Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Խոսենք կատարվածի պատճառների մասին

Խոսենք կատարվածի  պատճառների մասին
31.05.2013 | 00:48

Վերջերս ավերիչ կարկտի պատճառով մեր ժողովուրդը օրհասի հանդիպեց, ու բազում ընտանիքներ թշվառության տաշտակի առջև կանգնեցին։ Եվ, ըստ գյուղնախարարության հաշվարկների, մի օրում տասնյակ միլիոնների (դոլարով) ազգային կորուստ ունեցանք։
Բայց գոնե լավ էր, որ այդ բնության օրհասը մարդկային կորուստներ չտվեց, ինչպես այս օրերին Ամերիկայի Օկլահոմա նահանգի սարսափելի պտտահողմը մոտ հարյուր մարդու մահվան պատճառ դարձավ։
Իհարկե, ցավալի է ու տխուր այս եղածը, բայց հիմա պիտի փորձենք խոսել կատարվածի պատճառների մասին, որովհետև ոչ մի հետևանք առանց նախնական պատճառի չի լինում, ինչպես որ ադամական մեղքի հետևանքը մարդկության մահվան պատճառը դարձավ։ Ինչո՞ւ, որովհետև Ադամը մեղանչեց Կյանք Արարողի հանդեպ, իսկ ինչ կյանքին հակառակ է, մահ է։
Սկսենք նրանից, որ մեր Արարիչ Հայրն Իր ստեղծածների համար, ըստ Սուրբ գրքի, օրհնանքներ և պատժի անեծքներ ունի պահած, նայած թե ինչ դիրքում կլինենք մենք Արարչի հանդեպ։ Օրինակ, կարծում ենք, թե չընտրությունների մասնակցելով անմաքուր խղճերով, անպա՞րտ կմնանք Արդար Աստծո առջև։
ՈՒ քանի որ Աստված նախ սիրող Հայր է, երբ մենք Իր խրատների ու պատվիրանների համաձայն ենք, իսկ նոր հետո պատժող ու խրատող Տեր, երբ մենք շեղվում ենք Իր պատվիրաններից, ուրեմն խոսքը շարունակենք Աստծո խոստումներով։

ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ…
«Եթե ըստ Իմ հրամանի ընթանաք, Իմ պատվիրանները պահպանեք ու կատարեք դրանք, ապա Ես անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին: Հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները: Ձեր կալերում աշխատանքը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութները կտևեն մինչև նոր ցանքսի ժամանակը: Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք: Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, ու ձեր երկրում պատերազմ չի լինի: Կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի: Ձեր երկրից կվերացնեմ չարիք պատճառողներին: Դուք հալածական կանեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ: Ձեր հինգ հոգին հալածական կանի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորներին, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ: Ես բարի աչքով կնայեմ ձեզ, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և կկատարեմ ձեզ տված իմ խոստումը: Այնքան բերք կստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կբավարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանեք նոր բերքով լցնելու համար: Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մեջ, և Ես ձեզանից չեմ խորշելու: Ես պիտի քայլեմ ձեր մեջ և պիտի լինեմ ձեր Աստվածը, իսկ դուք պիտի լինեք Իմ օրհնված ժողովուրդը» (Աստվածաշունչ. Ղևտական, 26, 3-12)։
Կարդացի՞ք, թե մեզ սիրող Արարիչ Հայրն ինչպիսի օրհնության խոստումներ ունի պահած Իր սուրբ պատվիրանները պահող զավակների ու ժողովուրդների համար։ Տերը պատրաստ է ոչ միայն հողն ու բերքը օրհնելու, մեր տունն ու տեղը և ընտանիքները, այլև մեր երկիրը պահպանելու թշնամիներից։ Իսկ եթե նույնիսկ մեզ վրա հարձակվելու լինեն, ապա Տերը մեզ պիտի այնքան զորացնի, որ մենք հալածական դարձնենք մեր սահմաններից։
ՈՒ շարունակենք նաև կարդալ, թե ինչ է սպասում Արարչական կամքը մերժողներին ու Նրա սուրբ պատվիրանները չկատարողներին, քանզի Տիրոջ պատվիրանները ճանապարհի այն զգուշացնող նշաններին են նման, որոնք մարդուն ուղղորդում են դեպի վերջնական նպատակ։ Եվ ինչպես, երբ զանց ենք առնում ճանապարհային զգուշացնող նշանները, այդ պատճառով մեր ընթացքը վթարով է ավարտվում, այդպես էլ Աստծո պատվիրանները չկատարողների կյանքն ու հավատքը կավարտվեն ցավալի կորուստներով ու վերջում էլ` հավիտենական մահվան «վթարով»։ Եվ այսպես.

ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺՆԵՐԸ...
«Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք Իմ այս բոլոր հրամանները, արհամարհեք դրանք, Իմ կարգադրություններից ձանձրանալով չկատարեք իմ պատվիրանները, վերացնեք Իմ հաստատած ուխտը, ապա Ես տագնապալից տառապանքների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքերի լույսը, և դուք հալումաշ լինեք: Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն: Ես Իմ զայրացած հայացքը ձեզ վրա պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ: Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, և դուք փախստական պիտի լինեք: Եթե նման պատիժներից հետո էլ Ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ: Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր: Ձեր հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտա, ոչ էլ երկրի ծառերը պտուղ պիտի տան: ՈՒ ձեզ պիտի նեղեմ հացի պակասությունով, հաշված կշռով պիտի ուտեք ու պիտի չկշտանաք» (Աստվածաշունչ. Ղևտական 26, 14-2):
Ավելացնելու ոչինչ չկա, թող յուրաքանչյուր մարդ այս ամենը կարդալով իր սեփական հետևություններն անի, քանզի յուրաքանչյուրս մեր իսկ կատարած մեղքերի համար պատասխան պիտի տա Արարիչ Աստծուն։
ՈՒ քանի դեռ չի մարել Արագածի քառագագաթի վրա Լուսավորչի Հայոց կանթեղը և մեր սուրբ նախնիների՝ Աբգար ու Տրդատ թագավորների, Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի, քաջ Վարդանի, Նարեկացու, Շնորհալու, Տաթևացու և բազում այլոց հոգու կանչը, արթնացիր մեղքի թմբիրից, վեր կաց ու կանգնիր մեռելային վիճակից, քանզի ժամն է եկել աղոթքի, որպեսզի Աստծո օրհնյալ խոստումները ժառանգենք, ոչ թե անեծքի պատիժը, քանզի Հայոց փոքրիկ նավը աշխարհի հոծ ու մեծամեծ ազգերի ծովում անօգնական տարուբերվելով, պռնկեպռունկ լցվել է մեր մեղքերի ու թշվառությունների պղտոր ջրերով: Երկրի երեսին չկա այլևս մի ուժ, որ մեզ փրկության ձեռք մեկնի: Շուրջբոլորը մահաբեր օղակ է, բայց մնացել է վերջին ճանապարհը՝ երկնայինը, քանզի գրված է Աստվածաշնչում. «Օրհնյալ է այն մարդը, որ Տիրոջը կապավինի, ու որի հույսը Աստված է»:
Ով հայորդի ընթերցող, եթե դեռևս իմաստուն նախնիներիդ հոգու կայծեր կան սրտումդ, ապա անտարբեր չես մնա այս կանչին և աշխարհի վրա գալիք հրեղեն փորձություններին դիմակայելու համար, կոչ ենք անում բոլորի՜ն, բոլորին՝ մանուկից մինչև մեծ. Աստծո տված ամեն օրվա միջից մի պահ առանձնացնենք զղջման ու ապաշխարության, և Աստծո փառաբանության աղոթքների համար, քանզի Տերն Ինքն է պատվիրել. «Աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք»:
Եվ թող բոլորիս հոգու կանչին ուղեցույց լինի Աստծո սրբի՝ Դանիել մարգարեի հետևյալ աղոթքը.
«Օ՜հ, Տեր, մեծ ու ահավոր Աստված, որ պահում ես Քեզ սիրողներին ու Քո պատվիրանները պահողների ուխտը: Մենք մեղք գործեցինք, անօրենություններ անելով Քո ճանապարհից խոտորվեցինք: Եվ ահա այս չարիքները եկան մեզ վրա, սակայն մեր անօրենություններից հրաժարվելու և Քո ճշմարտությանը խելամուտ լինելու համար մեր Տեր Աստծուց ներում չխնդրեցինք: Այժմ շնորհ արա, Քո սրտմտությունը և Քո բարկությունը հետ դարձրու, քանի որ մեր մեղքերի ու մեր հայրերի անօրենությունների պատճառով մեր շուրջը եղող ազգերից նախատվեցինք: Եվ հիմա, ով Աստված մեր, լսիր մեր աղաչանքը հանուն Քո սիրո, և այս ամայացող երկրի վրա երեսդ փայլեցրու: Ականջդ խոնարհեցրու, ով մեր Աստված, աչքերդ բա՛ց ու տե՛ս մեր ավերումները: Մեր աղաչանքները ոչ թե մեր արդարությունների համար ենք Քո առջև մատուցում, այլ Քո մեծ ողորմությանն ապավինելով: Տե՛ր, լսիր ու ներիր, ով Տե՛ր, նայիր ու ողորմիր և մի ուշանա, քանզի այս ժողովուրդը Քո Որդու անունով է կոչված։ Քո անվան և փառքի համար փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը»:
Հայորդինե՛ր, Աստծուն փառք տվեք դեռ խավարը մեզ վրա չհասած ու հրհեղեղով մաքրագործության օրը չեկած, և ապաշխարության արժանի գործերով լցնենք մեր կյանքի մնացած բոլոր օրերը, որպեսզի Աստծո խոստման օրհնություններին արժանանանք. ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ