Գահընկեց անել «ես»-ը, այդ է թելադրանքը, բայց նրա տեղը հարկավոր է դնել սերը և Ինձ ճանաչելու գիտությունը:
«Ես»-ը ոչ միայն հարկավոր է գահընկեց անել, այլև սպանել:
Մեռած «ես»-ը բանտարկված «ես»-ը չէ:
Բանտարկված «ես»-ը առհասարակ վնասելու շատ ավելի ունակ է: ՈՒսուցման ամբողջ նպատակն է` սպանել «ես»-ը. լինի դա Իմ դեպքում` երբ Ես ուսուցանում եմ ձեզ, թե ձեր դեպքում, երբ սովորեցնում եք ուրիշներին:
Սակայն ամեն հարվածի փոխարեն, որ հասցնում եք ապրող «ես»-ին, դուք պարտավոր եք միաժամանակ ընդունել և ամուր բռնել նոր կյանքը. այն կյանքը, որ պիտի ունենաք Ինձ հետ լինելով:
Մեռած «ես»-ից չէ, որ պետք է վախենաք, այլ կամակոր, իբրև գերի ընկած ու արգելափակված «ես»-ից: Այդ «ես»-ը անհամեմատ ավելի համառ ու եսակենտրոն է, քան ազատ թողնված «ես»-ը: Բայց ձեզ, Իմ որդիներ, Ես սովորեցնում եմ մի ավելի բարձր գիտական օրենք. Ես թելադրում եմ` «ես»-ի մահը: «Ես»-ը ճնշել, բանտարկելը չէ, որ սովորեցնում եմ, այլ` ուղղակի սպանելը: Այդ ժամանակ է, որ ձեր փոքրիկ «ես»-ի կյանքը կփոխարինվի Աստվածային Կյանքով:
«Ես»-ը սպանելուց հետո է, որ Ես կարող եմ խոսել հստակ` վիրավորանքները ներելու մասին: Իմ հրամաններից մեկը այս է` եթե կամենում եք իմ կողմից ներում ստանալ, նախ դուք պետք է սովորեք ներել: Սակայն, ինչ դուք չեք նկատում այն է, որ դուք, այսինքն ձեր մեջ եղած «ես»-ը, երբեք չի ներում վիրավորանքները: Դրանց մասին մտածելն իսկ նշանակում է, որ «ես»-ը ավելի կարևոր է, քան բուն վիրավորանքը. և այդ է պատճառը, որ վիրավորանքը եղածից շատ ավելի մեծ է երևում:
Ոչ, բարեկամներս, ինչպես որ ամեն մի ճշմարիտ սեր Աստծուց է և Աստված է, այդպես էլ ամեն մի իսկական ներում Աստծուց է և Աստվածային է: «Ես»-ը չի կարող ներել: Սպանեք «ես»-ը: Վերջ տվեք ներելու փորձեր անել նրանց նկատմամբ, ովքեր նեղացրել կամ վիրավորել են ձեզ:
Անիրավված կամ վիրավորված լինելու մասին մտածելն իսկ սխալ է: Ձեր նպատակը թող լինի «ես»-ը սպանել հիմա, ձեր առօրյա կյանքի մեջ. այդ ժամանակ միայն կտեսնեք, որ մեջտեղում չի մնացել մի բան, որ անգամ վիրավորանքը մտաբերի, որովհետև միակ վիրավորվածը` «ես»-ը, մեռած է արդեն:
Այնքան ժամանակ, քանի դեռ վիրավորանքը ձեր միտքն է գալիս, դուք ձեզ փաստորեն խաբում եք` կարծելով, թե ներել եք արդեն: Երբեմն վիրավորանքների ներելը թաքնվում է մի այլ ձևի տակ` «ես»-ի կյանքը գաղտնորեն սնուցելու համար: Շատերն են իրենք իրենց խաբում այս բանի մեջ: