Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ադրբեջանում շարունակում են սահմանափակել ինտերնետի հասանելիությունը

Ադրբեջանում շարունակում են սահմանափակել ինտերնետի հասանելիությունը
23.10.2020 | 14:50

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտական գործողություններին զուգընթաց հայտարարեց, որ երկրի ամբողջ տարածքում կսահմանափակի ինտերնետ կապի հասանելիությունը, գրում է Access Now ոչ առևտրային կազմակերպությունը, որն աշխարհում պաշտպանում է մարդկանց թվային իրավունքները՝ հավելելով. «Դեռևս պաշտոնական հայտարարությունից մեկ օր առաջ Ադրբեջանում համացանցի օգտատերերը սկսել են հայտնել տվյալների փոխանցման արագության նվազեցման մասին, ինչը դժվարացնում է բովանդակության հասանելիությունը և փոխանակումը, որը չափազանց կարևոր է մարդու իրավունքների և հումանիտար խնդիրների խախտումների փաստագրման համար, դժվարացնում է վեբկայքերի թարմացումը և ըստ այդմ՝ վերջին նորությունների հրապարակումը»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները սոցիալական ցանցեր մուտք գործելու խնդիրներ ունեն․ OONI Explorer ինտերնետային գրաքննության տվյալների բաց ռեսուրսի
տվյալները ցույց են տալիս Facebook-ի, WhatsApp-ի, Telegram-ի, Twitter-ի և Skype-ի ծառայությունների հասանելիության նվազում: Կազմակերպությունը նաև մեջբերել է Bloomberg-ի վերջին զեկույցը, որ ամերիկյան Sandvine ընկերությունը գրաքննության տեխնոլոգիաներ է մատակարարել Ադրբեջանի կառավարությանը: Դեռևս պարզ չէ, թե ներկայիս անջատումներն Ադրբեջանում իրականացվել են Sandvine տեխնոլոգիայի օգտագործմամբ:

«Ինտերնետի անջատումը սահմանափակում է կենսական տեղեկատվության հասանելիությունը, թույլ չի տալիս մարդկանց շփվել մտերիմների հետ, սահմանափակում է արտակարգ ծառայությունների արդյունավետությունը և ճնշում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունները»,- ասված է հայտարարության մեջ։ «Նախագահ Իլհամ Ալևի գլխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը տեղեկատվության ազատ հոսքը ճնշելու և քննադատական ձայները ճնշելու երկար պատմություն ունի: Միայն անցյալ ամիս ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ ցուցարարների, որ բողոքում էին բարձրաստիճան ընդդիմադիր առաջնորդին բանտ նստեցնելու դեմ։ 2018-ի ընտրությունների նախաշեմին անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակության խմբերը բախվել են առցանց հարձակումների, որոնք փորձում են լռեցնել նրանց այլախոհությունը, և Ադրբեջանում աճում է քաղաքական բարձր զգայունության պահերին ինտերնետ կապի անջատման և դանդաղեցման դեպքերի թիվը»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։

Դիտվել է՝ 9025

Մեկնաբանություններ