Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ցանկության դեպքում կարելի է լուծել բոլոր խնդիրները»

«Ցանկության դեպքում կարելի է լուծել բոլոր խնդիրները»
23.06.2017 | 09:47

«Մեր մշակութային հարստությունը լավ ներկայացված չէ դրսում»,- Ազգային ժողովում իր ղեկավարած կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց, որ մենք ինքներս էլ բավարար չափով իրազեկ չենք մեր մշակութային հարստությանը։ Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ հարցրինք, թե ինչո՞ւ հայկական մշակույթը լավ ներկայացված չէ դրսում։


-Բավարար ներկայացված չենք թե՛ պատմամշակութային ժառանգության, թե՛ ժամանակակից արվեստի տեսանկյունից,- հավելեց նախարարը։- Օրինակ, Հայաստան այցելած զբոսաշրջիկները ժամանակակից արվեստի հետ ընդհանրապես չեն հաղորդակցվում։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Նախ` բավարար չափով չի գովազդվում, կա լեզվի խնդիր։ Այս ամենն առկա է նաև այն ժամանակ, երբ մեր արվեստը դրսում ենք ներկայացնում` քաղաքակրթական ցուցահանդեսներին, մշակութային խմբերի տարբեր համերգներին։ Մենք ևս դրսի մշակույթին լավ ծանոթ չենք, որովհետև Հայաստան այցելող հեղինակավոր երաժշտախմբերը, կոլեկտիվները բավարար քանակի չեն։ Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, և առաջիկայում կտեսնեք, որ այս ուղղություններով բավարար աշխատանքներ կլինեն։
-Ֆինանսական միջոցների սղությունն ի՞նչ դեր ունի մշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու հարցում։
-Ցանկության դեպքում կարելի է լուծել բոլոր խնդիրները, որովհետև միայն բյուջեի միջոցներով չէ, որ հնարավոր է նման ծրագրեր կյանքի կոչել։ Պետք է ունենալ նաև գործընկերներ։
-Մենք երկրի ներսում մեր մշակույթը պահպանելու, հետո միայն դրսում ներկայացնելու խնդիր ունենք։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
-Իհարկե, կա այդ խնդիրը։ Հունվար ամսից նախաձեռնել ենք «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում 426 մշակութային միջոցառում ենք նախատեսել Հայաստանի տարբեր մարզերում, 250-ն արդեն իրականացրել ենք։ Շարժական կինոթատրոններով ֆիլմերի ցուցադրումներ ենք կազմակերպում, աշխատում ենք հանրապետական կինոցանց ստեղծելու ծրագրի վրա։ Իսկ դրսի հետ կապված պետք է նշեմ, որ դեռ նախորդ կառավարության ծրագրով նախատեսել ենք 90 միջոցառում, և մեծ մասն իրականություն է դարձել։
-Ըստ վարչապետի, մենք ինքներս էլ մեր մշակույթը լավ չենք ճանաչում։
-Շատ ճիշտ է նկատել վարչապետը։
-Մշակույթի նախարարությունը «տեղյա՞կ» է, թե Հայաստանը մշակութային ինչ արժեքներ ունի։
-Իհարկե, կա մոնիտորինգ, հաշվառում, ըստ այդմ էլ որոշում ենք, թե որ ուղղություններով ինչ քայլեր պետք է ձեռնարկել։ Օրինակ, Գառնու պատմամշակութային արգելոց այցելություններն այս տարվա հունվարից մինչև մայիս անցյալ տարվա նույն ամիսների համեմատ 45 %-ի աճ են գրանցել։ Խոսքը և՛ տեղացի, և՛ արտասահմանցի զբոսաշրջիկների մասին է։
-Հայաստան այցելած զբոսաշրջիկին, բացի Գառնիից, Գեղարդից, Սևանից, ի՞նչ նոր բացահայտում է սպասում։
-Տարվա ընթացքում նախատեսել ենք մի շարք թանգարանների, պատմամշակութային հուշարձանների ենթակառուցվածքներ ստեղծել, որոնք կներկայացվեն զբոսաշրջիկներին, այդ թվում` Զորաց քարեր, Լոռու բերդ, Ամբերդ, Մեծամոր և այլն։ Այս վայրերը մենք պետք է հասանելի դարձնենք։
-Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մշակույթը հզոր զենք է։ Որպես պատկան մարմին, Դուք զգո՞ւմ եք այդ զենքի ուժը։
-Անշուշտ, մենք գիտակցում ենք, թե որքան հզոր զենք է մշակույթը։ Մշակույթի նախարարությունը կառավարության մի մասն է, և վարչապետի արտահայտած միտքը հենց մեր կարգախոսն է։ Պետք է այդ զենքը ճիշտ և տեղին օգտագործել, ինչը, կարծում եմ, սկսել ենք անել։


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ