Արցախի ինքնասպանության չորս հնարավոր տարբերակ կա.
1. Կանխելը, թույլատրելը, որ Արցախում արտաքին, արևմտյան ուժերի կողմից կառավարվող, ուղղորդվող անձինք, կազմակերպություններն ԱՀ բնակչության առավել զգացմունքային, գրգռված, ծանր վիճակում գտնվող, սթափությունը կորցրած ու ծայրահեղ տրամադրություններ ունեցող հատվածին հանեն ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, տանեն նրա հետ բախման կամ Արցախից նշված զորակազմի հեռանալու և նրանց այլ ուժերով փոխարինելու պահանջ ներկայացնեն, ի վերջո, բանը հասցնելով Արցախի Հանրապետությունից ռուսական խաղաղապահ զորակազմի հեռանալուն:
Վերոնշյալ քայլի իրականացման համար կարող է օգտագործվել ռուսական խաղաղապահ զորակազմից ԱՀ բնակչության մի մասի շրջանում առկա դժգոհությունը՝ կապված նրա հետ, որ ռուսական խաղաղապահներն առ այսօր չեն վերացրել Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակումը: Չեն վերացրել, որովհետև օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել (նշված պատճառներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ), մինչդեռ դա ոմանց կողմից կեղծիքով, ոմանց կողմից անգիտությամբ պայմանավորվում է ոչ թե չկարողանալով, այլ ռուսական խաղաղապահ զորակազմի, ի վերջո, Մոսկվայի չցանկանալով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ Արցախի բնակչության մի մասը կարող է հանվել նաև նրանց դեպի Քաշաթաղի (Լաչինի) միջանցք ուղղորդելով՝ իբր այն ադրբեջանցիների արգելափակումից բացելու համար, դրա ներքո թաքցնելով խաղաղապահ զորակազմի հետ նրանց ընդհարման տանելու բուն նպատակը:
2. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սպառազինությունը, մասնավորապես, ծանր զինտեխնիկան Արցախից հանելը, ԱՀ- ն անպաշտպան դարձնելը և Ադրբեջանի ԶՈՒ-ին առանց որևէ դժվարության, պատերազմի, առանց մեծաթիվ զոհերի, Արցախ մտնելու հնարավորություն ընձեռելը, քանի որ եթե Արցախ մտնող Ադրբեջանի զինված ուժերի և Արցախում գտնվողների միջև լուրջ բախում և Արցախի բնակչությանը պաշտպանելու առանձնակի անհրաժեշտություն չլինի, ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը համարելով, որ նշված զորակազմն Արցախում այլևս անելիք չունի, կարող է նրան Արցախից հանել: Թե դրանից հետո ինչ կկատարվի, կարծում ենք, մեծ երևակայություն պետք չէ հասկանալու համար:
3. ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի կողմից Ադրբեջանի նախագահի կամ Ադրբեջանի որևէ այլ պաշտոնյայի հետ բանակցելուն համաձայնելը, քանի որ դրանից որոշ ժամանակ հետո Ադրբեջանական կողմը շինծու կերպով նրան կամ Արցախի ղեկավարությանը մեղադրելու է, թե վերոնշյալ բանակցությունների արդյունքում ձեռք բերված այս կամ այն պայմանավորվածությունը նրանց կողմից խախտվել է, դա պատրվակ է ծառայեցվելու Արցախ ներխուժելու և Արցախի բռնազավթումը «միջազգային հանրություն» կոչվածին պայմանավորվածության «խախտման» հիմքով հասկանալի դարձնելու համար:
4. Արցախում ներքին բախումը, որն Ադրբեջանին կգայթակղի, ավելին՝ հնարավորություն կտա իր համար այդ հարմար պահին ԱՀ ներխուժելու համար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ