ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«...Այդ ժամանակ յոթ բլուրների քաղաքը պետք է ոչնչանա, և Ահավոր Դատավորը պետք է դատի մարդկանց»

«...Այդ ժամանակ յոթ բլուրների  քաղաքը պետք է ոչնչանա, և Ահավոր Դատավորը  պետք է դատի մարդկանց»
19.02.2013 | 11:46

Մարգարեները ի սկզբանէ համարվել են աշխարհի ամենախորհրդավոր մարդիկ, ովքեր օրեր, տարիներ ու նույնիսկ դարեր առաջ հայտարարել են գալիքը, որ միայն Աստծուն է հայտնի։ Քանի որ մարգարեները համարվում են ճշմարտության մունետիկները, ապա ստության հայրը՝ սատանան, միշտ կամեցել է ստվերել կամ վարագուրել գալիք ճշմարտությունը, որ մարդիկ, խավարի մեջ խարխափելով, չհակառակվեն իրեն։ Եվ, ի հակադրություն Աստծո մարգարեների, սատանան կեղծ մարգարեներ է ուղարկել մարդկանց մոլորեցնելու համար։ Իսկ զանազանել ճշմարիտի ու կեղծի միջև միայն հասու և գիտակ մարդիկ կարող են, այդ պատճառով շատերը, գառան մորթով գայլերի խոսքերին խաբվելով, չարի բաժին են դառնում։ Որպեսզի մեզ էլ այդ չարիքը չպատահի, այժմ Աստծո մի քանի խոսքով ծանոթանանք ճշմարիտ մարգարեության խորհուրդներին։
Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ ներծծված, շաղախված է բազմաթիվ մարգարեություններով, քանզի փրկագործությունը դեռ շարունակվում է։ Իսկ ով կարող է այժմ խանգարել Արարչին խոսելու Իր արարվածների հետ. միայն անհավատությունը Աստծո Սիրո հանդեպ, քանզի մեր երկնավոր Հայրը սիրում է մեզ և ամեն բան անում է յուրաքանչյուրիս փրկության համար։ Իսկ բոլոր մարգարեությունների թագն ու պսակը, իհարկե, Եսայու մարգարեությունն է` տրված Հիսուսի ծննդից դեռ 700 տարի առաջ. «Ահա կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի» (Եսայի, 7.14), որ իրականացավ Մարիամ Աստվածածնի միջոցով։
Պողոս առաքյալը Տիրոջ Եկեղեցու կազմավորման ու հարատևման գործում հաստատելու համար հետևյալ աստիճանականությունն է հաստատում. «Նա (Հիսուսը) շնորհ տվեց ոմանց լինելու առաքյալներ, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ և ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի» (Եփես. 4.11)։ Այնուհետև շարունակում է մարգարեության կարևորությունը հաստատել հետևյալ խոսքերով. «Սիրո հետամո՛ւտ եղեք և առավել ևս նախանձախնդի՛ր եղեք հոգևոր շնորհներին, մանավանդ մարգարեություն անելու. որովհետև, ով որ լեզուներ է խոսում, մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ. քանզի չկա մեկը, որ հասկանա իրեն, բայց նա Հոգով արտահայտում է խորհուրդներ: Իսկ նա, ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում ի շինություն, ի մխիթարություն և ի սփոփանք: Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարեանում է, ամրացնում է Եկեղեցի՛ն» ( Ա Կորնթ. 14.2-4)։
Այս մեջբերումներն արեցի, որ այն թյուր կարծիքը, որ տարածված է մեր ազգի մեջ, թե այժմ մարգարեություններ չեն լինում ու կարիք չկա, քանի որ վերջին մարգարեն Հովհաննես Մկրտիչն է եղել, ով մեզ ամեն բան ասել է Հիսուսի մասին, ու մեզ այլևս ուրիշ մարգարեություններ պետք չեն։ Նույնիսկ որոշ հոգևորականների մեջ է այդ կարծիքը հաստատվել։ Սա ի տկար մտոք գրված խոսքեր չեն, այլ իրական դեպքի արդյունք, քանի որ մի անգամ Սուրբ Գեղարդ վանքում պատարագիչ աբեղան մեր ուխտագնաց խմբի առջև հայտարարեց, որ Հովհաննես Մկրտչից հետո մարգարեներ չեն եղել։ Նրան ոչ թե հակաճառեցինք, այլ պարզապես հիշեցրինք ավետարանական այն խոսքը, որ Փիլիպոս ավետարանիչի չորս դուստրերը մարգարեանում էին, և առաքյալի կողմից ոչ մի հանդիմանանք չկար նրանց արածի համար։ Այդ աբեղան չընդունելով ասվածը, հարցրեց. «Իսկ ի՞նչ էին մարգարեանում»։ Պատասխանվեց նրան, որ Սուրբ գրքում գրված չէ, թե ինչի մասին էին մարգարեանում, այլ պարզապես փաստվում է կատարվածը։
Մարգարեությունների նկատմամբ եկեղեցականների ցուցաբերած զգուշությունը հասկանալի է, քանի որ ով ասես իր որովայնային մարգարեությունը աստվածային համարելով, կարող է մոլորեցնել շատերին, բայց դա առիթ չպետք է տա ճշմարիտ մարգարեությունը անարգելու։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս մեզ բոլորիս. «Մի՛ հանգցրեք Հոգին, մի՛ արհամարհեք մարգարեությունները, փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք» (Ա Թեսաղ. 5.19-20)։
Հիմա փորձենք քննել հենց մեր օրերում կատարվող մարգարեություններից մեկը, բայց նախ կարդանք Պետրոս առաքյալի հետևյալ խոսքը. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստված, որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, և իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան:
Եվ վերը` երկնքում, զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում` երկրի վրա, նշաններ. արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա, և լուսինը՝ կարմիր, ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը:
Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» ( Գործք առաքելոց 2. 17-21)։
Ըստ իս, արեգակն այստեղ խորհրդանշում է Տիրոջ Ընդհանրական Եկեղեցին, որ խավարել է զանազան մեղքերի պատճառով, մանավանդ կաթոլիկ եկեղեցում քահանաների կողմից կատարվող բազմաթիվ մանկապղծությունների դեպքերը, Անգլիկան եկեղեցու ընդունած սրբապիղծ որոշումը, որ միասեռականները կարող են անարգել քահանայություն անել և եկեղեցական պաշտոններ զբաղեցնել։ ՈՒղղափառյան վանքերում նույնպես սեռական սանձարձակությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Բայց ուրիշ եկեղեցիների աչքի շյուղը ցույց տալով, չմոռանանք, որ մեր մեջ դրա գերանը կա։
Իսկ այս մարգարեության մեջ լուսինը խորհրդանշում է մուսուլմանական հավատի մարդկանց ու ազգեր, որոնց կրոնական սիմվոլը կիսալուսինն է։ Իսկ լուսնի կարմիր գույնը, ինչպես արյուն, դա էլ մեր օերում մուսուլմանական խոշոր երկրներում, մանավանդ Սիրիայում կատարվող պատերազմական արյունալի իրադարձություններն են։
ՈՒրեմն այս ամենը կատարվելուց հետո սպասենք Տիրոջ մեծ ու երևելի օրվան։
Կարծում եմ, այսքանը բավ է մարգարեությունների վերաբերյալ նախնական գիտելիքներ ունենալու համար։ Իսկ հիմա պետք է խոսենք մի իրադարձության շուրջ, որ այս օրերին ցնցեց համայն աշխարհը։ Խոսքը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի հրաժարականի մասին է։ Մի պաշտոն, որ ցմահ է տրվում նրան, բայց նա ընդամենը ութ տարի հետո որոշեց հրաժարվել այդ մեծագույն պաշտոնից։ Սա աննախադեպ իրադարձություն է։ Մինչ այժմ Հռոմի պապերից միայն երկուսն են թույլ տվել իրենց հրաժարվել այդ պատվավոր գահից։ Վերջին հրաժարականը եղել է վեց դար առաջ, և ահա մեր օրերում երրորդ անգամ է այդ դեպքը կատարվում։ Իսկ այս մեկն աննախադեպ է նրանով, որ կաթոլիկ եկեղեցու 11-րդ դարի մեծագույն մարգարե համարվող Մաղաքիա եպիսկոպոսի հավաստմամբ` հաջորդ պապը՝ 112-րդը, լինելու է վերջինը մարդկության պատմության մեջ (որպես պարզաբանում ասենք, որ Հռոմի պապերը մինչ այսօր եղել են ընդամենը 265 հոգի, իսկ 112-րդ պապ ասելով մարգարեն նկատի է ունեցել իր ժամանակներից այսինքն` 11-րդ դարից սկսած)։ Մաղաքիա մարգարեն իր դարում այնքան մեծ համբավ է ունեցել, որ նույնիսկ այն ժամանակվա Հռոմի Իննոկենտիոս 2¬րդ պապն իր խույրը հանել և դրել է Մաղաքիա եպիսկոպոսի գլխին և ասել. «Թող յուրաքանչյուր ոք գետնամած լինի նրա առջև, քանի որ այս մարդը մեզ Աստծուց է ուղարկված»։
Տիրոջ այդ ծառան նույնիսկ մարգարեացել է վերջին պապի անունը՝ Պետրոս Հռոմեացի։ Նրա մասին մարգարեն գրել է. «Նա պետք է կերակրի անկամներին ու բազմաթիվ դժբախտություններ կանի։ Այդ ժամանակ յոթ բլուրների քաղաքը պետք է ոչնչանա, և Ահավոր Դատավորը պետք է դատի մարդկանց»։ Յոթ բլուրների կործանման մարգարեության վերաբերյալ անհանգստացել են նաև թուրքերը, որովհետև, ըստ նրանց, այդ քաղաքը հենց իրենց Ստամբուլն է, որը նախկինում հանդիսանում էր Բյուզանդիայի մայրաքաղաքը, այսինքն, Հռոմի արևելյան նախկին կայսրության սիրտը։
Մի քանի շաբաթ հետո կհամոզվենք, թե իրո՞ք այդպես է, ու Պետրոս անունով վերջին պապը կնստի Պետրոս առաքյալի գահին։ Եթե այո, ապա մարդկությունը թող պատրաստվի մեծ փորձությունների, քանի որ դարձյալ, ըստ բազմաթիվ մարգարեությունների, գալու է ապաշխարության համար տրված ժամանակների վերջը, որի ընթացքում Նեռը՝ Հակաքրիստոսը, պիտի թագավորի կարճ ժամանակով։ Իսկ դրա համար արդեն ճանապարհը հարթվել է թե՛ համայն մարդկության գարշելի մեղքերի ու սրբապղծությունների առատությամբ, թե՛ Բենեդիկտոս 16-րդի «արձակման» կոնդակներով, քանի որ նա հասցրեց իր գահակալության ժամանակ հրեաներին անպարտ դարձնել Հիսուսի Արյան մեղքից, մեկ ընդհանրական համաշխարհային իշխանության հաստատում ու վերջապես մեկ վալյուտային դրամի միավոր ընդունելու որոշումներով։
«Արձակումը» տրվել է, մնում է դրա իրագործողը գա։
Վերջին ժամանակներում սպասվող իրադարձությունների մասին մարգարեացել է նաև ուղղափառ եկեղեցու հույն վանական Նեղոս Աթոնացին (16-րդ դար)։ Ըստ նրա, Նեռը պետք է իշխանություն գրավի համայն մարդկության վրա, որից հետո նա պետք է իր կնիքը դնի իրեն հնազանդվող ու երկրպագողների վրա, որոնք կդառնան գիշակեր թռչունների նման, և նեղության ժամանակ նույնիսկ մարդկանց դիակներ պիտի հոշոտեն։ Այդ մարգարեությունը Հովհաննեսի Հայտնության 14-րդ (9-13) գլխում զգուշացված գալիքի հաստատումն է, որտեղ գրված է. «Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր և բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, այդպիսին պիտի խմի Աստծո ցասման բաժակից, որ անխառն լցված է Նրա բարկության բաժակի մեջ, և նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծո ու Գառան առաջ: Եվ նրանց ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. և գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին և առան նրա դրոշմն ու անունը: Եվ այստե՛ղ է ահա սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները և Հիսուսի հանդեպ իրենց հավատը»։
Բայց այս մարգարեությունները դեռ վերջինը չեն, քանի որ 1962 թ. Իսպանիայի Գարաբանդալ գյուղում Տիրամայրը երևացել է չորս երեխաների և տվել է աշխարհին սպասող վերջին ժամանակների նշանների մասին։ Եվ սուրբ Աստվածածինը 1963 թ. հունիսի սկզբին Գարաբանդալում հաղորդել է, որ այդ ժամանակվա Հռոմի պապ Հովհաննես 23-րդից հետո կգահակալեն ևս երեք պապ, որից հետո կգա ժամանակների վերջը, բայց ոչ թե աշխարհի վերջը։
Եվ վերջապես կարդանք նաև այս ամենը հաստատող «ամենաթարմ» մարգարեությունները` տրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից «Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» պատգամների գրքում.
«Գոռա՛։ Գոռա՛ ազգերին առանց վախենալու. «Ապաշխարե՛ք, քանզի ողորմության Ժամանակը գրեթե ավարտվել է։ Փոխե՛ք ձեր կյանքերը և ապրե՛ք սրբորեն։ Զոհաբերություններ արեք և ուղղե՛ք ձեր կյանքը նախքան Տիրոջ Գալուստը» (օգոստոսի 4, 1991 թ.)։
«Երբ Շնորհի այս ժամանակները ավարտվեն, կավարտվի նաև Իմ Ողորմությունը։ Դրանից հետո քո դարաշրջանը ստիպված պիտի լինի դեմ առ դեմ կանգնել Իմ Արդարությանը» (հունվարի 21, 1991 թ.)։
«Ես ամենայն հանդիսավորությամբ ասում եմ ձեզ, որ Սերը իր վերադարձի ճանապարհին է … աղոթե՛ք Հորը, որ Նրա Արդարության Գավաթը չլցվի մինչև քո փոխակերպումը, սերո՛ւնդ, կանչի՛ր ինձ, ու Ես կլսեմ քեզ: Օ սերո՜ւնդ, սերու՜նդ... անպատմելիորեն ապականված... աննկարագրելիորեն անմաքուր, քո մեղքը սպանում է քեզ, քո այլասերվածությունը, սերունդ, և քո անհավատարմությունը թափանցել են ամբողջ հավիտենականությունը, ցնցելով երկնքի սյուները, քո անօրինությունները զրկել են քո հոգին ամբողջ իմաստությունից, եթե իմանայիր, ինչպես են դողում Իմ հրեշտակները, սարսափելով տեսնել, թե ինչ է սպասում քեզ... երկիր, որ քո ուխտադրժության պատճառով կծածկվի քո սեփական արյամբ, երկիր, որը քեզ կմասնատի ուղիղ Իմ հրեշտակների աչքի առաջ: Եթե դուք բոլորդ հասկանայիք այն ցնցումը, որ պետք է գա, դուք չէիք շռայլի ձեր գոյությունը դատարկ խոսքերով ու անաստվածությամբ, ինչպես հիմա»։
«ՈՒստի արթուն մնացեք, որովհետև ոչ մեկը չգիտի ո՛չ Իմ գալու Օրը, և ո՛չ էլ ժամը։ Ձեր Թագավորը շուտով կվերադառնա։ Նա՛, ՈՒմ դուք այդքան երկար սպասել եք, հանկարծակի պիտի գա։ ՈՒստի արիացե՛ք, սիրելիներս։ Արդարև, չարի ծուխը ներթափանցել է Իմ Սրբարանը (Եկեղեցին- հեղ.), բայց ո՞ր ծուխն է ընդմիշտ մնում։ Ես Իմ Սուրբ Հոգու Շնչով պիտի ցրեմ ու փչեմ այդ ծուխը, և ներքևից եկող և ոչ մի իշխանություն, ոչ մի զորություն չի կարող միջամտել։ Ես գալիս եմ երկրի վրա կրակ բերելու և մաքրագործելու ազգը ազգի հետևից։ Օրհնյալ եղե՛ք» (ապրիլի 14, 1990 թ.)։
«Ես մտադիր եմ ամբողջովին ոչնչացնել չարն ու մեղքը։ Դա է պատճառը, որ այդ օրերին Իմ Շղարշը ծածկելու է արևը, լուսինն ու աստղերը։
Եթե ձեր դարաշրջանը չի կարողանում գնահատել Իմ մեծ Սերը ու պղծել է Իմ Սուրբ Անունը, դա այն մեծ ուրացության պատճառով է, որ թափանցել է Իմ Սրբավայրի խորքերը (եկեղեցական բարձրագույն պաշտոնները- հեղ.)» (մայիսի 12, 1990 թ.)։
«Ճշմարիտ եմ ասում, որ մոտ են օրերը, երբ Իմ Արքայությունը երկրի վրա կլինի այնպես, ինչպես Երկնքում է» (ապրիլի 22, 1990թ.)։
«Առաջին երկինքն ու առաջին երկիրը կանհետանան (Հայտն. 21:1)։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը կնորանա Իմ Սուրբ Հոգու Սիրո միջոցով: Ես կփոխեմ այս աշխարհի դեմքը» (հունիսի 6, 1991 թ.):
(Այս վերջին պատգամը հաստատումն էր Պետրոս առաքյալի հետևյալ մարգարեական խոսքի. «…հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի։ Բայց մենք Աստծո խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվելու» (Բ Պետրոս 3.13)։
Տիրամոր պատգամը. «Աստված այս պատգամներով չի հայտնում Իրեն, որ ձեզ դատի։ Աստված հայտնում է Իրեն, որպեսզի ձեր անհավատարմության դեպքում ցույց տա Իր հավատարմությունը. Աստված փնտրում է ձեր հաշտությունը։ Նա գալիս է ձեզ դուրս հանելու Խավարի Իշխանությունից և ցույց տա Իր Իշխանությունը երկրի վրա… Աստծո Թագավորության Իշխանությունը երկրի վրա շատ մոտ է ձեզ հիմա։ Հետևաբար Ես աղաչում եմ ձեզ պատրաստ լինել այդ Օրվան» (մայիսի 18, 1991 թ.)։
«Հիշե՛ք, Աստվածաշունչն ասում է. «Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է ու խավարի մեջ է տակավին» (Ա Հովհ.2.9)։
«Հաշտվեք ձեր եղբոր հետ, հաշտվեք Աստծո հետ, խաղաղություն կնքեք Աստծո հետ. սիրելիներս։
Ես օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրիդ. մնացեք Խաղաղությամբ» (ապրիլի 22,1990 թ.)։
Իսկ ինչպե՞ս պատրաստվենք։ Այդ մասին շատ է գրվել, և հենց նոր էլ Տիրամայրն ասաց ինչպես, բայց նորից կրկնենք. ներելով միմյանց ի սրտե, որպեսզի ներվենք Տիրոջ կողմից, մեր լեզուներին սանձ դնելով, որ բամբասանքների ու չարախոսությունների միջոցով մեզ չապականեն, հաճախակի խոստովանելով մեր մեղքերը, պահեցողություն անելով, ողորմություն բաժանելով կարիքավորներին, իսկ սուրբ Պատարագին հավատով ու սրբությամբ հաղորդվելով Տիրոջ Մարմնին և Արյանը, այսինքն` քրիստոնեավայել իրական կյանք ապրելով։
Իսկ վերջում էլ պարզաբանենք այս հոդվածի վերնագրի իմաստը։ Բանն այն է, երբ փետրվարի 13-ին Բենեդիկտոս 16-ը պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին, հանկարծ այդ պահին Հռոմի թխպոտ երկնքում տարօրինակ իրադեպ կատարվեց, որ ապշեցրեց ականատեսներին։ Երկնքից մի քանի կիլոմետրանոց հսկայական կայծակ խփեց, և ոչ ուրիշ տեղ, այլ ճիշտ Վատիկանի սուրբ Պետրոսի Տաճարի կենտրոնական գմբեթի խաչին, այն էլ մի քանի անգամ (տե՛ս զետեղված այդ լուսանկարը)։ Կատարվածն այնքան ահասարսուռ էր, որ երբ վերջին լուրերի ժամանակ տեսա, հիշեցի Հիսուսի հետևյալ խոսքերը. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպես փայլակը» (Ղուկաս 10.18)։
Որպես ավարտի խոսք դարձյալ հիշեցնենք մեր սիրասուն Մոր՝ Մարիամ Աստվածածնի աղաչանքը. «Աստծո Թագավորության Իշխանությունը երկրի վրա հիմա շատ մոտ է ձեզ։ Հետևաբար Ես աղաչում եմ ձեզ պատրաստ լինել այդ Օրվան…»։


Հրապարակման մեջ գրված բոլոր մարգարեություններին վստահող՝

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ