Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կարո՞ղ եք` օգնեք, չե՞ք կարող` մի խանգարեք

Կարո՞ղ եք` օգնեք, չե՞ք կարող` մի խանգարեք
14.05.2018 | 21:14

Կառավարման համակարգում երեք նախագահների շրջափուլն ավարտվեց, բայց նրանց միջև թշնամական, անհանդուրժող պահվածքը դեռ շարունակվում է: Ցավոք, հենց այն հարցում, որը պետք է ոչ մի տարակարծության տեղ չթողնի գոնե դրսի աչքի համար: Եվ կրկին ղարաբաղյան հակամարտություն: Այս թեման միավորում է բոլորին, իսկ «անհրաժեշտ» պահին՝ բաժանում:


Թեման բացեց առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով երրորդ նախագահի նշանակած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարություններին: Իսկ վերջինս էլ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանը հակամարտության կողմ է, վտանգավոր էր համարել: Առաջին նախագահը հակառակն էր պնդել ու նաև վստահեցրել, թե մի քանի օր առաջ պաշտպանության գերատեսչությունը թողած անձը՝ անգետ է: Պատասխանը չուշացավ: Գործին խառնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, թե Տեր-Պետրոսյանի ցինիզմն ապշեցնող է: ՈՒ քանի դեռ այս պաշտոնյաները հեռակա բանավիճում են, մի շա՜տ տրամաբանական հարց է առաջանում՝ որ ի՞նչ: Արդյոք հիմա ղարաբաղյան հակամարտության նրբությունների և բացթողումների համար պիտի իրա՞ր բզկտեք հրապարակային: Այն, ինչ ասում են իրար նախկին իշխանություններն ու նախագահները, արդեն գիտենք, նոր բան չէ, բայց արժե, որ այս պահին նորից ամեն ինչ թարմացնեն:

Մի՞թե հնարավոր չէր, եթե իսկապես անհանգստացած եք ղարաբաղյան հակամարտությամբ ու հայկական կողմի դիրքերի ամրապնդմամբ, տարբեր խողովակներով նորանշանակ վարչապետին, որը այս հարթակում նոր մարդ է, հորդորել, խորհուրդներ տալ, թե ինչ պետք է ասել, ինչ՝ ոչ: Ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը վերքաղաքական թեմա է, որը իշխանափոխության հետ կապ չունի, դա ազգային խնդիր է: Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների պարտքն է նաև հաջորդին այս հարցում օգնել, ոչ թե ամեն պահի միմյանց հրապարակային կսմթել, ճիշտուսխալը գտնել, պիտակավորել: Հիմա բանակցություններում ունենք այն, ինչ ունենք, և եղածի ու չեղածի համար պատասխանատու են երեք նախագահներն էլ միասին: Հիմա կարո՞ղ եք` օգնեք նորին ձեր փորձով, չե՞ք կարող` գոնե մի խանգարեք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ