Հոգեգալստին հաջորդող` անցնող շաբաթը Հռիփսիմյաց սուրբ կույսերի շաբաթն էր, որին նախորդեց Եղիա մարգարեի տոնը: Տևական ժամանակ է, ինչ տերունական օրերին` բուն Պատարագի ժամանակ, Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում փակվում է դեպ Սբ. Գայանեի խորան տանող դուռը: Մինչ այդ մշտապես հնարավոր է եղել խորանում ծնկել ու Պատարագն ունկնդրել նաև խորանում: Ասացին` ելումուտը խանգարում է Պատարագի ընթացքին, դրա համար են դուռը փակում:
Ըմբռնելով մոտեցումը, այնուհանդերձ, փոքր-ինչ անհասկանալի է երկար տարիների ընթացքում ամրագրված ավանդույթի փոփոխումը: Մանավանդ որ շատերն Էջմիածին են գալիս հեռվից, և ոչ միշտ է հնարավոր լինում այդքան սպասել: Եվ ապա` այդ օրը զբոսաշրջիկներն էլ շատ էին, նրանց մեծ մասն առանց խորանում լինելու հեռացավ:
Մի բան էլ. ժամը վեցին փակվում են ոչ միայն Էջմիածնի եկեղեցիների դռները, այլև բակերը: Շատ է եղել, երբ Երևանից, աշխատանքից հետո ծանրացած սրտով փութացել ես Էջմիածին, թեկուզ մեկ-երկու վայրկյան նստելու Շողակաթի, Գայանեի, Հռիփսիմեի վանքերի «պատերի տակ»` գեթ այդպես հաղորդակցվելու սրբերի բարեխոսությանը, անգամ բակի դռները փակ ես գտել: Նախկինում այդպես շուտ, ժամը տասնիննին փակվում էր նաև Մայր տաճարի բակը:
Կարծում ենք` այս մոտեցումը ևս վերանայման կարիք ունի. գոնե եկեղեցիների բակում նստել կարելի է` երեկոյան մթնշաղի լռության մեջ, սրբերի բարեխոսության աղոթակից ձայների մեջ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ.- «Իրատես de facto»-ի խմբագրությունն ակնկալում է Մայր աթոռի պատասխանը: