«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18)

«Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ,  որ հավիտենական կյանքը ժառանգեմ»  (Ղուկ. 18:18)
15.02.2013 | 11:41

Այս հրապարակման վերտառության բառերը մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին ուղղված մի հարուստ երիտասարդի խոսքերն են, երբ Նա Իր աշակերտների հետ էր, որը մոտենալով ու իր հարցը ուղղելով Նրան` ասում է. «Բարի Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18): Հիսուսը նրան ասում է. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված: Պատվիրանները գիտես` մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը»: Եվ նա ասում է. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»: Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր և տուր աղքատներին, և երկնքում գանձե՛ր կունենաս, և արի իմ հետևից» (Ղուկ. 18:22-23): Ավետարանիչը եզրակացնում է. «Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր» (Ղուկ. 18:23)։

Այս կյանքի ընթացքում հաճախ մեզ էլ է ուղղվում այս հարցը, թե ինչպե՞ս անենք, որ արժանի դառնանք ժառանգելու հավիտենական կյանքը:
Մեր կյանքը միշտ ենթարկվում է զանազան ալեկոծումների. ինչո՞ւ, որովհետև մեզ պակասում է առողջ մտածելակերպը նույնիսկ մեր ապագայի նկատմամբ, թե ինչպես պիտի անցկացնենք մեր կյանքի օրերը և վազեվազ փորձում ենք հարստություն կուտակել ու միայն նրա մեջ տեսնել մեր ապագա երջանկությունը: Ցավալի ու խղճալի մի հոգեվիճակ է այս: Մեր օրերը սահմանափակ են, ու մենք բոլորս էլ պանդուխտ ենք այս կյանքի ճանապարհորդության մեջ: Ինչքա՜ն երջանիկ պիտի զգայինք, եթե կյանքի նկատմամբ մեր մտածելակերպը փոխվեր Ավետարանի ճշմարիտ խոսքերի ազդեցության տակ, և դա առիթ լիներ, որ օգնության ձեռք երկարեինք զրկյալներին ու կարոտյալներին, որոնք վստահաբար պիտի հրճվեն, և նրանց ուրախությունը մեզ պիտի պարգևի հոգեկան մեծ գոհունակություն ու խղճի և մտքի հանգստություն:
«Քո պակասությունը հարստությունդ է»,- ակնարկեց Հիսուսը երիտասարդին։ Բայց սա ճշմարտազանցության Իր ձևն էր միայն. հաջորդ բառերով Նա ամբողջացնում էր Իր միտքը, երբ ասում էր. «Ծախի՛ր ունեցածդ և աղքատներին բաժանիր»։ Իր պատգամն էր. «Քո հարստությունը թերություն է քեզ համար, եթե դու չկարողանաս այն բարի նպատակով գործածել»։ Երիտասարդն իր հարցի պատասխանը ստանալուց հետո, տխրած, հնարավոր է` զայրացած էլ, նշանակում է նաև` «խոժոռված», հեռացավ Հիսուսի մոտից: Կեղծիք էր հավիտենական կյանքի պայմանների մասին նրա հարցասիրությունը, իր մակերեսային կատարելություններից շլացած` նա դեռ ավելիի ձգտումն ուներ. միայն թե չէր սպասում այդպիսի պատասխանի. չէր կարող մտածել, թե ինչ իրեն թանկագին մի բան էր թվացել` իբրև բոլորի դժվար վիճակը պիտի ցույց տրվեր իրեն, չէր հասկացել իր պակասը, որովհետև երկրավոր և նյութական արժեքների մեջ միշտ մտասույզ, չէր կարողացել կշռել, թե իսկապես ինքը ի՞նչ արժեք ուներ» (Թորգոմ պատրիարք Գուշակյան, Քարոզներ, Երուսաղեմ, 1940, էջ 100-102):
Մահից առաջ Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու զորավարները նրան հարցնում են. «Ո՞Ւմ ես թողնում թագավորությունդ»: Նա պատասխանում է. «Հզորագույնին» (այսինքն` բոլորից ուժեղին): Նա հասկացել էր, որ ամենամեծն ու ամենաուժեղն Աստված է, ոչ թե աշխարհը նվաճող և ծնկի բերող Մեծն Մակեդոնացին։
Մանկության ու պատանեկության տարիներին մեր ծնողները, ուսուցիչներն ու դաստիարակները մեզ ցույց տվեցին կյանքի իսկական ուղղությունը և դրանով մեզ դարձրին բարոյականով ու հավատով զորացած մարդիկ։ Մենք այսօր պետք է հարգենք անմոռանալի վաստակն ու հիշատակը նրանց, ովքեր եղան մեր այսօրվա կյանքի իսկական և օրհնյալ դաստիարակները:
Հետաքրքիր է այս պատմությունը և ուսանելի զավակների համար։
Մի զավակ, կորցնելով իր սիրելի մորը, դառնացած գոռում էր. «Աստված չկա, նա մորս ընդմիշտ հեռացրեց ինձնից»: Երկար ժամանակ նա սգում է իր մոր մահն ու անդադար բողոքում Աստծո դեմ: Մի գիշեր տեսիլքով նրան է հայտնվում մայրը, ծովի նման ջրերի մեջ մինչև կոկորդը կանգնած և խոսում է. «Տղաս, այս ջրերը արցունքներդ են ու ցաված խոսքերդ, որոնց մեջ պիտի խեղդես ինձ, ինչպես ջրասույզ ես արել հույսերդ: Սակայն ուզածս քո աղոթքներն են ու ողորմությունդ կարոտյալներին իմ անունիս համար. սա՛ է այն ամենը, որ մերժել ես իմ հոգուս»: Տղան ապշած հարցնում է մորը. «Մա՛յր, ինչպե՜ս իմանամ, որ դու ես ինձ երևացողը, ողջ-առողջ առջևս կանգնած, երբ սառը դիակդ հողի մեջ դրվելը տեսա»: Մայրը ժպտում է նրան ու ասում. «Հոգին տեսնելու համար սրտի աչքեր են պետք: ՈՒստի, վե՛ր կաց, որդիս, և մի սրբապղծիր շրթունքներդ Աստծու առջև, որով Ինքն իսկ է ամբողջ կյանքը: Եվ հավատն ամոթով չի թողնի քեզ»:
Աստծո պատվիրանները պահելը և՛ աշխարհային, և՛ հոգևոր կյանքում կարևոր է: Դրանք պահող անձը երբեք վախ չունի, թե կարող է ձախորդություն ունենալ իր կյանքում, որովհետև հետևում է իր խղճի ձայնին ու միշտ բարձր է մնում բոլոր այն հակասական երևույթներից, որոնք հանդիպում են իրեն, կամա թե ակամա, իրեն դժվարության մատնելու և իր հավատի մեջ թուլություն մտցնելու մտածումով:
Թորգոմ պատրիարք Գուշակյանը շարունակում է. «ՈՒ այդ պատճառով անհրաժեշտություն է իր չափի մեջ պահել դրամի համար զգացված սերը: Առանց սանձի մի գազան է այն, մի բռնավոր, որը խորտակում է ամեն ինչ, որ գեղեցիկ է հոգու մեջ»:
«Սա այն մոլությունն է, որ փչացնում է բոլոր մյուս առաքինությունները, երբ մի անգամ իրեն իբրև բույն է դարձնում սիրտը, այնտեղ այլևս տեղ չունի սերը. ո՛չ ընկերոջ, ո՛չ ընտանիքի, ո՛չ ազգի, ո՛չ Աստծու և ո՛չ իսկ իր անձի - այս վերջինը, անշուշտ, իր լավագույն իմաստով - այո՛, ո՛չ իսկ իր անձի նկատմամբ: Իզուր չէ, որ հառաչել է հնության ամենամեծ բանաստեղծներից մեկը. «Գարշելի արծաթսիրություն, ի՜նչ ահավոր ոճիրների ես առաջնորդում դու հաճախ մարդկային սիրտը» (Թորգոմ Պատրիարք Գուշակյան, Քարոզներ, Երուսաղեմ, 1940, էջ 100, 103):
Թող Աստծո օրհնությունն իջնի բոլորիս վրա, մեզ շնորհի Իր պատվիրանները պահելու զոհաբերության ոգին, որպեսզի այդ գիտակցությամբ ու նվիրյալ հավատով և գործնական հողի վրա օգտակար հանդիսանալու մտածումով, կատարենք մեր պարտականությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կարիքն ունեն մեր աջակցության և օգնության, ու այս ձևով իրավատերը և ժառանգորդը կարող ենք դառնալ հավիտենական ու երանավետ կյանքի, փառավորելու համար մեր Երկնավոր Հորը: Ամեն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ