«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Չորս արծաթ, երկու բրոնզ. շա՞տ է, թե՞ քիչ

Չորս արծաթ, երկու բրոնզ. շա՞տ է, թե՞ քիչ
13.11.2012 | 11:57

Ավարտվեցին ծանրամարտի ուսանողական համաշխարհային երրորդ խաղերը, որին Հայաստանի ընտրանին մասնակցեց ամբողջական կազմով: Մեդալների թվաքանակի առումով ավետյաց երկիրն առատաձեռն եղավ մեր ծանրորդների համար: Նվաճեցինք չորս արծաթե, երկու բրոնզե մեդալ: Ասել է թե` ութ մարզիկից լոկ երկուսը չճաշակեց մրցանակային եռյակում գտնվելու քաղցրությունը: Կարծես թե վատ ցուցանիշ չէ: Վերապահումն ընթերցողին հարկավ կարող է զարմացնել` հանդիպակաց հարց-ճշգրտումով` լավն էլ ուրիշ ի՞նչ կերպ է լինում:

Մինչև պատասխանելը, մեդալային ելույթի կապակցությամբ նախ ուզում եմ շնորհավորել մեր ծանրորդներին ու միանգամից անցնել բուն գործին` ասելով` լավը լավ էլ ուրիշ կերպ է լինում:
Այդ թվում և` ավելի քիչ մեդալների պարագայում:
Սակայն մրցունակ արդյունքներով:
Այստեղ օբյեկտիվորեն նորից կարող է հարց հնչել` եթե մրցունակ արդյունքներ չէին, այդ ինչպե՞ս այդքան մեդալ շահեցինք:
Պատասխանում եմ` մրցունակ էինք ուսանողական խաղերի համար, որի մարզական նշանակությանը, ի դեպ, շատ երկրներ առանձնակի կարևորություն չեն էլ տալիս, տալու դեպքում էլ այլ նպատակ են հետապնդում` փորձարկում են մոտակա ռեզերվը: Սակայն եկեք ուրիշներին թողնենք իրենց ձգտումներն ու նպատակները, դառնանք մեր խնդիրներին:
Եվ այսպես` ի՞նչ կազմով էինք գնացել, ի՞նչ խնդիրներ էինք հետապնդում, ի՞նչ անպարզ հարց ունեինք, որ պարզեցինք, եթե այս ամենը, ռուսի ասածի պես, սոսկ показуха չէր` ամբողջության մեջ հայկական ծանրամարտի (հասկանալի է` մեծահասակների ծանրամարտի) գրեթե հիմնովին ձախողված մարզական տարվա տխուր տպավորությունը քիչ թե շատ մեղմելու, տարեվերջյան հաշվետվության մեջ հնարավորինս ներկայանալի լինելու համար:
Հայաստանի ուսանողականը ներկայացված էր Սմբատ Մարգարյան, Վանիկ Ավետիսյան, Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վահրամ Գևորգյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան, Անդրանիկ Հովհաննիսյան կազմով: Յուրաքանչյուրին դիտարկենք առանձին:
ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ (56 կգ, 19 տարեկան): Այս մարզիկը շատ վաղ դրսևորեց իրեն` հասցնելով նույնիսկ Եվրոպայի փոխչեմպիոն դառնալ մեծահասակների մեջ (2010 թիվ, 255 (109+146) կգ արդյունք): Արդեն այն ժամանակ խոսելով Սմբատի հսկայական պոտենցիալի մասին, հավաքականի լուսահոգի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը նշում էր մարզիկի հետ նպատակադրված անհատական աշխատանք տանելու, նախկինից եկած վնասվածքները բուժելու, տեխնիկայի մեջ եղած թերությունները շտկելու, պատանեկանից հասուն տարիք անցումը սահուն կազմակերպելու, նոր քաշային կարգ տեղափոխելու անհրաժեշտությունից, որոնք օգնելու էին Սմբատի մարզական որակները նորովի բացահայտելուն, ժամանակի մեջ մրցունակ մնալուն: Անցել է երկու տարի, մարզիկը չի կարողանում մոտենալ 2010-ի իր արդյունքին անգամ, աճող օրգանիզմի պայմաններում դեգերում է 56-ից 62, 62-ից 56 կգ քաշային կարգերում, ու պարզ չէ, թե վերջն ինչ է լինելու: Այո, տղան այս մրցումներից վերադարձավ բրոնզե մեդալով, սակայն ցույց տված 231 (100+131) կգ արդյունքով նրան աշխարհի՞, թե՞ Եվրոպայի առաջնություն ենք տանելու, որտեղ մրցանակային տեղերի համար բարձրացվող բոլորովին այլ կիլոգրամներ են պահանջվում (ծայրահեղության մեջ չմեղադրվելու համար համեմատություններն անում ենք բրոնզե մեդալակիրների արդյունքների հետ). աշխարհ` 286 կգ (օլիմպիական տարում աշխարհի առաջնություն չի անցկացվում), Եվրոպա` 257 կգ:
ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ (69 կգ, 25 տարեկան): Այս մրցումներից նա էլ վերադարձավ բրոնզե մեդալով` երկամարտում ցույց տալով 315 (142+173) կգ արդյունք: Սրանից մի քիչ ավելի կիլոգրամներով, կախված նրանից` ուժեղագույնները կլինեն, թե ոչ, Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղի հավակնություններ, իհարկե, կարող ենք ունենալ, բայց ոչ երբեք աշխարհում, որտեղ, օբյեկտիվ լինենք, Ասիա աշխարհամասն ընդհանրապես ոչ մեկին շնչելու տեղ չի թողնում: Այս մարզիկի պարագայում ցավն ուրիշ բանում է` թիկունքում արդեն ունի մեծահասակների երկու Եվրոպա (2011 թ.` 6-րդ տեղ-312 կգ, 2012 թ.` 4-րդ տեղ-316 կգ), մեկ աշխարհ (2011 թ.` 0), սակայն մեդալային հավակնությունների համար միշտ ինչ-որ բան չի բավականացնում:
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ (77 կգ, 27 տարեկան): Որքանով տեղեկացված ենք, նրա նվաճած արծաթե մեդալն (333=149+184) առաջինն էր կյանքում: Նկատի ունենք միջազգային մրցահարթակը: Սամվելի առնչությամբ խոհեմաբար պահպանենք հարաբերական լռություն, քանի որ մարզիկն այստեղ առաջին անգամ էր հանդես գալիս իր համար նոր քաշային կարգում: Թե մոտակայում ի՞նչ աճ կունենա, դժվար է ասել, սակայն քաշային այս կարգում մեր թիկունքը որոշակիորեն ամուր է Տիգրան Մարտիրոսյանի հաշվին, ինչպես որ քիչ թե շատ ամուր ենք և 69-ում` ի դեմս Առաքել Միրզոյանի, ով երևի թե վերջնականապես հասկացավ, որ անելիք չունի 77-ում ու իջավ իր համար մեդալաբեր քաշային կարգ: Ճիշտ է, մարզիկի վերջին ձեռքբերումը եղել է 2009-ին, բայց դե նրա պարագայում նրբացուցիչ դեպք հանցանաց կա. 2010-ի սկզբին ստացավ ցավալի վնասվածք, երկար ժամանակ բուժվում էր ու մինչև օլիմպիադա չունեցավ ոչ մի մրցելույթ, թեպետ շատ ավելի լավ կլիներ, եթե քառամյայի գլխավոր միջոցառմանն այդ խայտառակ մասնակցությունն էլ չունենար:
ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆ (85 կգ, 24 տարեկան): Աղասին դարձավ խաղերի փոխչեմպիոն երկամարտի 350 (155+195) կգ արդյունքով: Մի քիչ ձգելու դեպքում Եվրոպայի առաջնությունում կարելի է մեդալի ակնկալիք ունենալ (պայմանով, որ ուժեղագույնները չեն մասնակցի), բայց ոչ երբեք աշխարհում, որտեղ ուրիշ թիվ ու թվաբանություն է: Ընդհանուր տեղեկացվածության առումով ասենք, որ օլիմպիական խաղերում լեհ Ադրիան Զելինսկին ու ռուս Ապտի Աուխատովն առաջին երկու տեղում են եղել 385 կիլոգրամով, իսկ հինգերորդ տեղը գրաված բուլղարացի Իվան Մարկովը ցույց է տվել 375 կիլոգրամ արդյունք: Որ այս մարզիկը օժտված է, ունի ահռելի ֆիզիկական ուժ, կասկած չկա, սակայն, պատկերավոր ասած, իր աչքը հանողն էլ, իր տունը քանդողն էլ ինքն է իր… չեմ ուզում մասնավորեցնել, որովհետև ինքն էլ այդ մասին հրաշալի գիտի, մարզիչներն էլ հրաշալի գիտեն:
ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ (94 կգ, 26 տարեկան): Այս մարզիկը մեր հավաքականին կարող էր բերել առաջին ոսկին, սակայն անձնական ավելի քաշի պատճառով ստիպված եղավ բավարարվել արծաթե մեդալով: Մասնակցեր Վարդանն աշխարհամասի ընթացիկ տարվա առաջնությանը, կլիներ վեցերորդը, մասնակցեր օլիմպիադային` կլիներ տասներկուերորդը: Հետևությունները թողնում եմ Ձեզ:
ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ (+105 կգ, 22 տարեկան): Մեր ամենահավանական ոսկե մեդալը պիտի լիներ հենց այս քաշային կարգում ու հենց այս մարզիկից, սակայն մրցակիցները տակտիկական պայքարի այնպիսի կարուսել սարքեցին մեր գլխին, որ ամենավատ երազում տեսածից էլ ավելի սարսափելի էր: Ինչևէ: Սա թողնենք մի կողմ` ասելով, որ Հայկն էլ առաջին տեղը ձեռքից բաց թողեց անձնական ավելի քաշի պատճառով: Այս մարզիկին էլ չառանձնացնենք մյուսներից, ասենք, որ երկամարտի նրա 402-ը գերծանրքաշայինների համար չափազանց թեթև կիլոգրամ է թե՛ աշխարհամասի, թե՛ աշխարհի առաջնություններում արձանագրվողների կողքին, բայց և եզրակացություններում առանձնապես հեռու չգնանք, քանզի քաշային այս կարգն ունի տարիքային իր որոշակի առանձնահատկությունները:
Հասկանալի պատճառներով չենք հիշատակում հավաքականը ներկայացրած մյուս երկու մարզիկի արդյունքներն այն պարզ տրամաբանությամբ, որ եթե մրցանակակիրների բարձրացրած կիլոգրամները մրցունակ չեն աշխարհի երկու հեղինակավոր առաջնությունների, իսկ խորքային առումով, ռեզերվի մի մասի պատրաստվածության կտրվածքով, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել:
Արդ, որպես եզրափակում, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` հեռանկարի կտրվածքով հավաքականի այս կազմով ի՞նչ էինք փորձարկում համաշխարհային ուսանողական խաղերում, ի՞նչ անպարզ հարց ունեինք, որ պարզեցինք, եթե մինչ այդ ֆինանսի խնայողություն էինք անում միջազգային մրցաշարեր գործուղված մարզիկների թվակազմի հաշվին (արդարացված, թե ոչ` թողնենք մի կողմ), ի՞նչ տրամաբանությամբ այս անգամ այդքան առատաձեռն եղանք, ինչո՞ւ տարանք մարզիկ, ով ցույց տված արդյունքներով երբեք լրջորեն չի երևացել միջազգային երկնակամարում, ի՞նչ ակնկալիք ունեինք Հայաստանի երիտասարդական առաջնության երկամարտի 360-ն (երկրորդ տեղ) այստեղ 355-ով «պնդացրած» քսանամյա Անդրանիկ Հովհաննիսյանից, ում առավելությունն այս պահի դրությամբ, որքան կարողացանք հասկանալ, միայն երիտասարդ լինելն է:
Կրկնում եմ` հեռանկարի առումով ի՞նչ էինք փորձարկում այս խաղերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ.- Շատ սիրով կուզենայինք լսել ոլորտի պատասխանատուներին, քանզի ահագին հարցեր նյութում շրջանցել ենք` նրանց հնարավոր մեկնաբանությունները լսելու և խնդրին ավելի համապարփակ անդրադառնալու համար: Իսկ քանի դեռ նրանք չեն բարձրաձայնել, նորից ուզում եմ կրկնել նյութի հարց-վերնագիրը` չորս արծաթ, երկու բրոնզ. շա՞տ է, թե՞ քիչ:

Դիտվել է՝ 3538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ