Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրանը քրդերին ակնարկել է, որ կհրապարակի նրանց կապերը ԻՊ-ի հետ

Իրանը քրդերին ակնարկել է, որ կհրապարակի նրանց կապերը ԻՊ-ի հետ
16.02.2018 | 10:47

(Նախորդ մասը)

Ինչպես տեսնում ենք, հենց Իրանի տարբեր ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրություններում էլ տարընթերցումներ կան: Սակայն բոլոր տեղեկությունները, այդ թվում նաև քրդական աղբյուրներից ստացվածները (որոնք լռության են մատնել Իրանի տարածք քրդերի թափանցման փորձի, մարտերի, սպանվածների մասին տեղեկությունները), համընկնում են երկու հարցում՝ ձերբակալված քրդերի թվի (15-ը քիչ բանով է հեռու 16-ից) և ձերբակալությունների աշխարհագրական վայրի հարցում (Արևմտյան Ադրբեջանի և Քրդստանի օստաններ):

Հասկանալի է, որ քրդական և իրանական աղբյուրները հաղորդել են միևնույն իրադարձությունների մասին, սակայն այլ դիրքերից: Նշենք, որ ձերբակալումների մասին լուրերը վերահրապարակելիս Ռուսաստանի ու Եվրոպայի լրատվամիջոցները նախընտրել են իրադարձությունների իրանական մեկնաբանությունը. հստակորեն մատնանշվել է, որ ձերբակալված քրդերը առնչություն ունեն ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ: Առհասարակ, իրադրությունը զարմանալի է, որովհետև հունվարի 22-ին, երբ Թեհրանում էր գտնվում Իրաքյան Քրդստանի վարչապետի պաշտոնակատար և Բարզանիի կլանի ներկայացուցիչ Նեչիրվան Բարզանին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանին նրան բացահայտորեն հայտարարեց, որ Թեհրանը «չի հանդուրժի անվտանգության ուժերի ու քաղաքացիների վրա ձեռնարկվող հարձակումները որոշ հակահեղափոխական խմբերի կողմից, որոնք օգտագործում են Իրաքյան Քրդստանի տարածքը», նշելով, որ սահմանամերձ շրջանների անվտանգությունը իրանական «կարմիր գիծն» է. «Իրանը երբեք չի հանդուրժի որոշ հակահեղափոխական խմբերի գործողությունները՝ ուղղված իրանցի զինվորների ու քաղաքացիների սպանությանը քրդական հողերի օգտագործմամբ...»: Երախտագիտության խոսքեր ու բարձրագոչ մակդիրներ չխնայող Նեչիրվան Բարզանին խոստացել է «ամեն ջանք գործադրել Իրանի հանդեպ սպառնալիքները կանխելու համար»:

Սակայն, ինչպես տեսնում ենք, Բարզանիի կլանը հերթական անգամ դրժում է Թեհրանին տված խոսքը. հարձակումները կամ «անջատողական ահաբեկչական խմբերի» ներսփռման փորձերը, ինչպես նշված է իրանական հետախուզության հունվարի 24-ի և 25-ի հաղորդագրություններում, հաստատ ձեռնարկվել են Հյուսիսային Իրաքից: ՈՒ հասկանալի է, որ ոչ այն վայրերից, որոնք հիմա գտնվում են Իրաքի շիական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» միլիցիայի հսկողության տակ:


Դե, Բարզանիի կլանն առաջին անգամ չէ, որ մեղանչում է Իրանի հանդեպ: Ինչպես ցույց տվեցին Հյուսիսային Իրաքի իրադարձությունները անցած աշնան «քրդական հանրաքվեից» հետո, Թեհրանն էլ, ի պատասխան, առանձին վստահություն չունի Բարզանիի ընտանիքի և Իրաքի քրդերի նկատմամբ: Բայց միաժամանակ հասկանալի է դարձել, թե ինչու էին քրդական աղբյուրները համեստորեն լռության մատնում այն, որ իրանական հետախուզությունը ձերբակալվածներին նույնականացնում էր «անջատողական ահաբեկչական խմբի» անդամների հետ, իսկ ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքպուրը և Իրանի ներքին գործերի նախարար Ֆազլին հաղորդել էին, թե սահմանին մարտերն ընթանում էին հենց ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ: Ինքնաբերաբար հիշողությանս մեջ արթնացավ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ISIL)՝ տարածաշրջանային անկախ խաղացո՞ղ, թե՞ ԿՀՎ-Մոսադի հոգեզավակ» վերնագրով «Tehran Times» թերթի միջոցով Իրանի հետախուզական և հակահետախուզական մարմինների կողմից 2014 թ. օգոստոսի 23-ին կազմակերպված «ինֆորմացիայի արտահոսքը»: Մեզ թույլ տանք որոշ բաներ հիշեցնել հիշյալ հրապարակման տեքստից. դա մեզ հնարավորություն կտա հասկանալու, որ Իրանը ավելի քան երեքուկես տարի անց վերադառնում է ԻՊ խմբավորման ստեղծման և զորեղացման գործում «քրդական հետքի» խնդրին, ուրեմն և՛ Բարզանիի կլանի և՛ ԻՊ-ի կապերին. «Սակայն ISIL-ը իր ակունքներն ունի քրդական ապստամբական խմբում, որը կազմավորվել է 2013 թ. Իրաք ամերիկյան ներխուժումից հետո և ղեկավարվում էր նախկին գերահաբեկիչ Աբու Մուսաբա ալ-Զարքավիի կողմից, որը 2004 թ. հավատարմության երդում էր տվել «Ալ-Քաիդային», ձգտելով հասնել Իրաքում նրա բաժանմունքի (AKI) ստեղծմանը: 2006 թ. ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքով Ալ-Զարքավիի մահից հետո 2007 թ. նրա գործունեության մեջ տեղի ունեցավ աշխուժացում, ծրագիրը նախատեսում էր սուննի ցեղերի կաշառում, որպեսզի նրանք հրաժարվեին ամերիկյան օկուպացիային դիմադրելուց: Այնուհետև AKI-ն ապրեց անկման շրջան, բայց վերականգնվեց 2011 թ. Սիրիայում վարչակազմի փոխման արևմտյան գործողությունն սկսվելուց հետո, երբ ISIL-ի պարագլուխ Աբու ալ-Բաղդադին, որը դուրս էր մղվել «Ջեբհաթ ալ-Նուսրա» սիրիական ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, Իրաքում իր զինյալների զորախմբերը վերանվանեց «Իրաքի Իսլամական Պետություն (ISI)»:
Իրոք, 2014 թ. վերջերին Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պատերազմի մասին հաղորդագրությունների շարքում տեղեկություն առկայծեց, թե ԻՊ-ի պարագլուխների հրամանով Իրաքում և Սիրիայում ընդհանուր առմամբ մահապատժի է ենթարկվել ԻՊ-ի 15 թե 18 քուրդ անդամ (աղբյուրը հստակ չի իմացել քանակը):

Ընդ որում, պատճառները չեն նշվում: Սակայն իսլամիստ քրդերի մահապատիժների մասին հաղորդագրություններից հետո պարզ դարձավ, որ ամենևին էլ դատարկ տեղում չէ, որ իրաքցի եզդիները իրենց ժողովրդի ցեղասպանության մեջ մեղադրում էին ոչ միայն ԻՊ-ի շարքերում կռվող օտարերկրացի վարձկաններին, այլև իրաքցի քրդերին, այդ թվում` Մասուդ Բարզանիի փեշմերգայի (աշխարհազորի- խմբ.) մարտիկներին: Պարզ դարձավ նաև, որ բնավ էլ պատահական չէ, որ 2014 թ. Իրանում Բարզանիի կլանին գրեթե բացահայտորեն մեղադրում էին ԻՊ-ի հետ համագործակցելու և, ըստ էության, Հյուսիսային Իրաքում եզդիներին ու քրիստոնյաներին պատկանող տարածքների զավթման գործում ԻՊ-ի զինյալներին քաջալերելու մեջ: Իսկ «անջատողական ահաբեկչական խմբի» մասին հունվարի 24-28-ի իրանական հաղորդագրություններով շրջանակը փակվեց հայտնի ահաբեկչական խմբերի հետ տարածաշրջանի քրդերի որոշակի մասի կապը հաստատող մեղադրանքով:
Հիմա արդեն այդ ակնարկի հետագա զարգացումը, որը լիովին կարող է ընկալվել նաև որպես նախազգուշացում, կախված է ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի քրդերի վարքագծից: Մեկ անգամ ևս վերադառնանք վերոհիշյալ «Tehran Times» թերթի 2014 թ. օգոստոսի հրապարակմանը: Այն ժամանակ իրանական հետախուզությունը ԻՊ խմբավորման «քրդական ակունքների» մասին հիշեցումից հետո անմիջապես կայացրեց իր դատավճիռը. «ISIL-ը իրականում ԿՀՎ-ի ու Մոսադի հոգեզավակն է: ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը լուսանկար ունի ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ, որը, Էդվարդ Սնոուդենի հետ կապված և Իրանի հատուկ ծառայությունների բացահայտած աղբյուրների տվյալների համաձայն, իրականում Շիմոն (Սայմոն) Էլիոթն է՝ սիոնիստական Մոսադ հետախուզության հրեա գործակալը: Իրականում ծրագրված է եղել ներխուժել այն երկրները, որոնք սպառնալիք են ներկայացնում բիբլիական «Մեծ Իսրայել» ստեղծելու իսրայելական նախագծի համար»:

Եթե Սիրիայի քրդերը չհետևեն Իրաքի քրդերի օրինակին, որոնք հենց Իրանի դիրքորոշման պատճառով էր, որ իրենց սեպտեմբերյան «անկախության հանրաքվեն» համարեցին ձախողված, ապա Թեհրանը հետևողականորեն մի շարք քայլեր կձեռնարկի ամերիկամետ SDF-ի քրդերի գործողությունների իսկական նպատակները ջրի երես հանելու համար: Դրանից հետո Սիրիայի քրդերի ներքին պառակտումը անխուսափելի կդառնա. ըստ էության, նույն բանը կատարվեց նաև Իրաքի քրդերի շրջանում:


Մեղադրանքները, որոնք կարող են Իրանից հրապարակայնորեն հնչել Իրաքի ու Սիրիայի քրդերի որոշակի մասի հասցեին, իսկական տեղեկատվական ու քաղաքական ռումբ կդառնան: Այդ ռումբի պայթյունի ալիքները կդիպչեն արդեն ոչ միայն քրդերին, այլև նրանց հովանավորներին, և անգամ Թուրքիային, թեև Թեհրանը առայժմ հանդուրժում է Թուրքիայի ներգրավվածությունը, այսպես կոչված, Աստանայի գործընթացին և Սոչիի ձևաչափին: Մենք ընթերցողների ուշադրությունը քանիցս հրավիրել ենք այն բանի վրա, որ ավելի քան կես տարի է, ինչ Սիրիայի կապակցությամբ շահագրգիռ երկրներին Իրանի ներկայացրած պահանջներն անփոփոխ են. այդ երկրից բոլոր այն պետությունների զորքերի լիակատար և անվերապահ դուրսբերում, որոնց Բաշար Ասադը չի հրավիրել: Մենք միշտ նշել ենք, որ դրանք ոչ միայն ԱՄՆ-ի ու «ամերիկյան կոալիցիայի» մասնակից երկրների, այլև Թուրքիայի զորքերն են և Անկարային ենթակա զինյալները, այսպես կոչված, «թուրքմենների» կազմակերպություններից: 2018 թվականին Թեհրանի այդ պահանջները ոչ միայն հաճախակիացել են, այլև ավելի են կոշտացել: Սիրիայից ամերիկացիների ու թուրքերի հեռացման անհրաժեշտության ու անխուսափելիության մասին հիմա խոսում է ոչ միայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, այլև Իրանի զինված ուժերի ու ԻՀՊԿ-ի փաստորեն բոլոր առաջատար և հեղինակավոր գեներալները: Այսպիսով, Սիրիայի քրդերը պետք է ընտրություն կատարեն և շատ արագ. կամ շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի վերաձևման ԱՄՆ-Իսրայել «ծրագրի» շրջանակներում, կամ էլ, ինչպես վարվեցին Իրաքի քրդերը, հեռանում են իրենց դաշնակիցներից, և անվերապահորեն սիրիա-թուրքական սահմանին են թողնում Սիրիայի զինված ուժերն ու դրանց դաշնակից ժողովրդական աշխարհազորայիններին: Նշեմ, որ համապատասխան վայրերում դրանք նաև հայ աշխարհազորայիններն են, մյուս քրիստոնյաները և, իհարկե, ալավիներն ու շիաները:
Չեմ փորձի կանխագուշակել, թե ինչ կպատահի, եթե «չհասկանան» Իրանի ակնարկները:

Մարտական գործողություններն Աֆրինում շարունակվում են, և թուրքերը, կարծես, լրջորեն «մտահոգված» են (Անկարային բլից-կրիգ չի հաջողվում): Բացի այդ, դատելով արդեն բուն Թուրքիայից ստացված որոշ հաղորդագրություններից, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգան երկրորդ ճակատն է բացել Անկարայի համար: Համենայն դեպս, Աղրիի վիլայեթում (դա Արարատի շրջակայքն է) հաստատ եղել կամ նույնիսկ շարունակվում են մարտական բախումներ, և թուրքերը շոշափելի կորուստներ են կրում: Հնարավոր է, որ վերջերս Իդլիբի նահանգում ռուսական ռազմատիեզերական ուժերի Cy-25 ինքնաթիռի խփվելն ու ռուս օդաչու Ռոման Ֆիլիպովի զոհվելը Ռուսաստանին ստիպեն ավելի կոշտ շեշտադրումներով պահանջելու թուրք զինվորականներին և թուրքամետ զինյալներին դուրս բերել Սիրիայից: Բայց սա արդեն այլ թեմա է: Իսկ հիմա, թող որ Թեհրանից արվող ակնարկի տեսքով, քրդերին, փաստորեն, վերջնագիր է ներկայացվել. կա՛մ նահանջում ու կախման մեջ եք ընկնում Իրանից, կա՛մ էլ կհետևեն մերկացումները ԻՊ-ի հետ ձեր կապերի վերաբերյալ: Եվ այդ ժամանակ աշխարհը կցնցվի. հայտնի կդառնա, թե ինչու քրդերը ահաբեկիչներին Ռաքքայից իրենց դիրքերի վրայով թույլ տվեցին մեկնել Պալմիրա, հայտնի կդառնա, թե ինչու քրդական աշխարհազորայինները Հալեպի քրդական շրջանում՝ Շեյխ Մանսուրում, ահաբեկիչներին անարգել թույլ տվեցին շարժվել դեպի սիրիական բանակի և հայ աշխարհազորայինների դիրքերը: Իսկ դա կհանգեցնի այն բանին, որ քրդերին կմեղադրեն արդեն դավաճանության մեջ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ