Ազգային հավաքականների մակարդակով այս օրերին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց մի մասին արժե անդրադառնալ` թեկուզև նկատի ունենալով այն, որ աշխարհի առաջիկա առաջնությունում նրանցից մի քանիսը մրցելու են ուժեղագույնի տիտղոսի համար:
Առաջինն անդրադառնանք Անգլիա-Գերմանիա դիմակայությանը: «ՈՒեմբլիում» սա վերջիններիս հետ կղզիաբնակների առաջին հանդիպումն էր` սկսած 2010 թվից, երբ նույն այս մարզադաշտում տանտերերը պարտվեցին 1:4 հաշվով, իսկ ընդհանրապես նրանք սեփական հարկի տակ մրցակցին չեն կարողանում հաղթել արդեն երեսունութ տարի: Չիլիի հավաքականից բոլորովին վերջերս կրած պարտությունից հետո ¥0։2¤ մրցակցային կազմի առումով անճանաչելիորեն փոխված Անգլիայի հավաքականը դարձյալ անզոր գտնվեց Գերմանիայի ընտրանու նկատմամբ` տանուլ տալով 0:1 հաշվով, և սա այն դեպքում, երբ Յոախիմ Լյովն օրեր առաջ իտալացիների հետ ունեցած խաղից հետո (1:1) նկատելիորեն թուլացրել էր հիմնական կազմը:
Հասկանալի է, որ ընկերական հանդիպումներն իրենց բնորոշ, յուրահատուկ տրամաբանությունն ունեն, սակայն աշխարհի ապագա առաջնության հերթական մասնակցից կրած երկրորդ անընդմեջ պարտությունը չէր կարող չլցնել մարզասերի համբերության բաժակն ու չքայքայել նյարդերը, իսկ նման դեպքում, նա, անկախ ծագումից, պատկանելությունից, մաշկի գույնից, դավանանքից, բնակության վայրից, ընտանեկան դրությունից, նմանատիպ ու ոչ նմանատիպ բազմաթիվ բաներից, ինքնադրսևորվելու, մեջը եղած բողոքի դժգոհությունն ու ցասումն արտազատելու, արտամղելու պապենական հինավուրց սովորույթ ունի, որի ամենամեղմ տարբերակը դեպքերին սուլելով արձագանքելն է, ինչն անգլիացիներն այդ օրը կատարելության մակարդակի հասցրին:
Աֆրիկյան մրցաշրջագայության ավարտին Յոհանեսբուրգում տանտերերից պարտության դառնությունը ճաշակեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, և սա չնայած այն բանին, որ մրցակցի հետ «քաշային» միանգամայն այլ կարգ են ներկայացնում:
Սեփական հարկի տակ, Ամստերդամում, Կոլումբիայի ընտրանու հետ հանդիպումը ոչ-ոքի` 0:0 ավարտեց Հոլանդիայի հավաքականը, որի կազմում վնասվածքների պատճառով բացակայում էին առաջատար մի շարք խաղացողներ: Ցավոք, հոլանդացիների այս տխուր ցանկն ավելացավ նորերով:
Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության իրավունքը նվաճած Ճապոնիայի ընտրանին Բելգիայում անզիջող եղավ տանտերերի նկատմամբ ու պարտության մատնեց 3:2 հաշվով: Սա կայացած ընկերականների մեջ ամենագոլառատ հանդիպումն էր:
Հաղթանակ տոնեց Բրազիլիայի ընտրանին` 2:1 հաշվով գերազանցելով Չիլիի հավաքականին:
Եվրոպական շրջագայությունն անհաջող ավարտվեց ԱՄՆ-ի ընտրանու համար, որը ոչ մի անգամ չճաշակեց մրցակցի դարպասը գրավելու հաճույքը: Նախորդ ոչ-ոքիից հետո Յուրգեն Կլինսմանի սաները չդիմացան ավստրիացիների քննությանը: Արդյունքում` պարտություն նվազագույն հաշվով:
Վերջում մի հանդիպումից էլ հիշատակում անենք, զի, ինչքան էլ լինի-չլինի, հետները Մաքսային միություն ենք կազմելու: Ռուսները 2:1 հաշվով առավելության են հասել Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ:
ՀԱՀ-Իսպանիա մրցակցության արդյունքը ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել` յոթերորդ փոխարինման պատճառով, ինչը կանոնադրական խախտում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ