Մարտի 31-ին այս կամ այն կերպ, ազգովին տոնեցինք Հիսուսի հարության տոնը՝ Զատիկը։ ՈՒ այժմ դրան հաջորդող ավետարանական իրադարձությունների մասին չէ, որ պետք է գրենք, երբ մեր Տեր Հիսուսը քառասուն օր երկրի վրա երևաց Իրեն հավատացողներին ու նրանց հաստատեց ու զորացրեց գալիք բարի պատերազմում հաղթող լինելու համար։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես տոնեցինք կամ, ավելի ճիշտ, ինչպես չտոնեցինք քրիստոնյաներիս համար ամենանվիրական համարվող Հարության տոնը։ Այո՛, չտոնեցինք, որովհետև տարիներ առաջ, Հայոց քրիստոնեության 1700-ամյակի առթիվ շոու-համերգածրագիրը կատարելուց հետո, կարծես նորից մտանք մեր նախնիների հեթանոսական բարքերի հորձանուտը։ Գուցե որոշ նախանձախնդիր քրիստոնյաներ կընդվզվեն այս խոսքերի դեմ, բայց թող ավետարանական հորդորի համբերություն դրսևորեն ու իրենք էլ կհամոզվեն, որ ասվածը լոկ խոսքեր չէ։
Երբ զատկական տոնի նախորդող շաբաթ օրը Ազգային գրադարանում էի, երեկոյան փակվելուց առաջ, ընթերցասրահի սպասարկող կնոջը հաջորդ օրվա տոնի առթիվ բարի զատիկ և հարության ուրախություն մաղթեցի, նա տխուր ու ինձ համար անսպասելի իրողություն ասաց, որ իրենք վաղն էլ են աշխատելու։ Ես չափազանց զարմացած ու նաև վրդովված այդ փաստից, որ իրեն քրիստոնյա համարող պետության ամենակարևոր հաստատությունը՝ Ազգային գրադարանը, սուրբ զատկական օրը չի մասնակցելու այդ տոնակատարությանը ու, դրանով իսկ, անհավատ, երբեմն էլ Աստծո ճշմարտությանը հակառակվող մարդկանց հաճոյանալով, գրադարանի անձնակազմից շատերին արգելում են իրենց հոգու քրիստոնեական պարտքը կատարել։ Ինչո՞վ այս փաստը խղճի ազատության բռնադատություն չէ, ազատություն, որի մասին փողհարում են մեր քաղաքական վերին ատյաններում, մանավանդ միասեռականների իրավունքների ազատության։ Բայց ընդամենը փողհարում են, իսկ իրականում կեղծավորության թոզ են փչում եվրոդիտորդների աչքերին, որ իբր մենք խղճի ազատություն ենք պահպանում։ Բայց այս էլ ասենք, որ Եվրամիության երկրները, որոնք սրընթաց գահավիժում են հեթանոսական անաստվածության անդունդը, հենց այդ են ուզում` Հայաստանն առանց Քրիստոսի հավատի, ինչպես թուրքերն էին ասում՝ Հայաստանն առանց հայերի։
Էլի՞ եք փաստեր ուզում, խնդրեմ, կիրակի և զատկական օրը եթե այցելելու լինեք տոնավաճառներ ու խանութներ, սրճարաններ ու այլ զվարճատեղիներ, դրանք լեփ-լեցուն կգտնեք, թեկուզ և սուրբ պատարագի ժամին (ժամը 11-ին)։ Ի՞նչ է սա նշանակում՝ արհամարհանք կամ անտարբերություն Հիսուսի և Իր չարչարանքների, խաչելության ու հարության հանդեպ, այսինքն, Տիրոջ արածը մեզնից շատերին չի վերաբերում, քանզի մեռած ենք ճշմարիտ հավատի հանդեպ։ Իսկ ի՞նչ է նշանակում այս ամենը հոգևոր իմաստով։ Մինչ կկարդաք պատասխանը, պատրաստ եղեք դառնաղի հաբ կուլ տալու, քանզի ասողը ես չեմ լինելու, այլ մեզ ստեղծող Աստված. «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատապարտի, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի։ Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Որդու անվանը չհավատաց» (Հովհաննեսի Ավետարան 3.17)։
ՈՒ եթե մեր գիտական միտքն ու մշակութային արժեքները ներկայացնող կենտրոնը՝ Հայաստանի ազգային գրադարանն ու նման հաստատությունները զատկական սուրբ օրը պիտի չտարբերվեն առևտրի օբյեկտներից ու գիշերային ակումբներից, հետևություններն ինքներդ արեք։
Այսինքն, ըստ Սուրբ գրքի, մեր ազգի մեծ մասը դատապարտված է հավիտենական մահվան, քանզի չի հավատում Հիսուսի անվանը, որ թարգմանվում է Փրկիչ։ Ոմանց գուցե չափազանցություն թվա ասվածը, բայց այն դառը ճշմարտություն է, քանզի, ըստ Հակոբոս առաքյալի, «Հավատն առանց գործերի մեռած է»։ Այսինքն, հավատը լոկ խոսքով չպետք է լինի, թե մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք, այլ գործերով։ Իսկ դա պարզորոշ երևում է կիրակի՝ Տերունական օրերին, երբ սուրբ Պատարագ է մատուցվում, ու մանավանդ զատկական կիրակի օրը։
Իսկ ընթերցողները գիտե՞ն, որ մինչհեղափոխական ժամանակներում զատկական ավագ շաբաթվա բոլոր յոթ օրերը համարվում էին ոչ աշխատանքային, ոչ ուսումնական օրեր, այլ ներքին նախապատրաստության ժամանակ սուրբ Հարության տոնը ապաշխարությամբ արժանավայել դիմավորելու օրեր։ Կասեք, որ խորհրդային յոթանասուն տարիները արմատահան արեցին այդ գեղեցիկ ու օգտաշատ սովորությունը. դա ճիշտ է, իհարկե, բայց չմոռանանք, որ արդեն քսան տարուց ավելի մենք հարաբերական ազատության ու անկախության մեջ ենք, բայց այդպես էլ չազատագրվեցինք անհավատության կապանքներից։
Ի՞նչ է նշանակում վերը հիշատակված իրական փաստը, ո՞վ պետք է պաշտպանի քրիստոնյայի իրավունքները, ՀՀ Սահմանադրության մեջ կա՞ նման հոդված, որ քրիստոնյան պետք է աշխատի կիրակի և եկեղեցական կարևորագույն տոներին։ Ո՞վ պետք է քրիստոնեական առաջին պետության մեջ պահպանի քրիստոնյաների իրավունքները։
ՈՒ որպես վերջաբան, կարդանք վերոհիշյալ ավետարանական խոսքի շարունակությունը. «Եվ դատաստանը այս է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ