Այս օրերին Աբովյանում հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Խոստովանենք` օլիմպիական տարում այն մեզ ոչնչով չուրախացրեց, թեև, որքան էլ քառամյակի գլխավոր միջոցառմանը մեկ մարզիկով ներկայացված, այնուամենայնիվ, մեդալի ակնկալիք ունեինք: Ինչևէ, չգնանք անցյալը փորփրելու ճանապարհով, ավելի շատ միտված լինենք ներկային ու ապագային, քանզի բռնցքամարտիկները պարտք ունեն բոլորիս, ու պարտավորեցնողը մարզաձևում մեր անցյալի փառահեղ վարպետների անցած ուղու, ունեցած վաստակի ավանդույթները շարունակելու հրամայականն է:
-Ընթացիկ տարում մենք արդեն մեկ միջազգայինի մասնակցել ենք,- պատմում է հավաքականի մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար ՖԵԴՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:- Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ` Չեխիայից տղաները վերադարձան մեկ արծաթե (Արմեն Սիմոնյան +91 կգ) և երկու բրոնզե (Նարեկ Աբգարյան` 52 կգ, Արա Պուլուզյան` 64 կգ) մեդալով: Առջևում մայիսին Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: Տղաներին մրցակցային տոնուսի մեջ պահելու համար կունենանք ևս երկու միջազգային մրցաշար. մեկը ՈՒկրաինայինն է, մյուսը` Ղազախստանինը: ՈՒկրաինա (Խերսոն), կմեկնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ): Այստեղ կփորձենք և 81 կգ քաշային Իբրահիմյանին: ՈՒրալսկ նախատեսել ենք տանել Կորյուն Սողոմոնյանին (49 կգ), Դերենիկ Գիժլարյանին (52 կգ), Սամվել Բարսեղյանին, Արթուր Գրիգորյանին (երկուսն էլ` 60 կգ), Ազատ Դավթյանին (91 կգ): Միջազգայիններից կվերադառնանք, հերթական ուսումնամարզականի կհավաքվենք Ծաղկաձորում, այնուհետև մի տասը-տասներկու օրով մարզումներ կանցկացնենք ՈՒկրաինայում, որից հետո կմեկնենք Մինսկ:
-Ենթադրում եմ, որ միայն վերը հիշատակված տղաները չեն մարզիչներիդ ուշադրության կենտրոնում:
-Ինչ խոսք: Այս պահին հավաքում են գտնվում մարզիկներ, ովքեր հանրապետության առաջնությունից հետո հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում, տղաներ կան, ովքեր տարբեր պատճառներով բացակայում են: Մեր այս ընթացիկի յուրահատկությունն այն է, որ հիմնականում երիտասարդ ուժերն են նշանառության տակ վերցված: Ասել է թե` գնում ենք բնական սերնդափոխության ճանապարհով:
-Արտերկրում մենք քիչ թվով մարզիկներ չունենք, որոնք անուն են կամ անուն դառնալու ճանապարհին են: Քայլեր արվո՞ւմ են նրանց հայրենիք վերադարձնելու կամ կանչելու ուղղությամբ:
-Ներկայիս հավաքականից դրա դասական օրինակը գերծանր քաշային Արմեն Սիմոնյանն է, ոչ վաղ անցյալից` Համբարձումյանն ու Սողոմոնյանը:
-Ո՞Ւր են նրանք:
-Ցավոք, երկուսն էլ տարբեր պատճառներով մեկնել են:
-Հարգելի՞:
-Իհարկե: ՈՒսման, ընտանեկան հարցեր կան, վերջապես տարիքի հարց կա, որոնք երբեմն դառնում են անհաղթահարելի խոչընդոտ:
-Դուք վաղուց եք սպորտում, ի՞նչն է խանգարում մեր անվանիների ժամանակները հետ վերադարձնելուն:
-Եթե ասեմ պայմանները վատացել են, ճշմարտության դեմ մեղանչած կլինեմ: Անցյալն ավելի շահեկան էր ներկայանում նրանով, որ մրցաշարերի պակաս չունեինք: Հավաքականում հայտնվելու համար մարզիկը երկար ճանապարհ էր անցնում, թրծվում մարտերի բովում, իսկ դա և՛ փորձ էր, և՛ գիտելիք, և՛ ուրիշ շատ բաներ: Հետո մի բան էլ կա` մենք մեզ չափում ենք աշխարհի հզոր տերությունների հետ, որոնք, բացի շատ ու շատ վճռորոշ բաներից, նաև լայն ընտրության հնարավորություն ունեն: Օրինակ, Ծաղկաձոր գալու հայտ է ներկայացրել Ռուսաստանի ընտրանին ու պատրաստվում է բերել վաթսուն մարզիկին: Սա ինչ-որ բան ասո՞ւմ է:
-Ասում է: Ասածիդ աստառն էլ հրաշալի հասկանում եմ, բայց…
-Մենք էլ ենք ուզում այդ բայցը չլինի: ՈՒ ոչ միայն ուզում ենք: Ժամանակ է պետք: Ամեն ինչ կընկնի տեղը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Ֆեդյա Ալեքսանյանի հետ մեր քննարկած հարցերը բավականին շատ էին, զրույցը` տևական: Այս պահի համար այսքանը համարեցինք նպատակահարմար` մեկ ուրիշ անգամ ավելի շատ ծավալվելու պայմանավորվածությամբ, որի առիթը, կարծում եմ, այնքան էլ չի ուշանա: Իսկ մինչ այդ սպասենք բարի լուրերի: