Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու են այսքան անպատասխանատու պետական կառույցները

Ինչու են այսքան անպատասխանատու պետական կառույցները
18.07.2017 | 09:09

Երբ պետական բարձրաստիճան այրերից լսում ենք հավաստիացումներ, թե իրենք բաց են աշխատում հանրության հետ, հավատում ենք այդ ամենին այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ չենք բախվում իրականությանը: Մինչ բուն նյութին անդրադառնալը, Կարեն Կարապետյանին մի ուղերձ ունենք. պարոն վարչապետ, կուզեք ընդունեք որպես հորդոր, կուզեք համարեք իրազեկում։ Եվ այսպես` ինչի՞ համար եք պահում նախարարությունները, եթե նրանք իրենց պատասխանատվության չափը և հարցերին մոտենալու լրջությունը չեն գիտակցում, երբ ամեն կերպ միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, երբ «ցրելը» (կներեք ժարգոնային այս բառն օգտագործելու համար) դարձել է գործելաոճ, երբ անպատասխանատու մոտեցումը սովորական աշխատաձև է: Հավատացեք` մտորելու հարց է:


Կառավարման տարբեր օղակների արատավոր սովորությունները գոնե «Իրատեսի» համար ամբողջ «լայնքով ու երկայնքով» բացվեցին, երբ մի նյութի հետքերով փորձեցինք ընդամենը պարզաբանում ստանալ և հասկանալ խնդրի էությունը կամ, ինչպես ասում են` որտեղ է թաղված «շան գլուխը»: Ի՜նչ իմանայինք, որ հայտնվելու ենք իսկական լաբիրինթոսում, որտեղից ոչ մի կերպ ոչ մի կերպ ելք չես գտնում: Իսկ նյութը Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության մասին էր, որին հաջորդ օրն իսկ արձագանքելով, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շատ «յուրահատուկ» բացատրություն տվեց. «Սիրիահայերը «գրեչկա» չեն սիրում...»: Եթե չեն սիրում, ինչո՞ւ եք ուղարկում: Սակայն սա այլ հոդվածի նյութ է:


Խոսքը «Իրատեսի» թիվ 49-ում տպված «Շան լափ»` որպես օգնություն» վերնագրով հրապարակման մասին է: Համառոտ ներկայացնելով բովանդակությունը, նշենք, որ «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմել էին, որ օրերս Հայաստանից սնունդ և հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի: «Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ և հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` խիստ անճաշակ, աննորմալ չափսերի: ՈՒղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասել էր քեսաբահայ Վահե Մահշիկյանը:
Դիմեցինք սփյուռքի նախարարություն` հասկանալու, թե ինչպես է պատահել, որ «մարդասիրական» այսպիսի օգնություն է ուղարկվել: Պատասխանեցին, որ հարցն իրենց իրավասությունների շրջանակում չէ, դրանով զբաղվում է արտգործնախարարությունը: ՈՒ սկսվեց «դռնեդուռ» ընկնելու փուլը: Արտգործնախարարությունից էլ իրազեկեցին, թե իրենք պատասխանատու են միայն բեռը «դիվանագիտական խողովակներով» տեղ հասցնելու համար: Ասել է` խնդիրը իրենց դաշտում ևս չէ: Հետո պարզվեց, որ պետք է դիմել նաև արտակարգ իրավիճակների, պաշտպանության, գյուղատնտեսության ու գրեթե բոլոր նախարարություններին ու նույն ճակատագրին արժանանալ, այսինքն` չունենալ մի հոդաբաշխ բացատրություն թեմայի առնչությամբ, ստիպված դիմեցինք վերադասին` կառավարությանը: Հուսալով, որ գոնե կազմակերպչական առումով ոմանց կապսպրվի` խնդիրները միմյանց վրա չգցել: Սակայն շուտ էինք ուրախացել: Պարզվեց` այստեղ էլ հարցերին մասամբ են լուրջ վերաբերվում: ՈՒղարկեցինք հետևյալ չորս հարցերը.


1. Ո՞ր գերատեսչությունն է պատասխանատու Հայաստանից մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու համար:
2. Ինչպե՞ս է ստացվել, որ անորակ սնունդ և հագուստ են որպես օգնություն ուղարկել:
3. Ինչպե՞ս է որոշվում, թե ինչ սնունդ կամ հագուստ պետք է օգնություն համարվի (հարցի համար հիմք է ընդունվել վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն հայտարարությունը, թե սիրիահայերը «գրեչկա» չեն ուտում):
4. Արդյոք մարդասիրական օգնության անվան տակ պետբյուջեի գումարների յուրացում կամ, այսպես ասած, փողերի «լվացում» չի՞ եղել:


Խոստացան օրենքով սահմանված կարգով պատասխանել հարցերին, այսինքն` աշխատանքային հնգօրյա ժամկետում: Երեկ երբ հերթական անգամ կառավարությունից փորձեցինք ճշտել, թե մեր «չարչրկված» հարցերի պատասխանը ե՞րբ է լինելու, զարմացանք, երբ լսեցինք, թե հուլիսի 12-ին սփյուռքի նախարարությունը պատասխաններն ուղարկել է: Այն դեպքում, որ հուլիսի 13-ին նույն կառավարության աշխատակիցը մեզ տեղեկացրել էր, թե դեռ պատասխան չկա և եթե լինի, կուղարկեն: Այստեղ էլ, ինչպես ասում են`«աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչով է զբաղված»: Ասացին, թե հնարավոր է փոստով է սփյուռքի նախարարությունը պատասխան ուղարկում, դրա համար ուշանում է: Բայց այդուհանդերձ, կառավարությունում բարի գտնվեցին, ժամանակակից միջոցներով` էլեկտրոնային փոստով, մեզ տրամադրեցին սփյուռքի նախարարության դեռ «ճանապարհին» գտնվող պատասխանը: Հիշեցիք չէ՞, սփյուռքի նախարարության պատասխանը, իմա` այն օղակի, որին հենց առաջին անգամ դիմել էինք: Փաստորեն, անձամբ կառավարությունը պետք է ասի, որ այս նախարարությունը տեղից շարժվի ու գործ անի: Ինչևէ:


Առանց խմբագրական ու սրբագրական միջամտության ներկայացնում ենք պատասխանները.
1. Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին 2016-ի հոկտեմբեր, 2017-ի փետրվար և հունիս ամիսներին Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով համաձայն ՀՀ կառավարության 2016-ի հոկտեմբերի 6-ի N 1025-Ն, 2017-ի հունվարի 26-ի N 38-Ն և 2017-ի մայիսի 4-ի N 501-Ն որոշումների` ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են գումարներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար։ Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության առաքման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, սփյուռքի, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ նախագահի աշխատակազմի համատեղ ջանքերով։
2. Հայաստանից Սիրիա ուղարկված և Սիրիայի, ինչպես հայ, այնպես էլ արաբ բնակչությանը բաշխված պարենային և ոչ պարենային ապրանքները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Նշված պարենային և ոչ պարենային ապրանքները եղել են բարձրորակ, և մեկ անհատի արտահայտած կարծիքը ճիշտ չի արտացոլում իրողությունը։
3. Հայաստանից Սիրիա ուղարկված պարենային և ոչ պարենային ապրանքների պահանջարկը ձևավորվել է Դամասկոսում ՀՀ դեսպանության, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սիրիայում ազգային իշխանությունների և հայկական կառույցների հետ համագործակցության արդյունքում։
4. Ո՛չ, չի եղել։


Վերջին պատասխանը այն հարցին էր, թե փողերի «լվացում» չի՞ եղել մարդասիրական օգնության անվան տակ:
Այսպիսով, պարզվեց, որ տեղեկություն տրամադրելու պատասխանատուն սփյուռքի նախարարությունն էր, որն իր «վրայից» գցում էր պատասխանատվության բեռը: Հնարավոր է նաև, որ ոչ կոմպետենտ մարդիկ են հայտնվել այդ նախարարությունում: Հասկացանք նաև, որ գրեթե բոլոր նախարարությունները մասնակցություն են ունենում այս գործընթացին, բայց չգիտես ինչու, ոչ մեկին չի հետաքրքրում` ինչ են տանում որպես օգնություն, քանի որ սննդի ու հագուստի որակը «իրենց իրավասությունների շրջանակում չէ»: Եվ ամենակարևորը. սփյուռքի նախարարությունը վստահեցնում է` մարդասիրական օգնության տակ փողերի «լվացում» չի արվում: Բայց այսքանից հետո տատանվում ես հավատալ ու ինքդ քեզ հարցնում ես` ճի՞շտ են խոսում պատկան մարմինները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ