Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մեր ժամանակը դեռ չի եկել

Մեր ժամանակը դեռ չի եկել
18.10.2013 | 12:09

Ավարտվեցին ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային կամ որակավորման հանդիպումները: Արդեն ամբողջությամբ հայտնի են Բրազիլիա գնացող ինը երջանիկները: Հայտնի են նաև այն ութ հավաքականները, որոնք անցումային խաղերում կվիճարկեն տակը մնացած բաղձալի չորս ուղեգրերը ձեռք բերելու իրավունքը: Ցավոք, ոչ առաջինների, ոչ երկրորդների մեջ մենք չկանք: Պատճառը չափազանց պարզ է` մեր ժամանակը դեռ չի հասել: Նախապես պայմանավորվենք` քթիմազություն չենք անում ու չենք հարցնում, թե ե՞րբ է գալու: Ոչ թե չկամություն եմ անում, գիտեմ ու չեմ ասում, այլ չգիտեմ, դրա համար չեմ ասում:

Դեռ նախորդ տուրից էին հայտնի A, B, C, D և E խմբերից ուղիղ ճանապարհով աշխարհի եզրափակիչ դուրս եկած Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, իսկ A-ում և C-ում նաև անցումային հանդիպումների իրավունք նվաճած Հորվաթիայի ու Շվեդիայի ընտրանիների անունները: Եվ, այսուհանդերձ, իրենց որոշակիություններով ու անորոշակիություններով այս խմբերում կային խաղեր, որոնք չէին կարող մարզասերին լարված վիճակի, սուր մրցակցության սպասելիքի մեջ չպահել: Բնականաբար, այդ հանդիպումներից առաջինը Գերմանիա-Շվեդիա (C խումբ), երկրորդը` Հոլանդիա-Թուրքիա (D խումբ), երրորդը մեր` B խմբի խաղերն էին: Վերջինում, հասկանալի է, իտալացիների հետ մեր ընտրանու մասնակցությամբ:
Սկսենք վերջից, որը, հայտնի տրամաբանությամբ, առաջինն է մեզ համար, քանի որ սեփական շապիկը սեփական մաշկին ավելի մոտ է:
Աշխարհի ու Եվրոպայի գործող փոխչեմպիոնների` իտալացիների հետ մեր տղաները խաղացին ոչ-ոքի: Այստեղ բնավ էլ նշանակություն չունի, որ իտալացիների համար այդ խաղը մարզական առանձնակի նշանակություն չուներ: Հետո՞ ինչ. շատերի համար խոշոր առումով շատ բան նշանակություն չունի, բայց դա չի նշանակում, թե անունդ դռան շեմին գցված փալաս է, ու անցնող-դարձող կարող է վրան ոտքերը սրբել:
Իտալացիների հետ խաղացինք, վատ էլ չխաղացինք: Երկու գոլը հանաք-մասխարություն չէ: Եթե կուզեք շատ ավելի սիրտ շոյող բան իմանալ` ընթացքում մրցակցի սիրտը երկու անգամ պարտվելու ռեալ վախը գցեցինք: Ի՞նչ մի պակաս բան է: ՈՒրիշ բան, որ այդ ոչ-ոքին վերջնահաշվում մեր դիրքերի փոփոխության չբերեց, և խմբայինն ավարտեցինք հինգերորդ տեղում: Վատը սա է: Բայց որ այս վատի վրա խոսքը չավարտենք, ասենք, որ եթե դրսո՛ւմ ցույց տված խաղերի արդյունքը որոշիչ լիներ, մենք Բրազիլիայում կլինեինք: Դե հիմա: Հայի ճակատագիր է:
Նախորդ նյութում ասել էի, որ բուլղարացիների նկատմամբ տարած մեր հաղթանակից երևի մեզնից ավելի շատ ուրախացել էին թուրքերը: Սա ոչ թե նրա համար, որ ջերմ եղբայրական զգացումներ են տածում մեր նկատմամբ: Բաններիդ մնացեք: Այսպիսին լինեին, սահմանը վաղուց բացած կլինեին (սա` ի միջի այլոց): Պարզապես մեր այդ հաղթանակը թուրքերին անցումային խաղի հնարավորություն էր տվել` պայմանով, որ իրենք էլ իրենց հերթին կհաղթեն հոլանդացիներին, որոնց համար այդ խաղը զրոյական արժեք ուներ: Զրոյականը` զրոյական, բայց թե վան Գալը պապենական ինչ մուռ ուներ թուրքերի վրա, դժվարանում եմ ասել, սակայն որ խաղից առաջ կանգնեց ու չորով հայտարարեց, թե իրենց խմբից Ռումինիան է ստանալու անցողիկ խաղի հնարավորություն ու իր կողմից ամեն ինչ արեց ասածն իրականություն դարձնելու համար (2:0), շատ զիլ բան է: Զիլ` այն առումով, որ աշխարհի շատ թիմեր գիտեն, թե որքան ծանր է Թուրքիայում խաղալը: Այն էլ` նրանց համար առանցքային նշանակության հանդիպումում: Մի խոսքով` թուրքերն էլ մեզ պես աշխարհի առաջնությունը կդիտեն հեռուստաէկրաններից և մեզ պես կմնան Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու հույսին: Ինչ վերաբերում է ռումինացիներին, էստոնացիներին հաղթելուց հետո (2:0) այդ նրանք ստացան անցումային խաղի մասնակցելու հնարավորություն:
Գերմանիա-Շվեդիա հանդիպումը խաղերի այն շարքից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիա բնավ պետք չէ: Գոնե մեզ անհայտ պատճառներով այս երկուսը կարծես առիթ են փնտրում իրար միս քրքրելու, ու եթե դրա հնարավորություն կա, ապա անում են առանձնակի դաժանությամբ: Ինչպես կողմերի նախորդ, այնպես էլ այս հանդիպումում եղավ գոլերի հրավառություն: Սակայն եթե կողմերը Գերմանիայում կայացած հանդիպումում բաժանվեցին միավոր կիսած (4:4` շվեդները պարտվելիս են եղել 0:4 հաշվով), ապա Լյովի տղաները նախորդ սխալը չկրկնեցին. 5:3-ն ավելի քան տպավորիչ հաշիվ է ինչ-որ բան ապացուցած լինելու համար:
Խոսքի այս հատվածում տեղեկացնենք նաև, որ E խմբից միջանցիկ խաղերին մասնակցելու իրավունք է ստացել Իսլանդիայի ընտրանին (1:1 է խաղացել նորվեգացիների հետ), ում այդ հնարավորությունն ավելի շատ տվեց սլովենացիների նկատմամբ շվեյցարացիների տարած հաղթանակը (1:0): Ինչ վերաբերում է B խմբում երկրորդ տեղը գրաված Դանիայի ընտրանուն, ապա այն եղավ իննյակի ամենաթույլ օղակը:
Դառնանք F, G, H, I խմբերին, որտեղ առաջին և երկրորդ տեղերում հայտնված թիմերը էապես առաջ էին պոկվել հետապնդողներից և սոսկ իրար հետ լուծելիք խնդիր ունեին, այն էլ` հեռակա կարգով:
Ինչ վերաբերում է F խմբում առաջին տեղով դուրս գալու ռուսների հնարավորությանն ու Ադրբեջանից պահանջվող մեկ միավորը վերցրած տուն դառնալուն, եթե ինչ-որ մեկը կասկած ուներ, Աստված իր հետ: Ես կոնկրետ ոչ մի բանի ակնարկ չեմ անում, սակայն այդպես մտածելն իմ անկապտելի իրավունքն է: Ընդ որում` սահմանադրությամբ ամրագրված: Իսկ այն, որ պորտուգալացիները Բրազիլիա գնալու համար անցումային խաղում են ամրագրելու իրենց բարձր կարգը, դա արդեն նրանց նեղ խնդիրն է, և ոչ մեկին էլ թող չփորձեն ինչ-ինչ բաներում մեղադրել:
ՈՒղիղ ճանապարհով աշխարհի առաջնության եզրափակչում հայտնվելու համար G խմբում բոսնիացիների ու հույների հեռակա վեճը շարունակվեց մինչև վերջին հանդիպումը: Հավասար միավորների պայմաններում, ինչպես գիտեք, գործողության մեջ էին դրվում լրացուցիչ գործակիցները: Դրանցից առաջինով բոսնիացիներն ունեին +24, հույները` +6: Ահա թե ինչու Հունաստանի ընտրանուն բախտ վիճակվեց գնալու երկար ճանապարհով:
H խմբում ուկրաինացիները 8:0 հաշվով հաղթեցին Սան Մարինոյի ընտրանուն, սակայն դա ավելի շատ նման էր գոլային պապակ կոտրելու, քանզի անգլիացիները լեհերի հետ վճռորոշ խաղում նույնպես հաղթանակի հասան (2:0), իսկ ուկրաինացիների նկատմամբ ունեցած մեկ միավորի առավելությունն ասաց, թե հարցերն ինչ հերթականությամբ են լուծվելու:
Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկած ուներ I խմբի հաղթողի հարցում: Վրացիների հետ խաղում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին միանգամայն բավարարում էր նաև մեկ միավորը, սակայն տանտերերը գտան, որ չարժե պղտորել երկրպագուների տրամադրությունը: 2:0 հաշվով հաղթանակն առանձնապես մեծ ուրախություն չէր, սակայն մի առանձնապես մեծ տրտմություն էլ չէր: Ինչպես դեռ նախորդ նյութում էինք նշել, անցումային հանդիպում անցկացնելու հնարավորությունը վերապահված էր ֆրանսիացիներին, և նրանք այդպես էլ չկարողացան խուսափել ճակատագրից, թեպետ պահանջվող հաղթանակը տարան ֆինների հետ խաղում (3:0):
Այսպիսով` Բրազիլիայի ուղեգիր նվաճած Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի ընտրանիներին եկան գումարվելու Ռուսաստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Անգլիայի, Իսպանիայի ընտրանիները: Թե եվրոպական դիվիզիոնից որ չորսը կլինի աշխարհի եզրափակչի իրավունքը նվաճածը, կերևա մեկ ամսից: Սպասելու առանձնապես շատ ժամանակ չի մնացել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ