(սկիզբը` այստեղ)
ՄԱՍ II
1. Ձմռան սառնամանիքին ծառերը կանգնած են տերևազուրկ, և թվում է, թե նրանց կյանքը նույնպես ընդմիշտ ավարտվել է: Սակայն գարնանը ծառերը նոր տերևներ ու գեղեցիկ ծաղիկներ են տալիս, և պտուղներ են սկսում երևալ: Այդպես եղավ ինձ հետ իմ խաչելության և հարության ժամանակ, ու այդպես է նաև իմ հավատարիմ խաչակիրների հետ: Թեև թվում է, թե նրանք ջախջախված ու անկենդան են իրենց խաչի տակ, նրանք շարունակում են գեղեցիկ ծաղիկներ ու հավիտենական կյանքի սքանչելի պտուղներ տալ, որոնք մնում են հավիտյան:
2. Քաղցր ծառը դառին պատվաստելիս երկուսն էլ զգում են դանակի շեղբը, երկուսն էլ տառապում են, որպեսզի դառը ծառը կարողանա քաղցրահամ պտուղ տալ: Նույնպես և բարին մարդու չար էության մեջ սերմանելու համար անհրաժեշտ էր, որ նախ ես և ապա հավատացյալները կրեին խաչի չարչարանքները, որպեսզի ապագայում հավիտյան բարի պտուղ տան, և այդպիսով Աստծո սքանչելի սերը հայտնի դառնա:
3. Եթե այս աշխարհում մարդիկ հալածում և զրպարտում են ձեզ, դա թող չզարմացնի ու չվշտացնի ձեզ, քանզի սա ձեզ համար ոչ թե հանգստի վայր է, այլ մարտադաշտ: Վա՜յ ձեզ, երբ աշխարհի մարդիկ գովաբանեն ձեզ, քանզի դա վկայում է, որ դուք ձեռք եք բերել նրանց արատավոր ձևերն ու սովորույթները: Իմ զավակներին գովաբանելը հակառակ է այդ մարդկանց էությանն ու խառնվածքին, քանզի լույսն ու խավարը չեն կարող գոյակցել: Եթե չար մարդիկ զուտ ցուցադրաբար իրենց կամքին հակառակ են գործում և դադարում ձեզ հալածելուց, դուք մեծապես վնասված եք, որովհետև նրանց ազդեցությունը թափանցում է ձեր հոգևոր կյանք, ու խոչընդոտում ձեր հոգևոր զարգացումը:
Ավելին, եթե ձեր հույսը դնեք աշխարհի կամ աշխարհիկ մարդկանց վրա, նույնն է թե` ձեր տունը կառուցեք ավազի վրա. այսօր նրանք կբարձրացնեն ձեզ, իսկ վաղն այնպես կգետնեն, որ ձեզնից հետք անգամ չի մնա, որովհետև նրանք ամեն ինչում անկայուն են: Երբ ես Զատիկին բարձրացա Երուսաղեմ, բոլորը միաձայն բացականչեցին. «Օվսա՜ննա, օվսա՜ննա»: Բայց ընդամենը երեք օր անց, երբ տեսան, որ իմ ասածները դեմ են իրենց մեղավոր կյանքին ու շահասիրությանը, միանգամից շրջվեցին և սկսեցին աղաղակել. «Խա՛չը հանիր նրան, խա՛չը հանիր նրան»:
4. Եթե ինչ-որ թյուրիմացության պատճառով մի քանի հավատացյալներ կամ բոլոր հավատացյալները շրջվում են քո դեմ և քեզ ցավ են պատճառում, դա չպետք է դժբախտություն համարես, քանզի եթե ամենայն անկեղծությամբ ու հավատարմությամբ Սուրբ Հոգու ուղղորդման ներքո շարունակես կատարել քո պարտքը, հիշի՛ր, որ Աստված Ինքը և երկնքի բոլոր հրեշտակները քո կողմն են:
Դու մի՛ հուսահատվիր, քանզի մոտ է ժամանակը, երբ քո բոլոր բարի ծրագրերն ու նպատակները, քո ամբողջ անշահախնդիր սերը հայտնի պիտի դառնան ողջ աշխարհին, ու բոլորի ներկայությամբ պատիվ պիտի արվի քեզ քո գործերի և հավատարիմ ծառայության համար:
Ես մարդկանց փրկության համար հրաժարվեցի բոլոր բաներից, և բոլորը հրաժարվեցին ինձնից, բայց վերջում ես նորից ձեռք բերեցի ամենը և ամեն ինչ: Ոչ էլ զարմացիր, եթե աշխարհը լքի քեզ, քանզի հենց Աստծուն է լքել, այնպես որ դրանում դու քո Հոր ճշմարիտ զավակ ես դառնում:
5. Մի՛ կարծիր, թե նրանք, ովքեր ապրում են շքեղության մեջ և միշտ հաջողակ են թվում աշխարհի գործերում, բոլորն էլ Աստծո ճշմարիտ երկրպագուներ են: Որովհետև հակառակն ավելի հաճախ է հանդիպում: Հնարավոր է՝ ոչխարները հեռու փախչեն փարախից ու հովվից և ջունգլիում լավ արոտավայր գտնեն, բայց նրանք ամբողջ ժամանակ վայրի գազանների կողմից պատառ-պատառ լինելու վտանգի մեջ են, որն էլ վերջում իսկապես նրանց վախճանը կլինի: Բայց նրանք, ովքեր մնում են փարախում, հովվի հետ, թեև հիվանդ ու տկար կարող են թվալ, անշուշտ վտանգից զերծ են և գտնվում են հովվի խնամքի տակ: Սա է հավատացյալների և անհավատների տարբերությունը:
6. Հավատացյալի կյանքն ու անհավատինը սկզբում մեծ նմանություն ունեն, բայց երբ գալիս է նրանց վախճանը, նրանք այնքան տարբեր են, որքան օձը և շերամը: Օձը քանի անգամ էլ փոխի իր կաշին, մնում է օձ և ուրիշ ոչինչ, բայց երբ շերամը դեն է գցում իր անշուք բոժոժը, դառնում է նոր արարած և իբրև նուրբ, սիրունիկ թիթեռ թռչում է օդում: Նույնպես և հավատացյալը, մերժելով մարմինը, մտնում է հոգևոր փառքի վիճակի մեջ և հավետ սավառնում երկնքում, մինչդեռ մեղավորը մահից հետո մնում է միայն մեղավոր:
Թեև բոժոժի ներսում սեղմված շերամն ընկճվածության ու պայքարի վիճակում կարծես թե խաչի վրա է, սակայն այդ նույն պայքարն ու դժվարությունն են ուժ տալիս նրա թևերին և հարմարեցնում այն կյանքի համար, որը լինելու է: Հետևաբար իմ զավակները մարմնի մեջ եղած ժամանակ հոգևոր պայքարի ու հակասության վիճակում են և հառաչանքներով ու փափագով սպասում են դրանցից ազատվելուն, բայց խաչը կրելու միջոցով ես նրանց ուժ եմ տալիս, և նրանք պատրաստ ու արժանի են դառնում անվախճան կյանքի համար:
7. Հոգևոր պատերազմի մեջ և նույնիսկ իրենց խաչը կրելու ընթացքում ես սրտի ճշմարտորեն հրաշալի խաղաղություն եմ տալիս նրանց, որ նրանց արիությունը չնվազի: Օրինակ, երբ իմ հավատարիմ մարտիրոսը խոսքով և գործով վկայել էր իմ մասին, նրա թշնամիները բռնեցին նրան ու գլխիվայր կախեցին ծառից: Այդ վիճակում նա մտքի այնպիսի խաղաղություն ուներ, որ բացարձակ անտարբեր էր ցավին ու նախատինքին, որին ենթարկված էր: Իրեն հալածողներին դառնալով՝ նա ասաց. «Իմ հանդեպ ձեր վարվելակերպը չի վհատեցնում կամ վախեցնում ինձ, քանզի ուրիշ ոչինչ չեմ ակնկալում մի աշխարհում, որտեղ ամեն ինչ գլխիվայր է, և որտեղ մարդ ոչինչ չի կարող շիտակ տեսնել: Ըստ ձեր էության՝ կարծում եք, թե ինձ գլխիվայր եք շրջել, բայց իրականում ես գլխիվեր եմ: Ինչպես երբ սահիկն է մոգական լուսարձակիչի մեջ շրջված դրվելիս պատկերը ճիշտ ցույց տալիս, այդպես էլ աշխարհի աչքերում չնայած ես գլխիվայր եմ, այնուամենայնիվ հավիտյան ուղիղ եմ Աստծո և երկնային աշխարհի առաջ և գովերգում եմ Նրան այս փառավոր խաչի համար»:
8. Հավատացյալների համար երբեմն հեշտ է մարտիրոսանալ իմ անվան համար, բայց ես կարիքն ունեմ նաև կենդանի վկաների, որոնք ամեն օր իրենց իբրև կենդանի զոհ կմատուցեն ուրիշների փրկության համար: Մեռնելը հեշտ է, իսկ ապրելը՝ դժվար, քանզի հավատացյալի կյանքն ամեն օր մեռնել է: Բայց նրանք, ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալու ի սեր ինձ, բաժին կունենան իմ փառքից և ինձ հետ լիառատ ուրախության մեջ կապրեն հավիտյան:
9. Եթե ցավն ու տառապանքը, վիշտն ու կսկիծը ամպերի նման հայտնվեն և ժամանակավորապես ստվերեն Արդարության Արեգակին ու ծածկեն Նրան ձեր տեսադաշտից, մի՛ վախեցեք, որովհետև վերջում վշտի այդ ամպն օրհնության անձրևի նման կիջնի ձեր գլխին, և Արդարության Արեգակը կծագի ձեզ վրա՝ այլևս հավիտյան մայր չմտնելով:
(շարունակելի)
Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ