն մարդկային կամ այլ վտանգավոր հոսքերից: Ի դեպ, միջնաբերդը զբաղեցնում է 3 հա և ենթակա է հնագիտական լուրջ աշխատանքների, քանի որ համատեղ արշավախմբերի մասնակի գործունեությամբ նույնիսկ անհամար հետաքրքիր բացահայտումներ են եղել, որոնք ամբողջացվելու, լրացվելու կարիք ունեն: Այս պահին ավելի կենտրոնացած ենք միջնաբերդի` Երևանի ակրոպոլիսի վրա: Մտադիր ենք ամֆիթատրոն ստեղծել։ Հանդիպակաց բլրից լազերային տեխնիկայով հանրությանն Էրեբունու լեգենդը պարբերաբար մատուցել երեք լեզուներով կազմված կեսժամանոց տեսանյութի գիշերային հեռարձակումներով: Հիմա արդեն միջազգային նորմերով պիտի ստույգ վերականգնենք հնավայրը` ջանալով վերացնել նախկին թերությունները: Կարասային սրահը նույնպես մտադիր ենք վերականգնել, որպեսզի տեսանելի լինի իրական կիրառությունը: Ապավինելու ենք միայն լավագույն մասնագետներին` հուսալով, որ մեր պետությունը կգիտակցի փոքր Հայաստանի տարածքում գտնվող մեծաթիվ գանձերի ճիշտ պահպանման անհետաձգելի կարևորությունը թեկուզ զբոսաշրջությունը զարգացնելու և երկրի գանձանակը հարստացնելու տեսակետից: Հեղինակավոր մասնագետների երկարամյա փնտրտուքներով այնպիսի արժեքավոր պեղածոներ են հայտնաբերվել, որոնք հիմա աշխարհի թանգարաններից շատերի զարդն են համարվում:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ