Մարդու անունը առանձնացնում է նրան միլիարդավոր այլ մարդկանցից և հաստատում տվյալ անձի անկրկնելիությունը:
Հայր, Որդի և Սուրբ Հոգի` երեք Անձեր և երեք անուն:
Մարդը նույնպես ստեղծված է որպես անձնավորություն Աստծո պատկերով: Աստված ինքը առաջին մարդուն անուն տվեց՝ կոչելով նրան Ադամ: Այսպիսով, Արարիչը տվեց մարդուն, կարելի է ասել Աստծո պատկեր լինելու նշան, «անձը հաստատող վկայական», որը իրավունք և հնարավորություն է տալիս ապրելու ներդաշնակ հաղորդակցությամբ Սուրբ Երրորդության աստվածության հետ և հավիտենական կյանքին մասնակից լինելու: Աստծո Արքայությունը սիրո մեջ անձերի հաղորդակցությունն է, իսկ դժոխքն այդ հաղորդակցության բացակայությունն է: «ՈՒրախացե՛ք նրա համար, որ ձեր անունները գրված են Երկնքում»,- ասում է Փրկիչ Տերը Ավետարանում իր աշակերտներին, ակնարկելով նրանց մասնակցությունը հավիտենական կյանքին` հանդերձյալում: Անունը իր հերթին առաջ է բերում կերպարը, իսկ կերպարը միավորվում է հոգու հետ: Անհրաժեշտ է իմանալ, որ եթե մենք խոսում ենք անվան մասին, որը տվյալ անձի նշանակն է և «սիմվոլը», ապա այն պետք է անձնավոր բովանդակությամբ լցված լինի: Սակայն անունը պարզապես անձ համարել մենք չենք կարող, որովհետև անունը ինքը առարկան չէ, այլ առարկան մատնանշող սիմվոլ:
ՈՒղղափառ քրիստոնեական հայացքն այս հարցի վերաբերյալ հետևյալն է. Աստծո անունները մատնանշում են Աստծուն, սակայն Աստված չեն, այլ Աստծո պատկերներն են: Անունն ինքը անձնավորություն չէ, այլ անձի նշանակ, սիմվոլ է: «Անունները մատնանշում են միայն էություններ, սակայն էություններ չեն» (Բարսեղ Կեսարացի):
Եվ այսպես, ճշմարիտ քրիստոնյաներն այսօր չեն ընդունում նույնականացման համարներն իրենց անունների փոխարեն, ոչ թե նրա համար, որ անուններն իրենց անձերն են (անվանապաշտություն), այլ որովհետև անձնական անունները իրենց անձերի նշանակներ, սիմվոլներ են: Այլ խոսքով ասած, անունը մատնանշում է մարդու աստվածային կերպար և աստվածանման անձ լինելը:
Ծայրահեղություններից զերծ մնալու համար, մի կողմից՝ չի կարելի ասել, որ անունն ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի, և իբր ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է կատարվում անձի նույնականացումը` անձնական անունի, թե թվային ծածկագրի միջոցով: Մյուս կողմից՝ պետք չէ անվանը վերագրել այնպիսի նշանակություն, որը տալիս են նրան անվանապաշտները:
Էլեկտրոնային ծածկագրման դեմ արտահայտվող հավատացյալներին երբեմն ասում են. «Թույլ տվեք, սակայն ի՞նչ առնչություն ունի այս նույնականացման թվային ծածկագրերի զուտ տեխնիկական և ձևական գործողությունը կրոնի կամ հոգեբարոյական ոլորտի հետ»: Առնչությունը հասկանալի է դառնում, երբ բացահայտվում է տվյալ «գործողության» հոգևոր իմաստը: Պարզվում է «անձնական ծածկագրերի և «անձի» նույնականացման համակարգչային նորագույն տեխնոլոգիաների» հարցը դիպչում է մարդու և նրա աստվածանմանության և աստվածաշնորհ ազատության մասին ուղղափառ քրիստոնեական ուսմունքի հիմքերին: Ստացվում է, որ մարդուն ցկյանս և անփոփոխ նույնականացման համարի վերագրումը փոխարինումն է սեփական անվան թվով, բանական անվան` անբան թվային «անունով»: Համեմատենք` Պետրոսը ո՞վ է, իսկ 123-րդը ո՞րն է: Ո՞րն ես դու ըստ թվային հերթականության, ո՞ր թվի տակ ես: Այս ամենը խոսում է անձնազրկման մասին, անձի և անվան կորստի մասին, հետևաբար և հավիտենական կյանքի:
Բանական անունը կրում է բանական էությունը, անձնավոր-բանական, իսկ անբան «անունը»` թիվը, ցույց է տալիս, որ նրա կրողը անբան է: Անունը տրվում է հոգուն, իսկ թիվը վերագրվում է մարմնին: Անունը մատնանշում է ներքին մարդուն, իսկ թվային ծածկագիրը` արտաքին, իր «ես»-ին: ՈՒրեմն, նրանք, ովքեր ստեղծում են թվային անձնազրկման այս համակարգը, ուզում են, որ մարդիկ մոռանան իրենց բարձր մարդկային արժանապատվության մասին, ներքին մարդու մասին և լինեն մարմնավոր, հոգեպես մեռած և ներկայանան շրջապատի մեջ ոչ թե որպես անձնավորություններ, այլ անշունչ առարկաներ:
Ահա թե ինչու Հայտնության գրքում նշվում է, որ գազանի անունը թվային անուն է: Այն նշանակում է, որ մարդը անձնազրկվում է, կորցնում է աստվածաշնորհ ազատությունը և իր անձի աստվածանմանության պատիվը` նմանվելով գազանային կերպարին:
Եթե մարդու անունը իր անձնավորության վկայությունն է, ապա թվային «անունը» (հականունը) վկայությունն է անձնազրկման: Անվան միջոցով մարդն իրեն ներկայացնում է, որպես դեմք, իսկ թվի միջոցով` առարկա: Ներկայիս թվային անունները կարելի է անվանել որպես գույքային պիտակներ մարդկանց համար, ովքեր դիտվում են որպես հաշվառման ենթակա առարկաներ: Առավել ևս, որ նույնականացման համարը պարունակում է ցուցում` գտնվելու վայրի մասին, այսպես ասած, «խոսող առարկայի»` «ֆիզիկական անձի հարկային կոդը ըստ բնակավայրի»:
Այսպիսով, եթե մարդը դիտվում է որպես անձնական, սեփական անվան կրող և նրան դիմում են այդ անունով, ուրեմն նա ճանաչվում է որպես անկրկնելի, առանձին անձնավորություն, իսկ եթե մարդը նույնականացման համարի կրողն է և նրան դիմում են համարով, ուրեմն անձը նրա մեջ ժխտվում է:
Այստեղ սկզբունքային հարց է առաջանում` ո՞վ և ի՞նչ նպատակով է տալիս մարդուն թվային անունը: Չէ՞ որ նոր անունի ընդունումը նշանակում է նոր տիրոջը երկրպագությունն ու նրա ոգին ընդունելը:
Ակնհայտ է, որ աստվածաշնորհ մարդկային անունները անդեմ, մեռած թվերով փոխարինելու գաղափարը կարող է պատկանել միայն մարդկային ցեղի թշնամուն` սատանային, այդ «մեծ վիշապին» (գազանին) և ստության հորը, որը և պատճառն է աստվածաստեղծ աշխարհում ապրող բանական-ազատ էակների` մարդկանց գազանացման: Իզուր չէ, որ սատանային և այլ անկյալ հոգիներին խորհրդանշող պատկերները գազանային պատկերներ են (վիշապ, օձ, այծ, շնագայլ, խոզ, չղջիկ, մողես և այլն): Նաև չար ոգիներով բռնված մարդիկ իրենց հաճախ գազանների նման են պահում` կարող են հաչել, ոռնալ, մռնչալ... Դա նշանակում է, որ նրանց մեջ բնակվում են հոգևոր «գազանները»` դևերը, որոնք փորձում են մարդուն գազանի վերածել:
Երբ Լյուցիֆերը (սատանան) ըմբոստանալով բաժանվեց Աստծուց, նա լուսակիր հրեշտակից վերածվեց անդեմ և սառը բանական էակի, սիրուն և կարեկցանքին խորթ հոգևոր գազանի: Նրա նման դարձան նաև իրեն հետևող հրեշտակները` վերածվելով խավարակերպ դևերի, չար ոգիների: Իրենց աստվածամարտության աբսուրդի մեջ նրանք ընտրեցին հավիտենական մահը և նախանձից նույնը ցանկանում են մյուսներին` Աստծուց ստեղծված բանական անձնավոր էակներին: Նրանք մարդկանց դիտում են օտարացած, որպես օբյեկտներ, այն ժամանակ, երբ Աստված ամեն մարդու մեջ տեսնում է սուբյեկտ, անձ, Իր արտացոլանքը Իր ստեղծագործության մեջ:
Թարգմանությունը՝
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ
Դարբասի հոգևոր հովիվ