Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը․ Աղան Արծրունի

Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը․ Աղան Արծրունի
31.03.2023 | 20:39

Հին Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, ճանապարհները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը:

Կասկածից վեր է, որ երկրի ուսումնական հաստատություններում հնագույն ժամանակներից դասավանդվել են նաև մաթեմատիկա և այլ բնական գիտություններ:
Հայտնի է, որ հայոց այբուբենի տառերն օգտագործել են նաև իբրև թվանշաններ:
5-րդ դարում Հայաստանում հայտնի էին պարզագույն կոտորակները։
Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերն են VII դարի գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը՝ գումարման, հանման, բազմապատկման ու բաժանման աղյուսակներով, խնդրագիրքը և խրախճանականները:
Միջնադարում գրվել են նոր դասագրքեր, թարգմանվել հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկերը:
Էվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից:
Հայ գիտնականներն իրենց ահռելի ներդրումն են ունեցել հարևան երկրների և հատկապես Բյուզանդիայի գիտական կյանքում։
Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվել է «Արհեստ համարողության» և լույս է տեսել 1675-ին՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը՝ Աղան Արծրունին է (5-րդ դար)։ Նա ուրացյալ նախարար Մերուժան Արծրունու ծոռն էր (Մերուժան-Մերշապուհ- Վասակ-Աղան )։
Սահակ-Մաշտոցյան դպրոցի սանը ոչ միայն հրաշալի գիտեր հունարեն և զբաղվում էր թարգմանչական գործունեությամբ, այլև երկրաչափության խոր գիտակ էր։ Ըստ արաբական միջնադարյան աղբյուրների՝ Մաշտոցի աշակերտ Աղան Արծրունին «Էվկլիդեսի 5-րդ պոստուլատի ապացուցումը» աշխատության հեղինակն է։
Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանն իր «Հայոց գրերը» աշխատության մեջ Սահակի ու Մաշտոցի 60 աշակերտների թվում 12-րդ տեղում դնում է Աղանին։
Հայտնի է, որ Աղան Արծրունին 5-րդ դարի հայ նշանավոր պատմաբան Ղազար Փարպեցու և նրա մեկենասի՝ Վահան Մամիկոնյանի ուսուցիչն է եղել։ Փարպեցին լավ է խոսել իր ուսուցչի մասին՝ նրան անվանելով «սուրբ, առաքինակրոն, հրեշտակակրոն, երանելի ու սքանչելի»։
Աղանին աշակերտել են նաև հայոց իշխան Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկ իշխանուհու մյուս որդին՝ Վահանի կրտսեր եղբայր Վարդը, Աշուշա բդեշխի կին Անուշվռամը և այլք։ Ի դեպ, Ձվիկն ու Անուշվռամը Աղանի քույրերն էին։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսանկարում՝ մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը («Արհեստ համարողության»), Մարսել, Ֆրանսիա, 1675 թ․

Դիտվել է՝ 16730

Մեկնաբանություններ