Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել

Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել
27.09.2024 | 12:20

Երկիրը մի պտույտ արեց արևի շուրջն ու վերադարձավ էն կետին, որտեղ սկսվել էր պատերազմը։ Քառասուն և չորս օր երկնքից երկաթե անձրև էր տեղացել, իսկ երկրի վրա արյան հեղեղ էր սկսվել, ալիք տվել, բարձրացել ու ծածկել էր ամեն ինչ։

Բայց երբ արյան օվկիանոսը տեղի տվեց, տապան չնստեց Արարատի վրա, Նոյ չեղավ, ծիածան չեղավ, եղավ սուգ, եղավ վիշտ, եղավ քաոս, արյան ծովից ազատվող ժայռերի վրա, բրածո կենդանիների նման, հայտնվեցին ատելության անողնաշարավոր ու հոդվածոտանի հրեշներն ու շարժվեցին, վազեցին, սողացին աջ ու ձախ, ծերից ծեր լցրեցին խոշտանգված կանացի կիսադեմը, իսկ նրա շուրջը շարունակվեց սոդոմգոմորյան խրախճանքը․․․

Երկիրը մի պտույտ արեց արևի շուրջն ու վերադարձավ էն կետին, որտեղ սկսվել էր պատերազմը։ Տիեզերական դատարկության մեջ էդ կետը տրոփում էր մորմոքուն վշտով, բայց երկիրը չնկատեց այն։ Նրա ամբողջ ուղեծիրը լի էր նման տրոփող վշտերով, ո՜ր մեկը նկատեր․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8471

Մեկնաբանություններ