ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ (Կենտրոնական բանկի նախագահ)
-Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, ինչը տնտեսագետների տարբեր գնահատականներին է արժանանում: Որպես ԿԲ ղեկավար` ո՞րն է Ձեր բացատրությունը:
-Ի հեճուկս տարբեր հայտարարությունների, մենք վարում ենք ազատ լողացող կուրսի քաղաքականություն, և կա սեզոնայնություն: Ամռանը սովորաբար լինում է դրամի ուժեղացում, իսկ այս սեզոնին, երբ ներկրողներն սկսում են ապրանքներ ներկրել, փոխանցումներ են անում: Այս պարագայում, եթե կտրուկ տատանում չի լինում, մենք չենք միջամտում:
-Կտրուկ չի՞ կարելի համարել մեկ ամսում դոլարի այսչափ «ուժեղացումը»:
-Ոչ: Կտրուկ կլիներ, եթե մեկ-երկու օրում բարձրանար: Բայց եթե աստիճանաբար է դրամն արժեզրկվում, տնտեսության համար խնդիր չի առաջացնում: Իհարկե, սա մի կողմից վնաս է ներկրողներին, սակայն, մյուս կողմից էլ, հօգուտ արտահանողների է: Առևտրային բանկերին էլ է ձեռնտու, երբ վիճակը կայուն է, մեզ էլ:
-Սակայն ապրանքների գներն են աճում:
-Այո, համապատասխանաբար գների աճ է լինում, բայց դա բերում է նաև «լագի»: Գնաճի հետ որևէ խնդիր չունենք: Տարվա սկզբից ունենք ընդամենը 0,9 տոկոս գնաճ, 12 ամսվա կտրվածքով՝ 5,7 տոկոս: Եթե հետևեք նախորդ տարիների դոլար-դրամ փոխարժեքին, իհարկե, միջազգային տարբեր զարգացումներ իրենց ազդեցությունն ունենում են, սակայն մեր տնտեսությանը բնորոշ են և՛ գնաճի սեզոնայնությունը, և՛ անկումը: Անհանգստանալու որևէ խնդիր չկա, տարաբնույթ հայտարարություններն էլ անհիմն են: Մեր քաղաքականությունը բավականին թափանցիկ է, և ամեն շաբաթ հայտարարում ենք` ինչ է կատարվել արտարժութային բորսայում, ինչ գործարքներ են եղել:
-Հնարավո՞ր է` մինչև տարեվերջ դոլարը, չասենք կտրուկ, բայց մեծ աճ արձանագրի:
-Չեմ կարող ասել, բայց դրա տակ որևէ տնտեսական հիմք չկա: Այդպիսի բան հիմա ես չեմ նկատում: Երկրորդեմ, մենք հետևում ենք, որ կտրուկ տատանում չլինի: Երկու ուղղությամբ էլ կտրուկ տատանումը կանխելու ենք:
-Տնտեսագետները, հատկապես ընդդիմադիր դաշտում աշխատող, Ձեզ պարբերաբար քննադատում են՝ ընդհուպ մինչև անձնական վիրավորանքներ: Ծանր չե՞ք տանում:
-Եթե դրանք առնչվել են կոնկրետ ինձ կամ իմ աշխատակիցներին, դրանց պատասխաններ տրվել են: Բայց երբ այս կամ այն թերթը հղում է անում ինչ-որ մեկին, չեմ կարծում, թե պիտի իջնել այդ մակարդակին ու պատասխանել: Եթե մարդիկ խնդիր ունեն մեր քաղաքականության, իմ աշխատանքի հետ, պատրաստ եմ խնդիրը քննարկելու նրանց հետ: Եթե վիրավորում են իմ աշխատակիցներին, ընդունված ձևերով մշտապես պաշտպանելու եմ և անգամ դիմելու եմ դատարան: Բայց երբ թերթերում գրում են, թե իմ ծնողները լոռեցի են, սակայն այդպես չէ, գրում են՝ ինչ-որ մեկի հարսանիքն եմ արել, այնինչ ունեմ մի աղջիկ, որը դեռ 14 տարեկան է, այդպիսի հրապարակումներին անլուրջ եմ վերաբերվում, ավելի շուտ` հումորով: Իսկ եթե փորձեն իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ոչ թե կպաշտպանվեմ, այլ, վստահեցնում եմ, օրինական, կոշտ ձևով կգրոհեմ:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ