Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Նախարարը չի միջամտի

Նախարարը չի միջամտի
20.05.2016 | 00:34

Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ պրեմիերայից հետո փոխադարձ մեղադրանքներ հնչեցին բեմադրող ռեժիսոր Բորիս Հայրապետյանի և օպերայի գեղարվեստական ղեկավարության նկատմամբ, նույնիսկ խնդիր դրվեց օպերան հանելու խաղացանկից: Այս հարցի առնչությամբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Իրատեսին» փոխանցեց, որ ներկայացումը շարունակելու է մնալ խաղացանկում: «Ես այդ խնդրին չեմ միջամտելու, որովհետև դա բացառապես օպերայի գեղարվեստական խորհրդի խնդիրն է: Բոլոր գնահատականները պետք է տա այդ խորհուրդը»,- ընդգծեց նախարարը, հավելելով, որ եթե պետությունը գումարներ է ծախսում ներկայացման վրա, ուրեմն պետք է առկա թերությունները վերացնել, ոչ թե խաղացանկից հանել: «Գեղարվեստական խորհուրդն այդ ուղղությամբ պետք է մտածի: Այստեղ կան կազմակերպչական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ խնդիրների մասին «ընտանիքի» ներսում խոսվեր»:


Նախարարը շեշտեց, որ, չնայած առկա խնդիրներին, հանդիսատեսը բավականին լավ է ընդունել «Նորման». «Չնայած մասնագետները խնդիրների մասին շատ կտրուկ են արտահայտվել, հանդիսատեսը շատ լավ է ընդունել ներկայացումը: Խնդիրները կշտկվեն, և ամեն ինչ լավ կլինի»:


Այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ չստացված ներկայացման համար մարդիկ պատժվեն աշխատանքից հեռացվելով, Հասմիկ Պողոսյանն ասաց. «Չէ, ինչի՞ մասին է խոսքը: Հնարավոր է՝ մարդը կամավոր ասի, որ ինքը չի ուզում շարունակել աշխատանքը կամ մասնակցել ներկայացմանը, սա իր խնդիրն է, բայց եթե դա պետական պատվեր է, ուրեմն ինքը պետք է հասցնի ներկայացումը լավ մակարդակի: Այլ ճանապարհ չկա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ