Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Կորցրած գաղտնիքը

Կորցրած գաղտնիքը
27.07.2012 | 02:38

Իվան ԻԼՅԻՆ

Կաթոլիկ եկեղեցին իր բազմադարյա արգելքներով ու ինկվիզիցիայի արյունոտ տեռորով անձնավորում էր «ծնողի կերպարը», որին և պատկանում էր իշխանության մենաշնորհը` «գաղտնիքը» պահելու պատրվակով։ Եվ պահպանում էր «գաղտնիքը» սեփական իշխանությունն ամրացնելու նպատակով։ Նա թույլ չէր տալիս «մանուկներին» հետազոտել ազատությունը (հիշենք Գալիլեյին, Վանինիին), ինքն էր փորձում պաշտպանել Աստծո աշխարհի մեծագույն գաղտնիքները։
«Մանուկները» վերապրեցին վերածննդի և լուսավորության դարաշրջանները, աճեցին մտքով, հասունացան և տրվեցին «հակառակության ոգուն»։ Մերժվեց խեղդող եկեղեցական հեղինակությունը, սկսվեցին երևույթների ինքնուրույն դիտումը, հետաքրքրական հետապնդումն ու անհագ հետախուզումը։
Հակադրությունը եկեղեցական խնամակալության և ինքնուրույն մտածողության միջև աստիճանաբար ամրացավ ու ի հայտ բերեց նախ թաքնված, իսկ հետո բացահայտ թշնամություն։ Այդ թշնամությունը, չգտնելով ո՛չ հաշտեցում, ո՛չ էլ բժշկում, ավելի սրվեց 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերին, երբ զգաստամիտ և բանական գիտության կողքին առաջ եկավ գոռոզ ու աղքատամիտ կիսագիտությունը, երբ խավարամիտ ամբոխն իրեն երևակայեց «լուսավորված», և աշխարհում տարածվեց տափակ ու գռեհիկ կիսակրթությունը։
18-րդ դարում այդ շարժումը ձևակերպվեց ֆրանսիական էնցիկլոպեդիստների ազդեցությամբ և հաղթական մտավ 19-րդ դար։ «Ընդունվեց», որ եկեղեցին կառուցում են լուսավորության թշնամիները, որ տարածում են օբսկուրանտիզմ (խավարամոլություն), որ կրոնը, կոպիտ ասած, անհիմն է, որ ամեն մի հավատ «իզուր է» և «ունայն», որ Ավետարանը պարզապես առասպել է Քրիստոսի մասին, որ յուրաքանչյուր հրաշք խաբեություն է, որը հարկավոր է մերկացնել, որ գոյություն ունի գիտելիքի միայն մի ճշմարիտ աղբյուր` զգացական փորձառությունը։ Իսկ ինչ վերաբերում է, այսպես ասած, «գաղտնիքներին», ապա դրանք ընդհանրապես գոյություն չունեն` ո՛չ բնության, ո՛չ էլ մարդու մեջ, իրականում ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, հարկավոր է միայն լավ զննել ու քննել, և յուրաքանչյուր մարդ կտեսնի, որ բոլոր երևույթներն առաջանում են բնական և օրինական ձևով, ու ամբողջը կանխապես սահմանված է պատճառական անհրաժեշտության օրենքով։ Աշխարհն ամենևին էլ խորհրդավոր չէ, ոչ էլ խոր, այն ամբողջապես դետերմինացված է (լատ. determinare - սահմանել, պայմանավորել), գորշ է ու լրջմիտ, այն բացատրելու համար բնավ պետք չէ Աստծո գոյության վարկածը։ Մեխանիկորեն և ոչ թե հոգևոր կերպով է կատարվում աշխարհի ընթացքը, քանզի այն պարզապես սահում է պատճառականության ռելսերի վրայով։ Եվ նա, ով դրանում փորձում է տեսնել ինչ-որ ռոմանտիկա, ֆանտաստիկա, միստիկա կամ այլ անհիմն սենտիմենտալություն, նա խավարապաշտ է, ռեակցիոներ ու, թերևս, իսկական խաբեբա։
Պետք է խոստովանել` մեծագույն գիտական հետազոտողներն ամենևին էլ չէին ընկնում մտայնության մեջ։ Սակայն որքան էլ գործնականում նրանք ընդունում էին մեխանիկական բացատրության վարկածն ու օգտագործում, այնուամենայնիվ, նրանք հաճախ չէին նկատում, թե ինչպես է այդ արդյունավետ թվացող, բայց իրականում տափակ վարկածն ընդարձակվում ու դառնում ինքնաբավ, իբր «ամեն ինչ բացատրող» ու «եզակի գիտական» աշխարհայացք։ Այստեղից էլ ծնունդ առավ, այսպես կոչված, «պոզիտիվիզմի (լատ. positivus- դրական) ավանդույթը», ըստ որի` իսկական և խստապահանջ հետազոտողը պարտավոր է հեռացնել ամեն «միստիկա», բոլոր երևույթները հանգեցնել նրանց պարզագույն տարրերին և պատճառներին, չզարմանալ տիեզերքի հրաշքների վրա, տարրալուծել ամեն մի խորհրդավոր բան, զրկելով այն որևէ սրբազան լուսապսակից և բացատրել ամեն ինչ խիստ և ընդհանուր օրենքներով, հիասթափեցնելով և լրջացնելով միամիտ մարդկանց։
Դա պայքարի ու թշնամության ավանդույթն էր այն ամենի դեմ, ինչը թվում է խորհրդավոր, ձգտում ամեն ինչ «լուծել», մերկացնել ու հանգեցնել ըստ մտածական ուրվագծերի։ Դա իր հետ բերում էր բավականություն «հաջողակ» ամենապարզեցումից և ամենագռեհկացումից։ Եվ, ի վերջո, դա ապստամբություն էր աստվածաշնչային-եկեղեցական` ամեն ինչ Տեր Աստծուն հանգեցնելու դեմ։ Ավելին` դա ծածուկ ըմբոստացում էր Աստծո դեմ, Նրան գահընկեց անելու և Նրա տեղը գրավելու տենչանք։
Սակայն, եթե շեղվենք հիշյալ ավանդույթից ու դիմենք բնության մեծ և հանճարեղ հետազոտողներին, ապա ստիպված ենք խոստովանել, որ նրանք կարողանում էին հայել տիեզերքի գաղտնիքները և անկեղծորեն հիանալ նրանցով։ Յուրաքանչյուր լուրջ և խոր գիտական բացատրություն մեզ տանում է աշխարհի խորքը, սակայն ոչ մի բացատրություն չի սպառում այդ խորությունը, դրանցից ոչ մեկը չի «արգելում» այն։ Որովհետև այդ խորհրդավոր խորությունը մեր երևակայած ինչ-որ բան չէ, մեր կողմից կարծեցյալ գիտակցության բովանդակություն, այլ առարկայական-ճշմարիտ կացություն։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է մի անգամ շատ կոնկրետ պատկերացնի այդ մեծագույն օբյեկտիվ-ճշմարիտ առարկան, տիեզերքն իր անչափելի չափերով, իր անչափելի ներքին-մանրադիտակային խորքով, այդ տիեզերքը, որ կա՛մ փռում է մեր առջև իր անսահման հեռուները և տարածությունները, բնավ թույլ չտալով մուտք գործել դրանց մեջ, կամ մատնացույց անում մեզ իր անսահման փոքր ճյուղավորումները, ամենևին չտալով դրանք «մեր ձեռքը»։ Այդ տիեզերքը, որի մեջ ամեն ինչ է` մեծագույնն ու փոքրագույնը, անհասանելի-հեռու և աննշմարելի-խոր, որոնք կապված են միմյանց հետ, միահյուսված հոծ հյուսվածքի պես, որն անցյալից ներկայի միջով սլանում է դեպի ապագա որպես դինամիկ և նպատակահարմար միասնություն։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է կենդանացնի և լայնացնի սեփական առարկայական հայեցումը, փորձելով պատկերացնել այդ առարկան և հետո երևակայել այդ «ինքնակամ-ակտիվ» հավասարակշռության հրաշքը, որի միջից խոսում են ինչ-որ լռակյաց բանականություն և անբացատրելի զորություն, հրաշք, որի առաջ ակնածանքով խոնարհվում էին և՛ Արիստոտելը, և՛ Կոպեռնիկոսը, և՛ Լայբնիցը, և՛ Բարսեղ Կեսարացին, և՛ Կեպլերը, և՛ Լեոնարդո դա Վինչին, և՛ Բոյլը, և՛ Լոմոնոսովը... Եվ նա, ով գոնե մեկ անգամ կդիպչի դրան սեփական ոգով, իր համար ընդմիշտ կպարզի, որ խոսքը ոչ թե ինչ-որ սուբյեկտիվ գաղտնիքներ հորինելու և գաղտնիքներ թաքցնելու մասին է, այլ վեհասքանչ և հոյակապ համաշխարհային գաղտնիքի, որը բացահայտորեն ընդունում և խոստովանում էին քրիստոնեական եկեղեցու բոլոր հայրերը, Պողոս առաքյալից մինչև ժամանակակից բնագիտության հիմնադիրները, մինչև Ֆեխները և Դյուբուա-Ռայմոնը։
Մեր հետազոտություններում մենք առանձնացնում ենք այդ անչափ բարդ և խորհրդավոր-կապակցված գործվածքից առանձին «բեկորներ», «պատառիկներ» կամ թելեր, և այդ պատճառով պետք է հիշենք` այդպիսի առանձնացված և տեսականորեն պատրաստված մասեր իրական առարկայի մեջ չկան։ Ինքներս ենք մտավորապես «դուրս հանում» այդ պատառիկները կամ թելերը, որպեսզի ուսումնասիրենք դրանք մեկուսացած վիճակում, և դիմելով այդ ոճին մեր փորձառության սահմանափակության պատճառով և մեր մտքի թուլության հետևանքով, մենք պետք է հիշենք և հասկանանք, որ գործ ունենք գիտական «պրեպարատների» կամ մտացածին «կառույցների» հետ և ոչ ավելին։ Գործնականում այդ մարդկային արգասիքներն անխուսափելի են և պիտանի, և դա մեզ կուրացնում է. վերադառնալով մեր գիտական լաբորատորիաներից առարկայի (տիեզերքի) հայեցման, մենք բոլորս նորից մոռանում ենք միացնել անհրաժեշտ «ուղղումը» մեր բաց թողածի վրա` տիեզերքի դինամիկ կապվածության վրա, աշխարհի խորհրդավոր միասնության, ծայրահեղ աստիճանի բարդ լինելու և բոլոր այդ «պատառիկների», «բեկորների» և «թելերի» փոխադարձ ազդեցության վրա։ Մենք մոռանում ենք, որ իրական աշխարհում այդ եզակի հատվածը կանգնած է բազմատեսակ և հեռուն տանող փոխազդեցության մեջ ուրիշ հատվածների հետ, և այդ առանձին բնական-օրինաչափ թելը ներամփոփված է ուրիշ և նույնպես օրինաչափ թելերի անծայրածիր գործվածքի մեջ։ Եվ եթե մեզ հաջողվում է գործնականորեն օգտագործել այդ թելերից մի քանիսը տպավորիչ հետևանքներով, ապա պատրաստ ենք ինքներս մեզ համարել տիեզերքի իշխանազոր «տերեր» և սկսում ենք երևակայել, թե մենք իսկապես բացահայտել ենք աշխարհի բոլոր գաղտնիքները։ Իսկ իրականում մենք կանգնած ենք տիեզերքի առաջ պարծենկոտ աղքատների պես, ովքեր, ափի մեջ ունենալով մի քոռ կոպեկ, իրենց երևակայում են չափազանց հարուստ։
Այդ ուղու վրա էլ հենց կորցնում ենք դեպի տիեզերքի գաղտնիքը մուտք ստանալու հնարավորությունը, մեր գիտակցությունն աղքատանում է, մեր միտքը դառնում է կարճատես, մեր հետազոտությունները` տափակ ու գռեհիկ։ Սակայն ինքնին հասկանալի է, որ տիեզերքի վեհապանծ կառույցի վրա դա ոչ մի կերպ չի ազդում։ Քանզի աշխարհը մնում է ինչպես և առաջներում` մեծագույն և խորհրդավոր մի հրաշք, որն առաջացել է ինչ-որ բանական-անտեսանելի իշխանության ստեղծագործության պատճառով, և ինչ-որ նպատակամետ-նվիրական զորության ազդեցության տակ առաջ է ընթանում դեպի հեռավոր-նվիրական նպատակներ։ Իսկ եթե որևէ մեկն այնքան կույր է ու սահմանափակ, որ չի կարող ընդունել և հայել դա երևակայությամբ, կամ եթե որևէ մեկը յուրացրել է իր համար այնպիսի դատողական-մեռած դիրքորոշում, որ չի ցանկանում ըմբռնել և ընդունել դա, ապա նրանց շատ դժվար կլինի օգնել։
Իր ամբողջ կյանքը մարդն անցկացնում է երկրի վրա, շրջապատված Աստծո շնորհներով, բնության, հոգու և ոգու խորհրդավոր հրաշքներով։ Ամենուրեք, որտեղ կյանքն ինքնահաստատվում է և զարգանում, լինի դա տարածական շարժման, թե հոգևոր արտահայտման մեջ, ամենուրեք մեր դիմաց հայտնվում է մի խորհրդավոր հրաշք։ Հիշելով դա, մենք պետք է սովորենք հայել ու դիտել նաև ոչ կենդանի էակներին նրանց խորհրդավոր կառուցվածքի և տարրալուծման մեջ, նրանց խորհրդավոր անդորրի և շարժման մեջ։ Աշխարհը «պարզ է» միայն հիմարների համար, սակայն հիմարների համար գոյություն չունեն բանական օրենքներ։
Ահա թե ինչու ամեն մի լուրջ հետազոտության հիմքում ընկած է ելակետային ենթադրությունը, որ աշխարհում չկա ոչ մի «պարզ» բան, որ գիտությունը բոլոր իրերի ու էակների մեջ դիտում է չափազանց բարդ և բազմակողմանիորեն պայմանավորված առարկան, խորհրդավոր-խորին, և որը հնարավոր չէ սպառել ո՛չ զգացական փորձառությամբ, ո՛չ էլ բանականությամբ։ Գիտությունն ամենուրեք տեսնում է ինքն իրեն գաղտնիքի դեմ կանգնած։ Այդ ելակետային ենթադրությունը հետազոտողին ամենևին չպետք է ներշնչի երկչոտություն, կանգնեցնի կամ ընդհատի նրա աշխատանքը։
Ով ընդունի տիեզերքի գաղտնիքը, նա, իբրև հետազոտող, ճիշտ կըմբռնի իր առաջ դրված առաջադրանքը։ Այսինքն, նա կսովորի աստիճանաբար տարբերել առարկան և փորձառության դիտվող (և նկարագրվող) բովանդակությունը։ Իսկ այդ տարբերությունը հիմնական է և որոշիչ ցանկացած հետազոտության մեջ։
Բոլորովին այլ կերպ է ընթանում նրա հետազոտությունը, ով կարողանում է զգալ աշխարհի աստվածային գաղտնիքը և խոնարհվել նրա առաջ։ Այդպես էր կատարում սեփական հետազոտություններն Արիստոտելը, որի ամեն մի իմացություն սկսվում էր «սաստիկ զարմանքից» և «զմայլանքից»։ Այդ հետազոտական «հիացումը» տիեզերքի գաղտնիքի նախագուշակումն է, միաժամանակ Աստվածության կենդանի նախազգացում։ Ինչը գիտնականի հոգում միշտ արթնացնում է այն յուրատեսակ հետազոտական խղճմտանքը, առանց որի գիտությունը պարզապես այլասերվում է կամ էլ տապալվում։ Այդ հետազոտական խիղճը կարող էր նշանակել ինչպես կամք դեպի իմացության առարկայություն կամ պատասխանատվության բարձր և սրված զգացում, կամ մեծագույն զգուշության ցուցաբերման մշտական պատրաստակամություն, հարմարեցում` զգալով խոր թափանցում տիեզերքի մեծ և խոր գաղտնիքի մեջ, որպեսզի հնարավոր լինի նրա հայեցումը։ Եթե հետազոտողին հաջողվի կանխագուշակել այդ գաղտնիքը «մեծ աշխարհում» (մակրոկոսմոսում), ապա նա կկարողանա զգալ այն և սեփական «փոքր պատառիկի» մեջ (միկրոկոսմոսում), և այդ ժամանակ նրա անխուսափելի «պարզեցումը» վատ ազդեցություն չի ունենա նրա իմացության վրա, ընդհակառակը, աշխարհի առանձնացված բեկորը հետազոտողի համար կդառնա համաշխարհային գաղտնիքի «ներկայացուցիչ», Աստծո հիերոգլիֆ կամ մի դուռ դեպի գոյության առարկայական խորքը։
Այդպես է սկսվում ամեն մի իսկական հետազոտություն` ճգնությունից, սահմանափակումից և կամքից դեպի անսահման խորացում։ Եվ այդ ժամանակ յուրաքանչյուր առանձնացված և պարզեցված փորձարկման բովանդակություն գիտնականի համար դառնում է յուրատեսակ «հանքատեղի», որը ենթակա է շահագործման, կամ ստորգետնյա աղբյուր, կամ էլ գանձատուն, ուր հարկավոր է իջնել` համաշխարհային գաղտնիքի սրբազան կենտրոնը զննելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուր հայտնաբերված թել կապվում է տիեզերքի նվիրական, սակայն ոչ կորցրած գաղտնիքի հետ, համաշխարհային հյուսվածքի ամեն մի ուսումնասիրվող «բեկոր» ասես Աստծո կենդանի ստվերը կամ արտացոլանքը լինի, իսկ ինքը գիտությունը` պոզիտիվ, էմպիրիկ, յուրօրինակ ներածություն Աստվածային Էության հայեցման մեջ։
Հենց այդպես էին հասկանում դա ժամանակակից բնագիտության մեծ հիմնադիրները և նվիրյալները, հենց դա էր, որ չըմբռնեցին և բաց թողեցին փոքրիկ ուղեղները։ Սակայն ապագայում դա կվերածնվի և կկենդանանա։ Այդ ժամանակ գիտությունը նորից մեռած հերբարիումից Աստծո կենդանի պարտեզ կդառնա, ու ոչ մի մտացածին դոկտրին (վարդապետություն) նրան չի վանի հրաշքի և գաղտնիքի դիմաց խոնարհվելուց, որոնք ստեղծված են Աստծո կողմից։ Իսկ հետազոտող միտքը կվերադարձնի ինքն իրեն սեփական հայեցող զորությունը և կիրականացնի արտասովորը։
Տիեզերքի կորցրած գաղտնիքը նորից կվերադարձվի մարդուն վերապրելու և ստեղծագործական հայեցման համար։ Սակայն դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ նորոգվի իմացական ակտի կառուցվածքը։ Գաղտնիքը երբեք հասանելի չի դառնա պարզ զգացական դիտման համար։ Այն չի դառնա տեսանելի և անալիտիկ բանականության համար իր փորձարարական մտածողությամբ։ Տիեզերքի առարկայական գաղտնիքը մատչելի է հայեցող ըմբռնմանը և կարող է հաղորդվել զննմանը միայն ներքին ապրումներով ներզգալուն։ Հենց այդպիսին էր մեծ հետազոտողների ամբողջովին վերցրած ակտը։ Նրանք մոտենում էին աշխարհին բաց, սիրող և հիացող սրտով, նրանք զննում էին` հայելով և աղոթելով, նրանք խորհում էին` ներզգալով առարկան և խոնարհվելով նրա իմաստուն խորհրդավորության առջև, նրանք հենց սկզբից գիտեին նրա խորության մասին և մինչև վերջ ուրախությամբ հաստատվում էին դրա մեջ։ Նրանց սիրտը թրթռում է տիեզերքի հետ և ապրում է նրա մեջ։ Եվ այդ պատճառով էլ աշխարհն ապրում էր նրանց մեջ և բաց էր անում նրանց առջև սեփական խորքերը, իսկ նրանք ոչ թե միայն հետազոտողներ էին, այլև բնության իմաստունները և սիրելիները։ Եվ ահա ապագան մեզ խոստանում է այդ իմացության վերածնունդը։


Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ