Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շուկան սպասում է` «կթռչի՞» դոլարը, թե՞ ոչ

Շուկան սպասում է` «կթռչի՞» դոլարը, թե՞ ոչ
15.09.2009 | 00:00

ՄԻ ԳԼՈՒԽ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՆՔ
Եվ այսպես, եթե սույն թվականի հունվար-փետրվարին արտահանումը կազմել է 79 մլն դոլար, և դա բացատրվում էր սեզոնային գործոնով, ապա մարտ-ապրիլին գրանցված 95 մլն դոլարը թեև որոշակի առումով գերազանցում է տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները, սակայն այն չէ, ինչ կարելի էր ակնկալել: Սպասվում էր, որ մայիսից արտահանման ծավալները կավելանան, սակայն մայիս-հունիսին մեր արտահանումը կազմեց ընդամենը 106 մլն դոլար: Իրավիճակը որոշ առումով շտկեցին ծիրանը և արտահանվող մյուս մրգերը, որոնց շնորհիվ հուլիսին արտահանումը կազմեց 71 մլն դոլար, այսինքն, յոթ ամսում Հայաստանից արտահանվել է 352 մլն դոլարի արտադրանք:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, թեև այն զիջում է նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին 29,5 տոկոսով, սակայն մոտ 5 անգամ գերազանցում է արտահանումը, և «Մերն ուրիշ է» կամ «Ընտրենք տեղականը» կարգախոսները կա՛մ հնացել են, կա՛մ տեղական արտադրողն իսկապես սկսել է դուրս մղվել ներքին շուկայից:
Պետք է արձանագրել, որ իրավիճակը կրկին փրկել են մասնավոր փոխանցումները: Թեև ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակներով դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն առաջին կիսամյակում կրճատվել են 34 տոկոսով` կազմելով 561 մլն դոլար, իսկ բանկային համակարգով ընդհանուր մասնավոր փոխանցումները կրճատվել են 27 տոկոսով` կազմելով 854,4 մլն դոլար, սակայն հենց այդ գումարն է, որ որոշակի առումով փոխհատուցել է արտահանում-ներմուծում տարբերությունը:
Հետաքրքիր է, որ ճգնաժամի հիմնական հարվածը ստացած երկրից` ԱՄՆ-ից, մեր հայրենակիցների ոչ առևտրային տրանսֆերտները կրճատվել են 15 տոկոսով, իսկ Ռուսաստանից կրճատումը կազմել է 37 տոկոս: Չնայած այս հանգամանքին, մասնավոր տրանսֆերտների մասնաբաժնով Ռուսաստանը մնում է առաջատարը` 79 տոկոս:
Սակայն վերջին շաբաթում Հայաստանում ընթացող գործընթացների տրամաբանությունից հետևում է, որ մարտ ամսից մինչ օրս շարունակվող դրամ-դոլար հավասարակշռությունը կարող է խախտվել, դոլարը կարող է միանգամից գրոհել և նոր բարձունքներ նվաճել արտարժութային շուկայում: Դա է փաստում նաև վերջին մի քանի օրերին միջբանկային և բորսային շուկաներում դոլարի աննախադեպ պահանջարկի աճը: Այսպես, եթե օգոստոսի 4-ին տեղական բորսայում` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ»-ում, իրականացվել է 4 մլն դոլարի վաճառք, սեպտեմբերի 1-ին` 10, ապա այս ամսվա 4-ին այդ ցուցանիշը կազմել է 25, 7 մլն դոլար, իսկ սեպտեմբերի 7-ին` 30,2 մլն: Թե ինչի հետ է կապված դոլարի այդպիսի մեծ պահանջարկը, դժվար է ասել, թեև վերջին օրերին արտարժույթի փոխանակման կետերից մեծ քանակությամբ դոլարի գնումը որոշակի դժվարություններ է առաջացնում: Փաստը տարօրինակ է այնքանով, որ արդեն մեկ շաբաթ է` ամերիկյան դոլարը համաշխարհային սակարաններում սրընթաց արժեզրկվում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ: Մասնավորապես, 1 եվրոյի փոխարժեքը հասել է 1,45 դոլարի, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին յոթ ամիսներին: Դոլարի նկատմամբ արժևորվել են ինչպես ռուսական ռուբլին, այնպես էլ ճապոնական իենը: Բայց քանի որ Հայաստանում դոլարի փոխարժեքի ձևավորման այլ տարբերակ է գործում (օրվա միջինացված փոխարժեքը կազմվում է միջբանկային շուկայում` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ»-ում, ինչպես նաև փոխանակման կետերում` օրվա առքուվաճառքի ցուցանիշներից), ապա կարելի է ենթադրել, որ դոլարի պահանջարկի բարձրացումը թույլ չի տվել դրամին արժևորվել, և շուկայում սպասողական վիճակ է:
Չնայած դոլարի առք ու վաճառքը դեռևս 376-378 դրամի միջակայքում է, սակայն արդեն իսկ ապրանքային շուկան արձագանքում է այս սպասողական վիճակին: Այսպես, «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում նորզելանդական կարագը թանկացել է միանգամից 100 դրամով, ռուսական «Զոլոտայա սեմեչկա» ձեթը` 45-50 դրամով: Եվ դեռ պարզ չէ, թե ինչպիսի գնաճ կարձանագրվի, եթե դոլարը «որոշի» իսկապես «թռչել»։
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Մեկնաբանություններ