Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Դատարկ տեղը չեն ակտիվացել

Դատարկ տեղը չեն ակտիվացել
03.02.2017 | 00:54

Հայաստանի գլխավոր դրամատունը մարդկանց լավ իմաստով անակնկալի է բերել: Պարզվում է՝ 2016-ի դեկտեմբերին ՌԴ-ից ՀՀ ֆիզիկական անձանց կատարած դրամական փոխանցումները ավելացել են 26 %-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
ԿԲ-ի տվյալներով` անցած տարվա վերջին ամսին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները 88 մլն դոլարով ավելի են եղել: Աճը, ինչ խոսք, զգալի է, եթե չասենք՝ կտրուկ: Ինչո՞վ է պայմանավորված դրամական փոխանցումների այս «բումը»: Փորձագետների համոզմամբ՝ պատճառը պետք է փնտրել նավթամթերքի շուկայում:

Մասնավորապես վերջին մի քանի ամսում միջազգային շուկայում նավթամթերքի գնի բարձրացմամբ ամրապնդվել է ռուբլին: Այդ ֆոնի վրա անցած տարվա դեկտեմբերին ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժևորվել է չորս նիշով: Փորձագետները համոզված են, որ 2016-ի դեկտեմբերին տեղի ունեցած դրամական փոխանցումների աճը հենց սրանով է պայմանավորված: Համաձայնելով հանդերձ՝ խոսենք մեկ այլ կարևոր գործոնի մասին:
Գաղտնիք չէ, որ ֆինանսները սիրում են կայունություն, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում: Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի Հայաստան, սկսած 2010-ից, տարեցտարի կրճատվել են, ինչի հիմքում նախ տնտեսական գլոբալ ճգնաժամն էր, այնուհետև Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Նշված երկու գործոնների հետևանքով Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մեջ մեծ է նաև մեր հայրենակիցների թիվը, կանգնեցին լուրջ խնդիրների առջև՝ կադրերի կրճատում, աշխատավարձերի նվազում և այլն: Բացասական ազդեցություն թողեց այդ իրավիճակը նաև գործարար դաշտում՝ տնտեսությունը սկսեց ծանր «շնչել»: Այս ամենը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ դրամական փոխանցումների վրա:


Ռուսաստանում ընթացող զարգացումներին զուգահեռ Հայաստանի տնտեսությունը ևս վերջին տասը տարիներին աստիճանաբար անկում ապրեց: Ավելին, փոքր և միջին բիզնեսների նկատմամբ իրականացված ճնշող քաղաքականությունը, մարդկանց մեծածավալ արտահոսքը դրսի մեր հայրենակիցների շրջանում առաջացրեց անվստահության մթնոլորտ, ինչն իր բացասական ազդեցությունը թողեց նաև ներդրումային դաշտում:


Այսօր արդեն պաշտոնապես հաստատված փաստ է, որ 2016-ի դեկտեմբերին առաջին անգամ արձանագրվել է Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կտրուկ աճ: Սա ինքնին արդեն դրական ազդակ է: Կարելի է ենթադրել, որ ոչ միայն ռուսական ռուբլու արժևորմամբ է պայմանավորված այդ աճը, այլև ռուսական տնտեսությունում նկատվող որոշակի դրական տեղաշարժերով: Եթե սրան էլ հավելենք Հայաստանի տնտեսական դաշտում իրականացվող փոփոխությունները, ապա կարելի է ենթադրել, որ ֆինանսները դատարկ տեղը չեն ակտիվացել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ