Աշխարհում մի նոր մոլորություն է տարածվում, մանավանդ մտավորական համարվողների շրջանում, և հոգևոր ավերածության պատճառով զրկում է նրանց հավիտենական արքայությունից։
Այս նոր աղանդը հիմնված է վերամարմնավորման՝ «ռեինկառնացիա» կոչվող հինդուիստական կրոնի գաղափարախոսության վրա։ Ի՞նչ գաղափար է այս, ու որտեղի՞ց են գալիս ամենակատաղի այս աղանդի ակունքները։ «Նոր դար» (Նյու էյջ) և «Վերջին ուխտ» կոչվող այս աղանդների պղտոր ալիքներում արդեն բազմաթիվ հոգիներ են սուզվել ու խեղդվում են ճշմարտության բացակայությունից։
Ճշմարտությանը հաղորդ լինելու համար սովորաբար փնտրում են նրա արմատները։ Մենք էլ այդպես վարվենք ու պատմական համառոտ անդրադարձ կատարենք դրա արմատներին։
Արդի տվյալներով՝ ամեն 6,5 վայրկյանը մեկ մի մարդ է մահանում աշխարհում։ Իսկ ինչպե՞ս։ Դե՛, շատերը կասեն՝ շունչները փչում են, և վերջ: Բայց դա այնքան էլ այդպես չէ, քանզի տարբեր ազգերի մեջ մահվան մասին տարբեր ընկալումներ կան: Օրինակ, շատ ազգերի համար մահվան սարսափը արևելյան Ագնի յոգա կոչվող կրոնում լուծում են այսպես. «Մահն ընդամենը մազերը խուզելու նման անախորժություն է»: Այսինքն, ըստ նրանց, ոչինչ չնշանակող, առանց ցավի մի հեշտ վիճակ: Այդ չէ՞ պատճառը, որ այդ կրոնի ներկայացուցիչները իրենց հիվանդ ու ծերացած ծնողներին դեռ ողջ-ողջ տանում են աղբարկղի մոտ դնում որպես անպետքություն, որպեսզի նրանց տանեն ու մեռյալների դաշտում դնեն, մինչև մեռնեն: Իսկ եթե տանն են մեռնում, հարազատները նրան «պատրաստում են հուղարկավորության», այսինքն՝ նախ դիակի գանգն են ջարդում, որ հոգին չմնա մարմնի մեջ ու դուրս գա «հոգետնից» (գանգի վերևի մասից, որը նորածինների ամենափափուկ մասն է) ռեինկառնացիայի (վերամարմնավորման) շրջապտույտը մտնելու համար, իսկ մարմինը տանում, այրում են և մոխիրը Գանգես գետի վրա են շաղ տալիս: Սա՝ մեր օրերում։ Իսկ հնում, ինչպես տեղեկացրել են Ալեքսանդր Մեծի պատմիչները, Հնդկաստանի շատ ցեղերի այն տարեցներին, ովքեր ծանր են տարել ծերությունը կամ տանջվել են հիվանդություններից, ընդունված կարգի համաձայն՝ ողջ-ողջ այրել են, քանի որ անարգանք է համարվել ապրել մահվանը սպասելով։ Այդ ցեղերի մեջ բնական մահով մեռած ծերերին թաղել են առանց որևէ պատվի ու հարգանքի, համարելով, որ իրենց Շիվա աստծու սրբազան կրակը անարգվում է արդեն անշնչացած դիակները այրելիս։ Իհարկե, քրիստոնեությունը դա համարում է ծայրահեղ անմարդասիրություն, քանզի մեր հարազատների մահը խիստ ցավալի է բոլորիս համար, ու ինչպես գիտենք, մազերը խուզելուց հետո ոչ ոք լաց չի լինում: Աստծո սիրո դրսևորման ամենավառ ապացույցը սրբուհի մայր Թերեզան էր, ով Հնդկաստանի փողոցներից ու աղբանոցներից հավաքում էր լքված, անօգնական ծերերին, որբ երեխաներին և տանում իրենց վանք, խնամելու և Հիսուսի սերը փոխանցելու, ինչից զրկված են այդ խեղճ հոգիները: Այս ամենը բուդդայական կրոնի հետևանքներն են, որի դավանորդները հավատում են ռեինկառնացիա կոչված դրույթին, որ իբր մահից հետո հոգին վերջնական մաքրվելու ու փրկվելու համար պետք է անհաշվելի շրջաններով անցնի, ներբնակվելով այլ մարդկանց (լավագույն դեպքում) կամ էլ զանազան կենդանիների ու բույսերի մեջ, մինչև նիրվանայի, այսինքն՝ հոգու երանելի վիճակին, կհասնի: Բուդդայական գրականության մեջ բազմաթիվ բացատրություններ կան «վերածնված» մարդկանց ու նրանց արարքների վերաբերյալ։ Բայց այդ ամենի մասին խոսելն իսկ ավելորդ է, այնքան զավեշտալի ու անհիմն են դրանք սթափ մտքի համար։ Օրինակ, ըստ նրանց, եթե մի կին այս կյանքում սիրեկան ունի, նշանակում է, որ այդ տղամարդը նախկին կյանքում այդ կնոջ ամուսինն է եղել. մեղքը քողարկելու հեշտ ու տխմար վարկած:
Քրիստոնեությունը արմատապես մերժում է այդ անհիմն ու մոլորյալ բոլոր դրույթները, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել և այնուհետև դատաստան, նույնպես և Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց շատերի մեղքերը վերացնելու համար, իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, ովքեր սպասում են Իրեն՝ հավատով փրկվելու համար» (Եբր. 9.27):
Հոգու ռեինկառնացիայի սկզբունքը սուրբ Գրիգոր Նյուսացին հիմարություն է համարել, ասելով. «Հոգին մահվանից հետո ստիպված է ավելի վատթար վիճակի անցնելու, ավելի անարգ բնությանը դառնալու, քան մինչ այդ էր։ Այս հիմարությունից հիմարություն գնալ է, քանզի հոգին, բանական, խոսուն վիճակից անցնելով անխոս, անասնական վիճակին, չի կարող կանգ առնել մոլությունների ոչ մի աստիճանում, բայց իր կրքերին կապված լինելով՝ նա անխոսներից կանցնի անզգայական բույսերի վիճակին, իսկ դրանք սահմանակից են չգոյությանը։ Այնպես որ միանգամայն պարզ է, որ, ըստ նրանց, հոգին կտեղափոխվի դեպի անգոյություն, ուրեմն անհնար կլինի վերադարձ դեպի լավագույնը»:
Այս մասին կարծում ենք, ավելին գրելու կարիք չկա:
Հինդուիզմ կոչվող կրոնում, որտեղ ընդունվել է հոգիների վերամարմնավորման գաղափարը, այն կոչելով Կյանքի անիվ, ինչը նշանակում է, որ հոգին անփոփոխ է, իսկ փոփոխվողը մարմինն է, որը մի կյանքից մյուսն է փոխադրվում՝ վերափոխվում անվերջանալի վերածնունդների շրջանում։ Ընդ որում, մարմնի այդ վերափոխումները կարող են իրականանալ նաև կենդանիների, սողունների, միջատների, նույնիսկ բույսերի միջոցով։ Այսինքն, ըստ այդ կրոնի, այս աշխարհում ապրող մարդիկ երբ ինչ¬ինչ պատճառներով մեռնեն, դարձյալ կվերադառնան այս աշխարհ, մեկ այլ մարմնով ապրելու, նայած թե ինչ մարմնի կարժանանան Բրահմայի (իրենց պաշտած աստծու անունն է) բարեհաճությամբ։ Այդ պատճառով այդ անվերջանալի վերափոխումներից խուսափելու միակ հնարավորությունը Բրահմայի հետ միավորվելն է, որի դեպքում մեռնողը այդ ռեինկառնացիոն շրջաններից խուսափելով, միանգամից վերջնանպատակին է արժանանում։ Իսկ այդ «երջանիկ» ու ամենաբարձր կատարելություն համարվող ելքը իրականանում է միայն այն դեպքում, երբ «մեծ հոգիները» հավատարիմ են մնում Բրահմային։ Այդ գերագույն վիճակը կոչվում է Նիրվանա, որին կարող են հասնել, օրինակ, յոգայի վարժությունների մեթոդով, կամ էլ մանթրաների (աղոթքի մի տեսակ է, որն իրագործվում է ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ) անդադար կրկնումներով։ Ըստ որում, աղոթքի բառերը այնքան էլ կարևոր չեն, այլ նրանց արագ¬արագ կրկնությունները, որպեսզի սեփական միտքը դատարկվի։ Իսկ քրիստոնեությունից մենք գիտենք, որ եթե մարդու միտքը դատարկվի ինքնագիտակցության պաշտպանությունից, դրանց տեղը ներս են սողոսկում դիվական ուժերը, որոնք տվյալ մարդու վրա իշխանություն են բանեցնում, ընդհուպ ինքնասպանության մղելով։ Այսինքն՝ հինդուիստական կրոնի քարոզած վերամարմնավորումը իսկական անեծք է, քանի որ մարդը կարող է վերածնվել պիղծ ու անարգ մարմիններում, օրինակ՝ առնետի, օձի կամ տատասկափշի ձևով։ Իսկ այ արևմտյան, եվրոպական ու այլ «զարգացած» երկրներ ներմուծված հինդուիստական արևելյան գաղափարները մարդկանց մոտ բոլորովին հակառակ արդյունք գրանցեցին. շատ մտավորականների համար, օրինակ, ռեինկառնացիան համարվում է ցանկալի նպատակ, քանի որ բոլորը, չգիտես ինչու, իրենց հետագա մարմնավորումը սպասում են առավել գեղեցիկ ու առողջ, նաև, ինչու չէ, հարուստի կերպարում, ինչին նրանք չեն հասել այս ապրած կյանքում։ Այդ սպասվող կյանքի շրջանների հետևանքը՝ կարման, այժմյան մտավորականների ու շատ գիտնականների համար դարձել է հետմահու երջանկության գրավականի «լակմուսի թուղթ»։ Այս մասին գրում ենք ցավով, քանի որ նման մոլորեցնող գաղափարներ տարածված են նաև Հայաստանում, այն էլ իրենց ազգի մտավորական համարող շատ հայորդիների շրջանում։ Բայց դա նրանց չի էլ խանգարում, որ իրենք իրենց շարունակեն քրիստոնյա համարել. չարի հերթական խաբկանք։
Կարմայի մեթոդով «բժշկությունների» առաջատար մասնագետ համարվող Լազարևի «Կարմայի դիագնոստիկան» կոչվող ութ գրքերը շատ շուտ տարածվեցին Ռուսաստանում ու Եվրոպայում, քանի որ իրենց հոգևոր աջն ու ձախը չիմացող մարդիկ, սեփական մեղքի գիտակցություն չունենալով, իրենց հիվանդությունների ու անհաջողությունների պատճառը փնտրում են նախկին կյանքի սխալների մեջ, քանի որ, ըստ հինդուիստական կրոնի, մարդն իր գործած մեղքերից կարող է միայն կյանքի անթիվ վերամարմնավորումների միջոցով մաքրվել։ Այսինքն, մեղքերի թողություն կամ քավություն ասվածը իսպառ բացակայում է այդ կրոնում, քանի որ յուրաքանչյուրը պետք է ինքը հատուցի իր մեղքերի հետևանքը։ Դե, դա ինչ¬որ տեղ բնական է, որովհետև այնտեղ Հին ուխտի հրեաների նման չեն կարող կենդանիների արյուն թափելով ազատվել մեղքի հետևանքից, քանի որ կենդանի սպանելը մեծագույն մեղք է, իսկ Նոր ուխտի մեջ էլ մարդկության մեղքերի համար պատարագված Աստծո Գառին՝ Հիսուս Քրիստոսին, նրանք որպես այդպիսին չեն ընդունում։
Եվ ահա այդ «Նոր դար» կոչվող կրոնական շարժումը, օգտագործելով թե՛ հինդուիստական, թե՛ քրիստոնեական հավատների դրույթները, ստեղծել է, այսպես կոչված, «փրկության ժամանակակից դոկտրին»։ Օրինակ, ըստ «Նոր դարի» գաղափարների, Հիսուսի սովորեցրած վերստին ծնունդի մասին խոսքը պետք է հասկանալ որպես մեր նույնացում Աստծո Որդու հետ, այսինքն՝ միայն գիտակցելը այդ մասին արդեն բավական է լինել Նրա նման։ Միակ տարբերությունը մեր և Հիսուսի միջև այն է, որ Նա առաջինը հասկացավ ու ընդունեց այդ ճշմարտությունը և դարձավ Աստծո Որդի, իսկ մենք հետագա դարերում։ Այսինքն՝ ըստ «Նոր դար»-ի, Հիսուսը կատարյալ գերէակ էր, իսկ մենք՝ պոտենցիալ, այսինքն՝ հնարավոր է, որ մենք էլ այդպիսին լինենք, եթե փոխենք մեր գիտակցությունը այդ ուղղությամբ։ Այս գաղափարախոսության հիմքում նրանք դնում են Հիսուսի ասած խոսքը, որը վերցված է սաղմոսներից մեկից. «Ես ասացի՝ դուք աստվածներ եք»։ Ահա, հենց այստեղ էլ հանգուցել են հինդուիստական ու քրիստոնեական այն գաղափարը, թե մենք Բրահմայի, այսինքն՝ աստծո մասնիկն ենք, ուրեմն այդպիսին էլ կլինենք, եթե մեր ինքնագիտակցությունն ուղղենք այդ խոսքի վրա։ Զգո՞ւմ եք ինչ նրբությամբ է այս աշխարհի իշխանը՝ սատանան, մոլորեցնում մարդոց որդիներին։ Մի կողմ թողնելով մեղքի հարցն ու հաշիվը, մարդուն միանգամից հպարտության տարատեսակների աստիճաններով հասցնում է աստվածության բարձունքին։ Դա էլ հենց նախկինում Արուսյակի՝ սատանայի, անկման պատճառն է եղել, քանի որ նա իր կատարելությանը ապավինելով, հպարտացավ այն աստիճանի, որ ուզեց իր գահը Արարչական գահին հավասար դնել, որ արարվածները իրեն էլ պաշտեն, ինչպես Աստծուն են պաշտում ու երկրպագում։ ՈՒ մեղավոր մարդը, մի կողմ թողնելով իր կատարած հանցանքների հարցը, հպարտանալով, որ ինքը որպես աստված է ստեղծվել, նորից ուզում է տիրանալ այդ բարձունքին, չհասկանալով, որ դրա պատճառը հենց մեղքն է եղել, որի համար զոհաբերվեց Աստծո Գառը։
Պողոս առաքյալն այս հարցում հստակություն է մտցնում, գրելով. «Չկա՛ ուրիշ Աստված, բացի միակ Աստծուց, թեպետ, այսպես կոչված, աստվածներ կան թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա… Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք Նրանով. և՝ միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, Որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք Նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա» (Ա Կորնթ. 8. 5)։
ՈՒշադրություն դարձնենք վերջին կարևոր նախադասության վրա. «Բոլորի մեջ այս գիտակցությունը չկա»։ Տեսա՞ք, որ այստեղ հստակ ու ճշմարիտ գիտակցության կարիք կա, այլապես «Նոր դարի» գաղափարները կմոլորեցնեն, ու մեղավոր մարդն իրեն աստված կարծելով, սատանայի նման հպարտանալով նրա հետ էլ դժոխքի կրակներում կհայտնվի, քանի որ առանց Հիսուս Քրիստոսի քավչարար արյան ու մեղքերի համար զղջման ու ապաշխարության փրկություն չկա։ Ինչպես հաստատում է Հովհաննես առաքյալը. «Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: Եթե ասենք՝ մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտութիւն չկայ մեր մէջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամէն անիրավութիւնից» (Ա Հովհ.1.7)։ Եվ այս ամենը հիմնված է Տեր Հիսուսի ասած խոսքի վրա. «Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը և չըմպէք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ» (Ա Հովհ. 6. 54):
Այսինքն, աղանդավորական այս նոր գաղափարները, անտեսելով կամ ավելի շուտ անարգելով Քրիստոսի քավչարար Արյունը, որ թափվեց ադամական մարդկության մեղքերի համար, խաբվելով սատանայից, իրենց փրկության մի նոր ուղի են փնտրում՝ մտային¬գաղափարական, կամ գիտակցական ոլորտում, ուր անարգել կարողանում է մուտք գործել չարը, քանի որ նա իր առաջին հաղթանակը մարդկության հանդեպ տարավ հենց այդ բնագավառում ու Եվայի միտքը շեղելով Աստծո խոսքի ճշմարտությունից, տարավ մեղքի անհնազանդության ճանապարհով, ասելով Եվային. «Ո՛չ թե անշուշտ պետք է մեռնեք։ Քանզի Աստված գիտի, թե այդ օրը որ դրանից ուտեք, աչքներդ կբացվի ու աստվածների պես պետք է լինեք, չարն ու բարին գիտենալով» (Ծննդոց 3.5)։ Տեսա՞ք, որ խաբկանքի մեթոդը մնում է նույնը. չհիմնվելով Աստծո խոսքին՝ կլինենք աստվածների նման։ Ընդհանրապես մոլորության բոլոր տարատեսակները սկսվում են մարդու մտքի վրա չար ազդեցության շնորհիվ, որը միշտ բարու անվան տակ է հրամցվում։ Վկան ենք մենք, կոմունիստական գաղափարախոսությանը տրվածներս, քանզի դրա փուչ խոստումներին անսալով, մեր իսկ սուրբ նախնիների շինած եկեղեցիները քանդեցինք, ավետարաններ վառեցինք, քահանաներ աքսորեցինք ու սպանեցինք, հավատալով կոմունիզմի ուրվականին։
Կարծում եք, թե այդ դիվական խաբկանքները վերացե՞լ են։ Բոլորովին էլ ոչ, քանզի հիմա այլ ձևերով են մոլորեցնում մարդկանց, ինչի մասին արդեն վերը կարդացիք։ Եվ այդ «Նոր դար» կոչված շարժման անդամները մեծ մասամբ մտավորականներ են, քանի որ նրանք հիմնվում են ռացիոնալիստական, այսինքն՝ Սուրբ գրքի խոսքի ճշմարտությունների հավատով ընկալման մերժման դրույթների վրա։ Սրանք նման էզոթերիկ գաղափարներին տրվելով, մոռանում են իրենց ազգային և քրիստոնեական ակունքները, պատվաստվում են ոչ կենարար արմատներին։ Որպես լրացուցիչ ինֆորմացիա, իմանանք, որ «Նոր դար» աղանդի իսկական անունն է «Նյու էյջ»:
Նմանատիպ մի աղանդ է ձևավորվել, օրինակ, Ռուսաստանի Մինուսինսկ կոչվող բնակավայրին հարող տայգայում ու գործում է «Վերջին ուխտ» անվան տակ, որը ղեկավարում է Վիսարիոն մականունով ոմն, ով իրեն համարում է Հիսուսի երկրորդ գալուստ, և հավաստում է, որ ինքն իր նախկին կյանքում, մեր թվարկությունից առաջ դեռ VI դարում, եղել է Եֆլեյ անունով հրեա մարգարեն, ու այժմ էլ վերամարմնավորվել է որպես Հիսուսի երկրորդ գալուստ. ոչ ավելի, ոչ պակաս։ Նրա հետևորդ մոլորյալները բավականին մեծ թիվ են կազմում, նույնիսկ կան ընդգրկված բազմաթիվ ընտանիքներ, որոնք, թողնելով իրենց հիմնական բնակավայրերը, եկել ու միացել են այդ աղանդին ու ապրում են միջնադարյան ժամանակների պարզունակ կենցաղ ունեցող ինքնաշեն գյուղերի փայտե տնակներում, որտեղ էլեկտրականություն ու ժամանակակից տեխնիկա չկան։ Կարծես թե դրանով մարդիկ փորձում են փախչել քաղաքային խեդդող իրականությունից, բայց ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ։ Քանի դեռ այդ դիվական աղանդների տարատեսակները արմատ չեն ձգել Հայաստանում, մենք հարկ համարեցինք զգուշացնել մեր ժողովրդին, քանզի պետք է ցավով տեղեկացնեմ, որ մեր հայ մտավորականներից շատերն արդեն մասնակիորեն վարակված են այդ ախտով և հավատում են վերամարմնավորման փուչ գաղափարներին։
Իսկ վերջում էլ կհորդորեի բոլոր սուրբ Ավազանի մկրտությամբ վերստին ծնունդ ունեցող հայորդիներին, ապագա մոլորություններից խուսափելու և Աստծո խոստացած Արքայությունը ժառանգելու համար զանց մի՛ առեք Եկեղեցու կիրակնօրյա պատարագները, որտեղ յուրաքանչյուրիս համար կենդանարար հոգու Հաց ու Գինի է պատրաստված անձամբ Հիսուս Քրիստոսի ձեռքով, քանզի դրա միջոցով յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքի կենարար ավիշն է ստանում, որ դիմակայել կարողանա այս աշխարհի հոգեկործան փոթորիկներին և ժառանգի Տիրոջ խոստացած հավիտենական կյանքը։
Տերը բոլորիս արժանացնի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ