Սկիզբը՝ այստեղ
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ 37-ՐԴ
(կամ` ինքնավստահ մեծամտությամբ գերհագեցած «շենշող տգիտության» բացառիկ գլուխգործոց)
Երկուսը մեկում` և՛ «կրթող», և՛ «կթող»
ՈՒզենք, թե չուզենք պարտադրված ենք ո՛չ միայն լսելու, այլև կարդալու «հայտնի» տիկնոջ ո՛չ պակաս հայտնի Reels-ի գրավոր շարադրանքն առանց որևէ միջամտության:
Տիկնոջ անու՞նը:
Տվյալ պարագայում, «հայտնի» բնորոշումը և՛ անուն է, և՛ հայրանուն, և՛ ազգանուն: Եթե կուզեք` անգամ «բարձրագույն» կոչում:
Հայաստանում ուրիշ ո՞վ կարող է «հայտնի» լինել:
Նա միակն է, անկրկնելին, անչափելին ու անընդգրկելին:
Տգետներին «նորաձև» կրթող է:
Գործարարներին «նորաձև» կթող:
Ամե՛ն ինչից գլուխ հանող:
Զուգահեռ էլ` պատմաբան է, գրականագետ, լեզվագետ, և այս ամենին համընթաց նրբին «սիրագետ» ու ռազմական գործի հզոր մասնագետ:
Ինչ է հասկանում պաշտպանությունից ու բանակի՞ց:
Սխալ հարցադրում է:
Նա դեռևս 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ էր նախապատրաստվում իր որոշիչ դերին` գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն իրականացնելուն:
Զենքն ամուր գրկած դաշտեր ու ձորեր էր հատում, քար-քռայի մեջ սողալով կրծքերն ու ծնկներն արյունլվիկ անում:
ՈՒ թե չզսպեին, լեզուն դուրս գցած կհասներ մինչև Սասուն, կմտներ Վան, Մուշ , Ալաշկերտ, Արդահան…
Չթողեցին, մարեցին տիկնոջ էնտուզիազմը, նաև նպատակասլաց ընթացքը:
Այլապե՜ս… հանդիպած շնչավոր-անշունչ իրենով կաներ, առանց որևէ կրակոցի, ամեն ինչ գրավելով կհասներ մինչև Կասպիականի ափեր:
Մեհրիբանի հետ էլ այս կամ այն քուչում թաքուն հանդիպելու փոխարեն, աշխարհի աչքի առաջ մուղամ կլսեր և կվայելեր անձամբ Իլհամի մատուցած «չայը»:
Կշահեինք մենք, կտուժեր…
Չէ՛, չլինելու բան էր: Կտապալվեր նախնական ծրագիրը, հանուն որի իրականացման իրենց բերել-«տնկել» էին մայրաքաղաքի սրտում:
Մի փամփուշտ անգամ չկրակելով, որ վերցներ Բաքուն, Արցախն էլ ու՞մ հանձնեին, մերօրյա եղեռնը ո՞նց գլուխ բերեին, ի վերջո, տերերին ի՞նչ պատասխան տային: Իրենց կգլխատեին` տնով-տեղով, ողջ պիղծ ցեղով:
Կարճ ասած`պատերազմից առաջ համընդգրկուն ուսումնասիրել էր ռազմարվեստի երեք հիմնական բաղկացուցիչների` ռազմավարության, օպերատիվ արվեստի և մարտավարության հիմնական դրույթներն ու նախնական սկզբունքները:
Որոնք և ամբողջ ծավալով հետագայում 44 օր առարկայորեն «կիրառեց» պատերազմական տարբեր դրվագներում:
Տիկինն այնպիսի խորությամբ էր տիրապետում ոլորտի
նրբություններին, ցամաքում, օդում, ապրիորի նաև ծովում, անգամ տիեզերքում մարտական օպերացիայի նախապատրաստման-վարման տեխնիկային ու տակտիկային, որ, ըստ «օդից կախվածների», նույնիսկ մտադրվել էր երկրի վարչապետի աթոռն իրենով անելուց հետո, չեղարկել 2007-ին Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ կյանքի կոչված «նախկին» հրամանագիրն ու նորը ստորագրել ՀՀ ռազմական դոկտրին հաստատելու մասին:
Զուգընկերոջ օրինակով ամեն ինչ «զրո կետից» սկսող տիկնոջ «վարդապետությունը» կդառնար երկրի անվտանգության բնագավառում պետության քաղաքականության յուրօրինակ հռչակագիրը, սահմանելով պետության, հատկապես, զինված ուժերի պատերազմին նախապատրաստվելու ուղիները, մարտական գործողությունների վարման եղանակներն ու ձևերը:
Սակայն երբ կապիտուլյացիան բացահայտեց, որ արյան գետերի ու տիեզերաչափ կորուստների պատճառը ո՛չ թե իր և զուգընկերոջ ծախվածությունն է, դավաճանությունն ու անտեղյակությունը ռազմական գործից, այլ ժողովրդական զանգվածների համատարած տգիտությունը, տիկինը որոշեց փոխել գործունեության ասպարեզը:
Այս անգամ էլ ոտով-գլխով, մարմնազանգվածի մյուս բոլոր մասերով սկսեց պայքարել հանուն ա՛յն լուսավորության, որը, ըստ իր պնդման, հազարամյակների ճանապարհ անցած Հայաստանը երբե՛ք չէր ունեցել:
Ավելին` «քարից հաց քամող» հայ ժողովուրդը, ինչպես պնդում է սույն առարկան, հարյուրամյակների հերթափոխում կերպարանափոխվել ու վերածվել էր սպառող հանրության, որը համատարած մթի և ունայնության մեջ մի կերպ հասել էր 21-րդ դար հավատով-հույսով, որ առերեսվելու է հզոր «կրթատիկնոջ» հետ և, ի վերջո, լուսավորվելու է:
Որքան էլ տխուր է, նա զինված ուժերից ինքնակամ հեռացավ ու «գնաց մենակ», առանց գեներալիսիմուսի բարձրագույն զինվորական կոչման:
Իսահակյանի ասած` ապիրատ աշխարհ, ուր միշտ էլ անտեսվում են մեծ նախաձեռնություններն ու կատարված հզոր գործերը:
Մի գեներալիսիմուս ասվածն ի՞նչ է, որ խնայում եք, թեկուզ և հետմահու, ներողություն, հետին թվով, համառորեն չեք կախում նրա սիրառատ լանջից:
Մի՞թե տիկնոջից առավել են եղել այդ տիտղոսին արժանացած անցյալի զորավարները:
Դիցուք, Սուվորովը կամ Ստալինը:
Պատերազմի ընթացքում նրանք էլ են մեկ կամ մի քանի բանակներ ղեկավարել մերօրյա «լուսավորիչն» էլ:
Ի վերջո, չի կարելի այդքան ապերախտ լինել ու անտեսել, թե ինչպիսի անձնազոհությամբ զուգընկեր, երեխաներ, խոհանոց, վարսա-դիմահարդարում, շքեղ զարդեր ու ավտոմեքենա մոռացած, արցախյան վերջին պատերազմի սկզբից ևեթ վտիտ ուսերին վերցրեց «բարոյական աջակցի» պատասխանատու և այնքա՜ն ծանր դերը:
Գլխին քաշեց կամուֆլյաժը, կապեց պատրոնդաշը, ծուռ դրեց փափախը, ոլորեց բեղերը (չէ՛, էս մեկը չեղավ, զրպարտություն է, բեղ չկա), վզից կախեց «Կալաշնիկովը», սեփական նախաձեռնությամբ ստանձնեց գերագույն գլխավոր հրամանատարի պարտականություններն ու ինքնակամ խցկվեց բունկեր:
Եվ համառորեն դուրս չեկավ մինչև… ջախջախիչ պարտություն:
Տեղին հարց է` այդքան բարեմասնություններ և հմտություններ միատեղած տիկնոջ հրամանատարությամբ, այնուամենայնիվ, ինչու՞ չհաղթեց հայոց բանակը:
Որովհետև չկայացած գեներալիսիմուսը բնավորության մի շատ վատ գիծ ուներ` ազատ պահերին «Էրատո» ջոկատի գլուխն անցած, հակառակորդին վնասազերծելու փոխարեն, «գրոհում-չեզոքացնում» էր մեր իսկ ռազմական էլիտային:
Առակս զինչ ցուցանե՞:
Անվերապահ պարտության ու կապիտուլյացիայի է դատապարտված այն հանրությունը, որը չունի հայրենատեր ու հայրենասեր ռազմական էլիտա:
Չունե՛նք:
Արդեն յոթ տարի է:
Ինչ ունե՞նք:
Հարցին տիկնոջից լավ ո՛չ մեկն էլ չի կարող պատասխանել:
Վերջապես լսենք նրան:
«Մենք ունեցել ենք մեր պատմության ընթացքում ամեն ինչ:
ՈՒնեցել ենք գիրը, գրականությունը, ունեցել ենք պատմիչներ:
Մենք ունեցել ենք թագավորություններ, ունեցել ենք ապստամբություններ, ունեցել ենք պատերազմներ, ունեցել ենք հաղթանակներ, ունեցել ենք պարտություններ:
ՈՒնեցել ենք հանճարնե՜ր, ունեցել ենք տաղանդնե՜ր, ովքեր աշխարհի ընթացքն են փոխել, տարբեր երկրներում են եղել:
Մենք ամեն ինչ ունեցել ենք:
Եվ իմ խորին համոզմամբ, մենք չենք ունեցել լուսավորության դարաշրջան:
Դարաշրջան, հարյուրամյակ կամ ամյակներ, երբ որ կրթվելն ա եղել, լուսավորվելը եղել ա մեր համար առաջին բանը, հերթը դրան երբևէ չի հասել:
Շատ այլ կենսական խնդիրներ ենք ունեցել և ևերբևէ չենք կարողացել դա կազմակերպել ինքներս մեզ համար:
Ես մեզ առաջարկում եմ սկսել էդ դարաշրջանը էսօր 21-րդ դարում» (https://www.facebook.com/reel/486542781186520):
Ինքնավստահ մեծամտությամբ գերհագեցած «շենշող տգիտության» բացառիկ գլուխգործոց:
ՈՒնայնախոսության ինքնատիպ նմուշ` հրամցված ձեռքերի գլխապտույտ առաջացնող վարուվերումներով, դեմքին անշարժն անգամ շարժելով, թլվատ լեզուն ասես ծամելով ու մերթ ընդ մերթ բերանի խոռոչից դուրս գցելով:
Reels-ի, շնչասպառության հասցնող, 59 վայրկյան` անպատկառ եղերախաղի տիրույթում:
Անգիտությունն ու տհասությունը որպես բարձրագույն ճշմարտություն հրամցնող խայտառակ ակնթարթներ հայոց ոսկեդարն ու լուսավորիչներին «ջնջելու» -փոշիացնելու խեղաթյուրված համայնապատկերին:
Լակոնիկ բնութագրումը` «ունեցել ենք» բայն անցյալ վաղակատարով ուղիղ 13 անգամ թութակող զրպարտանք-դատարկաբանություն:
Ամենայն հավանականությամբ, մտքի գաճաճ հրամանատարուհին հպանցիկ ակնարկ է լսել կրկնաբանության մասին:
Թերևս, ինչ-որ մեկն ինտիմ մի պահի ականջին շշնջացել է` այդ հնարքը խոսքին հուզական երանգ հաղորդելու ոճական արտահայտչամիջոց է:
Ինչն իրենց ստեղծագործություններում վիրտուոզ են կիրառել հայոց շատ մեծեր:
Նպատակադրված կրկնել են որոշ բառեր ու դարձվածքներ իրենց խոսքի իմաստային կարևորությունն ընդգծելու նպատակով:
Անհայտ այդ մեկը, սակայն, երանության գրկում մոռացել է շշնջալ սրա ունկին` նույնաբանության անիմաստ կիրառությունը բառապաշարի աղքատության ու նաև անգրագիտության նշան է, որ էժանացնում է խոսքը, վերածում ոճական ճապաղության, դարձնում ձանձրալի ու հոգնեցուցիչ:
Որքան ուզում ես կրկնիր «ունեցել ենք» բառը, միևնույն է, չի՛ դառնա «Անքնություն».
«Դոփու՛մ են, դոփու՛մ են, դոփու՛մ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին»:
Եվ ո՛չ էլ «Մարիոնետ» կդառնա.
«Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին»:
«Խմբապետ Շավարշ» էլ չի դառնա.
«Այն ի՞նչ Էր, ի՞նչ Էր, ի՞նչ Էր. ցնո՞րք Էր, զառանցա՞նք, տե՞նդ»…
Տիկի՛ն քողընկեց, ինչ ու ինչքան ուզում ես կրկնիր, զառանցիր չես կարողանա ջնջել հայոց ստեղծարար, լուսավոր անցյալը:
Քո ապականված-հիվանդագին մտքերի խառնափնթորում չես թաղի մեր անցյալի հզորներին, լուսավորիչներին, հայոց ոսկեդարն ու քերթողներին: Որոնցից մեկի «Ողբը» խտտած ընկել ես քուչեքն ու որտեղ ականջ ես գտնում, սկսում ես քո ողբաբայաթին:
Խնայի՛ր ձայնալարերդ, դեռ կգան հատկապես քո բայաթի կանչելու, մտերիմներիդ սև բախտը սգալու ժամանակները:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)