Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Լևոն Լաճիկյան՝ շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ, տաղանդավոր լրագրող

Լևոն Լաճիկյան՝ շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ, տաղանդավոր լրագրող
08.09.2025 | 15:05

Սեպտեմբերի 7-ին շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ և վերջապես տաղանդավոր լրագրող Լևոն Լաճիկյանը դարձավ․․․ Չէ, քանի որ օրվա՛, տասնամյակի՛ և, ինչո՞ւ ոչ, հարյուրամյակի՛ մեր հերոսը շատ է սարսափում իր կենսաբանական տարիքի կոնկրետացումից, ուստի այսպես ասենք՝ սեպտեմբերի 7-ին շնորհալի գծանկարիչ, նուրբ էսթետ, տաղանդավոր լրագրող Լևոն Լաճիկյանը նշեց իր հերթական հոբելյանը։

Այդ սուրբ առիթով ես իմ պարտքը համարեցի մի երկու տող գրել նրա կյանքի ու գործի մասին, ինչը «Եթերի» պատասխանատու քարտուղար Գայանե Ենգոյանն իր պարտքը համարեց զետեղել թերթում։ Իսկ թե ինչու նյութը հրապարակելու ընտրությունը կանգ առավ հատկապես «Եթերի» վրա, ունի իր ավելի քան հստակ բացատրությունը։ Եթերային Լ․ Լաճիկյանի մասին ուրիշ որտե՞ղ կարող էր նյութ հրապարակվել, եթե ոչ եթերի հետ անմիջական կապ ունեցող «Եթերում»։

ՏԱՐԻՆԵՐԻՆ Ի ՊԱՀ ՏՎԱԾ ԿՅԱՆՔ ՈՒ ԳՈՐԾ

Նկատ թե աննկատ, Լևոն Լաճիկյանը թևակոխեց կյանքի ութերորդ տասնամյակը։ Սակայն, եթե սա նրա համար Աստծո կողմից կանխագծված ուղու որոշակի հատված յուրացնելու փաստում-արձանագրում է ընդամենը, գործունեության միանգամից երեք ոլորտում մեր հերոսն այն իմաստավորել ու շարունակում է իմաստավորել իր ամենօրյա բեղուն գործունեությամբ։

1970-ականների երկրորդ կեսին փայլուն առաջադիմությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա գիտության մեջ խորանալու ծանրակշիռ հայտով դարձավ հանրապետության մայր բուհի ասպիրանտ։

Գիտական հետազոտությունների կիզակետում ունենալով ուշ միջնադարի հայ գեղագիտական միտքը՝ սկսեց հոդվածներով հանդես գալ հայագիտական նշանավոր hանդեսներում։

Գիտական գործունեությանը զուգահեռ շնորհալի երիտասարդի հետաքրքրությունների ծիրում հայտնվեց նաև այն օրերի մշակութային կյանքը: 90-ականների սկզբներին «Ազգ» օրաթերթի էջերում Լևոնը ծավալեց ա՛յն կարգի լրագրողական գործունեություն, որն անվարան կարելի է բնութագրել որպես արվեստաբանություն մամուլի էջերում։ Այդ լրագրությունը շահեկանորեն աչքի էր ընկնում ասելիքի խորքով ու դիպուկությամբ, թեմատիկ ընդգրկվածությամբ, բազմաժանրությամբ։

Ոսկեղենիկ հայերենով այդ պատումները մեր մշակութային կյանքի ճշմարիտ, հավաստի պատկերներն են։ Բարեբախտաբար, հեղինակն արագ կողմնորոշվեց, ու լրագրության այդ հատընտիրը մեկտեղվեց 2004-ին հրատարակված «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» վերտառությունն ունեցող ծավալուն գրքում, որը միանգամայն օրինականորեն կարելի է համարել 90-ականների հայ մշակութային կյանքի տարեգրությունը, այդ ժամանակաշրջանի գեղարվեստական հանրագիտարանը։

2000-ականների սկզբներին Լ․ Լաճիկյանը, լրագրության ու գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ, տրվեց մեկ այլ մուսայի՝ ոչ այնքան հմայվելով գծերի կախարդական աշխարհով, որքան ներսում ննջած աշխարհին արթնություն տալով։ Բանն այն է, որ գույնի ու գծի նկատմամբ նրա հետաքրքրվածությունն ընտանեկան ավանդույթներ ուներ, որ գալիս էր հորից ու Սամվել ավագ եղբորից, ով միանգամայն այլ թռիչքի արվեստագետ է։

Սակայն, ընտանեկան կողմնորոշիչներից զատ, կար և մեկ այլը։ Տպագրության պատրաստվող ուղեգրությունների՝ «Խաչվող ճանապարհներ» գրքում անվանի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը խորհուրդ տվեց լուսանկարների փոխարեն զետեղել գծանկարները։ Ըստ էության, վարպետի օրհնանքը կար, որը խոշոր առումով շատ ավելի լայն ծավալի հուշում էր, ու մնում էր ունկնդիր լինել դրան։ Ահա այսպես Լ․ Լաճիկյանն անցավ իր հերթական մուսայի սպասարկմանը՝ այս երկու տասնամյակում ստեղծելով իր մեկը մյուսից նուրբ ու դիտարժան պատկերաշարերը, որոնք աշխարհի տարբեր մայրցամաքներում, մշակութային կենտրոններում ունեցան ավելի քան երկու տասնյակ անհատական ցուցադրում։

Այդ ցուցադրումներից վերջինը, որ «Թեքեյան» մշակույթի կենտրոնում էր «Գյումրի և ավելին» խորագրով, սիրո անթաքույց խոստովանություն էր հայրենի քաղաքին ու «և ավելին» ածանցյալին։ Ի դեպ «և ավելի» ասվածի մեկ այլ, յուրօրինակ խտացում էր «Պոլիսը՝ Հին և Նոր» եռալեզու (հայերեն, անգլերեն, թուրքերեն) պատկերագիրքը, որը Թուրքիո Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Բ-ի հովանավորությամբ 2024-ին լույս է ընծայվել Ստամբուլում, և որտեղ էլ նրա օրհնաբեր ներկայությամբ կազմակերպվել է շնորհանդեսը, որին հեղինակի հետ մասնակցելու պատիվն եմ ունեցել։ Թերևս ավելորդ չլինի հշատակելը, որ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հակոբ Ջիվանյանի, լուսանկարիչ Արա Գյուլերի հետ նա այս քաղաքին ամենաշատ անդրադարձած հայ նկարիչներից է։

Համփոփում ասելիքի, պիտի նկատել, որ Գյումրիին, առհասարակ հայրենի եզերքին, աշխարհասփյուռ հայ տարրի պաշտամունքային շինություններին, հուշարձաններին նվիրված լևոնլաճիկյանական գծանկարները դուրս են եկել արվեստանոցի նեղլիկ պատերից և ներկայումս ամենուր են՝ թերթերի ու հանդեսների էջերում, քաղաքային գովազդների, գրիչների, դրոշների ու կրծքանշանների վրա, և թերևս իմաստ էլ չունի հավելյալ նշելը, որ Գյումրիի, խոշոր առումով հայրենիքի նկատմամբ այսօր եղած սիրո ու ուշադրության հարցում անուրանալի է Լ․ Լաճիկյանի մասնակցությունը:

Ճշմարտությունը պարտավորեցնում է խոստովանել, որ ինչ նկարում է նա, վերածվում է բրենդի՝ դառնալով նամականիշ, նոթատետր, տետրի շապիկ, օրացույց, իսկ «Գյումրի, իմ սեր» և «Հայկական եկեղեցիներ» բացիկաշարերը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենափնտրած հուշանվերներից են:

Մի վերջին անդրադարձով մեր արվեստագետ ընկերոջը մաղթելով քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական բեղուն գործունեություն՝ նշենք՝ ահա այսպիսին է Լևոն Լաճիկյանի վերջին երկու տասնամյակների անդավաճան սերը՝ գծանկարչությունը, որտեղ գիծը թե՛ գույն է, թե՛ գեղագիտություն, թե՛ հոգեբանություն, թե՛ փիլիսոփայություն, թե՛ մտածողություն, որտեղ միավորված-մեկտեղված են գեղարվեստը, սկզբնաղբյուրային արժեքը, ժամանակների կամրջումը, պատմական հիշողության թարմացումն ու այս ամենն ի հաշիվ հեղինակի հմուտ ձեռքի, անվրեպ աչքի, սրտի նուրբ թրթիռի։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ